ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Խաղաղությունը շատ լավ բան է, բայց մենք կորցրածը դեռ պիտի հետ բերենք»

«Խաղաղությունը շատ լավ բան է, բայց մենք կորցրածը դեռ պիտի հետ բերենք»
25.05.2012 | 00:06

«Երբ Կոմանդոսը ժամանել է Արցախ, Արցախի թեմի առաջնորդ Պարգև եպիսկոպոս Մարտիրոսյանը հարցրել է` ինչո՞ւ ես եկել: Կոմանդոսը պատասխանել է, որ եկել է ազատագրելու Շուշին, որ հետո էլ ազատագրի իր հայրենի Կարսը»:
Այս մասին պատմեց գրող, հրապարակախոս ԳՐԻԳՈՐ ՋԱՆԻԿՅԱՆԸ` գրողների տանը Շուշիի ազատագրման 20-ամյակին նվիրված հանդիսության ժամանակ:
Իսկ երբ ինքը` գրողը, Արկադի Տեր- Թադևոսյանին ասել է, որ նրա կյանքը լեգենդ է, և պետք է այդ լեգենդի մասին անպայման գրվի, վերջինս բառացիորեն պատասխանել է. «Ի՞նչ լավ բան ենք արել, որ ուզում ես մեր մասին գրել. մարդ ենք սպանել»: «Ասացի` Շուշի եք ազատագրել, հայ ժողովրդին հպարտություն եք տվել, ասաց` մարդ ենք սպանել,- պատմեց Գրիգոր Ջանիկյանը, հավելելով, որ Ադրբեջանը 34 ազգային հերոս ունի, այն դեպքում, որ մենք հաղթել ենք պատերազմում, բայց ունենք ընդամենը 7 հերոս:- Մենք ունենք «ողբացող» քաղաքներ, Ադանայի ողբը հայտնի է ամբողջ աշխարհին։ Մտածում եմ` ինչո՞ւ չունենք հերոս քաղաքներ: Մի՞թե Շուշիի ազատագրման քսանամյակը հրաշալի առիթ չէ, որ Շուշին կոչվի հերոս քաղաք, իսկ Շուշին ազատագրողը Հայաստանի ազգային հերոս հռչակվի»:
Ցերեկույթին ներկա էր Շուշիի ազատագրման ռազմական գործողության ղեկավար, գեներալ-մայոր, արցախյան ազատամարտի հերոս ԱՐԿԱԴԻ ՏԵՐ-ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ:
«Ի՞նչ պետք է փոխանցենք այսօրվա երիտասարդներին»,- հարցրինք գեներալին:
Նա նշեց, որ անցյալում մենք միշտ պարտվել ենք, միշտ ասել ենք, որ հայերը քիչ են եղել, զենք չեն ունեցել, մինչդեռ պատմությունը ցույց է տալիս, որ եթե ազգը միասնական է, ունի գաղափարախոսություն, նա միշտ հաղթում է: «Հրեաները պետություն չունեին, բայց ունեին գաղափարախոսություն ու գիտեին, որ պետություն պիտի ստեղծեն այնտեղ, ուր իրենց թշնամիները տասնյակ անգամ շատ էին իրենցից,- ասաց նա:- Որպեսզի ազգը ուժեղ լինի, պիտի ունենանք պրոֆեսիոնալ մասնագետներ, մեր մասնագիտությամբ պիտի երկիրը պաշտպանենք, ոչ միայն զենքով: Մենք պետք է երիտասարդներին փոխանցենք, որ կարող ենք դիմակայել, պաշտպանել, ազատ ապրել, ուժեղ ազգ լինել: Երբ փոքր էինք, մեզ վախեցնում էին` «թուրքերը կգան», այսօրվա երիտասարդներին ոչ ոք չի վախեցնում: ՈՒժեղ ազգին սիրում են, իսկ ավելի շատ` հարգում»:
