ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Նորայր ՆՈՐԻԿՅԱՆ. Մենք մնացել ենք Իսրայել Օրու ժամանակակիցը

Նորայր ՆՈՐԻԿՅԱՆ. Մենք մնացել ենք Իսրայել Օրու ժամանակակիցը
20.07.2013 | 13:48

Հրաչյա Հարությունյանի մեծ աղմուկ հանած գործը հրաշալի լակմուսի թուղթ հանդիսացավ՝ մեկ անգամ ևս հասկանալու, ըմբռնելու մեր հավաքական գիտակցության մեջ արմատացած այն հիվանդագին ախտերը, որոնցից, արդեն քանի-քանի դար, չենք կարողանում ձերբազատվել:
Հրաչյայի դեմ ցուցաբերած անմարդկային վերաբերմունքի նկատմամբ իսկապես արդարացի դժգոհություն արտահայտելը շատերի կողմից ընկալվեց որպես դեմարշ ռուսների և Ռուսաստանի հանդեպ:
Ենթատեքստով հասկացվում էր ավանդաբար մեզ հրամցվող այն միտքը, թե՝ քանի՞ գլխանի եք, որ հանդգնել եք բացասաբար խոսել ռուսների կամ Ռուսաստանի դեմ, որ Ռուսաստանն է մեզ պահում, որ առանց Ռուսաստանի մենք կործանված ենք, որ թուրքերը կուտեն մեզ: Մի խոսքով՝ Ռուսաստանը մեր «պապան» է:
Ես իսկապես ցավ եմ ապրում, որ մեր մեջ, ցավոք սրտի, այդպես էլ չի ձևավորվում ՀՀ քաղաքացու կերպարը, տեսակը, արժեհամակարգը, մենք այդպես էլ մնացել ենք Իսրայել Օրու ժամանակակիցը՝ դեգերումների, անհույս որոնումների, ինչ-որ փրկության հույս գտնողների սին մտայնությամբ:
Լսե´ք, ուզենք, թե չուզենք, լավ, թե վատ, ճիշտ, թե սխալ՝ սա Հայաստանի Հանրապետությունն է, այս երկիրը, վերջիվերջո, ճանաչված է որպես անկախ, ինքնիշխան պետություն ու հանդիսանում է միջազգային իրավունքի սուբյեկտ:
ՈՒ մեր խնդիրը, մեր դիրքորոշումը ոչ թե պետք է լինի կողմնորոշումը դեպի Ռուսաստան, Ամերիկա կամ Եվրոպա, մի քիչ էլ՝ Չինաստան, այլ սեփական պետության պետական շահի գիտակցումն ու դրանով առաջնորդվելը:
Լավ, որքա՞ն դժվար է հասկանալ, որ նույնքան անընդունելի պետք է լինի պուտինյան Ռուսաստանը, նույնքան և դեմոկրատական Ամերիկան կամ մեռնող Եվրոպան, եթե նրանց քաղաքականությունն ավերիչ դրսևորում ունի Հայաստանի համար:
Եվ իսկապես տգիտության դրսևորում է, որ եթե քննադատում ես Ռուսաստանին, ուրեմն ապավինում ես Արևմուտքին ու հակառակը: Սա ի՞նչ ինքնաոչնչացման մտայնություն է, մազոխիստի ձեռագիր:
Այդուհանդերձ, համաձայն եմ՝ եթե բացարձակ անկախությունը ուտոպիա է, ուրեմն բացարձակ ստրկամտությունն էլ անբարոյականություն է ու վերջնական կործանման ազդանշան:

Դիտվել է՝ 3007

Մեկնաբանություններ