ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«ԹԵ ՈՎ Է ԱՅԴ ՊԱՏՎԵՐՆ ԻՋԵՑՆՈՒՄ, ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՄԱՆ ԽՆԴԻՐՆ Է»

«ԹԵ ՈՎ Է ԱՅԴ ՊԱՏՎԵՐՆ ԻՋԵՑՆՈՒՄ, ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՄԱՆ ԽՆԴԻՐՆ Է»
05.02.2010 | 00:00

«Պաշտոնապես դիմել ենք իրավապահ մարմիններին, որպեսզի իրավական ձևակերպում տան այն բարբաջանքին, թե «Ժառանգությունը» հակապետական գործունեություն է ծավալում»,- մեր դիտարկմանը, թե ի՞նչ հիմք ունի «Ժառանգության» գործունեությունը դադարեցնելու պահանջը, հակադարձեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար ՍՏԵՓԱՆ ՍԱՖԱՐՅԱՆԸ։
-Ցավոք, առաջին անգամ չէ, որ հրապարակավ դիմում ենք իրավապահ մարմիններին,- շարունակեց պարոն Սաֆարյանը։- Որոշ հանրապետականների առաջադրած անհիմն մեղադրանքների առնչությամբ ևս այդպես ենք վարվել։ Վստահ ենք մեր գործունեության ազնվությանը, հրաշալի գիտենք, որ ներկայացնում ենք մեր տասնյակ հազարավոր ընտրողների շահերն ու պահանջները, որոնք բարձրաձայնում ենք և՛ արտաքին, և՛ ներքին միջավայրերում։ Չեմ կարծում, որ սույն պարոնի` Հայկ Բաբուխանյանի, արտահայտած տեսակետը, թե «Ժառանգության» գործունեությունը պետք է կասեցվի, ինքնաբուխ է։ Դրա հետևում մարդիկ են կանգնած, ովքեր ֆինանսավորում են «Իրավունք» թերթը կամ, եթե չեն ֆինանսավորում, ազդեցություն ունեն խմբագրության վրա։ Շուրջ երեք տարի է` «Ժառանգությունը» խորհրդարանական գործունեություն է ծավալում, և այդ ընթացքում հիշյալ շրջանակները մեր հասցեին լուտանքներ են թափում` մերթ մեղադրելով գունավոր հեղափոխությունների փորձի, մերթ` հակապետական գործունեության մեջ։ Այսօր այս անպատժելիությունը պարտավոր են կանխել իրավապահ մարմինները, քանի որ տևական զրպարտությունը` տարբեր կոլաժները, հեգնական նյութերը, վարկաբեկող հոդվածներն անպակաս են եղել այդ թերթի էջերից։ Բանը հասել է նրան, որ այս մարդիկ, սեփական անպատժելիությունից ոգևորված, գինովցած, կարող են ուղղակի սահմանադրական կարգը բռնի տապալելու կոչեր հնչեցնել։ Հիշեցնեմ` բազմակուսակցականությունը, բազմակարծությունը, ժողովրդավարությունը սահմանադրական կարգի ատրիբուտներն են, որոնք ամրագրված են ՀՀ Սահմանադրության 1-ին գլխում։ Եթե որևէ ուժի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու կոչ է հնչեցվում միայն այն պատճառով, որ այդ կուսակցությունը պայքարում է Հայաստանը ժողովրդավար դարձնելու, հանցագործությունները բացահայտելու ուղղությամբ, նշանակում է խրախուսվում են սահմանադրական կարգի բռնի տապալման կոչերը։ Սա է տվյալ անձի հայտարարությունների էությունը։ Հետևաբար, իրավապահ մարմինները պարտավոր են իրավական գնահատական տալ այս ամենին։ ԱԺ պատգամավորները, հենվելով մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի վրա, օգտվելով ՀՀ Սահմանադրությամբ ազատ կամարտահայտության իրավունքից և անձեռնմխելիության ինստիտուտից, չեն կարող հետապնդման ենթարկվել ո՛չ եվրոպական կառույցներում, ո՛չ սեփական երկրում։ Մինչդեռ սույն պարոնը, խախտելով անմեղության կանխավարկածը, քրեական հետապնդման կոչեր է անում։
-Նպատա՞կը։
