«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

ՄՈՏ 71 ՏՈԿՈՍԸ ԿՏՐՎԵԼ Է ՖԻԶԻԿԱՅԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԻՑ

ՄՈՏ 71 ՏՈԿՈՍԸ ԿՏՐՎԵԼ Է ՖԻԶԻԿԱՅԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԻՑ
28.06.2011 | 00:00

Ավարտվեց միասնական քննությունների հիմնական փուլը։ Քննությունները, իրոք, աննախադեպ էին և՛ դիմորդների շատ քիչ թվով, և՛ քննաթեստերի հեշտությամբ, և՛ բողոքարկումների գրեթե բացակայությամբ, և՛, իհարկե, ցածր գնահատականներով։ «Մաթեմատիկա» և «Ֆիզիկա» առարկաների միջին միավորը համապատասխանաբար 6,3 և 6,02 էր, այսինքն՝ ավելի ցածր, քան դրական շեմն ապահովող 7,5 միավորը։ Մաթեմատիկայից քննությանը մասնակցածների 67,1 տոկոսը չի հաղթահարել դրական միավորի շեմը։ Ֆիզիկայից բացասական է ստացել դիմորդների 70,6 տոկոսը։ Եվ սա այն դեպքում, որ թեստերը բավականին հեշտ էին, և քննությունների պատասխանատուները նշում էին, որ առարկայից քիչ թե շատ գաղափար ունեցող մարդը կարող է դրական միավորներ ստանալ։ Հետաքրքիր է, որ այս տարի «Հայոց պատմություն» առարկայից չորս դիմորդ հավաքել է առավելագույն 20 միավոր։ Նախորդ տարիների փորձը ցույց է տվել, որ պատմությունից 20 միավոր գրեթե չի արձանագրվել։
Քննական առաջին փուլի արդյունքների մասին զրուցում ենք գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն ԳՈՒՐԳԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ։

