ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Հասարակական ճգնաժամ ֆեոդալական համակարգում

Հասարակական  ճգնաժամ  ֆեոդալական  համակարգում
10.06.2008 | 00:00

«Պաշտոնական հիերարխիայում յուրաքանչյուր պաշտոնյա միշտ միտում ունի հասնելու այն աստիճանին, որտեղից սկսվում է նրա ոչ կոմպետենտությունը։ Նա աշխատում է անել ամեն ինչ՝ հասնելու այն մակարդակին, ուր այլևս լինելու է բացարձակապես անարդյունավետ»։

(Լոուրենց Պիտեր, 1969 թվական)

Վերոհիշյալ պարադոքսն իբրև «Պիտերի սկզբունք» ձևակերպված է շատ վաղուց և երկար ժամանակ է, ինչ վերածվել է կառավարման սկզբունքի։ Սակայն տարօրինակ է, որ որպես այդպիսին հայկական քաղաքական և վարչական ղեկավարության համար չի վերածվել հաստատագրված մոտեցման։ Անկախության բոլոր տարիներին Հայաստանում ամեն ինչ արվել է այդ սկզբունքին հակառակ։ Այսինքն, պաշտոնյայի ոչ կոմպետենտությունն իբրև գործունեության սկզբունք որդեգրվել է նրա կարիերայի հենց սկզբից։ Հայտնի է, որ «Պոլի փետ լինի, բայց մեր տղեն լինի» կարգախոսը՝ մշակված դեռևս ՀՀՇ¬ի իշխանության օրոք, Քոչարյանի ռեժիմի ժամանակ ուղղակի բացարձակացվեց։ Այդ ամենը հանգեցրեց նրան, որ երկրում ձևավորվեցին ֆեոդալա¬վասալական հարաբերություններ, որոնք էլ դարձան կլանային օլիգարխիական համակարգի առանցքը։ Սակայն Հայաստանը, այնուամենայնիվ, բանանային պետություն չէ և լինելով բնական ռեսուրսների առումով խիստ սակավ ապահովված երկիր, միաժամանակ հաշվի առնելով բնակչության հոգեկերտվածքը, կառավարման վերոհիշյալ սկզբունքը հանգեցրեց ոչ միայն ընդհանուր ճգնաժամի, այլև զգալի դժգոհություն առաջացրեց արտաքին աշխարհում։ Այսպիսով, Հայաստանի ներկայիս իշխանություններն օբյեկտիվ պատճառներով հարկադրված են սկսել ընդհանուր համակարգային բարեփոխումներ և իրագործել այդ խնդրի ապահովմանն ուղղված կադրային քաղաքականություն, որի հետևանքը պետք է լինի պրոֆեսիոնալ առումով պատրաստված և ժամանակակից մտածողություն ունեցող մարդկանց ներգրավումը կառավարման համակարգ։

Միաժամանակ այսօր հարկադրված ենք արձանագրել, որ Հայաստանի քաղաքական դաշտը տարաբաժանված է ոչ միայն իշխանություն¬ընդդիմություն սկզբունքով, այլև գոյություն ունի ջրբաժան այսպես կոչված «երկրորդ սերնդի բարեփոխիչների» միջև, ի դեմս նախագահ և վարչապետ Սարգսյանների և «օլիգարխիական համակարգի» պահապանների՝ Քոչարյանի և կոալիցիայի կուսակցությունների դեմքով։ Ավելին, հարկ է արձանագրել, որ «քաղաքական ճգնաժամը», որի մասին այդքան հաճախ խոսում են ընդդիմությունը և Քոչարյանի կողմից վերահսկվող լրատվամիջոցները, իրականությանն այնքան էլ չի համապատասխանում։ Հայաստանում ակնհայտորեն առկա է «հասարակական ճգնաժամ», որի պարագայում ժողովրդի և իշխանության՝ միմյանցից օտարացումը հասնում է իր բարձրակետին։ Դատելով ամենից՝ այդ իրողությունը գիտակցվում է ներկա իշխանության հիմնական կրողների կողմից, որոնք էլ փորձում են շտկել իրավիճակը, այդ թվում՝ կադրային քաղաքականության միջոցով։

