«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Մեր քաղաքի մարդիկ (ՍԵՐԳԵՅ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ)

Մեր քաղաքի մարդիկ  (ՍԵՐԳԵՅ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ)
14.10.2023 | 10:02

Իմ սերնդակիցներն ապրել են այն մարդկանց կողքին, որ պատերազմ էին տեսել, ավար ու ավեր, որ Երկրորդ աշխարհամարտ էր կոչվում։

Մենք վայելել ենք արդեն ճերմակած այդ սերնդի ներկայությունը, որ ավերի ու ավարի մուժը հոգում ու մտապատկերում` պղինձ է ձուլել, քարը քարին դրել , նաև` գրիչ վերցրել։ Նրանք ապրել են մեր կողքին, լուռ, երբեմն` անխոս, բայց շարունակել են աշխատել, տքնել, արարել։ Քանզի նրանց բնորոշել են որպես «պատերազմի սերունդ», ասել է` անցած դարի կեսերից իրենց ուսերին են կրել ԽՍՀՄ հորջորջվող հսկայածավալ պետության մի ամբողջ պատմական` երկրի համար պայքարի ու ազատագրման ու ավերի վերածված հայրենիքի վերականգնման ժամանակաշրջան։

Նրանցից շատերին մենք ճանաչել ենք, ոմանց` հանդիպել մայիսյան միջոցառումներին, ոմանք էլ ապրել են` առանց թմբկահարելու իրենց մասնակցությունը գոյաբանական այդ պայքարին` ամենուր հավատարիմ մնալով մարդ լինելու գենետիկական կոչմանը։

Մեր համաքաղաքացի Սերգեյ Շահվերդյանի` պատերազմի թեմային յուրովի անդրադառնալու մասին լսել էի դեռևս տարիներ առաջ` «Ախթալշին» տրեստում ինժեներ աշխատող ավագ եղբորիցս։ Այն տարիներին եղբորս պատմածներից այնպիսի տպավորություն էր ձևավորվել, ասես Մարիա Էրիխ Ռեմարկի` պատերազմի մասին գրած իրապատումներից պատառիկներ էի լսում, ավելին` ասես հայացքիս առջևով սահում էին ռազմաճակատի մասին նրա գրքերի հիման վրա նկարահանված ֆիլմերից տպավորված վառոդահոտ ու հոսպիտալային պատկերներ, ասես մարդակուլ տեսարանների ականատեսն էի։

Կարծես չէի սխալվել։

Օրեր առաջ Սերգեյ Շահվերդյանի` մեր քաղաքում ճանաչված ու հարգված պատմաբան որդին` Էդուարդը, անակնկալ մատուցեց` նվիրելով հոր 100-ամյակի առիթով իր ջանքերով լույս ընծայված` հոր հեղինակած «Հուշեր պատերազմի, գերության ու բարության» վերնագրով պատերազմի արհավիրքը յուրովի ամբողջացնող, ավերի սևով ու արյան կարմիրով ցողված կազմով գիրքը։

Հուշապատումը կարդալիս զարմանքս կրկնապատկվում է. այս ինչպես է հեղինակն ամենայն մանրամասնությամբ նկարագրել պատերազմ կոչված հրեշին, այս ինչպես է դեռ տասնութը չլրացած պատանին դպրոցական նստարանից ճակատ մեկնելու համառություն դրսևորել` երբևէ չմտածելով, որ կզոհվի։ Գուցե այդ աներեր հավատն է խնայել նրան պատերազմ կոչված արհավիրքի` գլխավերևում թռչող փամփուշտից ու երկնքից թափվող արկից։

Գիրքը կարդալիս ակամա աչքիդ առջևով սահում են ահեղ պատկերները, մարդ արարածի ներաշխարհում ալեկոծվող անմեկնելի զգացմունքները` պայքարը գոյատևելու, ապրելու համար, իր բաժին պայքարը` այս ծերացող մոլորակում իր տեղն ունենալու թաքուն փայփայանքով։

Հիրավի, երջանիկ են այն ծնողները, ովքեր երախտապարտ ու իրենց թողած հոգևոր հարստությանը տեր կանգնող ժառանգներ ունեն։ Այդպիսին է նաև Էդուարդ Շահվերդյանը, որ հոր` շուրջ տասնամյակ գիր դարձած ու գրապահարանում խնամքով պահվող հոր ձեռագրին մոտեցել է որդիական խնամքով ու երկյուղածությամբ, ամենայն պատասխանատվությամբ, պատմաբանի` ժամանակի նկարագիրը ճիշտ ու ճշգրտորեն ներկայացելու պահանջով։ Չէ՞ որ այնտեղ մի ամբողջ սերնդի կենսագրություն է, պատերազմի խոտոր ճամփաներով անցած երիտասարդ հոր կենսագրությունը, ուր հյուսվել են նաև Շահվերդյան ազգանունը կրող հայտնի տոհմածառի ու գենը շարունակող մարդկանց հարատևող հատկանիշները` ամեն ինչ տեսանողի, արժևորողի ու հաղթողի։

Այս գիրքն էլ իմ քաղաքում ապրած, բարի ու ինքնատիպ, լավատես մարդու հաղթանակի վավերագիրն է պատերազմի կոչված մարդասպան չարիքի մասին, ուր ցավախառն ու խառնիճաղանջ հուշերի շարանում նաև լույս կա, առկայծող ու պայծառացող լույս ու հավատ, ուր նաև Սերգեյ Շահվերդյանին բնութագրող բարությունն է տերն ու տիրակալը։

Կարդում եմ գիրքը ու մտովի հիշում այն առիթները, որ հանդիպել եմ Սերգեյ Շահվերդյանին` շինարարության ոլորտի գիտակին` «Ախթալշին» տրեստի նախահաշվային և պայմանագրային բաժնի պետին` արտադրական խորհրդակցությունների ժամանակ, ուր նախ և առաջ երկրի սրտացավ քաղաքացին էր։ Պատերազմ տեսած մարդը` մի ձեռքում գրիչ, մյուսում` շինարարի քանոն, կարկին ու մատիտ։

Այդպես ապրել է նա մեր կողքին, անաղմուկ, արտաքուստ խաղաղ, մինչդեռ նրա նուրբ ու զգայուն հոգու գաղտնարաններում ու ներաշխարհում աղմկել է ահեղ, երկրակործան աշխարհամարտը` իրական, ահասարսուռ պատկերներով, ուր մարտնչել են ազգերը, գոյատևել

Կողք-կողքի` միմյանց նկատմամբ հարազատի հոգատարությամբ, սիրով, բարությամբ։ ՈՒր Լոռվա լեռաշխարհի ու հարազատ մարդկանց կարոտն ու սպասումն են Սերգեյ Շահվերդյանի` վտանգներով լի ճանապարհին լույս վառել, նրան հեռու պահել վերահաս վտանգներից, որ պատերազմն է սփռել ամենուր։

Գուցե նաև այդպե՞ս է Սերգեյ Շահվերդյանը հաղթել պատերազմում` հավատով, սիրով, բարությամբ, որ մի օր անպայման պատմի այն մարդկանց մասին, որ «ռազմաճակատային ընկեր» անունն ունեն` հարազատի սրտացավությամբ, զրկանքներով լի այն տարիներին մի կտոր հացն ու պատառը մարտական ընկերոջ հետ կիսելու հոգածությամբ, ինչպես իր կյանքը տիֆի ճիրաններից փրկած Ֆեոդոր և Մարֆա Կոլեսնիչենկոները։

Ո՞վ իմանա ամենայնի գաղտնիքները:

Կարինե ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 3579

Մեկնաբանություններ