-Պարոն Խաչատրյան, միասնական քննությունների առաջին փուլն ավարտվեց։ Եթե համեմատենք նախորդ տարիների հետ, ի՞նչ գնահատական կտաք քննությունների ընթացքին։
-Այս տարվա քննությունները բավականին յուրահատուկ էին, և չգիտեմ՝ որքան է տեղին համեմատել նախորդ տարիների հետ։ Նախորդ տարիներին 17-18 հազար դիմորդ էր լինում, իսկ այս տարի՝ ընդամենը 1200։ Հաշվի առնելով դիմորդների ոչ բարձր պատրաստվածությունը՝ թեստերը պարունակում էին նաև հեշտ առաջադրանքներ, ինչը չէի ասի նախորդ տարիների համար։
-Այդուհանդերձ, «Մաթեմատիկա» և «Ֆիզիկա» առարկաների միջին միավորն ավելի ցածր էր, քան անցողիկ միավորը։
-Դա խոսում է այն մասին, որ դիմորդներն անպատրաստ էին ներկայացել քննության։ Որքան էլ թեստերը հեշտ լինեին, մենք պարտավոր էինք ընդգրկել մաթեմատիկայի բոլոր բաժինները. սա նշանակում է, որ առաջադրանքներ պետք է լինեն և՛ թվաբանությունից, և՛ եռանկյունաչափությունից, և այլ բաժիններից։ Բայց որպեսզի դիմորդն այս ամենին տիրապետի, պետք է գոնե մեկ տարի լուրջ պարապի։ Իսկ այս տարի քննություն հանձնողները հավանաբար վաղուց էին դպրոցն ավարտել, մի մասը գուցե զուգահեռ աշխատում է, ժամանակ չի ունեցել պարապելու, ինչն ակնհայտ երևում է։
-Քննությունների նկատմամբ ուշադրությունը կարծես կենտրոնացված էր մայրաքաղաքի վրա։ Մարզերում ինչպե՞ս է ընթացել քննական գործընթացը։
-Գրեթե նույն պատկերն է, առանձնակի տարբերություն չկա։ Նույն պատրաստվածությունն է, նույն ցածր մակարդակը։ Ամենացածր արդյունքներից մեկը գրանցվել է Լեռնային Ղարաբաղում, սակայն պարզվեց, որ դիմորդների գերակշիռ մասը բանակում ծառայողներ են՝ լրիվ կտրված կրթական պրոցեսից։ ՈՒղղակի զինվորական համազգեստով գալիս են՝ քննություն հանձնում։ Մինչդեռ նույնիսկ մասնագետը եթե մեկ տարի չի զբաղվում տվյալ առարկայով, կորցնում է իր մասնագիտական որակները։
-Այս տարի առաջին անգամ բոլոր առարկաների թեստերը տպագրվեցին գնահատման և թեստավորման կենտրոնի տպարանում։ Արդարացրե՞ց արդյոք այդ փորձը։ Եվ հնարավո՞ր է՝ մյուս տարի նույնպես թեստերը տպագրվեն Հայաստանում։
-Կարծում եմ՝ մյուս տարի կարելի է թեստերն ամբողջությամբ այստեղ տպագրել։ Հսկողությունը գուցե մի փոքր ավելի կատարելագործվի։ Եթե այս տարի դիմորդների թիվը քիչ էր, և թեստերի տպագրությունը մի քանի ժամվա խնդիր էր, ապա մյուս տարի ծավալն էականորեն կմեծանա։ Մեկ առարկայի թեստերի տպագրությունը մոտ երկու օր կտևի, և երկու օր անընդմեջ գործընթացը հսկողության տակ պահելը բավականին դժվար կլինի։ Բայց անհնար ոչինչ չկա, և նույնիսկ արժե մեզ մոտ կատարել այդ աշխատանքը, որովհետև մենք այդքան հարուստ չենք, որ այդքան մեծ ծախսեր կատարենք և հարստացնենք անգլիացիներին։ Մանավանդ որ այս տարի մեզ հաջողվեց լիովին կանխել թեստերի արտահոսքն ու ապահովել գաղտնիությունը։
-Ավարտական է համարվում նաև 9-րդ դասարանը։ 9-րդ դասարանի ավարտական քննությունների արդյունքներն ինչպիսի՞ն են։
-Ամբողջ հանրապետությունում ունենք մոտ 1500 դպրոց, և բոլորից այդքան արագ տեղեկություն ստանալը դժվար է։ Աստիճանաբար հավաքում ենք տվյալները, պատկերը կվերլուծենք և առաջիկայում կներկայացնենք հանրությանը։
-Միասնական քննությունների լրացուցիչ փուլի թեստերը համարժե՞ք են լինելու հիմնական փուլի թեստերին։
-Լիովին։ Հեղինակները նույնն են, առաջադրանքները, ճիշտ է, չեն կրկնվում, սակայն բարդության առումով ամբողջովին համարժեք են։
-Պարոն Խաչատրյան, «Հայոց պատմություն» առարկայի քննությանը մի դիմորդ ժամը 9.27-ին էր ներկայացել քննակենտրոն, երբ թեստերն արդեն բացվել էին, և քննությունն սկսվել էր։ Երիտասարդին, այնուամենայնիվ, թույլատրվեց մտնել քննասենյակ և մասնակցել քննությանը։ Շատերը դա որակեցին քննակարգի խախտում։ Դուք ինչպե՞ս կմեկնաբանեք։
-Նախ՝ ես շատ ուրախ եմ, որ սա այս տարի քննական ընթացքում ուշադրության արժանացած միակ դեպքն էր, և մեզ մեղադրելու այլ առիթներ չկան։ Առանց որևէ միջադեպի անհետաքրքիր կլիներ։ Սակայն ես այնքան էլ դա միջադեպ չէի անվանի։ Պարզապես երեխան մի փոքր ուշ էր եկել քննության, և եթե քննակենտրոնի օպերատորը տեղում լիներ, օպերատիվորեն կատարվեր աշխատանքը, և դիմորդին ներս թողնեին, ամեն ինչ հարթ կընթանար։ Ասեմ, որ քննական կարգն էլ այնքան հստակ չէ. պետք է այնտեղ պարզաբանում տալ։ Օրինակ, սահմանված է, որ քննակենտրոն դիմորդների ներս թողնելը սկսվում է ժամը 8-ին, սակայն որևէ բան գրված չէ այն մասին, թե երբ է ավարտվում։ Քննության սկիզբ համարվում է 9.30-ը։ Բայց քննության սկիզբը ո՞ր պահն է՝ ծրարների բացո՞ւմը, թե՞ մեկնարկը պետք է տրվի թեստերի բաժանումից կամ կարգը կարդալուց հետո։ Այս ամենը հստակեցնելու կարիք կա, որպեսզի խուսափենք թյուրիմացություններից։ (Նշենք, որ այդ դիմորդը «Հայոց պատմություն» առարկայից ստացել է 8 միավոր- Լ. Գ.)։
Զրուցեց Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 1180

Մեկնաբանություններ