ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

ԼՀԿ-ի ցնցող տրամաբանությունը և քաղաքական գործընթացի ելքերը

ԼՀԿ-ի ցնցող տրամաբանությունը և քաղաքական գործընթացի ելքերը
17.01.2021 | 11:40

ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը 168.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի՝ Sputnik Armenia-ի եթերում հայտարարությանը, թե իր տպավորությամբ՝ ԼՀԿ ու ԲՀԿ խմբակցությունները չեն ուզում արտահերթ ընտրություններ, քանի որ վստահ են, որ նոր ընտրությունների դեպքում կառավարող ուժ չեն ընտրվի և անգամ չեն ստանա այնքան մանդատ, որքան ունեն հիմա, ասել է. «ԼՀԿ-ն պատրաստ է ընտրությունների և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը սպասում է վարչապետի հրաժարականին: Հայաստանում ընտրություններ կարող են տեղի ունենալ այն դեպքում, եթե վարչապետը հրաժարական տա, և խորհրդարանը ցրվի: Ինչպես տեսնում եք՝ առաջին նախապայմանը վարչապետի հրաժարականն է: Այսինքն՝ հենց նա հրաժարական տա, կսկսվի գործընթաց՝ արտահերթ ընտրությունների կազմակերպման: Եթե նա ցանկանում է արտահերթ ընտրություններ, օր առաջ հրաժարական կտար, և կկազմակերպվեին արտահերթ ընտրություններ: Մենք պատրաստ ենք այդ ընտրություններին և սպասում ենք նրա հրաժարականին, որ մասնակցենք արտահերթ խորհրդարանական ընտրություններին»:


ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում պնդել էր, որ «Իմ քայլը» խմբակցությունում կան մարդիկ, որ կողմ կքվեարկեն, եթե ԼՀԿ-ն Էդմոն Մարուքյանին վարչապետի թեկնածու առաջադրի: Լենա Նազարյանը հարցազրույցում դա բացառել էր: Էդմոն Մարուքյանը համոզված է՝ եթե «Իմ քայլում» վստահ լինեին, որ իրենց թիմից Մարուքյանի օգտին քվեարկողներ չեն լինի, Նիկոլ Փաշինյանը արդեն հրաժարական տված կլիներ. «Այն հանգամանքը, որ վարչապետը հրաժարական չի տալիս, որ կազմակերպվեն արտահերթ ընտրություններ, պայմանավորված է նրանով, որ իրենք գիտեն, որ ես առաջադրվելու եմ վարչապետի պաշտոնում, հետևաբար, եթե վստահ լինեն, որ ոչ ոք չի ընտրի ինձ վարչապետի պաշտոնում, հանգիստ խղճով հրաժարական կտար, կցրեր խորհրդարանը և կգնար արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Քանի որ չունի այդ վստահությունը, և տիկին Նազարյանը նույնպես չունի այդ վստահությունը, նրանք չեն գնում այդ ճանապարհով և չեն տալիս հրաժարական, որ ցրվի խորհրդարանը: Գիտեն, որ հրաժարական տալու պարագայում ես առաջադրվելու եմ՝ որպես վարչապետի թեկնածու, և խորհրդարանում կազմակերպվելու է քվեարկություն: Եթե վստահ լինեին, որ այդ քվեարկությունը տեղի չի ունենա, շատ վաղուց հրաժարական տված կլինեին և կցրեին խորհրդարանը, կկազմակերպեին արտահերթ ընտրություններ: Ակնհայտ է, որ իրենց շահերից է բխում արագ ընտրություններ անելը, որովհետև եղած ռեյտինգը կկապիտալիզացնեին, բայց դա չեն անում, որովհետև գիտեն, որ ես առաջադրվելու եմ: Սա է ամբողջ խնդիրը, հետևաբար, որ ասել է, թե վստահ է, որ ոչ ոք չի քվեարկելու իմ օգտին, եթե վստահ լինեին, կրկնում եմ, հրաժարականը տեղի կունենար, և կտեսնեինք՝ քվեարկո՞ւմ են, թե՞ չեն քվեարկում: Քանի որ իրականում վստահ չեն ու այն, ինչ-որ ասում են, դա իրականություն չէ, դրա համար էլ հրաժարական չի տալիս վարչապետը, իսկ ես սպասում եմ այդ հրաժարականին, որ գնանք արտահերթ ընտրությունների, բայց մինչ այդ, բնականաբար, ես կառաջադրվեմ վարչապետի թեկնածու, և տեղի կունենա քվեարկություն: Եթե վստահ են, որ այդ քվեարկությունը չի կայանալու, ուրեմն ի՞նչ խնդիր կա, օր առաջ պետք է հրաժարական տա, և կազմակերպեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ»:


Ունիկալ տրամաբանություն է, փաստացի՝ ըստ Էդմոն Մարուքյանի երկրի ճակատագիրը, պետության ու ժողովրդի ճակատագիրը կախված է Նիկոլ Փաշինյանի ու իր որոշումներից: Նույնիսկ եթե ընդունենք, որ իրոք ՙԻմ քայլում՚ կան մարդիկ, որ ձայն կտան Էդմոն Մարուքյանին, ու այդ մարդիկ այնքան շատ են, որ վարչապետ դառնալու համար բավարար ձայներ կապահովեին Էդմոն Մարուքյանին, նկատի ունենալով, որ ԲՀԿ-ն կամ դեմ կքվեարկեր, կամ կբոյկոտեր քվեարկությունը՝ վարչապետի թեկնածու ունենալով Վազգեն Մանուկյանին, ինչու՞ հանուն պետության, ժողովրդի, երկրի Էդմոն Մարուքյանը չի հանում իր թեկնածությունը՝ հնարավորություն տալով Նիկոլ Փաշինյանին հրաժարական տալ: Եթե ԼՀԿ-ն վստահ է իր ուժերին, արտահերթ ընտրություններում թող ստանա մեծամասնություն ու Էդմոն Մարուքյանն էլ ընտրվի վարչապետ: Լուրջ, հայրենիքի մասին մտածող քաղաքական ուժի համար վայել չէ անձնական ամբիցիաներով պայմանավորել պետության ներկան ու ապագան: Չէ՞ որ հենց ինքը՝ Էդմոն Մարուքյանն է հայտարարում, որ պարտության սիմվոլ վարչապետը պետք է հեռանա, ինչու՞ է, ուրեմն, իր վարչապետ դառնալու հույսերով ՙպահում՚ նրան իշխանության ղեկին: Հույսեր, որ դե ֆակտո իրական չեն:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ. Իրականում Նիկոլ Փաշինյանի հրաժարական տալ-չտալու հարցը բնավ կապ չունի ոչ ԼՀԿ-ի, ոչ էլ Էդմոն Մարուքյանի վարչապետության ներկա ու ապագա հավակնությունների հետ: Ոչ էլ ԲՀԿ-ի: Ամբողջ հարցը ընտրությունների կազմակերպումն է՝ ո՞վ է կազմակերպելու ընտրությունները: Վազգեն Մանուկյանը հայտարարում է, որ մանիպուլյացիա է արվում, թե ընդդիմությունը՝ նկատի ունենալով 16-ին, արտահերթ ընտրություններին դեմ է, իրականում դեմ է Նիկոլ Փաշինյանի իշխանության կազմակերպած արտահերթ ընտրություններին: Իմա՝ Վազգեն Մանուկյանը գտնում է, որ ընտրությունների կազմակերպումը պետք է լինի Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո ինչ-որ կերպ խորհրդարանում իր վարչապետ ընտրվելուց հետո ու, բնականաբար, ինքը կազմակերպի: Նախագահ Արմեն Սարգսյանն առաջարկում է նախագահական հարթակում քաղաքական ուժերի համախմբում ու ազգային համաձայնության կառավարության ձևավորում, որից հետո արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Նիկոլ Փաշինյանը գտնում է, որ արտահերթ ընտրությունները պետք է կազմակերպի իր իշխանությունը: Փաստացի՝ այս պահին քաղաքական պայքարը ոչ թե արտահերթ ընտրություններին է վերաբերում, այլ՝ արտահերթ ընտրությունների կազմակերպմանը: Եվ հենց դա է սկզբունքային հարցը: Նաև այն հենքը, որ Վազգեն Մանուկյանի ասած ՙճգնաժամային զանգվածին՚՝ 100000-ից ավելի մարդու փողոց դուրս չի բերում:


Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքական ուժերի սկզբունքային սխալը կատարվածը ողջ խորքով չհասկանալն էր, ժողովրդի վիշտը ողջ ծանրությամբ չգնահատելը: Պատերազմում պարտվելուց ու տարածքների կորստից, հազարավոր զոհերից հետո, ռազմագերիների ու անհայտ կորածների առկայությամբ, սպանվածների դիերը դեռ անթաղ ու նույնիսկ չգտնված՝ երբ մարդիկ վշտի ու սգի մեջ են, չի կարելի նրանց քաղաքական պայքարի կոչ անել, դա նմանվում է իշխանազավթման փորձի: Ժամանակ էր պետք կատարվածը իմաստավորելու, հետևանքները հասկանալու, որից հետո ժողովուրդը ինքը 100 000-ից ու ավելի փողոց դուրս կգար, եթե այնտեղ չլինեին վարչապետի հրաժարականը պահանջող ուժերը, որոնց մի մասին ժողովուրդը լավ ծանոթ է ու մերժել է, մյուս մասին գրեթե ծանոթ չէ: Վազգեն Մանուկյանը դա կարծես հասկացել է արդեն, համենայն դեպս, այդ մասին խոսել է երեկ Վանաձորում: Պարադոքս է, բայց այդ քաղաքական ուժերի փողոցային ակտիվ, տեղ-տեղ ագրեսիվ պայքարը ավելի ամրապնդեց Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, և հիմա ամեն ինչ որոշելու է արտահերթ խորհրդարանական ընտրությունը՝ ցանկանում են, թե չեն ցանկանում քաղաքական ինչ-որ ուժեր:

Դիտվել է՝ 11104

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