«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

«Իմ ներկայացրած թվերը կուրախացնեն ձեզ»

«Իմ ներկայացրած թվերը կուրախացնեն ձեզ»
08.02.2013 | 02:15

«Գրանդ Հոլդինգի» նախագահ ՀՐԱՆՏ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ, կազմակերպության ֆինանսական տնօրեն ՍԱՄՎԵԼ ՍԱՀԱԿՅԱՆԸ և մամուլի պատասխանատու ՎԱՀՐԱՄ ԲՐՈՒՏՅԱՆԸ հրավիրել էին մամլո ասուլիս` լրատվադաշտի ներկայացուցիչների հետ կիսելու իրենց ուրախությունը «Գրանդ Հոլդինգի» հաջողությունների, մասնավորապես` ծխախոտագործության բնագավառում գրանցած ձեռքբերումների առթիվ:
Պարոն Վարդանյանն ասաց, որ իրենց աշխատանքին վերաբերող վերջին հինգ տարիների ցուցանիշները կարող են ուրախության առիթ դառնալ մեզ, նախանձի առիթ` այլոց համար: «Թող մի անգամ էլ այնպիսի ասուլիս լինի, որի ընթացքում խոսակցությունը վերաբերի թվերին: Իմ ներկայացրած թվերը կուրախացնեն ձեզ»,- ասաց նա լրագրողներին: Իսկ թվերն ունեին հետևյալ պատկերը: 2011 թ. «Գրանդ Տոբակո» և «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերություններն արտահանել են 130232 արկղ սիգարետ` 13555985 ԱՄՆ դոլար արժողությամբ, 2012-ին` 377903 արկղ սիգարետ` 40585500 ԱՄՆ դոլար արժողությամբ: Նույն ժամանակահատվածում Հայաստան է ներմուծվել ընդամենը 272862 արկղ սիգարետ: Նախագահը նշեց, որ 1980-ականների վերջին «Հայծխախոտ» արտադրական միավորումը տարեկան արտադրում էր առավելագույնը 12 միլիարդ հատիկ սիգարետ, որից 5 միլիարդը առանց ֆիլտրի սիգարետներն էին, իսկ մնացած 7 միլիարդը` հիմնականում փափուկ տուփով ֆիլտրով սիգարետները:
Ընդլայնվել է արտահանման աշխարհագրությունը. 2012-ին այն ընդգրկել է 22 երկիր:
Աճել են նաև «Գրանդ Քենդի» ընկերության արտահանման ծավալները: 2011-ին արտահանվել է 215020 կգ հրուշակեղեն, 2012-ին` 642800 կգ:
2008-12 թթ. կատարվել է 51 մլն 568 հազար ԱՄՆ դոլարի ներդրում արտադրական նշանակության սարքավորումների ձեռքբերման նպատակով: Սարքավորումների արտադրական հզորությունները կազմում են տարեկան 17 միլիարդ հատիկ ֆիլտրով սիգարետ: Ծրագրված է 2013-14 թթ. արտադրել տարեկան 35 միլիարդ հատիկ սիգարետ` միջազգային ստանդարտներին համապատասխան չափանիշներով: Դրանցից 30 միլիարդը կարտահանվի և հիմք կդառնա, որ «Գրանդ Տոբակո» և «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերությունները դասվեն վերազգային կորպորացիաների շարքին:
Գյուղական համայնքներում ծխախոտագործությամբ զբաղվողների թիվը 2012-ին հասել է մոտ 20000-ի: Արտահանման աճին զուգընթաց աճում է աշխատատեղերի թիվը: Այսօր «Գրանդ Հոլդինգում» աշխատում է ավելի քան 6300 մարդ` 170000 դրամ միջին աշխատավարձով:
«Գրանդ Հոլդինգը» հանրապետության խոշոր հարկատուներից է` 4-րդը խոշոր հարկատուների ցանկում: 2012-ին վճարել է 18 մլրդ 520 մլն 363 հազար դրամի հարկ:
Թեև ասուլիսի սկզբում պարոն Վարդանյանը հայտարարեց, որ օրվա քննարկումներում բացառում է անդրադարձը քաղաքականությանը, սակայն բարձրացված հարցերի շրջանակներում լրագրողներին խոստովանեց, որ ինքը և իր մերձավոր շրջապատն այս նախագահական ընտրություններում իրենց քվեն տալու են ՀՀ գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին, քանի որ իրենց կազմակերպության գրանցած տպավորիչ հաջողությունների մեջ մեծ է հենց երկրի իշխանությունների դերակատարությունը: Խոսեց նաև Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի մասին` կարծիք հայտնելով, որ շատ երկրներ և ժողովուրդներ կնախանձեն մեզ` նման ազատատենչ և ազգասեր քաղաքական գործիչ ունենալու համար:
«Իրատես de facto»-ն Հրանտ Վարդանյանին երկու հարց ուղղեց:

