«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

2015 թ. կընդունենք Բոլոնիայի նախարարական գագաթնաժողովը

2015 թ. կընդունենք Բոլոնիայի նախարարական գագաթնաժողովը
15.01.2013 | 11:54

2015 թվականի մայիսին Երևանը հյուրընկալելու է Բոլոնիայի նախարարական գագաթնաժողովը, որին նախորդել էր 2012 թ. Բուխարեստում Բոլոնիայի քարտուղարության հանձնումը Հայաստանին: Բոլոնիայի քարտուղարության հայաստանյան անձնակազմն իր գործունեությունը պաշտոնապես ծավալել է 2012 թ. հուլիսի 1-ից։ Ի՞նչ աշխատանքներ է տանում քարտուղարությունը, ինչպե՞ս ենք պատրաստվում Բոլոնիայի նախարարական գագաթնաժողովին. այս հարցերի շուրջ զրուցեցինք Բոլոնիայի քարտուղարության ղեկավար ԳԱՅԱՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ։

-2012-ին Հայաստանին հանձնվեց Բոլոնիայի գործընթացի հետամուտ խմբի քարտուղարությունը։ Ինչո՞վ էր պայմանավորված քարտուղարության հանձնումը Հայաստանին։
-Նախկինում ևս Բոլոնիայի քարտուղարության պարտականությունները ստանձնել է ոչ ԵՄ անդամ երկիր։ Այդուհանդերձ, Հայաստանն առաջինն է ԱՊՀ տարածաշրջանի երկրներից, որ ընտրվել է որպես նախարարական գագաթնաժողով կազմակերպող երկիր։ Կան որոշակի պայմաններ, որոնց դիմող երկիրը պետք է բավարարի։ Երկրի ընտրությունը կատարվում է բաց քվեարկությամբ, որին մասնակցում են Բոլոնիայի գործընթացի անդամ երկրները, ինչպես նաև Եվրահանձնաժողովը։ Դիմող երկիրը նաև ներկայացնում է ազգային կրթական բարեփոխումները Բոլոնիայի գործընթացի շրջանակներում, տեղեկություններ տրամադրում բարձրագույն կրթական համակարգի, ինչպես նաև առկա խնդիրների ու մարտահրավերների վերաբերյալ։ Իհարկե, ընտրության հարցում նաև մեծ նշանակություն ունի տվյալ երկրի ցուցաբերած ակտիվությունը Բոլոնիայի գործընթացում։ Հայաստանը բավականին ակտիվ է եղել, համենայն դեպս, վերջին տարիներին. մեր նախաձեռնությամբ կազմակերպվել են միջազգային համաժողովներ, հանդիպումներ, ինչպես նաև Հայաստանը մասնակցել է Բոլոնիայի գործընթացի հետամուտ խմբի, նրա խորհրդի աշխատանքներին և ներգրավված է եղել մի շարք միջազգային աշխատանքային խմբերում: Հաշվի առնելով ազգային ձեռքբերումները և ցուցաբերած ակտիվությունը` Հայաստանն ընտրվեց որպես հաջորդ նախարարական գագաթնաժողովը կազմակերպող երկիր։
-Բոլոնիայի քարտուղարության ստանձնումն ի՞նչ կտա Հայաստանին և հայկական կրթական համակարգին։
-Այն փաստը, որ Հայաստանն ընտրվել է Բոլոնիայի հաջորդ նախարարական գագաթնաժողովի հյուրընկալող երկիր, մեր բարձրագույն կրթական համակարգի` Բոլոնիայի գործընթացի շրջանակներում ձեռքբերումների բարձր գնահատականն է։ Այսօր ես չգիտեմ որևէ երկիր, որը խնդիրներ չունենա։ Բոլոնիայի գործընթացը լայնածավալ է և լի շարունակական բարեփոխումներով։ Բարեփոխումներն ընթանում են երկու փուլով. առաջին փուլը նվիրված էր կառուցվածքային բարեփոխումներին, երկրորդ փուլը, որը մեկնարկել է 2010-ին, ուղղված է բովանդակային ներդրմանը։ Ի վերջո, հարկ է նշել, որ գագաթնաժողովի հյուրընկալումը շփման նոր հարթակ է բացում հայկական բուհերի համար, ինչը ենթադրում է ակտիվ համագործակցություն միջազգային շրջանակներում։ Մեծ հնարավորություններ են նաև ստեղծվում ուսանողների համար. մասնավորապես, Հայաստանի ազգային ուսանողների միությունը վերջերս դարձավ Եվրոպական