«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

ԿԻՊՐՈՍՅԱՆ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐ

ԿԻՊՐՈՍՅԱՆ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐ
21.01.2011 | 00:00

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Կիպրոսի Ներկայացուցիչների պալատում քաղաքական շրջանակներում քննարկման թեմա է դարձել։ Տարանջատելով ելույթում հնչած տեսակետները երկու մասի` հայ-թուրքական հարաբերություններ և ղարաբաղյան հիմնախնդիր, փորձեցինք դրանց շուրջ մեկնաբանություններ լսել քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ՇԱՔԱՐՅԱՆՑԻՑ և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն ՀԱՅԿ ԴԵՄՈՅԱՆԻՑ։
«ՈՐԴԻ ԱԼԻԵՎԸ ՉԻ ՀԻՇՈՒՄ ՀԱՅՐ ԱԼԻԵՎԻ ԱՌԱՆՁՆԱԶՐՈՒՅՑՆԵՐԸ»
-«Ակտիվ պետական հովանավորչությամբ Ադրբեջանում մոլեգնող` Հայաստանի ու հայության դեմ ուղղված թշնամական քարոզչությունն ու պատմության ակնհայտ կեղծարարությունը, այդ երկրի սպառազինությունների մրցավազքի հրահրումն ապացուցում են, որ Բաքուն պատրաստ չէ խաղաղության»,- Կիպրոսում հայտարարեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։ Ասել է` բանակցությունները, ըստ էության, փակուղի է մտցրել Ադրբեջա՞նը։
-Բնականաբար, այս տարիներին գործընթացը փակուղի է մտցվել միայն Ադրբեջանի մեղքով,- ասաց Սերգեյ Շաքարյանցը։- Որքան էլ Ադրբեջանը փորձում է իր դիրքորոշումը միջազգային ատյաններում հիմնավորել, բոլորին էլ ակնհայտ է, որ այդ երկիրը խնդիրը դիտարկում է լոկ ռազմական տեսանկյունից։ Ադրբեջանի գործողությունները, հայտարարությունները և միլիտարիստական հռետորությունն են մշտապես խնդիրն ուղղորդում դեպի փակուղի։ Մինչդեռ պարբերաբար հայկական կողմը հիշեցնում է այն միջազգային պայմանավորվածություններն ու համաձայնությունները, ըստ որոնց, առանց Լեռնային Ղարաբաղի իշխանությունների ստորագրության բոլոր փաստաթղթերը կհամարվեն միայն թուղթ։ Սա առավել լավ գիտակցում է Ադրբեջանը, որը ժամանակին պաշտոնապես դիմեց Ստեփանակերտին զինադադար կնքելու խնդրանքով։ Հեյդար Ալիևի բավականին անհաջող որդին չի հիշում, որ իր հայրն առանձնազրույցներ է ունեցել Ղարաբաղի տարբեր ներկայացուցիչների հետ, և այսօր, երբ հարցը փակուղում է, հենց հայր-Ալիևի քաղաքականության շնորհիվ է։ Զարմանում եմ, որ նրա որդին շրջանցում է այն բանակցային փորձը, որ եղել է մինչ իր ղեկավարումը։ Թվում է` Իլհամ Ալիևը ոչ թե Ադրբեջանի, այլ ինչ-որ երրորդ ուժի դրածոն է այդ երկրում, որպեսզի պատերազմի վերսկսման վտանգը տարածի ողջ Անդրկովկասում։
-Կիպրոսում նախագահը վերստին հաստատեց այն դիրքորոշումը, որ եթե Ադրբեջանը դիմի արկածախնդրության, մեր պատասխանը վճռական է լինելու։ Ի՞նչ եք կարծում, սա համարժեք պատասխան չէ՞ արդեն Ալիևի այդօրինակ դիրքորոշմանը։
-Անցյալ տարվանից մեր և՛ ռազմական, և՛ քաղաքական գործիչները, ինչպես նաև երկրի նախագահը, բազմիցս բարձրաձայնել են, որ եթե Ադրբեջանը նույն տեմպով շարունակի, հայկական կողմն իրեն իրավունք կվերապահի պատերազմական գործողություններ սկսելու` պարտադրելով այդ երկրին խաղաղության պայմանագիր կնքել։ 1994-ից մենք խաղաղություն ենք պարտադրել նրան։ Կարծում եմ` կարելի է շատ ավելի կտրուկ արտահայտվել, քանի որ այն, ինչ երկրի ղեկավարությունն է ասում, շատ ավելի մեղմ է Ադրբեջանի սադրիչ քաղաքականության դիմաց։ 2006-ի ապրիլին Իրանի պաշտպանության նախարարը եկել էր Բաքու (մենք, իհարկե, չենք կարող գնալ, բայց կարող ենք այս փորձը կիրառել) և Ադրբեջանի իշխանություններին ցուցակ ներկայացրել, որտեղ նշված էին այն թիրախները, որոնցով, հնարավոր է, Ադրբեջանի տարածքով Իրանին հարվածեն։ Մենք ևս պետք է երրորդ երկրի միջոցով ցուցակ ներկայացնենք Ադրբեջանին, թե ինչպես ենք ոչնչացնելու այդ երկիրը, որպեսզի իմանան, թե ինչքան ենք պատրաստ հակահարված տալուն։
-ՌԴ արտգործնախարարն օրերս հայտարարեց, որ ղարաբաղյան հիմնախնդրի բանակցությունները չպետք է տեղափոխել այլ ամբիոն։ Ըստ Ձեզ, ո՞ւմ էր ուղղված այս «մեսիջը»։
-Դա, նախ և առաջ, Ադրբեջանին էր ուղղված։ Եթե Ադրբեջանը շատ է ցանկանում ՄԱԿ-ում ծավալել որևէ գործողություն, հայկական կողմը կպահանջի ուսումնասիրել բոլոր բանաձևերի տեքստերը։ Թող միջազգային ատյանները որոշեն, թե ինչու այդ երկիրը բանաձևերը չի կատարել։

