ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               

Ինչո՞ւ է Ֆրանսիան պարտավոր ճանաչել Լեռնային Ղարաբաղը

Ինչո՞ւ է Ֆրանսիան պարտավոր ճանաչել Լեռնային Ղարաբաղը
05.12.2020 | 10:31

Պատերազմը Լեռնային Ղարաբաղում, նրա ընթացքն ու ելքը նշանավորում են ոչ միայն Հայաստանի պարտությունը, այլև ֆրանսիական դիվանագիտության պարտությունը Հարավային Կովկասում՝ գրում է քաղաքագետ, միջազգային իրավունքի և տնտեսական զարգացման մասնագետ Գոհար Գրիգորյանը Le Figaro-ում:

«Այսօր Սենատում, որ քվեարկել է հօգուտ Լեռնային Ղարաբաղի ճանաչման, խաղասեղանին Ֆրանսիայի պատիվն էր»՝ հայտարարել է սենատոր Վալերի Բուայեն Սենատում պատմական քվեարկությունից հետո: Նոյեմբերի 25-ին Սենատը 305 կողմ ձայնով բանաձև ընդունեց՝ կոչ անելով կառավարությանը ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Թեպետ այդ ճանաչումը սիմվոլիկ է և խորհրդատվական, կարևոր քայլ է առաջ: Նախևառաջ, բանաձևը հաստատում է, որ Լեռնային Ղարաբաղը համապատասխանում է պետականության 4 չափանիշներին, որ շարադրված է Մոնտևիդեոյի կոնվենցիայի 1-ին հոդվածով՝ մշտական բնակչություն, որոշակի տարածք, սեփական կառավարություն և այլ պետությունների հետ հարաբերություններ հաստատելու կարողություն: Վերջապես, այդ բանաձևը կոչ է անում հարգել միջազգային իրավունքի բոլոր գործիքները, որ ապահովում են ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, մասնավորապես՝ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հռչակագիրը. ՄԱԿ-ի հռչակագիրը միջազգային իրավունքի սկզբունքների վերաբերյալ, որ առնչվում են բարեկամական հարաբերություններին և միջպետական համագործակցությանը (1970), ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքները (բոլոր ժողովուրդները իրավունք ունեն ազատ հաստատել իրենց քաղաքական կարգավիճակը՝ առանց արտաքին միջամտության), քաղաքացիական ու քաղաքական իրավունքների մասին միջազգային պակտի 1-ին հոդվածը:


Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լե Դրիանը հայտարարել է. «1994-ին ԵԱՀԿ-ի՝ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի հետ մեզ տված իրավասությունները պահանջում են լիակատար անաչառություն» և «Մենք այլևս չենք համարվի լեգիտիմ, եթե երկու երկրներից մեկի կամ մյուսի կողմն անցնենք»: Ակնհայտ է, որ դա է Ֆրանսիայի պաշտոնական դիրքորոշումը, որ նշանակում է՝ Ֆրանսիան չի կարող իրեն թույլ տալ ճանաչել Լեռնային Ղարաբաղը, որովհետև Ֆրանսիան պետք է պայմանավորվի մյուս կողմերի հետ,, և հատկապես ԱՄՆ-ի ու Ռուսաստանի: Տրամաբանորեն Ֆրանսիան իբրև երկիր, որ վերջին 26 տարիներին եղել է Լեռնային Ղարաբաղի հարցով խաղաղ կարգավորման բանակցությունների ղեկավարներից մեկը, պետք է չեզոք գործի: Սակայն պրագմատիկ և փաստացի տեսակետից ճիշտ կլիներ հարցնել՝ դրսևորե՞լ է ձգտում Ֆրանսիան Մինսկի խմբի միջնորդի դերում և կարելի՞ է լեգիտիմ համարել Մինսկի խումբը՝ հաշվի առնելով վերջին իրադարձությունները: Վերջին մի քանի տարում Ֆրանսիայի դերն ու ազդեցությունը նվազել է Մինսկի խմբում: 2020-ի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի միջնորդությամբ ստորագրվեց հրադադարի եռակողմ համաձայնություն Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի միջև: Այդ համաձայնության բանակցություններում անտեսվել են Ֆրանսիան ու ԱՄՆ-ը, վարկաբեկվել է Մինսկի խումբը՝ հաստատելով Ռուսաստանի դերն ու դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտում իր միջնորդության վերաբերյալ: Այդ համաձայնությունը թույլ տվեց Ռուսաստանին 2000 խաղաղապահներ ուղարկել Լեռնային Ղարաբաղ՝ Հարավային Կովկասը դարձնելով իր ֆորպոստը:


Լեռնային Ղարաբաղում երրորդ պատերազմը նաև վկայեց կոնֆլիկտի ինտերնացիոնալացումը: Թուրքիան իբրև ՆԱՏՕ-ի անդամ ուրվագծեց իր պարտականությունը վարձկանների ու նույնիսկ թուրք զինվորների տեղակայմամբ կոնֆլիկտի գոտում: Մինչև պատերազմն ու պատերամի ժամանակ Էրդողանը կատաղի քննադատում էր Մինսկի խմբի ու նրա միջնորդների անարդյունավետությունը, որ հող նախապատրաստի և արդարացնի իր միջամտությունը ի շահ Ադրբեջանի: Ի պատասխան բանակցությունները վերսկսելու անհրաժաշտության ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի նոյեմբերի 10-ի հայտարարությունների, որ «պետք է լուծեն վերջին շաբաթներին կոնֆլիկտի ընթացքում տեղահանված մարդկանց վերադարձի հարցը և որոշարկեն Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը», Ռուսաստանը շատ հստակ հայտարարեց, որ «չի հանդուրժի որևէ միջամտություն նոյեմբերի 9-ին ստորագրված համաձայնությանը» և այդօրինակ մեկնաբանություններն անվանեց «խոցված ինքնասիրության» դրսևորում: «Մի իրավիճակում, երբ խոսքը բառացիորեն րոպեների մասին էր (ամեն րոպեն մարդու կյանք արժեր), զանգահարել Վաշինգտոն ու Փարիզ, պայմանավորվել՝ աջակցում են նրանք այս կամ այն ձևակերպումներին… Նման դժգոհություններ ներկայացնելը էթիկայի տեսակետից կոռեկտ չէ մարդկային սովորական բարոյականության տեսակետից» ընդգծեց Սերգեյ Լավրովը:


Հավաքելով այս գլուխկոտրուկը՝ պե՞տք է Ֆրանսիան վախենա գործող անձի ու միջնորդի իր դերը կորցնելուց, որ մինչև հիմա չի կարողացել կատարել: Գուցե ժամանակն է, որ Ֆրանսիան մտածի կրեատիվ դիվանագիտության մասին ու ընդունի, որ վերջիվերջո, այս պատերազմը, ընթացքն ու ելքը նշանավորում են ոչ միայն Հայաստանի պարտությունը, այլև ֆրանսիական դիվանագիտության ճգնաժամը Հարավային Կովկասում՝ դա է Ֆրանսիայի անգործության ու բանակցություններին չխառնվելու հետևանքը: Բոլոր այս գործոններից ո՞րը կգերակշռի: Ձևանալ չեզոք Մինսկի խմբի շրջանակներում, որի լեգիտիմությունը կասկածի տակ են դրել վերջին իրադարձությունները և տանուլ տալ դիվանագիտական մարտը Թուրքիայի ու Ռուսաստանի դե՞մ, թե՞ վերանայել սեփական գերակայությունները, քաջություն ու քաղաքական կամք հավաքել՝ հաստատելու միջազգային աշխարհաքաղաքականության մեջ գլխավոր գործող անձի սեփական դերն ու դիրքորոշումը և այդպիսով՝ խաղաղություն տանել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին: Վերջապես՝ Ֆրանսիան կարող է ստանձնել այդ հարցի առաջատարությունը ԵՄ շրջանակներում՝ խրախուսելով մյուս երկրներին ճանաչել Լեռնային Ղարաբաղը՝ ամրապնդելով ԵՄ հավակնությունները, որ ձգտում է դառնալ միջազգային մասշտաբի աշխարհաքաղաքական խաղացող: Ինչպես արդարացի ասել էր սենատորը՝ խաղասեղանին Ֆրանսիայի պատիվն է:
Գոհար Գրիգորյան, Le Figaro


Հ․Գ․ RFI-ն հաղորդում է, որ նոյեմբերի 3-ին Ազգային ժողովը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչող բանաձը՝ 188 կողմ. 3 դեմ, 16 ձեռնպահ: Բանաձևի տեքստը, որ օրենսդրական ուժ չունի և խորհրդատվական է, համատեղ քննարկման են դրել աջ Հանրապետական, կենտոնամետ (UDI-Union centriste), սոցիալիտական, CRCE (հիմնականում՝ կոմունիսստներ), բնապահպանների խմբակցությունները: Բանաձևի ընդունմանը դեմ ելույթ ունեցավ ԱԳ նախարար Ժան Իվ Լե Դրիանը՝ իր դիրքորոշումը հիմնավորելով, որ բանաձևի ընդունումը կարող է խանգարել Ֆրանսիային միջնորդի դերը պահպանել: Այս որոշումը կարող է նշանակել «մեր հեռացումը Մինսկի պմբի համանախագներից»՝ ընդգծեց նա: Այնուամենայնիվ, բանաձևը ընդունվեց: «Մենք չենք հավատում երկարաժամկետ լուծման՝ Ռուսաստանի հովանու ներքո հրադադարի համաձայնությունը ստորագրելուց հետո»՝ հայտարարեց սոցկուսակցության ներկայացուցիչ Օլիվիե Ֆորը, որ մտադիր է դեկտեմբերի 6-9 անձամբ այցելել Լեռնային Ղարաբաղ: Նոյեմբերի 25-ին Սենատը ևս Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու կոչով բանաձև է ընդունել, որ հարուցել է Ադրբեջանի ու Թուրքիայի ակտիվ բողոքները:


Ռուսաստանը, ինչպես մյուս երկրները, չի փոխել իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ, այդ տարածքի պատկանելությունը վաղուց որոշվել էր Անվտանգության խորհրդի բանաձևերով, լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Այս տարածքի պատկանելիությունը որոշվել է Անվտանգության խորհրդի համապատասխան հին բանաձևերով: Այս ամենը նշված է Անվտանգության խորհրդի բանաձևերում: Ռուսաստանը ոչինչ չի փոխել: Փաստացի, ոչ մի երկիր չի փոխել դիրքորոշումը», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե պատերազմից հետո փոխվե՞լ է Ռուսաստանի վերաբերմունքը Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ:


«Եվ նախագահ Վլադիմիր Պուտինն է ասել, որ Ղարաբաղն ինքնին չի ճանաչվել, այն չի ճանաչվել նույնիսկ Հայաստանի կողմից: Նախագահ Պուտինը խոսել է այդ մասին», - հիշեցրել է նա:
Երևանը ողջունում է Ֆրանսիայի Ազգային ժողովի՝ ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունված Լեռնային Ղարաբաղի ճանաչման անհրաժեշտության բանաձևը, որը հաջորդել է Սենատի՝ նախորդ շաբաթ ընդունած նույնանման բանաձևին։


ՀՀ ԱԳՆ խոսնակի մեկնաբանությունում ասված է՝ Ֆրանսիայի խորհրդարանի՝ թե ստորին և թե վերին պալատների միասնական դիրքորոշումը խորհրդանշում է Ֆրանսիայի և ֆրանսիացիների վճռական բողոքի ձայնն ընդդեմ Ադրբեջանի կողմից Թուրքիայի ու ահաբեկիչ վարձկանների աջակցությամբ Արցախի ժողովրդի հանդեպ իրականացրած ագրեսիայի և էթնիկ զտման ու ցեղասպան նկրտումներ պարունակող քաղաքականության։ ՀՀ ԱԳՆ-ն կարևոր է համարում, որ բանաձևում արձանագրվում են նաև Արցախի խաղաղ բնակչության անվտանգության երաշխավորման անհրաժեշտության, Ադրբեջանի կողմից ռազմական ճանապարհով խաղաղության գործընթացը ձախողելու և Լեռնային Ղարաբաղում Թուրքիայի աջակցությամբ ահաբեկչական խմբավորումների և վարձկանների տեղակայման փաստերը։ «Մենք կարևորում ենք միջազգային հանրության նման քայլերը՝ ի նպաստ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերջնական ու արդարացի լուծմանը և Արցախի՝ ինքնորոշման իրավունքի վրա հիմնված կարգավիճակի ճանաչմանը, ինչն այսօր դարձել է արցախահայության անվտանգության ապահովման գլխավոր հրամայականներից մեկը», - ասված է մեկնաբանությունում։


Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, թե Ֆրանսիան շուտով «կազատվի Մակրոնից», բնորոշելով նրան «երկրի վրա ծառացած բեռ»։ Փարիզն ու Ակարան փոխադարձ մեղադրանքներ էին հնչեցնում նաև ղարաբաղյան վերջին պատերազմի ընթացքում, Մակրոնը պնդում էր, որ Թուրքիան սադրիչ քայլեր է ձեռնարկում և հակամարտության գոտի տեղափոխում սիրիացի վարձկանների։ Անկարան մեղադրում էր Ֆրանսիային կողմնակալ վերաբերմունքի և հայկական կողմին աջակցելու համար։ «Մակրոնը բեռ է Ֆրանսիայի համար։ Մակրոնն ու Ֆրանսիան այժմ շատ վտանգավոր փուլով են անցնում, և ես հույս ունեմ, ու Ֆրանսիան կձերբազատվի Մակրոնի նման գլխացավանքից որքան հնարավոր է արագ», - ուրբաթօրյա նամազից հետո դիմելով հավատացյալներին՝ հայտարարել է Ռեջեփ Էրդողանը։ Փաստացի՝ նա իր երազանքները պարտադրում է Ֆրանսիային,, ու մեկ էլ Ալիևին, սպասենք իրադարձությունների ընթացքին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 12986

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