Այսօր շատ է խոսվում (համացանցում և այլուր) բանակի մասին, և ավելի շատ` քննադատական շեշտադրումով: Արկադի Տեր-Թադևոսյանը նկատեց, որ բանակում կան և՛ դրական, և՛ բացասական երևույթներ, սակայն դրականի մասին չի խոսվում: Նրա խոսքով` ցավալի է, որ մահվան դեպքեր են լինում, չես կարող լռել դրանց մասին, բայց պետք է պարզել` որտեղի՞ց են գալիս սխալները: «Մեր բանակը լուծելիք խնդիրներ ունի, և այդ ուղղությամբ աշխատանք է տարվում»,- ասաց նա:
Օրվա խորհուրդը, ինչպես նշեց ՀԳՄ նախագահ ԼԵՎՈՆ ԱՆԱՆՅԱՆԸ, ծառայում էր նաև հայ գրողի, հայ գրի, հայ գրականության ներկայությանը Արցախյան հերոսամարտին: Նրա խոսքով` մեր գրողները, ոմանք զենքով, ոմանք էլ գրիչը զենք դարձրած, միացան համաժողովրդական պայքարին:
«Կարո՞ղ ենք պատերազմի մասին գրել այնպես, ինչպես Ռեմարկը»: «Եթե լիներ մերօրյա հերոսամարտին նվիրված գրականություն, կարդացած կլինեինք»: Նման դատողություներից զերծ չենք մնում: Այսօր էլ ոչ ոք չի ասում` չկա ժամանակակից գրականություն, բոլորս էլ գիտենք, որ, լավ թե վատ, ստեղծվում է գրականություն: Արցախյան ազատամարտին նվիրված գործեր նույնպես ունենք, այլ հարց է, որ կա տպագրելու, տպագրածն ընթերցողին հասցնելու խնդիր:
«Ես անձամբ վեց գիրք եմ գրել պատերազմի թեմայով,- ասաց գրող, ազատամարտիկ ՀՈՎԻԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ, շեշտելով, որ շատ զգույշ պետք է գրել, հատկապես բանակի մասին:- Բանակը մեր հպարտությունն է, մեր սրբությունը, պիտի գրես, որ կարողանաս օգնել բանակի կայացմանը: Կարող ես նաև քննադատել, բայց ոչ այնպես, որ մարդիկ հիասթափվեն: Կան բաներ, որ կայացած չեն, բայց չպետք է եղածն էլ քանդենք»:
Հովիկ Վարդումյանը «Շուշիի ազատագրումը» վերնագրով գիրք է տպագրել: Նրա խոսքով` Շուշիի ազատագրմանը տարբեր բնորոշումներ են տալիս` «Հաղթանակների թագուհու պսակ», «Աստվածային հրաշք» և այլն: «Իր բնական դիրքով, ամրություններով Շուշին անառիկ է: Պարսիկ թագաժառանգը, 60-հազարանոց բանակով, 30 թնդանոթով 38 օրում չկարողացավ գրավել այն: Պարտվեց ու հեռացավ: Մենք 24 ու կես ժամում ազատագրեցինք Շուշին: Իրոք հրաշք էր,- ասաց Հովիկ Վարդումյանը։- Երբ 1994-ի մայիսին հրադադար հայտարարվեց, ադրբեջանցիները մեզնից շատ էին ուրախացել: Կրակում էին օդ, լուսածիրային գնդակներով կիսալուսին էին նկարում, ամբողջ գիշեր երգում էին, էն էլ ինչ էին երգում` «Աման Թելո», կարգին երգ էլ չունեին: Ես շատ տխուր էի: Երբ այդ առիթով մերոնք սեղան գցեցին և հարցրին` ինչո՞ւ կենաց չեմ առաջարկում, ասացի, որ մենք պիտի գնայինք մինչև Կուր գետը, մեր բնական սահմանը, եթե չգնացինք, ուրեմն, ամեն ինչ մնաց կիսատ ու այսօր էլ կիսատ է։ Խաղաղությունը շատ լավ բան է, բայց մենք կորցրածը դեռ պիտի հետ բերենք: Դեռ Կարսը չենք ազատագրել»:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4880

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