-Այդ թերթ-խմբակը, որն իրեն նաև քաղաքական միավոր է համարում, մեզ մրցակից քաղաքական ուժ չէ։ Չեմ կարծում, թե այդ քաղաքական խմբակն ուզում է զբաղեցնել «Ժառանգության» տեղը։ Խնդիրը հետևյալն է. այդ թերթ-խմբակն առավելապես իրականացնում է այն պատվերները, որոնք ցանկալի են թերթին քաղաքական, ֆինանսական աջակցություն ցուցաբերողներին։ Կարող եմ պարզապես ենթադրություններ անել, թե ովքեր են նրանք, հիմք ընդունելով փաստը, որ վերջին տխրահռչակ ասուլիսում սույն պարոնը թիրախ ընտրեց հանրապետության վարչապետին, բայց թևերը փռեց ԱԺ խոսնակի և հանրապետության նախագահի վրա։ Սրանից կարելի է եզրակացնել, թե քաղաքական որ հոսանքի մեջ է այդ խմբակը։ Իսկ թե կոնկրետ ի՞նչ դրդապատճառներով և ո՞վ է այդ պատվերն իջեցնում, իրավապահ մարմինների բացահայտման խնդիրն է։
-Բայց վարչապետն էլ է քաղաքական նույն թիմից։
-Պարզ է, որ այս մարդիկ հակավարչապետական «ուղղվածություն» ունեն։ Մենք էլ ենք քննադատում վարչապետին, բայց չենք տարանջատում նաև իշխանության մյուս թևերի թերություններն ու բացթողումները։ Առնվազն տարօրինակ է, որ իշխանության մի թևին գովաբանում են, մյուսին պախարակում։ Ինչո՞ւ է թիրախ դառնում ընդդիմադիր ուժը, որն առաջին հերթին խնդիր ունի իշխանական այն օղակի հետ, որին գովաբանում է այդ խմբակը։ Այսինքն` կապն այստեղ ակնհայտ է։ Տվյալ պարագայում սա հետևողական և երկարաժամկետ պատվեր է, որն իր արտացոլումը գտավ անցյալ տարվա հուլիսին, երբ ԱԺ նախագահը խոչընդոտեց ֆրանկաֆոնյան խորհրդարանական վեհաժողովին իմ մասնակցությունը, սեպտեմբերին էլ Զարուհի Փոստանջյանը ԵԽԽՎ-ում դուրս մնաց պատվիրակության կազմից։ Վերջերս էլ «ավետիս» ստացան, որ Լարիսա Ալավերդյանի գործունեությունն է կասեցվել ԵԱՀԿ ԽՎ-ում։ Սրանք, բնականաբար, պատահականություններ չեն, այլ ԱԺ ղեկավարության, ինչպես նաև, մեր աղբյուրի պնդմամբ, նախագահականի աշխատակազմից իջեցված հրահանգներ։ Մի կողմից, «Ժառանգության» գործունեությունն է կասեցվում տարբեր խորհրդարանական վեհաժողովներում, մյուս կողմից էլ` այդ թերթ-խմբակի միջոցով ներկայացվում է, թե «Ժառանգությունը» իբր հակապետական գործունեություն է ծավալում։ Ստացվում է, որ վերջիններս «արդարացում» են տալիս հանրությանը, թե ինչու են «Ժառանգությանը» մեկուսացնում խորհրդարանական դիվանագիտական աշխատանքներից։
-ՈՒզում եք ասել` «Ժառանգությունը» բոլոր կողմերից «մեկուսացվե՞լ» է։
-«Ժառանգության» գործունեության տարիներին չի եղել մի շրջան, որ քաղաքական հետապնդումներ չլինեն` մե՛րթ շարքային կուսակցականների, մե՛րթ տարածքային կառույցների, քաղաքական վերնախավի վրա ճնշումներ գործադրելու տեսքով։ Մենք երբևիցե հանգիստ շրջան չենք ունեցել, բայց չենք ընկրկել ու չենք ընկրկելու։ Ավելին, անհույս ու անհեռատես քայլ ենք համարում արտախորհրդարանական աշխատանքներից «Ժառանգությունը» չեզոքացնելու փորձերը։ Վստահ ենք, որ այդ հրճվանքը կարճ է տևելու։ Թույլ չենք տա «Ժառանգության» ձայնը լռեցնել։
-Կարծում եք, որ ԱԺ նախագահն իր լիազորությունները գերազանցե՞լ է։
