ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Քանի դեռ չի սպառվել նախախնամությամբ մեզ հատկացված ժամանակը

Քանի դեռ չի սպառվել նախախնամությամբ մեզ հատկացված ժամանակը
31.03.2023 | 23:17

Մեզ ճակատագրական օրեր են սպասվում:
Ենթադրվում է, որ մենք կկարողանանք համախմբվել այդ ճակատագրական պահին և լուծել մեր խնդիրը այս կամ այն չափով նպաստավոր ելքով: Ենթադրությունը հիմնվում է այն կանխադրույթի վրա, որ կան կարող ուժեր, կան հայրենիքի հոգսերով ապրողներ, և այլն:
Ինչումն է խնդիրը:
Փաստ է, որ այս իշխանությունների իշխանավարման շարունակականությունն է ստեղծել և ահագնացնում մեր ազգի և պետականության գլխին կախված սպառնալիքը: Այսինքն, շարունակաբար այդ սպառնալիքն ավելի ու ավելի է առարկայանում և նյութականանում մեր թուլության և անկարողության համայնապատկերում:
Մենք, կարծես թե, փորձում ենք համախմբվել, համախմբել հասարակության «առողջ» ուժերին, որպեսզի դիմակայենք այդ սպառնալիքներին: Առանձին անհատներ, կազմակերպություններ, հասարակական նախաձեռնություններ, տարբեր միջոցներով և ճանապարհներով, որոշակի խնդիրներ են լուծում: Ոչ մեծ, սակայն կարևոր: Բայց պետք է ընդգծել՝ ոչ մեծ: Դրանց մասին տեղեկությունները ոգևորում են հասարակության այն մասին, որը «մտահոգ» է երկրի վիճակով, սակայն ոչինչ ավելին չի անում: Բայց ոգևորվում է և հույս փայփայում, որ ինչ-որ ավելի կարևոր խնդիրներ կարող են լուծվել և կլուծվեն առանց իրենց մասնակցության: Այս ամենով հանդերձ, մենք խոհեմաբար սպասում ենք ճակատագրական պահին, ինքներս մեզ խոստանալով, որ այդ պահին մենք կլինենք այնտեղ, որտեղ պետք է, որ լինենք:
Իրականում ճակատագրական ժամանակները հիմա են, երբ մենք ինքներս մեզ թույլ ենք տալիս սպասել, թե էլ ինչ արհավիրք է գալու մեր գլխին: Ճակատագրական պահին մեր ճակատին արդեն գրված կլինի մեր գլխին գալիքը: Եվ մենք կրկին կհատուցենք արյամբ ու հայրենիքով: Այսինքն, կարելի է պնդել, որ այդ պահի համախմբումն արդեն ժամանակավրեպ է՝ անկախ ելքից:
Ինչու՞ է ժամանակավրեպ: Որովհետև հիմքեր չկան ժխտելու, թե այն նախորդ պատերազմից պակաս արյունահեղ ու կորստաբեր է լինելու:
Բոլոր հիմքերը՝ հնարավորությունները, միջոցները, կարողությունները, հետևողականորեն և մեթոդաբար վերացվում են: Կասկածել այս ամենում՝ գուցե թե կարճամտություն չէ:
Ուրեմն, կա՛մ մենք ընդունակ չենք համախմբվելու և պարզունակ ալգորիթմով կոչնչանանք որպես ազգ և պետություն, կա՛մ վերջապես կգտնենք իրար միանալու եզրերը: Պատկերավոր ասած՝ մեր ճակատագրի տառերը որոշակիորեն այս օրերին ու ամիսներին ընտրվում ու ձևավորվում են, և ամենայն տեսանելիությամբ մեզնից է կախված, թե այնտեղ ինչ գրեր կհայտնվեն:
Իրավիճակն այսպիսին է: Եթե մենք ի վիճակի չենք գնահատել սպառնալիքի իրական մասշտաբները և ձեռնարկել պահանջված քայլեր (իմա՝ համախմբում համապատասխան օրակարգով), ապա վստահաբար կարելի է եզրակացնել, որ ճակատագրական պահին մեր համախմբման ոչ մի փորձ արժեք չի ունենա: Քանի դեռ չի սպառվել նախախնամությամբ մեզ հատկացված ժամանակը, դեռևս հնարավոր է որոշակի կարևորագույն խնդիրներ լուծել՝ քաղաքականից մինչև պաշտպանական: Այն հնարավոր կդարձնի բոլորովին այլ կարգավիճակում և, ըստ էության, նաև՝ հավակնություններով, դիմավորել ճակատագրական պահը:
«Խաղաղության օրակարգ» կոչվածը մի թմրության ասեղ է, որի նպատակն է «խաղաղության» թմբիրի մեջ առկախված հասարակությանը թույլ չտալ դեպի կործանում տանող ուղուց դուրս թռչելու որևէ գործնական քայլ ձեռնարկել:
«Ինչ էլ որ անի Ադրբեջանը, մենք հետ չենք կանգնելու խաղաղության օրակարգից»՝ հնչում է ինչպես՝ «Ինչ էլ որ լինի, մենք մեզ պարտված չպետք է համարենք»:
Բառացի գուցե սխալվեմ, բայց միտքը նույնն է:

Վահրամ Բայադյան

Դիտվել է՝ 4692

Մեկնաբանություններ