ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«ԱՅՍՕՐՎԱ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԲԱՑԱՐՁԱԿԱՊԵՍ ՉԻ ԱՐՏԱՑՈԼՈՒՄ ԵՐԿՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ»

«ԱՅՍՕՐՎԱ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԲԱՑԱՐՁԱԿԱՊԵՍ ՉԻ ԱՐՏԱՑՈԼՈՒՄ ԵՐԿՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ»
24.09.2010 | 00:00

«Սա շատ կարճ ժամանակահատված է իրական անկախության ձևավորման ու դրսևորման համար, քանի որ 19 տարին մի սերնդի կյանք է։ Վերջին 10-12 տարիները համարում եմ զուր կորցրած, որովհետև մի Հյուսիսային պողոտա կառուցվեց ու մի քանի մեծ խանութներ, սակայն երկիրը բարոյապես խոր ճգնաժամի մեջ հայտնվեց։ Իսկ տնտեսական աճը չի նշանակում մի երկու հզոր երկրների հետ պայմանագիր կնքել ու մի քանի միլիարդ փող բերել։ Սա կարևոր է, բայց այն հենքը չէ, որի վրա կարելի է կառուցել ազգային քաղաքականություն, պետություն։ Առավել մեծ արժեքներ են պետք, որոնցից մեկն էլ ազգի հոգեբանական ներքին պատրաստվածությունն է։ Իշխանություններն այս արժեքը ժողովրդի մեջ սպանեցին։ Այս տասը տարում իշխանություններն ի հայտ բերեցին մեր ազգի մեջ գենետիկորեն գոյություն ունեցող ամենավատ հատկանիշները։ Ամբողջ կեղտը (քծնանք, սրիկայություն, խաբեություն, թալան) հանեցին վերև ու սարքեցին քաղաքական կատեգորիա։ Ցավոք, այսօր այս ամենն ավելի դժվար է շտկել, քան տնտեսական աճը երկու տոկոսից տասի հասցնելը»,- Հայաստանի անկախության 19-ամյակի առնչությամբ մեր զրույցի նախաբանում իր մտորումները ներկայացրեց Հայաստանի լիբերալ կուսակցության ղեկավար ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ։
-Խորհրդարանական առաջիկա ընտրություններին դեռ երկու տարի կա, սակայն իշխանության դաշտում սկսվել են ներքին խլրտումները, խժդժությունները, կուսակցական ցուցակների ճշտումը։ Ընդդիմությունն էլ սկսեց հանրահավաքների շրջանը։ Ասել է` և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը դեռ երկու տարի առաջ պատրաստվում են հերթական խորհրդարանական ընտրությունների՞ն։
-Ոչ։ Ե՛վ իշխանությունները, և՛ ընդդիմությունը հստակ գիտակցում են, որ այս իրավիճակը չի կարող ևս երկու տարի շարունակվել։ Հասունանում է այն կրիտիկական վիճակը, որին պիտի պատրաստ լինեն և՛ իշխանությունները, և՛ ընդդիմությունը։ Իշխանությունը ցանկանում է կրիտիկական վիճակից հետո էլ իր դիրքերը պահել, որպեսզի իր ունեցվածքը պահպանի։ Սա պարզ թվաբանություն է։ Չտեսնել այն ու խոսել մեծ գաղափարներից, հայրենասիրությունից, ազգային արժեքներից, պարզապես ծիծաղելի է։ Բոլոր իշխանություններն են այսպես, սակայն սրանք արտառոց են նրանով, որ ատամներով են պայքարում իշխանության համար։ Մինչդեռ, քանի գնում, նրանց շուրջն օղակը սեղմվում է, ու տարածքի մեջ չեն տեղավորվում բոլորը։ Հասկացել են, որ երեք-չորս ուժի համար այլևս տեղ չկա, ուստի սկսել են մեկը մյուսին հոշոտել։ ՀՀԿ-ն փորձում է գնալ դաշտը մաքրելու և այնտեղ մենակ մնալու ճանապարհով, որպեսզի միակ թելադրողն ու գործոնն ինքը դառնա, որպեսզի չլինեն այլ քաղաքական ուժեր, որոնց տեղաշարժը մի