Արագ խելքի գալը գերհրատապ է դարձել Հայաստանի ու հայերի համար
10.07.2020 | 00:54
Շատ ստոր ժամանակ են ապրում այժմ Հայաստանն ու մեր երկրի հայերը։ Եվ ներկա ժամանակի այդ ստորությունն այն բանի հետևանքն է, որ մեր երկրում իշխում է հակահայկական ՀՀՇ վարչակարգի ու Լևոն Տեր-Պետրոսյանի ուղղակի «Ժառանգորդ», 2008 թ. մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների անմիջական պատասխանատուներից մեկը՝ այսպես կոչված, «ժողովրդական վարչապետ» Նիկոլ Փաշինյանը։
Տեսեք, Հայաստանի քաղաքացիներ, մեր հեռուստատեսությունում արդեն «տեղ է ստանում» Ռուսաստանի ստորագույն, ամենածախու քաղաքացիներից մեկը՝ ոմն Ալեքսեյ Նավալնի, որը մեզ՝ հայերիս, «խաչի» էր անվանում։ Կարճ ասած՝ նույնպիսի խառնակիչ է, ինչ Փաշինյանը։ Բազմիցս է մերկացվել որպես Ռուսաստանի ներսում ազգամիջյան ու միջեկեղեցական բախումներ հրահրող։ Եվ ահա այդ սրիկա դավաճանը հայտնվել է հայկական հեռուստատեսությունում... Հարց է ծագում՝ ինչի՞ համար։ Գուցե Փաշինյանի մտքով անցել է շանտաժի ենթարկել Ռուսաստանի ղեկավարությա՞նը։ Իբր, տեսեք. ես «ճամփա եմ տալիս» սադրիչ սրիկային, զգուշացեք։ Ես՝ Փաշինյանս, Ռուսաստանում «հեղափոխություն եմ պատրաստում» Նավալնու միջոցով։ Պատկերացնու՞մ եք, այն Նավալնու, որին Ռուսաստանում նույնիսկ ընդդիմադիրներն ամենաանպարկեշտ մականուններն են կպցնում։
Ավելի լավ է պատմենք, թե ինչ է կատարվում Հայաստանի շուրջը. այդ ժամանակ Հայաստանի քաղաքացիներն ավելի լավ կհասկանան, որ Նիկոլն ամենալավ ժամանակը չի ընտրել հայ ժողովրդի բախտի, առավել ևս՝ հայ-ռուսական հարաբերությունների բախտի հետ «փորձեր անելու» համար։ Օրինակ, Իրաքում քրդերի դեմ Թուրքիայի ծավալած նոր պատերազմի ֆոնին, Թուրքիայի ներսում սրվում է քաղաքական իրադրությունը։ Հավանաբար դա կապված է տնտեսության մեջ և սոցիալական ոլորտում գործերի սպասվող կտրուկ վատթարացման հետ։ Ինչպես հաղորդում է տնտեսական վերլուծաբան Ալահաթին Աքթաշը, երկրորդ եռամսյակում Թուրքիայի տնտեսական ցուցանիշները կարող են նվազել 20-25 %-ով։ «Ապրիլին արդյունաբերության մեջ 31 %-ով նվազումից հետո մայիսին սպասվում է, որ այդ ցուցանիշները կհասնեն 30-35 %-ի, իսկ հունիսին իրադրությունը կլավանա։ Այսպիսով, խոսքը երկրորդ եռամսյակում արտադրության 20-25 %-ով նվազման մասին է։ Միաժամանակ նկատվում են նույնատեսակ փոփոխություններ արդյունաբերության մեջ և ՀՆԱ-ում։ Այսպես, առաջին եռամսյակի 4,5 % աճից հետո երկրորդում սպասվում է 20-25 %-ով նվազում։ Դա նշանակում է, որ մինչև աշուն Թուրքիայի հիմնախնդիրները կավելանան»,- կարծում է Աքթաշը։