«Маленький, да удаленький»
-Սերժ Սարգսյանը Կիպրոսում հայտարարեց, որ Թուրքիան հայ-թուրքական հարաբերությունների գործընթացը խափանեց «իր հակասական կեցվածքով, իրարամերժ հայտարարություններով և գործընթացի անհիմն շահարկումներով»։ Ըստ Ձեզ, այս խափանումը վերջնակա՞ն կարելի է համարել, թե՞ հնարավոր է գործընթացը վերակենդանացնել։
-Ամեն ինչ կախված է Թուրքիայից, ավելի շուտ թուրքական կողմի անվերապահ ու ակնհայտ գործողություն իրականացնելու պատրաստակամությունից,- շեշտեց Հայկ Դեմոյանը։- Թուրքիան այս երկամյա գործընթացում սպառեց մանևրելու իր բոլոր հնարավորությունները։ Նրա առաջին քայլը պետք է լինի սահմանի բացումը, ուղեկալների շուրջ ենթակառույցների ապահովումը և միջպետական հարաբերությունների հաստատումը։ Այս երկուսից մեկը կարող է հաջորդել կամ նախորդել մյուսին։ Հայկական կողմն ու միջազգային հանրությունն այս ընթացքում պարզապես դիտորդի դերում կարող են լինել, այսինքն, Թուրքիայի համար է հասունացել քայլ կատարելու պահը։ Սա որպես հավանական գործընթաց պիտի ակնկալել։ Բայց որ Թուրքիան գործընթացի առաջին փուլը տապալել է, հայկական կողմն արձանագրեց նախորդ տարեվերջին նախագահի մակարդակով։ Սերժ Սարգսյանի ելույթի մյուս ուղերձն առավել հետաքրքրական է. հայկական կողմը փորձեց հանդես գալ կոշտ դիրքորոշում կրողի դերում։ Ընդունված է ասել, որ Հայաստանը Թուրքիայի հետ թե՛ բանակցություններում, թե՛ հակադարձումներում օգտագործում է միայն ցեղասպանության հարցը։ Տվյալ դեպքում Կիպրոսում և Հունաստանում նախագահը ցույց տվեց, որ Հայաստանն այնքան էլ թույլ չէ, որքան թուրքական դիվանագիտական ու քաղաքական շրջանակներն են պատկերացնում, այլ կարող է ցանկացած պահի, այսպես ասած, օգտագործելով ցեղասպանության միջազգային ճանաչման պահուստային գավազանը, շատ լուրջ անախորժություններ պատճառել Թուրքիային, ընդ որում, մոտ ապագայում։ Սա, կարծում եմ, Անկարայում լուրջ վերահաշվարկների ու գնահատականների առիթ կտա։ Այս ելույթը ևս կարելի է համարել նախաձեռնողական քայլ, որը Թուրքիայի շուրջ փակվող օղակը ցույց տալու համար է` Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռանկյունու ձևով։ Չմոռանանք, որ և՛ Կիպրոսը, և՛ Հունաստանը Եվրամիության անդամ երկրներ են, որոնք համակրում են հայկական կողմի բոլոր դիրքորոշումները։ Սա հաշվի առնելով` կարելի է փաստել, որ պաշտոնական Երևանը նոր որակական քայլեր է անում, այս անգամ Թուրքիային ներկայանալով ոչ որպես, նրանց