դաշտից մյուսը կարող է էականորեն փոխել քաղաքական պատկերը։ Այսինքն, չկա փոխադարձ վստահություն միմյանց նկատմամբ։ Սա է պատճառը, որ իրենց գործընկերներին դաշտից հանելու խնդիր են դրել։ Իսկ ընդդիմությունը մի բան է ուզում` ստեղծված իրավիճակը համապատասխանեցնել քաղաքական ներկապնակին, քանի որ ԱԺ-ն, գործադիր իշխանությունը չեն արտահայտում մեր ժողովրդի իղձերը։ Ընդդիմությունն ուզում է այս դիսբալանսը կարգավորել, որը հնարավոր է միայն համապետական ընտրություններով։
-Իսկ ի՞նչ է անում դրա համար այսօրվա ընդդիմությունը։ Այն ռազմավարությունը, որ որդեգրել է, որևէ էական փոփոխության կենթարկի՞ առկա քաղաքական պատկերը։
-Հայաստանն ունի մեծագույն խնդիր` ղարաբաղյան հիմնահարց, որն իշխանությունը մշտապես շանտաժի միջոց է դարձնում` դրանով արդարացնելով ամեն քայլ։ 2003-ին վեր կացան ու հայտարարեցին` ո՞նց կարելի է Ստեփան Դեմիրճյանին իշխանություն վստահել։ Ինչո՞ւ, եթե ժողովուրդը նախագահ է ընտրում, պիտի եսիմ ո՞վ լինի, որ վստահեն։ Ղարաբաղում, Երևանում ասում էին` մենք չենք ենթարկվի Ստեփան Դեմիրճյանին։ Եթե նորմալ երկիր լիներ, այդ գեներալներին պիտի կալանավորեին։
-Եթե իշխանությունները, ըստ Ձեզ, ղարաբաղյան հիմնախնդիրը շանտաժի միջոց են դարձրել, ապա ընդդիմությունն էլ իր պասիվությունը, ակտիվ գործողություններին չդիմելը պայմանավորում է կրկին ղարաբաղյան հիմնախնդրով։ Ստացվում է` ղարաբաղյան հիմնախնդիրը խանգարում է բոլորին։
-Այո, քանի դեռ հարցը կարգավորված չէ, մշտապես Արցախի հարցը լուրջ գործոն է դիտվելու։ Մենք առաջարկում ենք գնալ հիմնախնդրի լուծման ճանապարհով։ Այսքան տարի հետո իրավունք չունենք այնպես անելու, որ հօգուտ Ղարաբաղի ժողովրդի չլուծվի հարցը։
-Այսինքն, ընդդիմությունը պետք է հետևի զարգացումներին, ու երբ լուծվի հարցը, հաջորդ օրն սկսի իր ակտիվ պայքարը։
-Այդպես չէ։ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթը պատասխան էր իշխանություններին, թե ինչու այս երկուսուկես տարվա ընթացքում մենք տոլերանտ քաղաքականություն ենք վարել նրանց նկատմամբ։ Ելույթը կարդալով պիտի հասկանալ, որ դա մեր ժողովրդի համահավաք կարծիքի արտահայտումն էր։ Այնպես չէ, որ Տեր-Պետրոսյանը նստել է տանն ու հայտարարություն արել։ Դեռ 98-ի փետրվարին հիմնախնդրի առնչությամբ Տեր-Պետրոսյանը ճիշտ էր ասել, որ ժամանակը մեր օգտին չի աշխատում։ Հայաստանն այսօր իր խնդիրների հետ արդեն մենակ է մնացել։ Աշխարհը հաշվի չի նստում նրա հետ։ Այս կարգավիճակով իշխանությունները չեն կարող Ղարաբաղի հարցը լուծել։ Պետք է այնպիսի իշխանություն, որը վայելի ժողովրդի վստահությունն ու ի զորու լինի հանգուցալուծելու խնդիրը։
-Տեր-Պետրոսյանի ելույթը համարեցիք պատասխան իշխանություններին, սակայն կա՛մ իշխանություններն այդպես չեն հասկացել, կա՛մ Տեր-Պետրոսյանն իր «պատասխանը» պարզորոշ չի հասկացրել, քանի որ իշխանության ներկայացուցիչները դրան արձագանքեցին լիովին այլ կերպ։ Նրանց դիտարկմամբ` դա նախորդ ելույթում արտահայտած մտքերի պարզաբանում էր։ Ձեր գնահատականը։
