«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

«Ի՞ՆՉ «ՕՐԵՆՔՈՎ ԳՈՂԵՐԻ», ՆՐԱՆՑ ՀԱՎԱՔՆԵՐԻ ԿԱՄ ԱՅԼՆԻ ՄԱՍԻՆ ԿԱՐՈՂ Է ԽՈՍՔ ԼԻՆԵԼ»

«Ի՞ՆՉ «ՕՐԵՆՔՈՎ ԳՈՂԵՐԻ», ՆՐԱՆՑ ՀԱՎԱՔՆԵՐԻ ԿԱՄ ԱՅԼՆԻ ՄԱՍԻՆ ԿԱՐՈՂ Է ԽՈՍՔ ԼԻՆԵԼ»
29.10.2010 | 00:00

ԱԼԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ (ՀՀ ոստիկանապետ)
-Պարոն Սարգսյան, ԱՄՆ-ի Հետաքննության դաշնային բյուրոյի ներկայացուցիչներն օրերս ժամանել են Հայաստան և հայաստանյան կողմի հետ ինչ-ինչ հարցեր են քննարկում: Ձեզ հետ նո՞ւյնպես հանդիպել են:
-Ո՛չ: Որևէ մեկն ինձ հետ չի հանդիպել, պաշտոնական որևէ տեղեկություն այդ առնչությամբ չունենք: Նրանք մեզ չեն դիմել ո՛չ համագործակցության, ո՛չ ինֆորմացիայի ձեռքբերման-փոխանակման, ո՛չ էլ որևէ այլ հարցով:
-Իսկ Դուք տեղյա՞կ եք, թե ե՞րբ է վերջին անգամ Արմեն Ղազարյանը («Պզոն») եղել Հայաստանում:
-Եթե չեմ սխալվում, նա Հայաստանում եղել է այս տարվա գարնանը, շատ կարճ ժամանակով` մի քանի օրով: Եվ, եթե դարձյալ չեմ սխալվում, եկել էր ծնողներին տեսության:
-Դուք (նկատի ունեմ ոստիկանությունը) նույն այդ օրերի՞ն եք տեղյակ եղել Հայաստանում նրա գտնվելու մասին:
-Իհարկե, այդ օրերին ենք տեղյակ եղել, որովհետև հանրապետությունում գտնվող, ժամանող ցանկացած մեկի շարժի մասին մենք անմիջական և օպերատիվ տեղեկություն ենք ստանում:
-Իսկ Արմեն Ղազարյանի հետ Դուք անձնական ծանոթություն-շփումներ ունե՞ք կամ ունեցե՞լ եք:
-Իհարկե ոչ:
-Իսկ ե՞րբ է նա սեփականության իրավունքով անշարժ գույք ձեռք բերել Հայաստանում. ասում են` Բաղրամյան փողոցի էլիտար շենքերից մեկում նա երկու առանձնահարկ ունի:
-Նախ, չգիտեմ, թե երբ, և ապա, եթե անգամ նա այստեղ անշարժ գույք էլ ունի, այդ գույքը հաստատապես շատ նկատելի չի կարող լինել, որովհետև, որպես ԱՄՆ-ի քաղաքացի, Արմեն Ղազարյանն ինչ ունի, Միացյալ Նահանգներում է: Եվ հետո, նա իր ողջ գործունեությունը Նահանգներում է ծավալել, Հայաստանում որևէ գործունեություն չի իրականացրել:
-Բոլոր դեպքերում, պարոն Սարգսյան, ԱՄՆ-ի Հետաքննության դաշնային բյուրոն «երեկվա երեխան» չէ, եթե չասենք ավելին, որ վերցնի ու նման բարձր ամբիոնից հայտարարի, թե բժշկական ապահովագրություններ կեղծողներից շատերը կապեր են ունեցել Հայաստանի հետ, հաճախ են գնացել-եկել:
-Կարծում եմ, եթե Հետաքննությունների դաշնային բյուրոն հայտարարել է, ապա հաջորդ քայլով պետք է դիմի մեզ` համագործակցության համար, մենք էլ մեր հերթին մեր ունեցած տեղեկությունը կտրամադրենք իրենց: Առայժմ, ինչպես ասացի, նրանք մեզ չեն դիմել:
-Պարոն Սարգսյան, ասացիք, որ Արմեն Ղազարյանն այս գարնանը Հայաստանում է եղել: Իսկ 2008-ի՞ն: Խոսակցություններ կան, մամուլն էլ գրում է, որ այդ ժամանակ նա եղել է Հայաստանում և, այսպես ասած, «համակարգել» է նախագահական ընտրությունների ինչ-որ մի «հատվածը»:
-2008-ի՞ն... Ես չեմ կարծում, որ մենք մեր երկրում պետք է մնայինք Արմեն Ղազարյանի հույսին, որ, ինչպես Դուք եք ասում, կամ ինչպես մամուլն է գրում, ինչ-որ մի քրեական հեղինակություն գար ու «համակարգեր» հայաստանյան ընտրությունները:
-Իսկ Դուք, որպես ոստիկանական համակարգի ղեկավար, ինչպե՞ս եք «մոտենում» քրեական հեղինակությունների, այն է` «օրենքով գողերի» խնդրին: Ինչու եմ հարցնո՞ւմ. որովհետև Ձեր նախորդ` ամենավառ նախարարն այդ ուղղությամբ ահագին հաջողություններ էր գրանցել. չե՞ք փորձում կրկնել «նիշը»:
-Այսօր Հայաստանում առանձնապես լուրջ առճակատում, պայքար, ինչ-որ ընդդիմություն` ոստիկանության, ուժային կառույցների դեմ, որպես այդպիսին, այդ աշխարհից գոյություն չունեն: Այդ մարդկանց ժամանակներն անցել են, և դա հիմնականում կոմունիստական-սոցիալիստական, նորանկախ Հայաստանի առաջին օրերին էր դրսևորվում, որպես պայքար` պետության և, այսպես ասած, «օրենքով գողերի» միջև, եթե, իհարկե, կարելի էր նրանց համարել «օրենքով գողեր»:
-Իսկ Արմեն Ղազարյանն «օրենքով գո՞ղ» է:
-Այո: Այո՜:
-Ի՞նչ ասել է` «օրենքով գող»:
-Իսկ մի՞թե Դուք չգիտեք` ի՞նչ ասել է` «օրենքով գող»:
-Ոչ:
-Չի՜ կարող պատահել... Իսկ եթե իսկապես չգիտեք, ապա դա առանձին և մեծ «դասախոսության» թեմա է` որտեղից են առաջացել նրանք, ինչու, ինչպես։ Խոսենք այդ մասին մեկ ուրիշ անգամ:
-Բոլոր դեպքերում, շա՜տ հետաքրքիր է: Իսկ Հայաստանը շա՞տ ունի նման «գողեր»` դրսում և ներսում:
-Չէ, ներսում մի քանի հոգի են, որ հիվանդության և այլ պատճառներով մեզ համար առանձնապես եղանակ, պրոբլեմներ չեն ստեղծում: Ընդհանրապես չեն ստեղծում, և սա ես հայտարարում եմ ամենայն պատասխանատվությամբ ու պաշտոնապես: Եթե որևէ մեկը փոքր-ինչ պրոբլեմ ստեղծի, կպատժվի օրենքով, նույն պահին` րոպեների ընթացքում: Թող բնավ չկասկածեն: Դուք էլ երբեք մի կարծեք, որ նրանք հասարակության մեջ ինչ-որ արտոնյալ վիճակում կարող են լինել. դա բացառված է և անհնար:
-Պարոն Սարգսյան, այնուհանդերձ, մամուլում շատ հաճախ, և ստույգ աղբյուրների վկայակոչմամբ, տեղեկություններ են սպրդում, թե Հայաստանը երբեմն-երբեմն դառնում է գողականների «սխոդկայի» վայր, ուր վերջիններս հավաքվում, իրենց «համայնքին» վերաբերող շատ կարևոր նշանակության հարցեր են քննարկում ու լուծում:
-Բացարձակապես այդպես չէ: Հայաստանը երբեք նրանց և այլոց համար հավաքների վայր չի կարող դառնալ: Մանավանդ վերջին տարիներին, որքան ես եմ տիրապետում իրավիճակին։ Իսկ ես տիրապետում եմ իրավիճակին ամբողջությամբ: Այո, Հայաստանը չի կարող երբևէ նման վայր լինել: Իրադրությունը վերահսկելու այն հնարավորությունների պարագայում, որ այսօր ունի մեր կառույցը, ի՞նչ «օրենքով գողերի», նրանց հավաքների կամ այլնի մասին կարող է խոսք լինել:
-Դուք այնքան եք «տիրապետում» իրավիճակին, որ եթե ես հիմա ասեմ, որ նույն մամուլը գրում է «Պզոյի» հետ իշխանությունների մերձակայքերում եղողների կապերի, ծանոթությունների մասին, ու եթե հարցնեմ` արդյոք «այդ կապերի» մեջ Դուք և ձեր կառույցը «կա՞ք», կպատասխանե՞ք, թե՞ կասեք` հարցազրույցն ավարտվեց:
-Իհարկե կպատասխանեմ: Նախ` իշխանությունների մասով. լավ, ասենք, հնարավոր է այնտեղ եղող ինչ-որ (հիպոթետիկ եմ ասում) մասնավոր անձանց հետ ինչ-որ կապեր լինեն, իսկ կոնկրետ իմ ղեկավարած կառույցի հետ որևէ «օրենքով գող» կապ ունենալ չի կարող: Դուք ինչպե՞ս եք պատկերացնում նման բան, ինչպե՞ս կարող է նման բան լինել երբևիցե և ընդհանրապես: Անհնա՜ր է:
-Դուք Արմեն Ղազարյանին` «Պզոյի՞ն» նկատի ունեք, որ ասում եք` «անհնար» է:
-Նկատի ունեմ բոլորին և Ձեր ասած «Պզոյին»` ներառյալ:
-Փաստորեն, ամերիկացիք վերջերս ոչ հմուտ «հայտարարություններ» են սկսել անել:
-Այդ և մնացյալ հարցերով դիմեք ամերիկացիներին:
«Քընընեց» Կարմեն ԴԱՎԹՅԱՆԸ

Դիտվել է՝ 1254

Մեկնաբանություններ