ընկալմամբ, սպասողի, փոքր երկրի բարդույթներով տառապողի դերում հանդես եկող պետություն։ Տվյալ դեպքում շատ տեղին է ռուսական ասացվածքը. «ԾՈսպվՖՍՌռ, ՊՈ ցՊՈսպվՖՍՌռ»։ Ասել է` լինելով փոքր երկիր, մենք ունենք դաշնակիցներ, որոնց հետ կարող ենք գործել ընկերային հարաբերություններն ավելի բարձր մակարդակի հասցնելով, Հայաստանի նկատմամբ թշնամաբար տրամադրված երկրներին հստակ ուղերձներ հղելով։
-Նախագահը խոսեց նաև «նոր օսմանականություն» քաղաքականության մասին։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայկական կողմը երբեք այդպիսի շեշտադրումներով նախկինում չէր խոսել, ինչպիսի՞ն է Ձեր գնահատականը ելույթի հատկապես այդ մասի առնչությամբ։
-Շատ կարևորում եմ այդ հատվածը, որովհետև մենք մինչ օրս գնահատական չէինք տվել թուրքական արտաքին քաղաքականության հայեցակարգին։ Վերջին տասնամյակներում Թուրքիան մի քանի դիմակ փոխեց արտաքին քաղաքականության ոլորտում։ Սկզբում Թուրքիայի մոդելը Խորհրդային Միության տարածք ներթափանցելն էր, թուրքական մոդելը մահմեդական երկրներին պարտադրելը, իբր Թուրքիան Եվրոպան և Ասիան կամրջող երկիր է։ Այնպես որ, նախագահի խոսքը շատ հատու էր և վերստին հաստատեց պաշտոնական Երևանի դիրքորոշումը` «զրո պրոբլեմ» հարևանների հետ:
-Հայաստանի նախագահի կոշտ դիրքորոշումն ինչպիսի՞ արձագանք կունենա միջազգային հանրության կողմից:
-Չեմ կարող ասել, որ այս քայլով այրվեցին հայ-թուրքական բոլոր կամուրջները, որովհետև Թուրքիան դրանք վաղուց էր վտանգել: Երևանը մինիմումի հասցրեց ապագայում հերթական գործընթաց սկսելու հեռանկարը: Հաշվի առնելով իր այսօրվա կարգավիճակը, Ադրբեջանի հետ հարաբերությունները` Թուրքիան, Երևանին հերթական գործընթացի մեջ ներքաշելով, կփորձի ժամանակ շահել: Սակայն այս քայլով ՀՀ նախագահը Թուրքիային նման հնարավորություն չի տալիս: Միակ այլընտրանքը Թուրքիայի համար արտաքին ճնշման ներքո սահմանը բացելն է և, առանց որևէ նախապայմանի, երկկողմանի հարաբերությունների հաստատումը: Ինչ վերաբերում է միջազգային հանրության արձագանքին, ապա որևէ քննադատության առիթ չի լինի, քանի որ և՛ ԱՄՆ-ը, և՛ Եվրոպան շատ լավ հասկացել են հայկական կողմի դիրքորոշումը` ելնելով նրանից, որ թուրքական կողմն ի սկզբանե ոչ անկեղծ դիրքորոշում էր որդեգրել, ինչն էլ հանգեցրեց Հայաստանի նախագահի կողմից գործընթացի տրամաբանական կասեցմանը։
Ճեպազրույցները` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1517

Մեկնաբանություններ