-Այո՛, հոդված 18-ի 1-ին մասի Է ենթակետով ներկայացված է պատվիրակության ձևավորման և կազմավորման կարգը։ Ի դեպ, հիշյալ օրենքում փոփոխություններն իրականացրել է հենց կոալիցիան։ Մի կողմ ենք թողնում արձակուրդի ժամանակ խորհրդարանի խոսնակի` խորհրդակցություն հրավիրելու իրավունք չունենալու հանգամանքը, պատշաճ մակարդակով խորհրդակցության կազմակերպված չլինելն ու այլ մանրուքներ, հստակ արձանագրենք, որ ԱԺ ղեկավարն օրենք է խախտել, ինչի համար էլ մինչ այժմ խուսափում են մեզ փաստաթուղթ տրամադրելուց առ այն, թե ինչ կարգով են կազմավորվում խորհրդարանական պատվիրակությունները։ Մենք օրերս փորձեցինք ԱԺ ԵԱՀԿ ԽՎ-ի պատվիրակության ղեկավար Արամ Սաֆարյանից պարզել, թե ո՛վ է կայացրել ԵԱՀԿ ԽՎ-ում Լարիսա Ալավերդյանի աշխատանքները կասեցնելու որոշումը, և նա մեզ տեղեկացրեց, թե ինքը ոչ մի առնչություն չունի այդ որոշման հետ։ Դավիթ Հարությունյանը ևս հայտարարել է, որ Զարուհի Փոստանջյանի փոփոխության որոշումն ինքը չի կայացրել։ Մինչդեռ աշխատանքային խորհրդակցության ընթացքում Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ Հարությունյանի առաջարկով է նման որոշում կայացրել։ Այսինքն, խորհրդարանի ղեկավարության շրջանում սկսվել է «իրար վրա գցելու» և իրար տակ փորելու գործընթացը։ Հովիկ Աբրահամյանը չի ցանկանում ողջ պատասխանատվությունը միայնակ կրել և խորհրդակցության ժամանակ հմտորեն դա բարդեց պատվիրակության ղեկավարի վրա։ Նա էլ չի ցանկանում այդ պատասխանատվությունը կրել։ Բաց է մնում հարցը` ո՞վ է որոշում կայացրել։ Սա ինձ թույլ է տալիս որոշ վերլուծություններ կատարել. անցած տարեվերջին բավականին ակտիվացան վարչապետի փոփոխության մասին խոսակցությունները։ Գլոբալ տնտեսական ճգնաժամը շահարկելով` քաղաքական մի թիմ իր հավակնությունները բացահայտեց վարչապետի փոփոխություն պահանջելով։ Այս իսկ պատճառով ԱԺ խոսնակը տարեվերջին հարկադրված էր նաև «Ես չեմ ուզում դառնալ նախագահ» թեմայով ասուլիս հրավիրել։ Ակնհայտ է, որ որոշակի լարվածություն գոյություն ունի նախագահականի և խորհրդարանի միջև, և «Ժառանգությանը» «կպնելու» հրահանգն էլ բնավ պատահական չէ։ Հետևաբար, խորհրդարանի խոսնակն արեց այնպես, որ ողջ պատասխանատվությունն ընկնի պատվիրակության ղեկավարի վրա, վերջինս էլ իր ձևով պատժեց Հովիկ Աբրահամյանին` ԵԽԽՎ-ում մոնիտորինգի «տակ դնելով» նրան։
-Անդրադառնանք նաև մի մասնավոր խնդրի. ինչպե՞ս եք վերաբերվում այն հայտարարություններին, թե Հայաստանը պետք է միջուկային զենք ստեղծի։
-Սա ուղղակի զավեշտ է, մարազմ։ Անգամ գիշերային մղձավանջում չէի կարող պատկերացնել նման առաջարկություն։ Ցավում եմ, որ կան սպասարկուներ, որոնք իշխանությանն արջի ծառայություն են մատուցում` երկիրը միջազգային ասպարեզում պատժամիջոցների թիրախ դարձնելով։ Գուցե խորհուրդ տան Սերժ Սարգսյանին` Ռուսաստանից մի քանի միջուկային մարտագլխիկնե՞ր պահանջել։ Մարդիկ պարզապես պետք է հետևեն Իրան-միջազգային հանրություն դիմակայությանը` հասկանալու համար, որ այդ ճնշումների արդյունքում այս երկիրը նույնիսկ չի հայտարարում, թե միջուկային զենք ստեղծելու խաղաղ նպատակներ ունի։ Չեմ կարծում, որ նմանատիպ հայտարարություններին պետք է ուշադրություն դարձնել։
Զրուցեց Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 1491

Մեկնաբանություններ