«Իրատես de facto»-ի հյուրն է Հայաստանի կրթության և գիտության նախարար ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԸ։
-Աշոտյան-քաղաքացին և պաշտոնյան. ո՞ր կարգավիճակում եք Ձեզ ավելի լավ զգում։
-Այդ կարգավիճակները չեն հակադրվում։ Դրա համար էլ ինձ ավելի հեշտ է և՛ ապրել, և՛ աշխատել, որովհետև նախ և առաջ ես իմ ընտանիքի անդամ Արմենն եմ, երեխաների հայր Արմենը, ընկերների ընկեր Արմենը, կուսակցականների շրջապատում` Աշոտյան Արմենը։ Մնացած ամեն ինչը կարող է այսօր լինել, վաղը` ոչ։ Պատկերավոր ասած, արմատներս ընտանիքում են, ցողունը կուսակցությունն ու իմ ընկերներն են, իսկ ճյուղերն այսօր այս, վաղն այլ ուղղությամբ են աճում, դա արդեն երկրորդական է։ Դրա համար էլ իմ մեջ բախում չկա, ու հեշտ եմ ապրում։
-Ստեղծագործող Աշոտյա՞նն էլ է հեշտ ու ներդաշնակ ապրում։
-Ահա այստեղ բախում կա, որովհետև աշխատանքի ծավալն ու տեմպն այնպիսին են, որ առաջին իսկ ազատ րոպեն անմիջապես նվիրվում է ընտանիքին, հետևաբար ոչ ընկերներիս, առավել ևս հոբբիներիս, ժամանակը չի բավարարում։ Վերջին մեկուկես տարում ընդամենը երկու երգ եմ գրել, որոնց ռելիզը, արդեն մեկ տարի է, չեմ կարողանում կազմակերպել, քանի որ կրկին ժամանակի խնդիր կա։
-Զբաղվածությո՞ւնն է պատճառը, որ ստեղծագործական մուսան ուշ-ուշ է Ձեզ այցելում։
-Ավելի շատ տրամադրվածության խնդիր է։ Բոլոր ստեղծագործող մարդիկ, անկախ այն բանից, թե նրանց ստեղծագործությունները որ շրջանակի հետաքրքրությունն են առաջացրել, կհավաստեն, որ սա տեխնոլոգիական գործընթաց չէ` կոճակը սեղմես ու արտադրանք տաս։ Պիտի ապրես, զգաս, ժամանակ ունենաս այդ ամենը մարսելու և քեզնից անկախ ինչ-որ ձևի մեջ ամփոփելու` երաժշտության կամ խոսքի։ Երբեմն կատակում եմ` այս գործով ոչ մի բան, բացի ռեփից, հնարավոր չէ գրել։
-Արդեն պարզե՞լ եք` երիտասարդ տարիքում պաշտոն զբաղեցնելն ինչքան է դժվար։
-Շատ դժվար է։ Լաֆի օրենքներից մեկն ասում է` յուրաքանչյուրն աշխատանքային կարիերայում հասնում է իր առավելագույն ոչ կոմպետենտության գագաթնակետին (սա, իհարկե, կատակ է)։ Անգամ լավագույն գիտելիքների առկայության դեպքում շատ կարևոր են կենսափորձն ու իմաստությունը, որը գալիս է տարիքի հետ։ Ժողովրդական լեզվով ասած` ես ինձ մեծացած-փոքրացած չեմ զգում, ու, կարծում եմ, ամեն մի տարիք ունի իր բերկրանքը, որը պետք է ապրել։ Չեմ սիրում արհեստականորեն ծերացած մարդկանց, որոնք այդպիսին չեն, բայց այդպես են իրենց պահում։ Մյուս կողմից էլ` մեր հասարակությունը միշտ չէ, որ մարսում է ուրիշի հաջողությունը, առավել ևս` «ուրիշ» երիտասարդների։ Ինձ վրա զգացել եմ, թե երբեմն ինչպիսի չար դրսևորումներ կարող են լինել։ Իմ մեջ փիլիսոփայորեն բանաձևել եմ մի մոտեցում, թե կապ չունի` ինչ են քեզ ասում. եթե դրականն են ասում, տա Աստված, որ դա իրականությանը համապատասխանի, եթե վատը, տա Աստված, որ դա իրական չլինի։