Ինչպես հայտնում է «Հուրիեթ» թերթի լրագրողուհի Նուրայ Բաբաջանը, դա կապված է նաև այն բանի հետ, որ Թուրքիայում աճում է անհանգստությունն այն առթիվ, որ երկրում կորոնավիրուսով նոր վարակվածների քանակի աճը գերազանցում է կանխատեսումները։ Ենթադրություններ կան, որ եթե մեկ օրում վարակվածների թիվն անցնի երկու հազարը, ապա կարանտինային սահմանափակումները կարող են վերադառնալ։ Կառավարությունը դիտարկում է Թուրքիայի Գիտական խորհրդի հանձնարարականների հիման վրա «տարածաշրջանային նոր արգելքների» ներդրման հավանականությունը, եթե վարակման դեպքերի քանակն ավելանա։ Այդ «կորոնավիրուսային սահմանափակումներից» արդեն լուրջ կորուստներ է ունեցել զբոսաշրջությունը՝ Թուրքիայի եկամուտների հիմնական ճյուղերից մեկը։ ՈՒստի զարմանալի չէ, որ հունիսի 15-ից քրդամետ «Ժողովուրդների ժողովրդավարական կուսակցությունը (ԺԺԿ) իր կողմնակիցներին փողոց է հանել ու հայտարարել երկու քաղաքից (Ադրիանուպոլիս և Հաքյարի) դեպի Անկարա «Կամայականության դեմ պայքարի ժողովրդավարական երթի» սկզբի մասին։ Վերջին կաթիլները եղան Հաքյարի ընտրատարածքի պատգամավոր և «Ժողովրդավարական հասարակության կոնգրեսի» համանախագահ Լեյլա Գյուվենի և Դիարբեքիր ընտրատարածքի պատգամավոր Մուսա Ֆարիսօղուլլարի պատգամավորական մանդատների հետ վերցնելը և ձերբակալությունները։ Բայց, հավանաբար, Իրաքում քրդերի դեմ ռազմական գործողությունները ևս ԺԺԿ-ին դրդեցին կտրուկ ակտիվացման։
Բայց դա դեռ ամեն ինչը չէ։ Նախագահ Էրդողանի հետ պայքարի հեռանկարը նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուին մղել է որոշ մանրամասներ «գաղտնազերծելու» 2015 թ. նոյեմբերին Սիրիայում խփված ռուսական Cy-24 M ռմբակոծչի վերաբերյալ։ «Duvar English» ամսագրի գլխավոր խմբագիր Ջանս Չամլիբելի հետ հարցազրույցում նա պատասխանել է իր մասին քննադատությունը և հայտարարել. «Երբ գլխավոր շտաբի պետն ինձ հայտնեց այդ միջադեպի մասին, ես ցուցում տվեցի, որ կապվեն ռուսական կողմի լիազորված անձանց հետ։ Հնարավորինս արագ պետք էր կապվել Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ, որովհետև գիտեի, թե նման իրավիճակներում որքան կարևոր է դիվանագիտությունը։ Ցավոք, չնայած իմ ցուցումներին, հինգ րոպե հետո Թուրքիայի նախագահի վարչակազմը հայտարարեց, որ թուրքական ՌՕՈՒ-ի կողմից ռուսական ռմբակոծիչ է խփվել։ Այդ հայտարարությունը սխալ էր. եթե լայն հասարակությանը տեղեկությունը նման ձևով չներկայացվեր, ապա հարցը կարելի կլիներ լուծել անդրկուլիսյան դիվանագիտության միջոցով»։ Ինչպես նկատում ենք, Դավութօղլուն փաստորեն մերկացրել է Էրդողանին, որը, ինչպես շատերն են հիշում, 2016 թ. համոզում էր Ռուսաստանին, որ ինքը Cy-24-ի ողբերգությունում «մեղք չունի», որ իրեն հարվածի տակ են դրել «այն շրջանակները, որոնց ձեռնտու չէին Ռուսաստանի և Թուրքիայի լավ հարաբերությունները»։ Բայց եթե հավատանք Դավութօղլուին, ապա դուրս է գալիս, որ, Մոսկվա չզանգելով, հենց Էրդողանն ինքն էր ձգտում առճակատման ու նույնիսկ բախման։ Ինչպես հայտնի է, ռուսական ռմբակոծչի հետ միջադեպից հետո հարաբերությունները համարյա մի տարի խզված էին։ Իսկ ռուս-իրանական հատուկ ծառայությունների