«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

«ԱԶԳԸ ԺԱՄԱՆԱԿԱՅԻՆ ԿԱՏԵԳՈՐԻԱ Է, ԺՈՂՈՎՈՒՐԴԸ` ՏԱՐԱԾՔԱՅԻՆ»

«ԱԶԳԸ ԺԱՄԱՆԱԿԱՅԻՆ ԿԱՏԵԳՈՐԻԱ Է, ԺՈՂՈՎՈՒՐԴԸ` ՏԱՐԱԾՔԱՅԻՆ»
21.01.2011 | 00:00

…և ոչ միայն մշակույթի մասին
«Իրատես de facto»-ի հյուրն է գրող, կինոսցենարիստ, անձավախույզ, լեռնագնաց, արցախյան հերոսամարտի մասնակից, ՀՀ նախագահին կից հանրային խորհրդի անդամ ՎԱՀԱՆ ՏԵՐ-ՂԱԶԱՐՅԱՆԸ:
«ՄԱՐԴՈՒ ԵՎ ԲՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԿԱՊԻ ԽԱԹԱՐՈՒՄԸ ՇԱՏ ՀԻՆ ԵՐԵՎՈՒՅԹ Է»
-Վահան, վերջին շրջանում աշխարհի տարբեր երկրներում նկատվեցին թռչունների զանգվածային անկման դեպքեր, որոնց առնչությամբ հնչող մեկնաբանություններից մեկն այն էր, թե խախտվել է մարդու և բնության կապը: Համամի՞տ եք այս տեսակետին` անկախ թռչունների հետ կատարված աղետից:
-Մարդկային քաղաքակրթության մեջ ձևական տրամաբանության վերջնական հաղթանակից հետո, որը մեր քաղաքակրթության հիմքն է, ամեն ինչ ծուռ գնաց և բերեց-հասցրեց այս կետին: Այսինքն, մարդու և բնության միջև կապի խաթարումը շատ հին երևույթ է: ՈՒ քանի գնում, այնքան կապը թուլանում է: Բնական վիճակներին մերձենալու խելացի մարդկանց բոլոր փորձերը հանդիպում են լուրջ խոչընդոտների: Թռչունների անկման համանման դեպքեր էլի են դիտվել, դրանց մասին հիշատակվում է հին ժողովուրդների գրականության մեջ, իսկ այս վերջին դեպքերը, իմ կարծիքով, վկայում են էկոլոգիական աղետի մասին և եզակի չեն իրենց տեսակի մեջ: Այդպիսի դեպքեր նկատվեցին ծովային կենդանիների մոտ, որոնք, զանգվածաբար ափ նետվելով, ինքնասպան եղան: Երկրագունդը զայրանում է և, բնականաբար, ցույց տալիս իր զայրույթը: Իմ կարծիքով` բանական արարած է երկրագունդը: Հնագույն մարդիկ ավելի ճիշտ էին. ավելի մոտ լինելով նախնական վիճակներին` նրանք գիտեին, որ երկիրը, արեգակը և ջերմ վիճակներ ներկայացնող մյուս բոլոր մարմինները բանական են:
-Հայաստանում` Արենիի քարանձավներում, հայտնաբերվել է գինու արտադրության` աշխարհում ամենահին` մոտ 6000 տարեկան գործարանը: Նույն տարածքում կարճ ժամանակ առաջ հայտնաբերվել էր ավելի քան 5000 տարվա հնության ոտնաման: Ի՞նչ եք կարծում, այս երկրագնդում բնակվող մարդկության նախակարապետն իսկապե՞ս հայերս ենք:
-Այդ կարծիքը վաղուց շոշափվել է գիտական շրջանակներում, Հայկական լեռնաշխարհը համարվել է մարդկության բնօրրան: Դա նաև հանդիպում է հին ժողովուրդների առասպելաբանության մեջ: Լինչը, Բայրոնը հաստատում են, որ երկրային դրախտը գտնվում է Հայաստանում` Հայկական լեռնաշխարհում, և հարակից երկրներում: Բացի այս, կան բազմաթիվ գիտական վարկածներ, օրինակ, հնդեվրոպական նախահայրենիքի մասին Իվանովի և Գամկրելիձեի հիմնարար աշխատությունը: Ներկայումս գիտական, կլիմատոլոգիական, երկրաբանական, մարդաբանական շատ տվյալներ, որպես ասպնջական, մարդու