ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Դուք Ձեր բարեկեցությունը կարևորեցիք Ձեզ բաժին հասած պատմական առաքելությունից

Դուք Ձեր բարեկեցությունը կարևորեցիք Ձեզ բաժին հասած պատմական առաքելությունից
23.06.2023 | 21:22

Այսօր Արմեն Սարգսյանի 70-ամյակն է։ Կուզեի շնորհավորել որպես ՀՀ նախկին նախագահի և որպես ինտելեկտուալ մարդու։ Բայց չեմ կարող։

Ծննդյան օրվա առթիվ նա գրել է. «Ես իմ կյանքի դասերը վաղուց եմ ստացել»։

Ո՞ր դասերը, պարոն Սարգսյան։

Աստծո և ճակատագրի կամոք Ձեզ վիճակվել է լինել ՀՀ նախագահ Հայաստանի համար ամենավճռորոշ ու ամենաողբերգական փուլում, և Դուք հրաժարվել եք պատվով կրել այդ բեռը։ Դուք փոթորկված Երևանը, արնահոսող Արցախը, մոլորված և վշտից կծկված հայ ժողովրդին թողել-հեռացել եք Լոնդոն և միայն այնտեղից հայտարարել Ձեր հրաժարականի մասին։ Դա լա՞վ դաս էր։ Գուցե դաս էր հայ ժողովրդի՞ն՝ այլևս չհավատալու կիրթ խոսքին տիրապետող, միջազգային լայն շրջանակներում մտերիմ կապեր ունեցող քաղաքական այրերին։

Ես չգիտեմ՝ ինչը Ձեզ ստիպեց նախընտրել բարեկեցիկ կյանքը ճակատագրով ձեզ բաժին հասած ծանր խաչից։

Մենք Ձեր աշխատասենյակում բազմաթիվ անգամ խոսել ենք հայրենիքի, աշխարհի, քվանտային աշխարհի և այլ բարձր ինտելեկտուալ թեմաներից։ Բայց ի՞նչ արժեն այդ մտքերը, երբ Դուք իրական կյանքում Ձեր բարեկեցությունը կարևորեցիք Ձեզ բաժին հասած պատմական առաքելությունից։

Ի դեպ, հասարակության մեջ շատերը Ձեզ հետ հույսեր էին կապում։ Մնայիք այստեղ, խոսեիք մարդկանց հետ, մնայիք նրանց կողքին, ապրեիք նրանց հոգսերով։ Իսկապես շատ դժվար է լքել հայրենիքը, երբ աչքիդ առաջ ձևավորվել է Եռաբլուրը, իսկ պատերազմի օրերին մասնակցել եք Անվտանգության խորհրդի նիստերին (ընդունելով անգամ, որ Ձեր լիազորությունները Սահմանադրությամբ եղել են չնչին)։

Ի վերջո, բոլորս մի օր գնալու ենք այս աշխարհից՝ անկախ ունեցած կարողություններից, աշխարհի ազդեցիկների հետ ընկերությունից, Չարլզի և այլոց հետ ունեցած հարաբերություններից, քվանտային աշխարհի մասին աշխատություններից և այլն։

Չէ՞ որ Դուք, բացի անձնական դասեր քաղելուց, որպես նախագահ և որպես կրթված մարդ, պետք է պատասխանատվության դասեր տայիք հասարակությանը։ Հիմա ի՞նչ է ստացվում. դժվար պահին տուն-տեղ վաճառող-Գլենդել տեղափոխվողները, խեղդամահ արվող Արցախի հանդեպ անտարբեր զանգվածները, «մենք չենք կարող պետություն ունենալ» ասողները այդ նույն դասագրքի՞ց են իրենց դասերը սերտել։

Ամեն դեպքում, Ձեզ առողջություն եմ մաղթում։

Վահե Հովհաննիսյան

Դիտվել է՝ 6140

Մեկնաբանություններ