Սակայն ֆեոդալական համակարգն ինքն իրեն դավաճանած կլիներ, եթե «գավառական իշխանիկները» ոչ միայն սաբոտաժի չենթարկեին բարեփոխումների փորձերը, այլև չփորձեին տրամաբանությանը և ինքնապահպան բնազդին հակառակ պայքար սկսել իրենց, տիրոջ և ընդհանուր համակարգի երաշխավորի համար՝ ի դեմս նախկին նախագահի։ Հայաստանյան լրատվամիջոցներում բազմիցս և մանրամասն արտահայտվել են այն բացասական արձագանքները, որոնցով «ՀՀԿ վերնախավը» ընդունեց Տիգրան Սարգսյանի նշանակումը վարչապետի պաշտոնում։ «Պիտերի սկզբունքին» հակառակ՝ նրանք փորձում էին այդ պաշտոնում տեսնել ոչ անհայտ Հովիկ Աբրահամյանին։ Մինչ օրս էլ չեն հանդարտվում լուրերն ու քաղաքական բամբասանքներն այն մասին, որ ՀՀԿ բարձրագույն էշելոնի ներկայացուցիչները չեն դադարում դիմումներ հղել Սերժ Սարգսյանին՝ կառավարության ղեկավարի դեմ։ Ֆեոդալական¬վասալական հարաբերությունների տրամաբանությամբ է գործում նաև կառավարող կուսակցական կոալիցիան, որտեղ առաջնորդվում են բացառապես կորպորատիվ շահերով՝ անտեսելով իշխանության առաջին դեմքերի` բարեփոխումներին ուղղված քայլերը։ Այդ իմաստով շատ բնութագրական էին դաշնակցության քվոտաներով նախատեսված նախարարական փոփոխությունները, երբ արդեն փորձառություն ձեռք բերած և որոշակի դպրոց անցած նախարարներին փոխարինեցին իրենց ողջ կյանքում չորս ենթակա չղեկավարած անձինք։ Նույն սկզբունքով հանրապետականների մի մասը և ԲՀԿ¬ի պատգամավորական կազմը լոբբինգ էին իրականացնում պատգամավորական մանդատից հրաժարված Ջոնիկ Աբրահամյանին Արարատի մարզպետի պաշտոնում նշանակելու նպատակով։ Դրան զուգահեռ իրականացվում է մասսայական PR այն ուղղությամբ, որ նախագահի աշխատակազմի ներկայիս ղեկավար Հովիկ Աբրահամյանը եղբոր «ազատած» ընտրատարածքում պատգամավոր ընտրվելուց հետո զբաղեցնի Ազգային ժողովի խոսնակի պաշտոնը։ Եվ բոլոր այս «նախագծերը» ներկայացվում են կառավարող կոալիցիայի մաս կազմող կուսակցությունների ներկայացուցիչների, առաջին հերթին` հանրապետականների մի մասի, դաշնակցականների և ԲՀԿ¬ական պատգամավորների կողմից՝ որպես իրավիճակի կայունացման նախաձեռնություններ։ Սակայն այդ տվյալներով դրանք ոչ այլ ինչ են, եթե ոչ կառավարման համակարգում առկա նախկին հարաբերությունների «ստատուս քվոն» պահպանելու անհույս փորձեր։

Այսպիսով, կարելի է արձանագրել, որ չնայած լրատվամիջոցներով տարվող քարոզչությանը և քաղաքական էլիտայում հաստատված մտայնությանը, Հովիկ Աբրահամյանը երբևէ չի հանդիսացել ամուր հենարան Սերժ Սարգսյանի համար։ Ֆեոդալական կառուցվածք ունեցող հասարակություններում եթե մարդը դառնում է մեկի վասալը, միշտ նրան է հարկ վճարում, իսկ Հովիկ Աբրահամյանի համար հենց այդպիսին է եղել Ռոբերտ Քոչարյանը, չնայած այսօրվա ֆասադային քաղաքական ծամածռություններին։ Բոլոր ֆինանսական «բաժնեմասերը», որոնք գոյացել են ներդրումներից և սեփականաշնորհումից, անցել են հենց վերը նշված անձնական հարաբերությունների ուղղահայացով։ Ավելին, հանդիսանալով հանրապետականների հիմնական մասի և բարգավաճականների շահերի հիմնական պաշտպանը Ազգային ժողովի խոսնակի պաշտոնում` նա ակնհայտորեն կդառնա խոչընդոտ՝ ձևավորված համակարգի բարեփոխումների ճանապարհին, իսկ հեռանկարում կվերածվի թեկուզ ոչ ակնհայտ, բայց իրական ընդդիմության` նախագահի և վարչապետի դեմ։ Մանավանդ, որ դրա հաստատումը պետության երկրորդ դեմքի պաշտոնում ինքնին կենթադրի, որ ֆորս¬մաժորային հանգամանքների ի հայտ գալու պարագայում հենց նա է դառնալու երկրի իրական ղեկավարը, ինչը չի կարող չանհանգստացնել ներկա իշխանություններին, որոնք չեն կարող չհաշվարկել իրենց համար խիստ անբարենպաստ հանգամանքների առաջացման հնարավորությունը։

Մնում է հուսալ, որ քաղաքական խաղերում փորձառություն ձեռք բերած Սերժ Սարգսյանը չի կարող չտեսնել իր համար վտանգավոր, բայց նախկին ռեժիմի կրողների կողմից ակտիվորեն կյանքի կոչվող սցենարները։ Եվ թեկուզ ակնհայտ է, որ իր անցած ճանապարհին նա երբևէ չի առաջնորդվել «հեծելազորային գրոհով» հարցերը լուծելու սկզբունքով, բայց այն, որ պատգամավորական լիազորությունները վայր դրած Աբրահամյաններից մեկը նշանակվեց ընդամենը գործարանի տնօրենի պաշտոնում, ցույց է տալիս, որ իրադարձությունների իրական ընկալում «վերևներում», այնուամենայնիվ, կա։

Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 8754

Մեկնաբանություններ