-Չէի կարծում, որ իշխանության ներկայացուցիչները նման մեկնաբանություններ կանեն։ Նրանցից շատերի կեցվածքն ինձ համար ծիծաղելի է։ Մարդիկ ասում են` ամեն ինչ լավ է, կեցցե Սերժ Սարգսյանը, ուռա։ Սա նրանց համար հեշտ ապրելու ձև է և իշխանական արևի տակ ապրելու միջոց։ Սակայն իշխանությունում էլ կան մարդիկ, ովքեր այդպես չեն մտածում։ Անկախության տոն են նշում, բայց նրանցից շատերն այդ անկախության համար ոչինչ չեն անում։ Կա մարդկային մի խումբ, որը միայն սպառող է։ Խորհուրդ կտամ Տեր-Պետրոսյանի ասածը լավ ընկալել։
-Ի՞նչ եք կարծում, այն զանգվածը, որը սպասումներով գալիս է հանրահավաք` վճռական գործողությունների ակնկալիքով, ստանո՞ւմ է իր «պատասխանը»։
-Հասարակությունն արդեն հոգնել է։ Այս իշխանությունները շատ երկար մնացին` 13 տարի։ Քիչ ժողովուրդներ կարող են այսքան դիմանալ։ Սրանից հետո, հավատացեք, Երևանի փողոցներում տեղ չի լինելու։ Բայց սա ծայրահեղ քայլ է։ Չէի ցանկանա, որ այսպես գնանք, բայց իշխանությունների գործելակերպն այլ բան չի թողնում։ Կան ղարաբաղյան հիմնախնդիր ու լուրջ մարտահրավերներ։ Սակայն իշխանությունները մշտապես մտածում են, որ ընդդիմությունն այդ Ռուբիկոնը չի անցնի։ Այնինչ մեր համբերությունն էլ է սպառվում։ Մի օր, իսկապես, կարող ենք այդ գետն անցնել։
-Ժամանակին Տեր-Պետրոսյանը հայտարարեց, թե ինքն արկածախնդրությունից հեռու է, փաստորեն, ինչ-որ պահի կգնա՞ այդ ճանապարհով։
-Լևոն Տեր-Պետրոսյանը հասկանում է, որ պետության, ժողովրդի վրա արկածախնդրությունը, իհարկե, շատ թանկ է նստելու։ Բայց կյանքը միշտ իր ուղղորդումներն է անում։ Հնարավոր է` ժողովուրդը ստիպի գնալ արկածախնդրության, որովհետև մարդիկ այլևս այսպես չեն ուզում ապրել։ Ցանկանում են, որ իրենց երեխաների ապագան ավելի կանխատեսելի լինի։ Վերջին տասը տարում ձևավորվել է միայն մեկ ինստիտուտ` «ախրաննիկների» ինստիտուտը։ Տասը-տասնհինգ տարի առաջ Հայաստանում այսքան հաստավիզ, սափրագլուխ մարդիկ չկային, որտեղի՞ց ծնվեցին սրանք։ Ո՞վ է տեսել` ինչ-որ մեկի «ախրաննիկը» երիտասարդության համար իդեալ դառնա, ո՞ւր ենք հասել։
-Վերստին անդրադառնանք առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ Ձեր կանխատեսմամբ` նոր ձևավորվող խորհրդարանում այսօրվա քաղաքական ուժերը կլինե՞ն, թե՞ նոր ուժեր կգան։
-Հայաստանում դժվար է նոր ուժ ձևավորել։ Արհեստական ոչինչ չի ստացվի։ Ստեղծում են մարդկանց մի խումբ, որոնք իշխանական խողովակներից են սնվում ու իրենց լավ են զգում։ Քաղաքական ուժը էվոլյուցիոն զարգացման արդյունքում է ծնվում։ Իսկ օրվա խորհրդարանը բացարձակապես չի արտացոլում երկրի քաղաքական իրավիճակը։
-ՀԱԿ-ին կհաջողվի՞ մանդատներ ունենալ։
-Եթե ընտրությունները լինեն հերթական, այդ ժամանակ հարց է` ՀԱԿ-ը կմասնակցի՞ դրանց, թե՞ ոչ։
-ՀԱԿ-ի օրակարգում խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հարցը չկա՞։
-ՀԱԿ-ի օրակարգում մի խնդիր է դրված` արտահերթ նախագահական, հետո խորհրդարանական ընտրություններ։ Երկրի փրկությունը դա է` լինի 50 տարի, թե հինգ օր հետո։
- Ո՞րն է առավել հավանական` հինգ օ՞րը, թե՞ 50 տարին։
-Երկու ժամկետներն էլ ռեալ չեն։
Զրուցեց Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 1270

Մեկնաբանություններ