ուսանողական միության լիիրավ անդամ։ Այժմ Բոլոնիայի քարտուղարությունը գտնվում է Հայաստանում, և 47 եվրոպական երկրների` Բոլոնիայի գործընթացի շրջանակներում ընթացիկ աշխատանքների համակարգումն իրականացվում է մեր գրասենյակի կողմից։ Երեք տարի անց աշխատանքների արդյունքում մենք կունենանք մասնագետներ, որոնք խորությամբ տիրապետում են կրթական բարեփոխումներին և հետագայում կարող են շարունակել իրենց գործունեությունն ու ներդրում ունենալ կրթական գործընթացներում։
-2015 թ. Երևանում կայանալիք Բոլոնիայի նախարարական գագաթնաժողովում ի՞նչ հարցեր են քննարկվելու։
-Գագաթնաժողովի օրակարգն այսօր դեռ հայտնի չէ, սակայն կա հարցերի ընդհանուր շրջանակ, 10 ուղղություն, որոնք կլինեն քննարկման առանցքային կետերը։ Նշեմ, որ 2015 թ. Երևանում Բոլոնիայի նախարարական գագաթնաժողովի հետ մեկտեղ կանցկացվի նաև Բոլոնիայի 4-րդ քաղաքական ֆորումը, որին մասնակցելու են ոչ միայն Բոլոնիայի գործընթացի անդամ երկրները, այլև աշխարհի մնացած երկրները։ Բոլոնիայի գործընթացն այսօր աշխարհում մեծ արձագանք է ստացել, և կան տարածաշրջաններ (Ասիայի և խաղաղօվկիանոսյան ավազանի երկրները), որոնք փորձում են նմանատիպ գործընթաց սկսել։ Քաղաքական ֆորումում քննարկումները նույնպես լինելու են բարձրագույն կրթական բարեփոխումների համատեքստում, քանի որ աշխարհի բոլոր երկրներն են կանգնած բարձրագույն կրթության խնդիրների առջև` որակյալ կրթություն, կրթության և գիտության կապի սերտացում և այլն։
-Տիկին Հարությունյան, այսօր մեզանում շատ է խոսվում կրթության որակի անկման մասին։ Եվրոպան կամ այլ երկրներ նո՞ւյնպես կանգնած են նման խնդիրների առջև։
-Կրթության որակի բարձրացման հարցը ծառացած է բոլոր երկրների առջև, այդ թվում՝ ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և այլն։
-Կրթություն ստանալու հնարավորություններն աստիճանաբար ավելի են մեծանում, սակայն կրթության որակը համարժեքորեն չի բարձրանում։ Պատճառը ո՞րն է։ Դուք ինչպե՞ս կգնահատեք կրթության որակը։ Ընդհանուր առմամբ լսում ես՝ բոլորը պահանջում են որակյալ կրթություն։
-Բայց մենք ունենք որակյալ շատ կադրեր, բանիմաց երիտասարդներ, որոնք ստացել են լավ կրթություն, և դա մեր կրթական համակարգի արդյունքն է։ Իհարկե, կան բազմաթիվ խնդիրներ, բայց դրանք պատճառ չեն ամբողջ համակարգը փնովելու համար։ Մեծ ջանքեր են թափվում, հսկայական աշխատանք է տարվում։ Երբ ինքդ գործընթացի մեջ ներգրավված չես, քննադատելը շատ հեշտ է։ Այն երիտասարդները, ովքեր հաջողությամբ շարունակում են իրենց կրթությունն աշխարհի ամենահեղինակավոր կրթօջախներում, ի վերջո, մեր դպրոցի, մեր բուհական համակարգի արդյունք են։ Որակյալ կրթություն ապահովելու նախապայման է նաև աշխատաշուկայի մասնակցությունը կրթական պրոցեսին, որը ենթադրում է պահանջների հստակ առաջադրում և, ինչու ոչ, նաև ֆինանսական աջակցություն։ Իսկ այսօր այդ օղակների համագործակցության մշակույթը նոր է ձևավորվում։ Բոլոնիայի գործընթացը հատկապես գնահատելի է նաև նրա համար, որ այն նոր տիպի համագործակցային հարաբերությունների հնարավորություն է տալիս կրթության բոլոր շահառուներին՝ ուսանողներին, բուհերին, գործատուներին:


Զրուցեց Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 4019

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