Երեկ «Իրատես de facto»-ի խմբագրություն էր զանգահարել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ցմահ ազատազրկված Արմեն Տեր-Սահակյանի զարմիկը, ով տեղեկացրեց, որ Տեր-Սահակյանն արդեն 16-17 օր է՝ հացադուլ է հայտարարել, սակայն պատկան մարմինների որևէ ներկայացուցիչ չի այցելել նրան: Դատապարտյալը խնդրում է, որ իրեն այցելի իրավաբանական գծով ՀՀ նախագահի օգնական Գևորգ Կուտոյանը, բայց վերջինս ոչ միայն չի արձագանքում, այլև որևէ ներկայացուցիչ չի ուղարկում:
Արմեն Տեր-Սահակյանը դիմել է դատախազություն, ՄԻՊ-ին, սակայն այս կառույցներից նրան փոխանցել են, որ իրենց իրավասությունների շրջանակում չէ նրա «գործը»:
Այսօր հարազատներն անհանգստացած են ոչ միայն դատապարտյալի առողջական վիճակով, այլև այն համատարած անտարբերությամբ, որ ցուցաբերվում է Արմեն Տեր-Սահակյանի նկատմամբ: Նրանք նշեցին, որ եթե այս «գործելակերպը» շարունակվի, ցմահ դատապարտյալը կարելու է բերանը:
Հիշեցնենք, որ Արմեն Տեր-Սահակյանը շուրջ 17 տարի է՝ ազատազրկված է: Նա դատապարտվել է զինված խմբի կազմում ահաբեկչություններ իրականացնելու համար: Հավելենք նաև, որ Արմեն Տեր-Սահակյանը ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանի մերձավոր շրջապատի անդամ էր և ՀՀՇ կուսակցության ակտիվիստ:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