համատեղ գործողությունները Սիրիայում բացարձակապես «չէին խղճում» թուրքերին ու թրքամետ ահաբեկիչներին մինչև 2016 թ. հուլիսի 16-ին «ինչ-որ բանի» տեղի ունենալը։ Ի դեպ, Հայաստանում մենք էլ ենք հիշում այդ չարագուշակ օրը. ահաբեկիչներն այդ ժամանակ սպանում էին նաև Երևանում... Թուրքիայի համար ինչով կվերջանա ամեն ինչ 2020 թ., առայժմ պարզ չէ։ Սակայն բացառված չէ, որ Դավութօղլուի ասածը կվերականգնի Էրդողանի նկատմամբ անվստահությունը միջազգային ասպարեզում, ընդ որում՝ ոչ միայն Ռուսաստանի իշխանությունների կողմից։
Թուրքիայի հետ կապված այլ խնդիրներ էլ կան։ Իսկ այստեղ՝ Հայաստանում, պատրաստվում են «սիրո և բարեկամության» կամուրջ բացելու Ախուրյան գետի վրայով։ ՈՒզում ես անպայման հարցնել. «Հայաստանի ներքին թուրքեր, այդ ինչի՞ վրա եք հույս դրել։ Որ ոչ մեկը ոչինչ չի տեսնում ու չի՞ նկատում»։ Սխալվում եք, բոլորն ամեն ինչ տեսնում են, նկատում ու նշում՝ ըհը, Հայաստանի ներքին թուրքերի ևս մեկ քայլ։
Հիմա տեսնենք, թե էլ ինչեր կան Թուրքիայի հետ կապված։ ՆԱՏՕ-ում խուճապ է և անվստահություն, այն էլ այնքան ուժեղ, որ նույնիսկ Լեհաստանում՝ ՆԱՏՕ-ի նորահայտ «ցամաքային ավիանավում», սկսել են խոսել, որ Հյուսիսատլանտյան դաշինքը մոտ է պառակտման։ ՆԱՏՕ-ն ստիպված է եղել գաղտնի հետաքննություն սկսելու վերջին միջադեպի կապակցությամբ, ընդ որում՝ դաշինքի երկու անդամների միջև։ Այդ մասին առաջին անգամ հրապարակայնորեն հաղորդվել է հունիսի 17-ին։ Թուրքական ֆրեգատը ռադարով հայտնաբերում է ֆրանսիական մի ռազմանավ, երբ այն փորձում էր մոտենալ թուրքական «Cirkin» բեռնանավին, որը զենք էր տանում Լիբիայի թրքամետ ազգային համաձայնության կառավարության (ԱՀԿ) համար։ Նշվում է, որ միջադեպին խառնվել էր նաև Թուրքիայի ՌԾՈՒ-ի երկրորդ ֆրեգատը։ Թե հենց երբ է տեղի ունեցել տվյալ դրվագը, չի ճշտվում, թեև տվյալներ կան, որ ֆրանսիացիներն ու թուրքերը բախվել են դեռևս հունիսի 10-ին։ Ընդ որում, Անկարայի այդպիսի գործողություններն արդեն դատապարտել են Փարիզում՝ դրանք համարելով սադրիչ և անընդունելի։ Ֆրանսիական կողմը բողոքել է, որ թուրքական նավերը ֆրանսիական ռազմանավը հետապնդել են ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարների հանդիպումից առաջ։
Հունիսի 18-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հաստատել է և՛ միջադեպի փաստը, և՛ Ֆրանսիայի դիմումը ՆԱՏՕ-ի ղեկավարությանը։ Ֆրանսիական կողմի վարկածով, թուրքական նավերն իրենց հարվածային համակարգերի նշանառության տակ են առել Ֆրանսիայի ՌԾՈՒ-ի «Courbet» ֆրեգատը, որն այդ ժամանակ ՆԱՏՕ-ի «Ծովային պահապան» առաքելության շրջանակում հերթապահում էր Լիբիայի ափերին։ Սակայն Անկարան հերքել է Փարիզի հայտարարությունը թուրքական նավի կողմից ֆրանսիական ֆրեգատին հետապնդելու մասին։ «ՆԱՏՕ-ն չպետք է գլուխն ավազում թաքցնի իր դաշնակիցների նկատմամբ Թուրքիայի վարքագծի