փրկության երկիր, մատնանշում են Հայաստանը: Լեզվաբանության մեջ եղած նոստրատիկ ընդհանրության վարկածային գաղափարը, որ հնարավոր է` հաստատվի (չնայած, փաստերի սղություն կա առայժմ, բայց ամբողջ աշխարհում աշխատանքն այդ ուղղությամբ ընթանում է), դարձյալ դրան է հանգեցնում: Այսինքն, մարդկության ծագման խնդիրը չէ այստեղ: Մարդկության փրկության, աղետներից խույս տալու և պահպանման միակ եզրը տեղայնացվում է Հայկական լեռնաշխարհում: Եվ դա շատ բնական է:
-Այդ դեպքում ինչո՞վ բացատրել այն հանգամանքը, որ Հայաստանի տարածքն այդքան աղետավտանգ է` երկրաշարժ, երաշտ, այլ տարերային դրսևորումներ:
-Ակտիվ զոնա է` լեռնագոյացության միջին պրոցեսի մեջ գտնվող տարածք: Միջին երիտասարդության լեռներ են: Հայկական լեռնաշխարհում վիթխարի էներգետիկ պաշարներ են կուտակված: Սա, փաստորեն, արաբական լիթոսֆերիկ սալի և եվրասիական սալի հանդիպման կետի վրա է նստած: Երկու սալերի տեկտոնիկ ճեղքերի մեծ խտություն է դիտվում այս հատվածում` Հայկական լեռնաշխարհում: Այդ պատճառով էլ շատ ակտիվ են երկրային էներգիան, գրավիտացիոն ուժերը: Դրանով է բացատրվում նաև ժողովրդի բնածին ակտիվությունը` համեմատած այլ աշխարհագրական գոտիների բնակիչների հետ:
«ԱՅՍՏԵՂ ԱՊՐՈՂ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԻՆՉ-ՈՐ ԲԱՆԵՐ ԼՍԵԼ Է ԻՐ ԱՊՐԱԾ ՏԱՐԱԾՔԻ ՄԱՍԻՆ, ԲԱՅՑ ԼԻԱՐԺԵՔ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄ ՉՈՒՆԻ»
-Հայտնի ճշմարտություն է, որ հայերն ի մի գալու, համախմբվելու հարցում շատ էլ չեն փայլում: Դերենիկ Դեմիրճյանը գրել է. «ՈՒր հեղափոխություն, այնտեղ հայություն»: ՈՒրեմն, ինչի՞ շնորհիվ ենք դիմացել ու գոյատևել աշխարհում այսքան երկար ժամանակ:
-Բազմիցս է խոսվել այն մասին, որ Հայկական լեռնաշխարհը Սուրբ օրենքների երկիր է: Սա դեռ հաստատված չէ, ընդամենը վարկած է: Բայց իրականում հայ ժողովրդի պատմության մեզ հայտնի ամբողջ շրջանը` սկսած ժայռապատկերների վաղագույն շերտերից, մի արտասովոր բան է վկայում. այստեղ ապրում է մի ժողովուրդ, որն օրենսդիր է աշխարհի մյուս ժողովուրդների համար: Սրանք անընդհատ ինչ-որ խմբերով մեկնում են տարբեր կողմեր, հայտնվում տարբեր վայրերում` ավելի շատ բնության պահանջով, և ճշտում երկրագնդի վրա ապրելու, մարդկային համակեցության օրենքները: Այսպիսի մի տարօրինակ բան կա: Ըստ Օլկոտի և մի շարք այլ գիտնականների` 38-րդ հորիզոնականի վրա է երկինքը դիտվում այնպես, ինչպես զոդիակային համակարգն է: Իսկ դա, փաստորեն, համատիեզերական օրենք է, որն ընկած է գրեթե բոլոր կրոնների հիմքում: Օրենսդրի այս գործառույթը, բնականաբար, Հայաստանի բնակիչն իրականացնում է վաղնջական ժամանակներից: Շատ հետաքրքիր մի դիտարկում. միակ գործող հրաբուխը Թոնդուրեկն է, և հենց այս հատվածում ի հայտ են գալիս զանազան աղանդներ` պավլիկյաններ, թոնդրակեցիներ և