Բի-Բի-Սի-ին բավական հանգամանալից անդրադառնալով Հայաստանում սկսված բողոքի ցույցերին՝ գրում է, որ Սերժ Սարգսյանը երկրորդ անգամ նախագահի պաշտոնը ստանձնել է 2013-ին, որից հետո Հայաստանը սկսել է անցնել խորհրդարանական կառավարման համակարգի՝ ընդլայնելով վարչապետի լիազորությունները: «Եթե Սարգսյանը դառնա վարչապետ, կշարունակի իշխանավարել մինչև 2022-ը», - ընդգծում է Բի-Բի-Սի-ն:
«Ֆրանսպրես»-ը, Սերժ Սարգսյանին բնորոշելով որպես ռուսամետ առաջնորդ, հաղորդում է, թե նա պատրաստվում է «ատամներով կառչած մնալ իշխանությանը, այս անգամ՝ վարչապետի պաշտոնում»։ Ընդդիմությունը պնդում է, որ անցումը խորհրդարանական կառավարման և վարչապետի լիազորությունների ընդլայնումը իրականում արվել էր, որ Սերժ Սարգսյանը պահպանի իր իշխանությունը:
Հայաստանյան իրադարձություններին անդրադարձել է նաև «Ասոշիեյթեդ Պրես»-ը. «Ըստ հայաստանյան ընդդիմադիր ուժերի, Սերժ Սարգսյանն ուզում է անժամկետ մնալ իշխանության, ինչի դեմ նախատեսված են շուրջօրյա նստացույցեր»:
«Դոյչե Վելլե»-ն զրուցել է Նիկոլ Փաշինյանի հետ, նա ասել է, որ «Սերժ Սարգսյանը ձեռնարկել է հնարավոր բոլոր քայլերը սեփական իշխանությունը վերարտադրելու համար»: «Նա կունենա անսահմանափակ լիազորություններ, և այս պայմաններում ներքին ու արտաքին քաղաքականության, տնտեսության ու այլ ոլորտներում իմաստ չունի ակնկալել առաջընթաց»` ասել է Փաշինյանը՝ պնդելով, թե Սերժ Սարգսյանի իշխանավարության երկարաձգմամբ կարելի է խաչ քաշել կոռուպցիայի ու կլանային համակարգի դեմ պայքարի վրա: Հղում անելով ընդդիմադիրներին՝ «Դոյչե Վելլե»-ն նշում է, որ իշխանություններն իրենք են իրենց անկյուն մղել․ գործող նախագահը ուժային գործողությունների հրաման տալու իրավունք չունի, իսկ վարչապետը, որ ունի նման լիազորություններ, ընտրվելու է վաղը: «Փաստացի ընդդիմությունը օգտվեց անիշխանության պատուհանից», - արձանագրում է «Դոյչե Վելլե»-ն:
«Ռոսբալտ»-ը գրում է․«Ռուսաստանը օգնեց Սարգսյանին, որ իրեն փոխարինի իրենով: Հայաստանի՝ ոչ այնքան լայն աջակցություն ունեցող նախկին նախագահը վաղը կդառնա վարչապետ: Սերժ Սարգսյանը, որին Հայաստանի Սահմանադրությունը թույլ չի տալիս առաջադրվել նախագահության երրորդ ժամկետի համար, իզուր չէր շտապ փոխում երկրի մայր օրենքը: Չցանկանալով հեռանալ քաղաքական Օլիմպոսից՝ նա ընդամենը սահմանադրական բարեփոխում անցկացրեց, որով Հայաստանը նախագահական կառավարման համակարգից անցավ խորհրդարանականի»: «Մինչև վերջին պահը Սերժ Ազատովիչը կոկետություն էր անում և չէր հաստատում իր վարչապետական հավակնությունների մասին պնդումները: Դրան, սակայն, ոչ ոք չէր հավատում և ճիշտ էր անում՝ վաղը խորհրդարանը «կառավարության նոր ղեկավար կընտրի» այս պաշտոնում առաջադրված միակ թեկնածուին՝ Սերժ Սարգսյանին», - ընդգծում է «Ռոսբալտ»-ը: - «Այլևս կասկած չի մնում, որ Սարգսյանը իրեն համապատասխանեցրեց Սահմանադրությունը: Այսուհետ երկրի ողջ իշխանությունը նրա ձեռքերում է լինելու կենտրոնացած: Մինչդեռ Կարեն Կարապետյանը՝ «Գազպրոմ»-ի նախկին բարձրաստիճան պաշտոնյան, որ ղեկավարում էր կառավարությունը մեկուկես տարի, կստանա ամենայն հավանականությամբ առաջին փոխվարչապետի պաշտոնը՝ փաստացի դառնալով Հայաստանի վարչապետին կից Ռուսաստանի վերահսկիչը»:
Ռուսաստանյան «Դոժդ»-ը, անդրադառնալով բողոքի ակցիաներին, փաստում է․ - «Հայաստանցիները չեն ուզում կիսել Բելառուսի և Ղազախստանի ճակատագիրը»:
«Բիզնես FM»-ը «Հայաստանը՝ Սերժ Սարգսյանի դեմ» հոդվածում տեղեկացնում է․ - «Բողոքի ակցիաները վերաճել են բախումների»:
«Վեստի»-ն հետևյալ կերպ է բնորոշում իրավիճակը․ - «Երևանում ոստիկանությունը կռվի բռնվեց ցուցարարների հետ»:
ՏԱՍՍ գործակալությունը նշում է, թե իրենց հաշվարկներով՝ Փաշինյանի հետ դեպի Աժ գնացող ցուցարարների թիվը հասնում էր հազարների