կապակցությամբ,- հունիսի 17-ին հայտարարել է Ֆրանսիայի ՊՆ-ի ներկայացուցիչը ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների գագաթնաժողովից առաջ։- Մենք բարդ պահեր ենք ունեցել Հյուսիսատլանտյան դաշինքում, բայց չենք կարող ջայլամ լինել ու ձևացնել, թե ՆԱՏՕ-ում չկա Թուրքիայի խնդիրը։ Մենք պետք է դա տեսնենք, ասենք ու լուծենք այդ խնդիրը»։ Ավելին, Փարիզը վրդովված է «Թուրքիայի էլ ավելի ագրեսիվ ու համառ դիրքորոշումից»։ Ֆրանսիան թուրքերին մեղադրում է, որ թուրքական յոթ նավ բացազատվել է Լիբիայի ափերի մոտ այն բանից հետո, երբ Թուրքիան փորձել է ռազմական տեխնիկա մատակարարել՝ խախտելով Լիբիայի նկատմամբ ՄԱԿ-ի ԱԽ-ի զենքի արգելքի որոշումը։ «Ֆրանսիան մի կողմ չի կանգնելու, որովհետև թուրքերը շարունակում են իրենց անընդունելի պահվածքը և շահագործում ՆԱՏՕ-ն»,- սպառնացել է պաշտոնական Փարիզը։
Ինչպես հունիսի 21-ին հաղորդել է «Deutsche Welle» ռադիոկայանի թուրքական խմբագրությունը, ոչ միայն Գերմանիայից իր զորքերը հանելու ԱՄՆ-ի որոշումը, այլև «Թուրքիայի, Հունաստանի և Ֆրանսիայի միջև ուժեղացող լարվածությունը ՆԱՏՕ-ի անդամների միջև կրքերի շիկացման պատճառ են դարձել»։ Իսկ ըստ «Euronews» հեռուստաալիքի թուրքական խմբագրության, Ֆրանսիայի նախագահի աշխատակազմը հայտարարել է, որ Թուրքիայի միջամտությունը Լիբիայում, որպես թուրքական ագրեսիվ քաղաքականության շարունակություն, անընդունելի է։ Իսկ ինչ վերաբերում է Հունաստանին և ֆրանս-թուրքական միջադեպին նրա մասնակցությանը, ապա պարզվում է, որ մինչ թուրքերը «վախեցնում» էին ֆրանսիացիներին, հունական ռազմանավը կանգնեցրել է թուրքական հենց այն նավը, որով թուրքերը փորձում էին զենք ու զինամթերք հասցնել Լիբիայում իրենց խամաճիկներին։ Հնարավոր է, որ ֆրանսիացիներն էին դա խնդրել հույներից, բայց հնարավոր է նաև, որ հույներն իրենք են դա նախաձեռնել։ Ամեն դեպքում, Ֆրանսիան ու Հունաստանը ցույց են տվել, որ Լիբիայում պատրաստ են դաշնակցության ընդդեմ թուրքերի։ Իսկ թուրքերի համար ամենատհաճը Հունաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ Կոնստանտինոս Ֆլորոսի ելույթն էր, որում նա հայտարարել էր. «Նրան, ով ոտք կդնի հունական հողին, մենք նախ կվառենք, իսկ հետո կհարցնենք, թե ով էր նա»։ Համոզված չենք, թե նման իրավիճակում ՆԱՏՕ-ն հեռանկարային ապագա ունի։ Իսկ դա նշանակում է, որ Թուրքիան էլ չունի ապագայի հեռանկարներ։ Թեկուզ այն պատճառով, որ նախկին վարչապետ Դավութօղլուն անուղղակիորեն ապացուցեց, որ Էրդողանն ինքն է «պատեպատ ընկել» որևէ ձևով Ռուսաստանին տհաճություն պատճառելու համար։ Ընդ որում, նաև Իրանին. 