այլն, որոնց հետագա գործունեությունը Եվրոպայում շատ քիչ է ուսումնասիրված, բայց, փաստորեն, դրանք են հիմք դրել և՛ վերածննդին, և՛ կաթոլիկական սխոլաստիկայի կործանմանը, և՛ լյութերականությանը, և՛ բողոքականությանը, և՛ բոգոմիլներին ու այլ ավելի առաջադեմ կրոնական համայնքներին: Դրանք բոլորը Հայկական լեռնաշխարհից սկիզբ առած երևույթներ են, բայց այդ փաստը կա՛մ լռության է մատնվում, կա՛մ չի ուսումնասիրվում, կա՛մ այնքան բնական ճանապարհով ու անաղմուկ է ընթանում օրենսդրական այդ պրոցեսը, որ առանձնապես չի գովազդվում, չի բարձրաձայնվում:
-Գուցե այդ լռությունը հայի ֆենոմենն ուռճացնելու վախո՞վ է պայմանավորված:
-Չէ՜, դա շատ մանր խնդիր է: Ամբողջ աշխարհում մեծ ուժ են օրինախախտները, կեղծարարները, մարդկային համակեցության բնական զարգացման թշնամիները: Եվ նրանք, բնականաբար, կտրականապես դեմ են հայկական օրենսդրական գործունեությանը: Օրինակները բազում են, որ երբ մի հայ հայտնվում է օտարների մեջ (դա հատկապես նկատվում է ռուսական քաղաքներում), իսկույն իր ձեռքն է վերցնում ղեկավարելու լծակները: Ընդ որում, այդ մարդը Հայաստանում իրենից ոչինչ չի ներկայացնում, իսկ օտար միջավայրում դառնում է առաջնորդ: Սա բնական ակտիվության, մտածողության, ուղեղի կառուցվածքի առանձնահատկությունների մասին է խոսում: Քա՜վ լիցի, ես չեմ ցանկանում հայի տեսակը ներկայացնել առանձնակի: Բազում ակլիմատիկ, աշխարհագրական և այլ երևույթների, ինչպես և դրանց մեջ շատ երկարատև գոյության պատճառով այդ տեսակը ենթարկվել է ինչ-ինչ փոփոխությունների: Ի վերջո, անցյալ տարի, չգիտես ինչ պատճառով, չնշվեց հայ ժողովրդի հին տոմարի` Հայկյան տոմարի սկիզբը: Հայկի և Բելի պատերազմը մարդկության պատմության մեջ առաջին մեծ պատերազմն է եղել: Իմ խոր համոզմամբ` ազգը ժամանակային կատեգորիա է, ժողովուրդը` տարածքային: Իսկ ժամանակային կատեգորիայի մեջ, որպես ազգային գոյացության փաստաթուղթ, մենք ունեցել ենք տոմար, որով հետո հաշվել ենք: Այդ տոմարն իսկապես գործել է: Օրինակ, մենք գիտենք, որ Գառնու ամրոցը Հայկի թոռան թոռը` Գեղամ նահապետը, կառուցել է մ. թ. ա. 2116 թվականին: Այսինքն, հաշվարկ կար, տոմարը գործում էր, և այդպիսի փաստերը բազմաթիվ են: Գործ ունենք այսպիսի մի ֆենոմենի հետ, որ այստեղ ապրող ժողովուրդն ինչ-որ բաներ լսել է իր ապրած տարածքի մասին, բայց լիարժեք պատկերացում չունի ու չի հասկանում, թե ինչու են օտարները ձգտում, որ մենք չապրենք այստեղ, այլ իրենք գան ապրեն: Եթե մտահոգ ենք ազգային պետության կայացման խնդրով, ապա պիտի հասկանանք, որ չորս առաջնահերթություններ կան. ստեղծել մանկածնության, մայրության, կրթության, դաստիարակության հիմնադրամներ: Սրանք չորս տարբեր բաներ են: Հիմա արտագաղթը մեզանում շատացել է. գնացողը թող գնա, վերադարձողը թող վերադառնա: Բայց ազգային պետության կերտման հարցում թվարկածներս շատ կարևոր են: Այստեղ մենք պակասորդ տալու իրավունք չունենք: Ես լսել եմ, որ 160 հազար հեկտար ոռոգելի հողատարածք ոչնչանում է Հայաստանում, որովհետև մշակող չկա, և դրա մասին մտածող չկա: Հնարավոր է, որ դա մարդաթափության հատուկ ծրագիր է կամ դրա նման մի բան: Ինչ որ է, դա նախազգուշացնող լուրջ ցուցանիշ է, և դրանով պետք է հիմնավորապես զբաղվել:
«ՄՏԱՎՈՐԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ ՇԱՏ ԴԺՎԱՐ Է ԹԱՓԱՆՑՈՒՄ ԲՈԼՈՐ ԱՍՊԱՐԵԶՆԵՐԸ»
-Որպես Արցախում մարտնչած ազատամարտիկ` ինչպե՞ս եք գնահատում հայոց բանակի շուրջ վերջերս հաճախակի դարձած սկանդալային պատմությունները և դրանցում արցախյան հերոսամարտի մասնակից որոշ զինվորականների տխուր դերակատարությունը:
-Մի քիչ բարդ հարց է: Ես 88-ից եղել եմ հայդուկային, կամավորական-ֆիդայական շարժման ներկայացուցիչ: Ինչ-որ չափով հասկանում եմ այն կռվածներին, ովքեր հետագայում դուրս մնացին գործընթացներից, կադրային վերադասավորումներից: Ներքին անհամաձայնություն կա, մարդիկ մտածում են, որ իրենք պատերազմի ընթացքում շատ բան են արել, նոր եկածները չեն կարողանա իրենց նման կռվել, և այսպես շարունակ:
-Այսինքն, կա ներքին անհամաձայնությո՞ւն:
-Ինչ-որ տեղ` այո՛: Բայց առավել գիտակիցները նման բաներին ուշադրություն չեն դարձնում, հասկանում են, որ ավելի կարևոր է ունենալ կանոնավոր բանակ, որն այսօր մենք ունենք, և նույնիսկ` պրոֆեսիոնալ բանակ: Սա պարտադիր է: Թե ինչ մակարդակի վրա է այդ բանակը, մասնագետների խոսելու խնդիրն է: Ես էլ եմ մասնագետ, իհարկե, Հայաստանում ռազմական լեռնագնացությում եմ հիմնադրել, բայց ներկա վիճակում բանակի մասին միայն լսելով գիտեմ և շատ տարբեր ու հակասական աղբյուրներից: Բայց կարծում եմ, որ բանակի գոյությունն ինքնին, նրա բավականին նորմալ վիճակը գոհացուցիչ են, և ցանկալի է, որ հետզհետե ավելի լավը դառնա, ենթարկվի որակական փոփոխության: Բայց քանի որ մտավորական վիճակը շատ դժվար է թափանցում բոլոր ասպարեզները, այդ թվում և` բանակ, ուստի մենք մի քիչ կաղում ենք:
-Պատմեք, խնդրեմ, Հայաստանում ռազմական լեռնագնացություն հիմնադրելու Ձեր փորձի մասին:
-Այդ փորձն առայժմ ինձ այնքան էլ չի գոհացնում, և այդ թեմայով շատ ընդարձակվելու բան էլ չկա: Ռազմական լեռնագնացություն պաշտոնապես ունեն երեք երկիր` ԱՄՆ-ը, Ճապոնիան, Հնդկաստանը: Մի պահ այդ երևույթը հայտնվեց նաև Հայաստանում: Դա շատ թանկ «հաճույք» է: Բայց Հայաստանի համար ռազմական լեռնագնացություն չունենալը, այդ ոլորտում ինքնավար զորամիավորում չունենալը մոտավորապես նույնն են, թե Հունաստանը չունենա ռազմական նավատորմ: Այդ հարցն անընդհատ շոշափվում է: Այսօր իմ սաներից շատերն աշխատում են բանակում և փրկարարական ջոկատներում: Բայց մենք դեռ չենք հասել այն ծավալներին, որոնք մեզ պետք են, և որոնք կարող էինք ունենալ: Իսկ դա շատ կարևոր դիսցիպլին է Հայկական լեռնաշխարհի համար: Այստեղ լավագույն բոլոր պայմանները կան լեռնադեսանտային միավորումներ ունենալու համար:
«ԻՆՉ-ՈՐ ՏԱՐԻՔՈՒՄ ՀԱՍԿԱՑԱ, ՈՐ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԵՄ ԳՐԵԼ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ»
-Ինչպե՞ս եք համատեղում այդ բոլոր լուրջ ոլորտները մանկագրության հետ:
-Ինչ-որ տարիքում հասկացա, որ կարողանում եմ գրել երեխաների համար: Յոթ-ութ երեխայի համար կարդում էի հեքիաթս: Եթե իրենց ձևով կարողանում էին վերապատմել, հասկանում էի, որ ընկալել են: Եվ քանի որ ստացվում էր, ուրեմն պիտի գրեի: Եթե որևէ մեկը կարողանում է երեխաների համար գրել, ուրեմն, բացի լուրջ թեմաներից, պիտի նաև դրանով զբաղվի: Ընդ որում, դա շատ ավելի կարևոր է, քան մնացածը:
-Կարելի՞ է ենթադրել, որ Ձեր ստեղծագործական ծրագրերը հիմնականում մանկագրության հետ են կապված:
-Ոչ-ո՜չ: Ես ժամանակ չեմ ունեցել գրածներովս զբաղվելու, դրանք հրատարակելու: Բավականին ժամանակ են խլել ինձնից իմ 26 ֆիլմերը: Հրատարակել եմ երկու-երեք գիրք և մանկական գործեր: Այն, ինչ գրված է, մի քանի հատորի նյութ է: Դրանք պիտի դասակարգվեն` ըստ ժանրերի: Հիմա աշխատում եմ ֆիլմի վրա, որը նկարվում է պետպատվերով, նվիրված է հայ գրքի տպագրության 500-ամյակին: Պատմում է այն մասին, որ հայ ժողովուրդն առաջիններից մեկն էր աշխարհում, որ ունեցավ տպագիր գիրք: Կային պետություն, բանակ, ուժ ունեցող ժողովուրդներ, որոնք չունեին գիրք: Իսկ հայ ժողովուրդը մոխիրների, ավերակների միջից դուրս բերեց հրաշքը` Հակոբ Մեղապարտի, Ոսկան Երևանցու, Աբգար Թոխաթեցու ձեռքով: Ըստ որում, ֆիլմի լարվածությունը ես ստեղծում եմ այն փաստի վրա, թե ինչպես են նրանց խանգարել գործելու հենց հայության ներսում: Շոշափվում են Հարանց անապատի, Բաղեշի Ամլորդու վանքի, Նոր Ջուղայի մենաստանների թեմաները: Նաև երկու վեպ եմ գրում: Մեկը սարկաստիկ վեպ է, կոչվում է «Ագռավի թռիչքը»: Վրան աշխատում եմ ավելի քան 20 տարի, շուտով կավարտեմ: Աննախադեպ վեպ է, ես այն գրելու համար «հենարան» չունեմ, որ իմանամ, թե ինչ ընթացքով տանեմ գործս, որտեղ դուրս գամ: Բավականին բարդ, էքսպերիմենտալ գործ է: Մյուսն արցախյան ազատամարտի մասին է, կոչվում է «Սպիտակ խավար»: Դժվար է գրվում: Երբ կռվի մեջ ես, այնքան էլ շատ բան չես տեսնում, ժամանակ էլ չունես: Բայց այսօրվա հեռավորությունից, խաղաղ տանը նստած, ուրիշ կերպ ես վերապրում ամեն բան, ուրիշ կերպ ընկալում: Իսկ առանց այդ ընկալումի, առանց այդ վերապրումի չես կարող գրել: Պիտի կենդանացնես բոլոր ընկերներիդ, որոնք չկան, Եռաբլուրում են, իսկ դա ահավոր ծանր է: Պիտի վերակենդանացնես նաև ժամանակը:
Զրույցը վարեց Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 1449

Մեկնաբանություններ