«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

«ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐԻՉ ԴԵՐԸ ՊԻՏԻ ԽՍՏԱՑՎԻ»

«ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐԻՉ ԴԵՐԸ ՊԻՏԻ ԽՍՏԱՑՎԻ»
12.10.2010 | 00:00

Հարցազրույց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ ԳԱԳԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻ հետ
-Կառավարության անդամներին որ լսենք, մինչև Սինգապուր մեզ մի քայլ է մնացել։ Իրո՞ք 2010-ի ՀՀ տնտեսական ցուցանիշներն այդքան հուսադրող ու տպավորիչ են, եթե հաշվի առնենք նաև գնաճը:
-Կարծում եմ` Դուք մի քիչ չափազանցում եք այն լավատեսությունը, որ կառավարության անդամներն են բարձրաձայնում: 2010-ի տնտեսական իրավիճակը, եթե համեմատենք նախորդ տարվա ծանրագույն ճգնաժամի հետ, իսկապես հուսադրող է: Տեսեք` մենք ունեցանք աննախադեպ ծանր տարի, 14,4 տոկոսի տնտեսական անկում, միաժամանակ չունեցանք չիրականացված որևէ սոցիալական ծրագիր, աշխատատեղերի էական կրճատում, ավելին, կառավարությունն իր հակաճգնաժամային ծրագրի շնորհիվ ապահովեց լուրջ ներդրումներ համակարգաստեղծ ճյուղերում, փոքր ու միջին բիզնեսի խրախուսման լրջագույն ծրագրեր, ենթակառուցվածքների բնագավառում մեծ ներդրումներ: Արդյունքում մենք հնարավորինս մեղմ տարանք ճգնաժամային տարին և այս տարվա տնտեսական աճի էական նախադրյալներ ստեղծեցինք: Տնտեսական աճի այսօրվա բավականին բարձր տոկոսը` նախատեսված 1,2-ի դիմաց 3 տոկոս տնտեսական աճի առկայությունը, մյուս կողմից` 3 տոկոս աճի առկայությունն այն պարագայում, երբ գյուղատնտեսությունը 18 տոկոսի անկում է ապրել, դրա ապացույցն են: Հատկապես էական է, որ մեզ հաջողվեց հասնել տնտեսության մեջ դիվերսիֆիկացիայի ավելի բարձր աստիճանի. վերջին տարիներին առաջին անգամ արդյունաբերությունն ապահովում է տնտեսական աճի ամենամեծ բաժինը: Եթե այդ միտումը շարունակվի, մենք բավականին լուրջ հեռանկարներ կարող ենք ակնկալել, հատկապես, երբ դիտարկում ենք արտահանում և ներմուծում հոդվածները. արտահանման աճի տեմպը զգալի գերազանցում է ներմուծման աճի տեմպը: Մեր երկրի համար դա չափազանց կարևոր է, որովհետև մենք արտահանում-ներմուծում բնագավառում ունենք բավականին մեծ շեղում, մեր ներմուծումը չափազանց մեծ է արտահանումից: Դուք իրավացիորեն նշեցիք, որ, ցավոք, շատ բարձր գնաճ ունենք. 2010-ի առաջին 8 ամիսներին, 2009-ի առաջին 8 ամիսների հետ համեմատած, գնաճը կազմել է 7,7 տոկոս, որը շատ բարձր ցուցանիշ է, օգոստոսին, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, գնաճը կազմել է 5 տոկոս: Դրականն այն է, որ օգոստոսի համեմատ սեպտեմբերն ունի փոքր գնանկում` 0,2 տոկոս, ինչը հույս է ներշնչում տարին ավարտել նախատեսված 5,5 տոկոս գնաճի սահմաններում:
-Այսինքն, 2010-ն այդքա՞ն էլ սարսափելի չէր:
-2010 թիվը, որպես հետճգնաժամային առաջին տարի, պետք է համարել հաջողված, ձեռքբերումները պետք է խորացնել հատկապես 2011-ին, որովհետև որոշ ցուցանիշներով մենք դեռ չենք հասել նախաճգնաժամային մակարդակին:
-2011-ի բյուջեի նախագիծը կառավարությունն արդեն ներկայացրել է խորհրդարան. Ձեր գնահատմամբ` 2011-ի նախագծում կա՞ն 2010-ի բացասական միտումները կանխելու և դրական միտումները զարգացնելու նախադրյալներ:
-Չափազանց կարևոր հարց է, որովհետև տնտեսության բնագավառում պետական քաղաքականությունը պետք է շարունակական լինի: Կառավարության որդեգրած գաղափարները մեկ տարում իրականացնել հնարավոր չէ: Դրական միտումները 2011-ին խորացնելու հրամայականը կա, առաջինը դեֆիցիտի կրճատումն է: Ճգնաժամային տարում արված բոլոր դրական քայլերն անհնար կլինեին, եթե աննախադեպ բարձր վարկեր չներգրավվեին, բայց դրա հետևանքով մեր արտաքին պարտքը մեծացավ, բյուջեի դեֆիցիտ-ՀՆԱ հարաբերակցությունը շատ մեծ թիվ կազմեց` 7,55 տոկոս, 2010-ին փորձեցինք նվազեցնել և բյուջեով սահմանեցինք 6 տոկոս: Մենք ակնկալում ենք 5 տոկոս ունենալ տարեվերջին` շնորհիվ այս տարի ծրագրվածից ավելի հավաքված հարկերի, որի արդյունքում ծախսերը ֆինանսավորվել են ոչ թե դեֆիցիտի, այլ ավելի շատ հավաքված հարկերի շնորհիվ: Նույնը պիտի փորձել 2011-ին, եթե պետբյուջեի նախագծով սահմանված է 3,95 տոկոս դեֆիցիտ, ապա ավելի հավաքագրված հարկերով այդ թիվը պետք է ձգտել նվազեցնել մինչև 3 տոկոս: Միայն այդ պարագայում կվերադառնանք նորմալ դեֆիցիտի ժամանակներին: Սա իսկապես լուրջ խնդիր է, քանի որ 2011-ին բյուջեում սահմանված են բարձր հարկային եկամուտներ` 650 միլիարդ դրամ: 2011-ը կլինի այն տարին, որի ցուցանիշները կգերազանցեն նախաճգնաժամային տարվա ՀՆԱ-ի ցուցանիշները. 2008-ին մենք ունեցել ենք 3,6 տրիլիոն, 2011-ին կունենանք 3,7 տրիլիոն ՀՆԱ: Ծախսային մասում կունենանք 1 տրիլիոն դրամ, մուտքերը 850 միլիարդ դրամ, դեֆիցիտը` 150 միլիարդ դրամ: Միաժամանակ ակնկալվում է 4,6 տոկոսի ՀՆԱ-ի աճ և 5,3 տոկոսի գնաճ:
-Թվերը` թվեր, իսկ ինչպիսի՞ն է բյուջեի կառուցվածքը:
-Ծախսային հոդվածների 1 տրիլիոն դրամի առյուծի բաժինն ուղղվելու է մարդկային կապիտալի զարգացմանը:
-Ի՞նչ է դա նշանակում:
-Կրթություն, գիտություն, առողջապահություն, սոցիալական ոլորտ: Մեր երկիրը, որ գտնվում է չհայտարարված պատերազմի մեջ, երկու կողմից շրջափակված, հիմնական ներդրումները կատարում է մարդկային կապիտալի զարգացման ոլորտում: Մեր երկրի հարաբերական առավելությունը հենց մարդկային կապիտալն է. մենք հանքային հանածոներով հարուստ չենք, հաղորդակցուղիները խիստ սահմանափակ են: Այս ուղղությամբ է նախատեսված բյուջեի 46 տոկոսը, 20 տոկոսը հատկացված է պաշտպանության ու ազգային անվտանգության ապահովմանը, 15 տոկոսը` տնտեսական ճյուղերի սպասարկմանը, 4,5 տոկոսը` արտաքին պարտքի սպասարկմանը, 3,3 տոկոսը` համայնքների դոտացիային, 2,6 տոկոսը` ռեզերվին: Այս հարաբերակցությունը վկայում է, որ ունենք ընդգծված սոցիալական բյուջե: ՈՒզում եմ անդրադառնալ նաև բյուջեի մուտքերի և ծախսերի աճերի հարաբերակցությանը: 2011-ի բյուջետային մուտքերն աճելու են 14,5 տոկոսով, ծախսերը` 6,8: Սա ևս ճգնաժամի հետևանք է: Եթե ճգնաժամի ընթացքում ավելի շատ ծախսում էինք, քան կարողանում էինք հավաքագրել, հիմա պիտի կարողանանք ավելի շատ հավաքագրել և ավելի քիչ ծախսել: Սա հենց հակացիկլի քաղաքականության տրամաբանությունից է բխում, որպեսզի կարողանանք նվազեցնել դեֆիցիտը:
-Դուք նշում եք մարդկային ռեսուրսի զարգացման մասին, մինչդեռ պաշտոնական վիճակագրական տվյալներով` Հայաստանից արտագաղթի երրորդ ալիքն է բարձրացել, ընդ որում` մեկնողները միջին խավից են: Չե՞ք կարծում, որ հարկային քաղաքականության փոփոխության կարիք ունենք, եթե գործող օրենսդրությամբ բիզնեսը շարունակելու հնարավորություններն անշեղորեն նվազում են:
-Միջին խավի նկատմամբ պետության հոգածությունը կարևորագույն խնդիր է, ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական գործոն, որովհետև միջին խավն է ապահովում քաղաքական բարեփոխումների հենքը, ազատական մտածելակերպով, ժողովրդավարական սկզբունքներով միջին խավը պետք է դառնա բարեփոխումներն առաջ տանող լոկոմոտիվ: Այս առումով օրենսդրության մեջ լուրջ քայլեր են արված` ավելացված արժեքի հարկի շեմն է բարձրացված, որ ավելի փոքր շրջանառություն ունեցող տնտեսավարող սուբյեկտները չմուծեն ԱԱՀ, այլ ավելի պարզեցված հարկեր, ԱԺ-ում շրջանառության մեջ է փոքր բիզնեսին պարզ հարկային ռեժիմով աշխատելու հնարավորություն տվող օրինագիծ, որը հանգեցնում է հարկային բեռի նվազմանը: Արվում են քայլեր հնարավորինս նվազեցնելու հարկահավաք-տնտեսավարող սուբյեկտ ուղղակի շփումները: Իհարկե, անելիքներ դեռ շատ կան փոքր ու միջին բիզնեսի աշխատանքի նպաստավոր պայմանների ստեղծման համար, այնուամենայնիվ, հարկահավաքման տոկոսները բարձրացնելու խնդիր ունենք, որը պետք է լուծենք այնպես, որ այդ բեռը չծանրանա փոքր և միջին բիզնեսի վրա, ինչն արվում է օրենսդրորեն: Օրենքների կիրառման առումով ևս որոշակի դրական միտումներ կան. վերջին ժամանակներս հրապարակվում են մաքսային, հարկային ծառայությունների կողմից խոշոր բացահայտումներ, որոնք հույս են ներշնչում, որ կբացահայտվեն խոշոր հարկատուների կողմից օրենքի շրջանցման դեպքերը, որը հարկային հավաքագրման տոկոսը կբարձրացնի: Իհարկե, ամեն ինչ իդեալական չէ, բայց հարկահավաքության տոկոսը բարձրացնելու և տնտեսավարող բոլոր սուբյեկտների համար հավասար պայմաններ ստեղծելու նախադրյալներ կան:
-Սքանչելի հեռանկար է, իսկ ե՞րբ կիրականանա:
-Օրենսդրության կատարելագործումն անընդհատ գործընթաց է։ Եթե հետևեք վերջին 5 տարիների օրինաստեղծ աշխատանքներին, կարձանագրեք, որ հետևողականորեն մեղմացվել է փոքր ու միջին բիզնեսի համար նախատեսված օրենսդրությունը, խոշոր բիզնեսի համար առավել լուրջ վերահսկողական մեխանիզմներ են մշակվել:
-2011-ի պետական բյուջեի նախագիծը նոր աշխատատեղերի ստեղծման հնարավորություն տալի՞ս է և ո՞ր ոլորտներում:
-Այո, 2011-ին մենք նախատեսում ենք 4,6 տոկոսի աճ արդյունաբերությունում, գյուղատնտեսության բնագավառում` 10 տոկոսի աճ: Ես կարծում եմ, որ այդ բնագավառներում էլ կունենանք նոր աշխատատեղեր, նաև փոքր ու միջին բիզնեսում: Պետությունը, ճգնաժամային իրավիճակներում իր գործառույթներն իրականացնելով, պետք է կամաց-կամաց դուրս գա տնտեսությունից, ուղղակի ներգործության մեխանիզմները փոխարինի տնտեսության զարգացման պայմանների ստեղծումով: Այդ առումով և՛ հարկային վարչարարության նոր ու արդյունավետ պահանջների ձևավորումը, և՛ լիցենզավորման բնագավառում նոր մոտեցումները, պետական համակարգի առավել նեղ հարաբերումը տնտեսությանը պետք է ստեղծեն տնտեսության զարգացման նոր ու հրապուրիչ հնարավորություններ, որոնք կխթանեն նաև նոր աշխատատեղերի ստեղծումը։
-Գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի դասերից մեկը տնտեսագետները համարում են տնտեսության մեջ պետության կարգավորիչ դերի մեծացման անհրաժեշտությունը. ազատականացումը` ազատականացում, բայց ամեն ինչ չի կարելի թողնել շուկայի կարգավորմանը, այդպես չէ՞:
-Ճգնաժամը ցույց տվեց, որ ֆինանսական ոլորտում պետության կարգավորիչ դերը պիտի խստացվի, որովհետև բանկային համակարգում կարող են առաջանալ պրոբլեմներ ու տարածվել ռեալ սեկտորի վրա: Այս բնագավառում միջազգային տնտեսագիտական միտքը միակարծիք է: Ռեալ սեկտորում առավել նպատակահարմար է դիտարկել պետական-մասնավոր համագործակցության մոդելը, երբ պետությունը ստեղծում է պայմաններ իր որոշակի նպատակների իրականացման համար, իսկ մասնավորը դառնում է իրականացնողը: Հայաստանում կիրառվում է այդ մոդելը, դա վերաբերում է մեծ ծրագրերին` Հյուսիս-Հարավ մայրուղու շինարարությանը, Գյումրու բնակարանաշինությանը, տեխնոպարկին:
-2010-ի բյուջեի նախագծի քննարկումներում վարչապետը բարձրացնում էր տնտեսության դիվերսիֆիկացիայի խնդիրը, այդ խնդիրն ինչպե՞ս լուծվեց 2010-ին, և 2011-ի բյուջեի նախագծում այդ խնդրին անդրադարձ կա՞:
-Թերևս դա ճգնաժամի ամենակարևոր դասերից մեկն էր. մեր տնտեսական աճը տարիներ շարունակ հենված էր երկու ոլորտների վրա, առաջին հերթին` շինարարության, հետո` ծառայությունների: Ճգնաժամից հետո արդյունաբերությունն է ստանձնել տնտեսության լոկոմոտիվի դերը, մի քանի ճյուղեր` առաջին հերթին հանքահումքայինը, նաև գյուղատնտեսական մթերքների վերամշակումը, շինանյութերի արտադրությունը, ադամանդագործությունը, բարձր տեխնոլոգիաների ոլորտն իրենց ներդրումներն ունեն: Դիվերսիֆիկացիայի բնագավառում իսկապես կատարվում են քայլեր, որոնք ժամանակի ընթացքում կհանգեցնեն այն իրավիճակին, որ եթե մի ոլորտում ճգնաժամ է, այլ ոլորտներում ճգնաժամի ազդեցությունը ծանր չէ:
-2011-ի բյուջեին ի՞նչ անուն կտաք:
-Բյուջեն շատ դիպուկ անուն ունի` 2011 թվականի:
Հարցազրույցը` Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 1623

Մեկնաբանություններ