-Փաստորեն, քննադատությանը բավականին նորմա՞լ եք վերաբերվում։
-Կառուցողական քննադատությանը` այո, անգամ հետաքրքրությամբ եմ վերաբերվում։ Փորձում եմ հասկանալ իմ քայլերի, տեսակետների սխալը, թույլ կետը։ Վիրավորանքն է ինձ համար անհանդուրժելի։ Երիտասարդ տարիքում խորհրդարանում աշխատելով շատ ավելի սուր ու կտրուկ էի հարցերին պատասխանում, այսօր, բարեբախտաբար, թե դժբախտաբար, փորձում եմ ինձ պահել ավելի հավասարակշռված և զուսպ. ով, եթե ոչ հանրապետության ԿԳ նախարարը պետք է բարեկրթության օրինակ ծառայի։
-Նույնիսկ Ձեր ընդդիմախոսները նկատել են, որ Դուք առավել հանդուրժող եք դարձել։ Արդյոք պաշտոնը փոխո՞ւմ է մարդու տեսակը, բնավորության գծերը։
-Հերքել, որ նաև աշխատանքի բերումով եմ այսօր շատ ավելի հավասարակշիռ ու հանդուրժող, սխալ է։ Իրականում գործադիր իշխանությունը, ի տարբերություն օրենսդիր մարմնի, քաղաքական չգրված էթիկայի օրենքով իրավունք չունի իր որակավորումների, խոսքի մեջ անզուսպ լինելու։ Երկրորդ. ոլորտն այնպիսին է, որ անհանդուրժողականությունը կործանարար կլինի։ Չկան պատրաստի դեղատոմսեր կրթական համակարգում, անգամ նեղ մասնագիտական շրջանակները կրթական հարցերի շուրջ փոխհամաձայնության, կոնսենսուսի չեն հանգում։ Անհանդուրժողականությունը կնշանակեր, որ ես այնքան մեծամիտ եմ, որ կարծում եմ` ամեն ինչ գիտեմ։ Ես մեծամիտ չեմ ընդհանրապես ու կրթության ոլորտի հետ կապված ամեն ինչ չէ, որ գիտեմ։ Իմ թիվ մեկ գործն է ականջ դնել բոլոր կարծիքներին, համադրել դրանք իրականության հետ, եփել իմ մեջ և, դրանց գումարելով իմ անձնական տեսակետը, ստանալ այդ պահի համար լավագույն լուծումը։ Իսկ Ազգային ժողովում քաղաքական պայքարը շատ ավելի տեսանելի է. որքան էլ հիմա ասեմ, որ սուր ելույթներս եղել են ի պատասխան, հարձակվող երբեք չեմ եղել, հակահարված տվող քաղաքական գործիչ եմ եղել, այդուհանդերձ, այս ամենն ինձ համար քաղաքական դպրոց է։ Հաշվի առնելով, որ ԱԺ-ում աշխատել եմ չորս տարի, իսկ կառավարությունում արդեն երկրորդ տարին է, կեսկատակ ընկերներիս հաճախ ասում եմ, որ բակալավրիատն անցել եմ ԱԺ-ում, իսկ մագիստրատուրան հիմա անցնում եմ կառավարությունում: Թե որտեղ կանցնեմ իմ երրորդ քաղաքական կրթական աստիճանը, հետագայում կերևա:
-Իսկ որտե՞ղ կնախընտրեիք:
-Իմ նեղ անձնական ցանկությունները, ինչ քաղաքականության մեջ եմ, ընդամենը մի անգամ են դրսևորվել: Ցանկացել եմ լինել քաղաքականության մեջ, ասել է` լինել ԱԺ պատգամավոր: Չեմ կարող ասել, որ ցանկություններ չեն մնացել, ազդեցություն չեմ ցանկացել ունենալ քաղաքական ինչ-որ գործընթացների վրա, բայց քաղաքական զարգացումները բերեցին նախ հանձնաժողովի նախագահի, հետո էլ նախարարի պաշտոնին, ինչպես նաև հանրապետության նախագահի որոշումն ու վստահությունը նախարարի պաշտոնում ինձ տեսնելու հարցում:
-Կրթության ոլորտն այն բնագավառն է, որը պետության ապագայի, նոր սերնդի դաստիարակության ուղենիշներն է որոշում։ Սրա գիտակցումն ու պատասխանատվությունը Ձեզ հաճա՞խ են հիմք տալիս առաջնորդվելու «Յոթ չափիր, մեկ կտրիր» սկզբունքով։
-Միայն այդպես։ Կրթական ոլորտում չկան բացարձակ ճշմարտություններ, դրական գնահատված մոդելներ, պատրաստի դեղատոմսեր։ Կա միջազգային փորձ, օրինաչափություններ, լավ օրինակներ, որոնք, մեխանիկական կրկնօրինակման դեպքում, կարող են և չաշխատել։ Միանշանակ է, որ պետք է յոթ անգամ չափել, բայց անպայման որոշում կայացնել։ Որոշումներ չկայացնել որոշ դեպքերում ավելի վտանգավոր է, քան սխալ որոշում կայացնելը։ Երբեմն իրավիճակն այնպիսին է լինում, որ համակարգում սխալ որոշումն անգամ բերում է շարժի, իսկ պատասխանատվությունից հեռու մնալու ցանկությունը, որոշումներ չկայացնելը, շառից-փորձանքից հեռու մնալու մոլուցքը կարող են կործանարար լինել։
-Այս առումով, կողմնակից եք եղածը պահպանելո՞ւն, թե՞ նորությունների կիրառմանը։
-Ոչ միայն բժիշկ էվոլյուցիոնիստ եմ, այլ նաև, որպես քաղաքական անձ, պահպանողական եմ։ Պահպանողականությունը հետադիմություն չէ, այլ եղած ավանդույթների հիման վրա, ոտքը պահելով անցյալին, ձեռքն առաջ տանելն է։ Ճիշտն առաջ գնալու ցանկությունն է, որ թույլ է տալիս պահպանողական մարդկանց հետ չմնալ աշխարհի զարգացումներից` միանշանակ հասկանալով, որ վաղը հայ մնալու համար այսօր մի քիչ պիտի փոխվել, մյուս օրը հայ մնալու համար վաղը պիտի փոխվել։ Փոփոխությունների այս արագ տեմպի մեջ անգամ տեղում դոփելու համար պիտի վազել։ Որպես բժիշկ երկար չեմ աշխատել, բայց բժշկական համալսարանից ստացել եմ կարևորագույնը` աշխարհայացք, որի մեջ դեռ Հիպոկրատի ժամանակներից թիվ մեկ սկզբունքն է` մի վնասիր։ Չվնասելու ցանկությամբ ես ու այն թիմը, որ ինձ հետ աշխատում է նախարարությունում, լծվել ենք աշխատանքի։
-Ոչ որպես նախարարի, այլ սովորական շարքային հայի, ի՞նչն է Ձեզ այսօր ամենից շատ մտահոգում։
-Իմ երկրի ապագան, իմ երկու տղաների և, Աստված տա, հաջորդ զավակներիս ապագան տեսնել իմ երկրում։ Չեմ տեսնում նրանց ապագան երկրից դուրս, հետևաբար այն Հայաստանը, որ վաղն ունենալու ենք, իմ ու իմ երեխաների Հայաստանն է։ Որպես քաղաքացի, բնականաբար, ունեմ մտահոգություններ։ Եթե յուրաքանչյուր մարդ իր տեղում աշխատի ողջ ծավալով, շատ ու շատ խնդիրներ կարող են արագ լուծվել։
-Ավարտվում է 2010-ը, ի՞նչ կցանկանայիք, որ 2011-ը բերի Ձեզ ու հայ ժողովրդին։
-Հայ ժողովրդի համար կցանկանայի տեսնել միաբանություն, ուժ և խաղաղություն։ Այս տարի կուզենայի ավելի ուժեղ, միաբան ու խաղաղ լինեինք, քան նախորդ տարի։ Ինձ համար գերագույն արժեք է իմ ընտանիքը, հետևաբար, ընտանեկան անդորր, երջանկություն և առողջություն։ Իմ գործի մեջ կցանկանայի, որ այն սխալները, որոնք գուցե արել եմ ու կանեմ, շտկելի լինեին, իսկ ձեռքբերումներն ու նվաճումները` անշրջելի։
Զրույցը` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