-Պարոն Վարդանյան, Ձեր ներկայացրած թվերի հետևում կանգնած են մարդիկ, Ձեր` շուրջ 6300 աշխատողները: Հետաքրքիր է իմանալ, թե քանի՞ ժամ է տևում նրանց աշխատանքային օրը:
-Բանվորական հաստիքով աշխատողների համար աշխատանքային օրվա տևողությունը 8 ժամ է, իսկ ղեկավար անձնակազմինը` սկսած ինձնից, չունի որոշակի սահմանափակում: Ես, միջին հաշվով, աշխատում եմ օրը 12-14 ժամ: Աշխատում եմ նաև կիրակի օրերին: Նույն կերպ են աշխատում նաև ղեկավարության մյուս ներկայացուցիչները, օրինակ` Սամվել Սահակյանը: Բանվորներն էլ են աշխատանքի գալիս կիրակի օրերին: Արդեն չորրորդ տարին է, որ մենք աշխատանքի ենք դուրս գալիս հունվարի 3-ից: Հայաստանում այդ օրը երբեք աշխատանքային օր չի եղել: Բայց եթե իմ աշխատողներից որևէ մեկին ասեն, որ պիտի չաշխատեն հունվարի 3-ին, նրանք շատ դժգոհ կմնան: Մենք չէ, որ պարտադրում ենք մեր աշխատողներին այդ օրը գալ աշխատանքի: Մարդիկ գալիս են, որովհետև հավատում են: Հավատում են իրենց աշխատանքին, հավատում են ինձ, հավատում են երկրի ղեկավարին: Ես դրանում ոչ մի վատ բան չեմ տեսնում:
-Շատ մասնավոր կառույցներ, 2012-ից սկսած` նաև պետական որոշ հիմնարկներ, զբաղվում են իրենց աշխատակիցների առողջության ապահովագրությամբ: Ի՞նչ հիմքերի վրա է դրված այս հարցը «Գրանդ Հոլդինգում»,- եղավ մեր երկրորդ հարցը, որին ի պատասխան պարոն Վարդանյանն ասաց.
-Մեզ մոտ չկա մարդ, որ գնա հիվանդանոց և մեզնից օգնություն չստանա: Մենք արհմիությունների տեսքով չենք այդ ամենը կարգավորում, բայց սկսել ենք նաև այդ ուղղությամբ աշխատել: Ներկա դրությամբ եթե որևէ մեկը գնում է վիրահատության կամ ենթարկվում է արտադրական տրավմայի, բոլոր ծախսերը հոգում է ընկերությունը: Իհարկե, եթե մարդը հիվանդանում է գրիպով և մեկ շաբաթ չի գալիս աշխատանքի, այդ հարցով «Գրանդ Հոլդինգը» չի զբաղվում, բայց լուրջ խնդիրներ ունենալու դեպքում մենք աջակցություն ենք ցույց տալիս:
Ասուլիսի վերջում «Գրանդ Հոլդինգի» նախագահն իր խոսքը «համեմեց» «Գրանդ Քենդիի» կենսագրությանն անմիջականորեն առնչվող հետևյալ պատմությամբ: Մի հայուհի ԱՄՆ է տարել «Գրանդ Քենդիի» արտադրանքը: Ինչպես հայտնի է, սննդամթերքի տեղափոխությունն այդ ճանապարհով համարվում է անթույլատրելի: Բայց երբ ամերիկացի սևամորթ մաքսավորը տեսել է արտադրանքի անվանումը, ոգևորված ձայն է տվել իր կոլեգաներին, և բոլորը մեծ հաճույքով ճաշակել են հայկական քաղցրավենիքը: Նաև թույլ են տվել, որ կինն իր բերածի մի մասն անցկացնի մաքսակետով: Պարոն Վարդանյանին ոգևորել էր այն փաստը, որ ամերիկացիներին ոչ միայն ծանոթ է եղել «Գրանդ Քենդի» անունը, այլև արտադրանքը: Սա, նրա կարծիքով, խոսում է արտադրանքի և իրենց աշխատանքի բարձր որակի մասին:


Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 3103

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