«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

«ՂԱՐԱԲԱՂԻ ԱԿՏԻՎԱՆԱԼՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԵՍԱԿԵՏՆԵՐԸ ԿԴԱՌՆԱՆ ԵՐԿՐՈՐԴԱԿԱՆ»

«ՂԱՐԱԲԱՂԻ ԱԿՏԻՎԱՆԱԼՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԵՍԱԿԵՏՆԵՐԸ ԿԴԱՌՆԱՆ ԵՐԿՐՈՐԴԱԿԱՆ»
14.01.2011 | 00:00

2011-ը ներքաղաքական կյանքում խոստանում է լինել բավականին բուռն, քանի որ նախընտրական տարին մեկնարկային է։ Արտաքին քաղաքականությունն ինչպիսի՞ վայրիվերումներ կունենա, արտաքին ինչպիսի՞ ազդակներ կստանա Հայաստանը, հնարավոր ինչպիսի՞ հանգուցալուծումներ կարող են լինել ղարաբաղյան հիմնախնդրում։ Այս և այլ հարցերի շուրջ զրուցեցինք ՀԱԿ ներկայացուցիչ, ԵԽԽՎ-ում Հայաստանի խորհրդարանական պատվիրակության նախկին ղեկավար ՀՈՎՀԱՆՆԵՍ ԻԳԻԹՅԱՆԻ հետ։
-Նախորդ տարեվերջին «Վիկիլիքսի» բացահայտումները ցնցեցին աշխարհն ու մեծ քաղաքականության մեջ որոշակի ուղղորդումներ մտցրին։ Ի՞նչ եք կարծում, այս տարվա ընթացքում այդ բացահայտումները որոշակի ազդեցություն կունենա՞ն գերտերությունների արտաքին քաղաքականության վրա։
-«Վիկիլիքսի» բացահայտումներում շատ տեղեկություններ կային բազմաթիվ երկրների մասին, սակայն շեշտվում էին հատկապես այն երկրները, որոնք խնդիրներ ունեն մարդու իրավունքների, ժողովրդավարության ու այլ ոլորտներում։ Նախ, պիտի մտածել պատճառների մասին, այսինքն` ի՞նչ տեղեկություն է դուրս սպրդել մեր մասին, ինչպե՞ս են կապում այս կամ այն հանգամանքը Հայաստանի ու նրա պաշտոնյաների հետ։ Առաջին հերթին պիտի խոսել Հայաստանի ներքաղաքական մոդելի մասին, թե որքանով է այն անդրադառնում Հայաստանի արտաքին հեղինակության վրա։
-Հաշվի առնելով նաև այլ բացահայտումներ և Հայաստանի վարած այսօրվա արտաքին քաղաքականությունը` արտաքին աշխարհից ինչպիսի՞ ազդակներ մեզ «կուղարկվեն»։
-Չեմ կարծում, թե Հայաստանի իշխանություններն ինչ-որ նոր բան կմտածեն այս տարի։ Այն, ինչ կար նախորդ տարիներին, կշարունակվի։ Հայաստանը վարում է «արձագանքային» քաղաքականություն, այսինքն` այս երկիրը սա արեց կամ ասաց, Հայաստանն էլ փոխադարձ գործողությունն արեց կամ պատասխանեց։ Իսկ երբ ԵԽԽՎ-ում մեզ առնչվող որոշ հարցեր են բարձրացվում, փորձում են տակից դուրս գալ։ Մինչդեռ Հայաստանը պետք է ունենա արտաքին ռազմավարություն։
-Հայաստանն այս տարի ո՞ր երկրի հետ պետք է վերանայի իր հարաբերությունները, նոր ռազմավարություն մշակի, ըստ Ձեզ։
-Հայաստանի գործողություններից կարելի է ենթադրել, որ մենք համարվում ենք Ռուսաստանի կցորդ` թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական, թե՛ ռազմավարական իմաստով։ Հայաստանն ավելի քիչ օգուտ ունի հայ-ռուսական հարաբերություններից, քան կարող էր ունենալ։ Հայաստանի վնասներն ավելի մեծ են նաև Արևմուտքից, քանի որ Հայաստանը դիտարկվում է Ռուսաստանի ազդեցության գոտում գտնվող երկիր։ Մեր արտաքին գերատեսչությունը պետք է անպայման քայլեր ձեռնարկի դրսում այս իմիջը փոխելու համար։
-Փաստորեն, կարծում եք, որ Հայաստանի ԱԳՆ-ն պետք է առավել ակտիվ գործի ու նախաձեռնո՞ղ լինի։
-Հայաստանի դիվանագիտությունը պետք է ձևակերպի մեր ռազմավարությունը, որը հետագայում երկրի ղեկավարը կհաստատի, ոչ թե կներքաշվի ներքաղաքական ինտրիգների մեջ։
-Հայ-թուրքական հարաբերությունները և ղարաբաղյան հիմնախնդիրը Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն էին անցյալ տարի։ Այս հարցերն ի՞նչ զարգացումներ կունենան ընթացիկ տարում։
