ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Երբ երկրում ազնվության դեֆիցիտ կա, հուսահատության ճիչը հղվում է առ երկինք

Երբ երկրում ազնվության դեֆիցիտ կա, հուսահատության ճիչը հղվում է առ երկինք
05.01.2014 | 14:49

«Այսօր ՀՀ-ում 15 քաղբանտարկյալ կա: Ընդդիմադիր առաջնորդ Շանթ Հարությունյանի կյանքը վտանգված է: Երկու ամիս ենթարկվելով ֆիզիկական և հոգեբանական ճնշումների և բռնությունների՝ դեկտեմբեր 24-ին բանտում նա դիմել է ծայրահեղ միջոցի` հացադուլի` պահանջելով վերացնել ընտանիքի անդամների այցելությունների արգելքը և կյանքի անվտանգության երաշխիքներ տալ: Գտնվելով հացադուլի մեջ՝ նա մնացել է ծայրահեղ վիճակում`առանց անհրաժեշտ բժշկական հսկողության, առանց արտաքին աշխարհի հետ շփման հնարավորության, նա իրավունք չունի հանդիպել ընտանիքի անդամների հետ, ցանկացած այցելություն մերժվում է նրա և մյուս 14 քաղբանտարկյալների համար»,-սա մի հատված է աշխարհի ազդեցիկ մի քանի դեմքերին ուղղված նամակից: Ծննդյան տոների նախօրեին ավելի քան 1500 հայերի ստորագրությամբ նամակը հղվել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Առաջինին, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային, Շվեյցարիայի կոնֆեդերացիայի ֆեդերալ խորհրդատու Դիդյե Բուխհալթերին, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունին: Նամակում ասվում է, որ դատարանը վերջերս երկու ամսով երկարացրել է «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանի և մյուս 14 ազատազրկվածների կալանքը` «առանց հիմքի և բացատրության»: Նամակի հեղինակները խնդրում են աջակցել Հայաստանի ժողովրդավարացմանը` ընդհանրապես և մասնավորապես` քաղաքական դրդապատճառներով 15 ազատազրկվածների իրավունքների պաշտպանության հարցում. «Մենք` ՀՀ քաղաքացիներս, ասում ենք` ո՛չ ՄՄ հետ ուժային միացմանը, ո՛չ մեր ժողովրդի ոչնչացմանը, ո՛չ մեր ինքնիշխանության ու պետականության կորստին, ո՛չ կաշառակերությանը, ո՛չ բռնատիրությանը, ո՛չ հետապնդումներին, ո՛չ քաղաքական բանտարկյալներին: … Բարձրացրեք ձեր մարդասիրական ձայնը, տվեք ձեր թանկարժեք սատարումը մեր քաղբանտարկյալներին և նրանց ընտանիքներին: Նրանց կենսապայմանները դարձնել տանելի և մարդկային, երաշխավորել նրանց անվտանգությունը և վերացնել նրանց սպառնացող մահվան վտանգը»: Երբ հասարակության մի հատված իր գաղափարների-սկզբունքների-դիրքորոշման պաշտպանությունը չի գտնում սեփական երկրում ու ճարահատ դիմում է ուրիշներին, նշանակում է, սեփական երկրում անկեղծության-ճշմարտության-ազնվության դեֆիցիտ կա: Սա, իրականում, սարսափելի է: Այդ հասարակությունը, ուրեմն, բռնել է դեգրադացման ճանապարհը, այդ երկրի քաղաքական էլիտա կոչվածը, ուրեմն, անգործունակ է, այդ երկրի ընդդիմությունը, ուրեմն, քաղաքականություն սարքող է, ոչ թե իրականացնող: Գուցե ծայրահեղ է, բայց երբ ընդդիմությունը քաղաքական դրդապատճառներով ձերբակալվածներին վերաբերվում է ընտրողաբար, երբ Շանթ Հարությունյանի նման մեկը, ով, որևէ քաղաքական ուժի համակիրը չլինելով, պաշտպանել է իր գաղափարները, որոնք գուցե որոշ սկզբունքային հարցերում տարբերվել են մյուսների գաղափարներից, բայց և հատվել են մի կետում` երկրում իշխանափոխության, երբ այդ մեկն ազատազրկված է, իսկ նրա համար իրականացվող բողոքի ակցիաները ընդդիմադիր կոչվող ուժերի կողմից սատարում չեն գտնում, հասարակության մի հատվածին մնում է սեփական բողոքի ճիչն ուղղել երկրից դուրս, որ նույնն է թե` առ երկինք: Եվ այդ հատվածի համար ընդդիմությունը դառնում է ապաշնորհ, կեղծավոր և ամուլ:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 2680

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