2015-2016-ին թուրքերը փորձում էին համոզել Իրանին, որ «ձեռք քաշի» Սիրիայից ու Ռուսաստանից, Սիրիայից հանի իր (այսինքն՝ իրանական) ռազմական խորհրդականներին։ Իսկ դա հենց ԱՄՆ-ի և Իսրայելի քաղաքականության նպատակն է և՛ Սիրիայի, և՛ Իրաքի նկատմամբ։ Պահանջվեց միայն Իրանի նախագահ Հասան Ռոհանիի զրնգուն, դիվանագիտական կոպիտ «ապտակը», որ 2016 թ. դեկտեմբերի վերջին Էրդողանը «հանդարտվի» ու ձայնը կտրի, և միայն այն բանից հետո, երբ Էրդողանը դադարեցրեց ՌԴ-ի և Իրանի դեմ սադրանքները Սիրիայում, վերջիններս համաձայնեցին, որ Թուրքիան մասնակցի Սիրիայում կարգավորման գծով «Աստանայի գործընթացին»։ Մի՞թե Հայաստանի քաղաքացիները դրանից ոչինչ չեն հիշում, մի՞թե նրանք բոլորը «իմքայլական» վայ-գործիչներից վարակվել են հիշողության կորստով։ Այդ դեպքում հայերի ու Հայաստանի և՛ առողջության, և՛ առողջ դատողության, և՛ ապագայի գլխավոր սպառնալիքը ՀՀՇ-ականության ու տերպետրոսյանականության «հետքերն» են։ Այսինքն՝ ներկայիս կառավարությունը։
Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ
Հեղինակի նյութեր
- Թուրքիայի Հանրապետությունը Մուստաֆա Քեմալ փաշայի ժամանակներից մինչ օրս․ առաջին սիոնիստական պետությունն աշխարհում-3
- Թուրքիայի Հանրապետությունը Մուստաֆա Քեմալ փաշայի ժամանակներից մինչ օրս․ առաջին սիոնիստական պետությունն աշխարհում-2
- Թուրքիայի Հանրապետությունը Մուստաֆա Քեմալ փաշայի ժամանակներից մինչ օրս․ առաջին սիոնիստական պետությունն աշխարհում
- Ժամանակակից «Ադրբեջանի հանրապետությունը» սիոնիստների, անգլո-սաքսոնների և պանթուրքիստների հենակետն է՝ ընդդեմ Իրանի և ՌԴ-ի- 2
- Ժամանակակից «Ադրբեջանի հանրապետությունը» սիոնիստների, անգլո-սաքսոնների և պանթուրքիստների հենակետն է՝ ընդդեմ Իրանի և ՌԴ-ի-1
- Երևանի և Ստեփանակերտի առաջին խնդիրը պաշտպանության երկու պետական կոմիտեների շտապ ձևավորումն է
- Երևանի և Ստեփանակերտի առաջին խնդիրը պաշտպանության երկու պետական կոմիտեների շտապ ձևավորումն է
- Կրկին ու կրկին՝ «Փաշինյա՛ն, հեռացի՛ր». սա ժողովրդի պահանջն է
- Կրկին ու կրկին՝ «Փաշինյա՛ն, հեռացի՛ր». սա ժողովրդի պահանջն է
- Փաշինյանն ամեն օր, կամավոր հրաժարական չտալով, ընդամենն ապացուցում է, որ հակահայ ուժերի դրածո է
- Բաց հարց Ռուսաստանի ԶԼՄ-ներին. Ինչքա՞ն կարելի է ստել Արցախի հարցում հայերի «մեղքի» մասին
- Ռուսաստանը, Հայաստանի իշխանությունների թողտվությամբ, Թուրքիային ներս է թողել Այսրկովկասի մեր մասը
- Թուրքիան մուտք է գործել տարածաշրջան ու Արցախից սպառնում է և՛ Իրանին, և՛ Ռուսաստանին
- Փաշինյան, խոստովանիր, գուցե Զանգեզուրն է՞լ եք արդեն վաճառել թուրքերին
- Հայաստանի քաղաքացիների մի մասը դավաճանել է ողջ հայ ժողովրդին
- Մեր ժողովրդին ԱՄՆ-ը, Իսրայելը, Անգլիան և Թուրքիան դավաճանների ձեռքով «Այսրկովկասյան Դեյթոն» են պարտադրել
- «Ով խաղաղություն է ուզում խայտառակության գնով, կստանա և՛ պատերազմ, և՛ խայտառակություն»
- Թեհրանում արդեն ընդունված են ինչ-որ պատշաճ որոշումներ
- Թեհրանում արդեն ընդունված են ինչ-որ պատշաճ որոշումներ
- Թեհրանում արդեն ընդունված են ինչ-որ պատշաճ որոշումներ
Մեկնաբանություններ