«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

«ՉԵՄ ԿԱՐԾՈՒՄ, ԹԵ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՐՈՂ Է ԳՏՆՎԵԼ ՈՐԵՎԷ ՄԵԿԸ, ՈՐԸ ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԱՐՑԱԽԻ ՃԱՆԱՉՈՒՄԸ»

«ՉԵՄ ԿԱՐԾՈՒՄ, ԹԵ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՐՈՂ Է ԳՏՆՎԵԼ ՈՐԵՎԷ ՄԵԿԸ, ՈՐԸ ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԱՐՑԱԽԻ ՃԱՆԱՉՈՒՄԸ»
12.10.2010 | 00:00

«Իրատես de facto»-ի զրուցակիցն է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար ՍՏԵՓԱՆ ՍԱՖԱՐՅԱՆԸ
-Պարոն Սաֆարյան, շատ հետաքրքիր իրավիճակ է առաջացել Ղարաբաղի անկախության ճանաչման վերաբերյալ` խորհրդարանին ներկայացրած Ձեր օրինագծի շուրջ: Դասական ձևակերպմամբ` այն «կողմ ըլլալով` դեմ կըլլանք» հրահանգավորման պատին է դեմ առել: Կա՞ր երրորդ` առավել արդյունավետ լուծում այս վիճակից խուսափելու համար:
-Այո, կար, և «Ժառանգությունն» այդ առաջարկությունը ևս արել էր: Այն է` եթե քաղաքական մեծամասնությունը ներկայացնող մեր գործընկերները կասկածներ ունեն պահի նպատակահարմարության առումով, ապա կարող էին հարցը ներառել օրակարգում, իսկ քննարկումն ու քվեարկությունը թողնել, ինչպես իրենք են ասում, նպատակահարմար պահի:
-Եվ այնուհանդերձ, պարոն Սաֆարյան, փորձագիտական շրջանակներում տեսակետ կա, թե իշխանությունները ևս շահագրգռված էին, որ հայոց խորհրդարանում «պտտվեր» Ղարաբաղի անկախության ճանաչման օրինագիծը` տարածաշրջանային զարգացումների, Ղարաբաղի ազատագրված տարածքներում իրականացվող դաշտային առաքելության ֆոնին, ու ևս մեկ անգամ հնչեցվեին որոշ անհրաժեշտ ռեալություններ:
-Ես չեմ կարծում, թե Հայաստանում կարող է գտնվել որևէ մեկը, որը չի ցանկանում Արցախի ճանաչումը: Այլ հարց է, թե այդ «ցանկություններն» ինչպես են դրսևորվում կամ, Ձեր բնորոշման հանգույն, ինչպես են «կողմի և դեմի» արանքում խցանվում:
-Բոլոր դեպքերում, ասվում է, որ պայմանավորված եք իշխանությունների հետ:
-Բացարձակապես: Ընդ որում, մեզ համար շատ տարօրինակ է, որ թե՛ արտախորհրդարանական ընդդիմությունը, թե՛ իշխանությունն այս հարցում նույն կարծիքին են և կարծում են, թե Հայաստանը չպետք է ճանաչի Ղարաբաղի անկախությունը` տարբեր հիմնավորումներով:
-Եթե պայմանավորված չեք, ինչպե՞ս եղավ, որ հատկապես հիմա հանդես եկաք օրինագիծն արտահերթ կարգով օրակարգ մտցնելու նախաձեռնությամբ:
-Ասեմ` ինչու. դեռևս հունիսին, երբ գլխադասային հանձնաժողովում հարցը դրվեց քննարկման, և հանձնաժողովը դրական եզրակացություն չտվեց, դրանից հետո «Ժառանգությունն» ուներ երկու ճանապարհ. կա՛մ մոռանալ այդ օրինագիծն ընդհանրապես, կա՛մ օգտվել կանոնակարգի ընձեռած հնարավորությունից և հարցն արտահերթ օրակարգ մտցնել:
-Մի տեսակ «շատ համընկան» Ղարաբաղում Սերժ Սարգսյանի արած հայտարարությունը, որ ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացրած բանաձևի հետևանքը կարող է լինել Հայաստանի կողմից Ղարաբաղի անկախության ճանաչումը, և ձեր ներկայացրած օրինագիծն «ընդհանրապես չմոռանալն» ու արտահերթ օրակարգ մտցնելը:
-Ոչ, այդպես չէ: Ես կրկնում եմ` հարցն արտահերթ կարգով օրակարգ մտցնելը որոշվել է հունիսին, երբ դեռ այս զարգացումները չկային, բայց «Ժառանգության» համար կանխատեսելի էին, ի տարբերություն խորհրդարանական մեծամասնության: Այո, մենք կարծում էինք, որ կարող են ինչ-ինչ զարգացումներ լինել, ուստի պնդեցինք, որ հարցը մտցվի օրակարգ` բարենպաստ պահին քննարկվելու համար: Խորհրդարանական մեծամասնությունը, ինչպես ասացի, չհամաձայնեց այդ ուղիով գնալուն: Նաև ի գիտություն Ձեզ ու բոլոր կասկածամիտների` «Ժառանգությունը», եթե որևէ կարևոր խնդրում որևէ առաջարկություն է ունենում իշխանություններին անելու, ապա դա անում է հրապարակավ, բաց, թափանցիկ, առանց հետնամուտքերի, առանց հետնասուլիսների, առանց մութ սենյակներում բանակցությունների: Այնպես որ, Ղարաբաղի հարցը, այո, «Ժառանգությունը» համարում է այն հարցը, ուր բոլորը պետք է լինեն շատ զգույշ և նույնքան էլ համագործակցային:
-Պարոն Սաֆարյան, իմ նշած «համագործակցայնությունում» ոչ մի արգահատելի բան չկար, հակառակը, վաղուց և միշտ է պետք հայաստանյան տարբեր ինստիտուտների նման համակարգված մոտեցում պետական-ազգային նշանակության կարևորագույն հարցերին: Ի՞նչ է եղել, որ: Սա` էքսպրոմտով: Առաջ անցնելով էլ` հայ-թուրքական հարցում նույնպե՞ս համագործակցություն չկա իշխանության ինստիտուտի և ընդդիմադիր «Ժառանգություն» ինստիտուտի միջև:
-Ո՛չ:
-Բոլոր դեպքերում, այդ պարագայում էլ դուք հետաքրքիր առաջարկությամբ եք հանդես գալիս, չասեմ` իշխանություններին ձեռնտու, ասեմ` երկրին ձեռնտու (որ չնեղանաք). այն է` պետք է անհապաղ «դուրս գալ» հայ-թուրքական արձանագրություններից:
-Դուք ուղղակի շփոթում եք երկու բան. «Ժառանգություն» կուսակցությունը, եթե մեծ ազդեցություն չունի խորհրդարանական կոճակների վրա, նկատի ունեմ` թվակազմի փոքրությունը, ապա նրա քայլերը, այո, մեծ ազդեցություն են թողնում քաղաքական օրակարգի և հասարակական կարծիքի ձևավորման վրա, ինչի համար մենք շատ ուրախ ենք:
-Դե, ես էլ է՜ն եմ ասում, որ «այդքան ուրախ կյանքը ձեր իշխանությունն է տվել», և դա այս իշխանությունների շատ քիչ ու եզակի ճշգրիտ մոտեցումներից մեկն է` ինստիտուտների աշխատանքի խելամիտ «տեղաբաշխման» առումով: Եվ երրորդը...
-Դուք նորից շարունակում եք Ձերը, ու, անկեղծ ասած, քշում եք Ձեր «սիրելի» էշը:
-«Պարտավոր եմ», պարոն Սաֆարյան, չնայած կիբեր զարգացման մեծ օրեր ենք ապրում: Այսպիսով. երրորդ` ռուսական ռազմաբազաներ. ա՜յ, որ էստեղ էլ համաձայնեցված գործեիք մայր իշխանությունների հետ, ամեն ինչ կընկներ իր տեղը:
-Տարօրինակն ու զարմանալին գիտե՞ք որն է, այն, որ «Ժառանգությունը» գոնե այն եզակի քաղաքական ուժերից է, որը դեմ է արտահայտվել հայ-թուրքական արձանագրություններին, կողմ է արտահայտվել Արցախի անկախությանը, կողմ է արտահայտվել Հայաստանի անկախության և ինքնիշխանության բարձրագույն մակարդակի պահպանմանը...
-Պարզ է։ Համենայն դեպս, անձամբ Դուք չարտաբերեցիք` դեմ է արտահայտվել Ռուսաստանի այդքան երկարատև ներկայությանը` իր օրհնված բարեմասնություններով: Մեր երկրում: Բայց դա էական չէ: Իսկ «Ժառանգությունը» չի՞ կարող հասնել իշխանությունների հետ «պայմանավորվածության», որ երբ ռուսական ռազմաբազաների պայմանագիրը հասնի խորհրդարան` վավերացման, դուք հարց բարձրացնեք, որ գոնե սիմվոլիկ, դե, ասենք, մի հարյուր դրամ, վճար նշանակվի այդ բազաները մեր հողում պահել-պահպանելու, սիրել-գուրգուրելու դիմաց, և մեծամասնությունն էլ վերջապես մի անգամ համաձայնի ձեզ հետ ու կողմ քվեարկի ձեր այդ խելամիտ առաջարկությանը:
-Ա՛յ, այդ հարցը Դուք ոչ թե ինձ, այլ իշխանություններին պետք է ուղղեք` իմանալու` արդյոք իրենք պատրա՞ստ են բավարարելու, թեկուզ Ձեր ասած, մասնակի, սիմվոլիկ վճարը, այն է` «Ժառանգության» պահանջները:
-Դուք նման պահա՞նջ եք ներկայացրել:
-Այո, Րաֆֆի Հովհաննիսյանի հայտնի հոդվածում այդ մասին կա, հորդորում եմ` ևս մեկ անգամ կարդալ այն:
Զրուցեց Կարմեն ԴԱՎԹՅԱՆԸ

Դիտվել է՝ 1360

Մեկնաբանություններ