ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«ՈՐ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐՆ «ԱՐԽԱՅԻՆ» ՉԼԻՆԵՆ»

«ՈՐ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐՆ «ԱՐԽԱՅԻՆ» ՉԼԻՆԵՆ»
11.06.2010 | 00:00

«ԶՈՌՈՎ ՈՉ ՄԵԿԻՆ ՈՉ ՄԻ ՊԱՇՏՈՆԻ ՉԵՆ ՆՇԱՆԱԿՈՒՄ»
ՄԽԻԹԱՐ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար)
-Պարոն Մնացականյան, Ձեր նշանակումից հետո չեն դադարել խոսակցությունները, թե Դուք չեք տիրապետում ոլորտին (ԲՀԿ ղեկավարի ականջը կանչի)։ Հիմա հարմարվե՞լ եք։
-Չէ, այդպիսի բան չկա։ Իհարկե, այն տարիքում չեմ, որ նախարար նշանակեն, ու դրանից ոգևորվեմ, որովհետև դա լուրջ պատասխանատվություն է։ Կարո՞ղ եմ այդ պատասխանատվությունն իրականացնել։ Որոշելուց առաջ ժամանակ եմ ունեցել մտածելու, համեմատելու, համադրելու իրավիճակը։ Զոռով ոչ մեկին ոչ մի պաշտոնի չեն նշանակում։ Շնորհակալ եմ ԲՀԿ-ին ու նրա ղեկավարին, որ այս պաշտոնն ինձ վստահեցին։ Պիտի փորձեմ իմ տված «պրոդուկտով» արդարացնել այդ վստահությունը։ Ինչ վերաբերում է տիրապետելուն, ի՞նչ է նշանակում տիրապետել։ Չարախոսներ շատ կան։ Միայն մի բան կասեմ. այն, ինչի համար եկել եմ` մարդկանց սոցիալական վիճակը բարելավել, մանկատների, ծերանոցների խնդիրները լուծել և այլն, պիտի կարողանամ իրագործել։ Պետք չէ պոպուլիստ լինել, պարզապես հետևողականություն է հարկավոր։
-Փաստորեն, արդեն լիարժեք «ինտեգրվել» եք ոլորտին։
-Ես հեղափոխական չեմ, որ վեց ամսում ամեն ինչ արմատապես փոխեմ։ Եղածը հնարավորինս պահպանում եմ, կոռուպցիոն ռիսկերը պակասեցնում։ Ցավոք, այդ ռիսկերը դեռևս կան, որոնց հիմնական պատճառը խնամիական-բարեկամական հարաբերությունների առկայությունն է։ Այս փաստը պիտի սթափ ընդունել ու ձերբազատվել դրանից։ Իմ աշխատանքով ինչ-որ բանի հասել եմ ու մեր պետության կարևորությունն իմ ուսերին զգում եմ։
-Որոշ լուրերի համաձայն` ներնախարարական խնդիրներ ևս ունեք։ Այդպե՞ս է։
-Բացարձակ։ Չեմ կարող ասել` ինձնից առաջ ինչպես է եղել, որովհետև պատասխանատու եմ իմ ղեկավարած ժամանակահատվածի համար: Նման խնդիր չկա: Լավ աշխատողի աշխատանքը վեր է կուսակցական պատկանելությունից: Կա նախագահի լավ աշխատելու հրահանգ, որը պարտավոր են բոլորը կատարել:
-Ասում են` ԲՀԿ-ն ակտիվորեն լծվել է նախընտրական աշխատանքներին։ Կուսակցության նախարարները և՞ս ընդգրկված են այդ գործընթացում։
-Ոչ մի օր և ոչ մի ժամ չեմ տեսել, որ նման քարոզարշավ է գնում։ Եթե կուսակցությունը փորձում է ոչ թե ընտրությունից ընտրություն, այլ մնացած ժամանակ էլ իր մարդասիրական ակցիաները կատարել, չի նշանակում, որ ընտրության է պատրաստվում։ Մենք սովորել ենք, չէ՞, որ ընտրությունից ընտրություն հավաքվենք ու խնդիրներից խոսենք։
-Վերջերս նկատողություններ է անում վարչապետը նախարարներին։ Ինչպե՞ս եք վերաբերվում դրան։
-Ղեկավար մարմինը պարբերաբար պետք է հիշեցնի, որ աշխատանքները ժամանակին ու ճիշտ կատարվեն։ Նկատողություններ լինում են, երբ վարչապետը դժգոհ է կատարվածից։ Պատասխանատու, սթափ մարդիկ դրա կարիքը չունեն։ Սա նաև լավ է այն առումով, որ պաշտոնյաներն «արխային» չլինեն ու մտածեն, թե անսխալ են աշխատում։ Բոլոր աշխատողներն էլ ունեն բացթողումներ ու չեն կարող հարյուր տոկոսով տիրապետել ոլորտին։ Պիտի կարողանալ թիմային աշխատել, հատկապես, մասնագետների հետ։ Սա է վարչապետի հիմնական պահանջը։

«ՊԵՏԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻՆ ՀԱՎԱՏԱՐԻՄ ՄՆԱԼՆ Է»
ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆ (ՀՀ մշակույթի նախարար)
-Վերջերս հեռուստաեթերով բոլորն անխտիր խոսում են այն մասին, թե ով պատահի` եթեր է դուրս գալիս ու երգում` առանց որոշակի կրթության, շնորհի ու համապատասխան բեմական կեցվածքի։ Սա կանխելու համար նախարարությունն ինչ-որ մեխանիզմ «մտմտո՞ւմ» է։
-Ցավոք, այսօր այդ հարցի կարգավորման ձևերը չունենք։ Մշակույթի նախարարությունն իր լիազորությունների սահմանում իր անելիքն անում է։ Մենք ազդակ են տալիս հասարակությանը. պաշտպանել իր իրավունքները` ֆոնոգրամայի տակ երաժշտություն չլսել։ Հիմնականում չափորոշիչները սահմանվում են համերգային դահլիճների համար, որոնք մշակույթի ենթակայության տարածքներ են։ Սա պետք է ուղղորդիչ դեր ունենա մյուս կառույցների համար։ Բայց պարտադիր կիրառման մեխանիզմ նախարարությունը չունի։ Հեռուստատեսությունները հիմնականում մասնավոր են, ու մենք ոչ մի պարտադրանք չենք կարող կիրառել նրանց նկատմամբ։ Այսօր նաև պարտադրում ենք, որ ստեղծագործական կոլեկտիվների երգացանկի 50 տոկոսը հայ երաժշտարվեստի գործեր լինի։
-Չնայած այդ պարտադրանքին, մշտապես օտար տարրեր են ներգրավվում հայ երգում` աղավաղելով այն։ Դա կարելի՞ է համարել հայկական երգ ու երաժշտություն։
-Մենք մեր ծրագրերին հետևում ենք ու խիստ պահանջներ ենք դնում, աշխատում ենք մեր լիազորությունների սահմաններից դուրս չգալ։ Այլ խնդիր է, որ դաշտն ազատ է ու գործում է պետական քաղաքականությունից անկախ, իսկ պետական մոտեցումն ազգային արժեքներին հավատարիմ մնալն է։ Իհարկե, այս հանգամանքը մեզ շատ է անհանգստացնում։ Բայց կա ուրախալի փաստ, որ մեր համերգասրահներն ու թատրոնները մարդաշատ են դարձել, այսինքն, կտրվում են էկրաններից` մոտենալով իրական արժեքներին։
-Փաստորեն, ելքը «էկրաններից կտրելն» է։
-Եթե այսօր նույնիսկ սահմանափակում դնենք, ամեն ինչ կախված կլինի հեռուստաընկերության ղեկավարից։ Շատ բան պայմանավորված է նրանով, թե ով է ղեկավարում հեռուստաընկերությունը և ինչպես է վերաբերվում այս հարցին։
-Ասել է` հեռուստաընկերության ղեկավարի ճաշա՞կն է պարտադրվում հեռուստադիտողին։
-Այդպես է ստացվում։ Հասարակությունն ինքը պետք է մերժի այդ արտադրանքը։
-Նախարարությունը ֆոնոգրամայի առնչությամբ որոշում կայացրեց։ Արդեն կա՞ն Ձեզ դիմող երգիչ-աստղեր, ովքեր խնդրում են արտոնյալ կարգավիճակ սահմանել։
-Ընթացքում եղան պրոբլեմներ, բայց` քիչ։ Լինում էին դեպքեր, երբ մարդիկ գալիս, ասում էին` այսօր ձայնս վատ է, ու խնդրում էին իրենց ծրագրում չընդգրկել։ Երբ վերահսկողությունը մի փոքր թուլանում է, չի բացառվում, որ ինչ-որ մեկը կշտապի դրանից օգտվել։ Բայց դահլիճների տնօրեններն արդեն տեղեկացված են, որ դա խստիվ արգելված է։ Վերջերս դահլիճներից մեկի տնօրենը երգիչներից մեկին թույլ էր տվել ֆոնոգրամայով համարը կատարել, ինչի համար տնօրենը խիստ նկատողություն ստացավ։ Գրեթե ամեն երեկո համերգների եմ լինում, ու տարբերությունը խիստ զգացվում է։
Ճեպազրույցները` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1194

Մեկնաբանություններ