-Հաշվի առնելով Թուրքիայի վարած քաղաքականությունն այս հարցում` դրական տեղաշարժ ակնկալել պետք չէ։ Ցյուրիխյան գործընթացն ի սկզբանե տապալված էր։ Ինչ վերաբերում է ղարաբաղյան հիմնախնդրին, ինձ համար դեռ անհասկանալի է, թե այս հարցում ինչ է ուզում ստանալ Հայաստանը։ Շատ հաճախ Հայաստանի որոշ պաշտոնյաներ ամաչում, վախենում են արտասանել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» բառակապակցությունը։ Ավելին, Ադրբեջանի այն պրիմիտիվ մեղադրանքները, թե Հայաստանն օկուպանտ է, ագրեսոր, համապատասխան արձագանք չեն ստանում։ Հայաստանը պետք է հիմնվի Ղարաբաղի տեսակետի վրա, քանի որ այս պայքարում արդար կողմը Ղարաբաղն է։ Ղարաբաղն իր տեսակետն առավել հաճախ պետք է հնչեցնի, քան Ադրբեջանը, որովհետև արդար պայքարի դափնին Ղարաբաղինն է։ Ենթադրում եմ, որ Ղարաբաղի պասիվությունը պայմանավորված է Հայաստանի գործողություններով։ ԼՂՀ-ն պետք է ձևակերպի իր ցանկությունները, անկախ նրանից, դրանք մաքսիմալիստակա՞ն կդիտարկվեն, թե՞ ոչ։ Ազգը պետք է ասի` ի՞նչ է ինքն ուզում։ Հայաստանը, օգտագործելով իր դիվանագիտական հնարավորությունները, որոնցից Ղարաբաղը զրկված է, համազգային մարտավարությունը պետք է առաջ տանի։
-ՈՒզում եք ասել, որ Ղարաբաղը պետք է դառնա բանակցային կո՞ղմ։
-Վերջնանպատակում` այո։ Սակայն այսօր կարևորը ոչ թե ֆիզիկական ներկայությունն է, բանակցություններն առաջ տանելու համար, այլ ակտիվությունը։ Միավորը դառնում է բանակցությունների կողմ, երբ նախաձեռնողական, ակտիվ քաղաքականությամբ է հանդես գալիս։ Անկախ այն բանից, Կոսովոյին կնստեցնեին բանակցությունների սեղանին, թե ոչ, նա ակտիվ հայտարարություններով էր հանդես գալիս։ Հիմա ԼՂՀ-ն պիտի ասելիք ունենա, կապ չունի` բանակցային կո՞ղմ է, թե՞ ոչ։ Միևնույն է, Ղարաբաղի խոսքը հաշվի է առնվելու։ Ցավոք, չեմ տեսնում Ղարաբաղի ակտիվ գործողությունները։ Շահերը պաշտպանել ու լինել ներկայացուցիչ լիովին այլ բաներ են։ Իներցիայով Ղարաբաղն այնքան երկար ժամանակ է գործընթացից դուրս մնացել, որ նրա համար սովորություն է դարձել այդ կարգավիճակում լինելը։ Բայց գործընթացը հենց Ղարաբաղի շուրջ է, ու անընդունելի է նրա պասիվությունը։
-Հայկական կողմը մշտապես նշում է, որ կողմ է հարցի լուծմանը մադրիդյան սկզբունքների հիման վրա։ Սակայն Ադրբեջանը մշտապես ռազմաշունչ նոտաներով է խոսում։ Այս իրավիճակում կարելի՞ է կանխատեսել, որ ոչ մի հանգուցալուծում չի լինի։
-Այս գործընթացը վերածվել է Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտի, ու հենց սա թույլ չի տա առաջ շարժվել, որովհետև կողմերի տեսակետների մեջ ընդհանուր եզրեր չկան։ Երկրորդեմ` պետք է հիշել, թե ում շուրջ է կոնֆլիկտը։ Հայաստանի իշխանությունների մեղքով ժամանակին Ղարաբաղը դուրս մղվեց բանակցություններից, ու գործընթացն այլ հունով ընթացավ։ Ղարաբաղի ակտիվանալով Հայաստանի և Ադրբեջանի տեսակետները կդառնան երկրորդական։ Ի վերջո, կան նախադեպեր, որոնց օրինակով աշխարհը լուծումներ է տալիս այսօրինակ կոնֆլիկտներին։ Հայկական կողմն այսօր երկու չօգտագործված խաղաքարտ ունի։ Նախ` ԼՂՀ-ի ակտիվացումը։ Ղարաբաղի ձայնն ավելի արդար է։ Երկրորդ` ժողովրդավար պետություն ունենալը։ Որքան պետությունը ժողովրդավար է, նրա տեսակետը հաշվի առնելու հնարավորությունն այնքան մեծ է։ Եթե Հայաստանը մեկ, երկու գլուխ բարձր ժողովրդավարություն, քաղաքակրթություն ունենա, քան Ադրբեջանը, մեր հնարավորությունները նույնքան մեծ կլինեն։ Ցավոք, դեռ այդպես չէ։
-Հայաստանի արտաքին քաղաքականությունը չի սահմանափակվում միայն հայ-թուրքական հարաբերություններով և ղարաբաղյան հիմնախնդրով։ Ձեր գնահատմամբ` մյուս ուղղությունները ճի՞շտ են օգտագործվում։
-Ընդհանրապես, արտաքին քաղաքականության մեջ շատ կարևոր է մեկ բան. եթե որևէ երկրի հետ ուզում ես լավ հարաբերություններ ունենալ, պետք է նույն արժեքներին, մոդելին համապատասխան լինես։ Այլապես արդյունավետ հարաբերություններ ակնկալելը սխալ կլինի։ Փաստորեն, արտաքին քաղաքականությունը գլխավորապես պայմանավորված է ներքին քաղաքականությամբ։
Զրուցեց Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 1192

Մեկնաբանություններ