«ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԿԱԼՈՒՄ ԵՆՔ ՈՐՊԵՍ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՄԻ ՓՈՒԼ»
Երևանի ավագանու ընտրությունների, ինչպես նաև արտաքին ու ներքին քաղաքական խնդիրների շուրջ է զրույցը ՀԱԿ-ի անդամ ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ։
«ՄԵՆՔ ԻՆՔՆԵՐՍ ՊԵՏՔ Է ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ՍՏԵՂԾԵՆՔ»
-Դուք ժամանակին զբաղեցրել եք Երևանի քաղաքապետի աթոռը։ Ասել է` հիանալի պատկերացնում եք, թե հատկապես ինչ ունակություններով պետք է օժտված լինի տվյալ պաշտոնյան։ Ասվածի համապատկերում փորձենք վերլուծել, թե այսօր առաջադրված թեկնածուներից ով ինչպիսի քաղաքապետ կլինի։
-Այսօր առավել կարևոր է, թե ինչպիսի ընտրությունների արդյունքում քաղաքապետ կընտրվի, առավել ևս, երբ առաջին անգամ ժողովրդի կողմից ուղղակի ընտրություններով է այն լինելու: Իսկ թե դրա էությունն ինչպիսին կլինի, այլ հարց է: Հայաստանում չլուծված են համակարգային փոփոխությունները, ասել է` կառավարման համակարգի խնդիրները: Այսօրվա համակարգը միայն մի նպատակ է հետապնդում` ծառայել ո՛չ թե ժողովրդին, այլ առանձին խմբի` Ռոբերտ Քոչարյանին կամ Սերժ Սարգսյանին` իրենց իշխանական հիերարխիայով: Սա է վտանգը, որի պարագայում չեմ էլ ցանկանում գնահատական տալ մարդկանց, ովքեր իրենց թեկնածություններն են առաջադրել;
-Պետք է ընդհատեմ Ձեզ ու հարցադրեմ` նկատի ունեք առաջադրված բոլո՞ր թեկնածուներին:
-Իհարկե` ո՛չ: Խոսքս վերաբերում է իշխանական թևին: Ոչ իշխանական թեկնածուների մասնակցության ցանկությունն էլ շատ նորմալ եմ համարում: Կարևոր է, թե նրանք ինչքան մատչելի և հասանելի կդարձնեն իրենց ծրագրերը հասարակությանը, ըստ այդմ էլ, երևանցիները ճիշտ որոշում կկայացնեն: Երկրորդեմ. խնդիրը համակարգային է, ու ոչ միայն Երևանին է վերաբերում, այլև ողջ պետությանը: Մեր պետությունը հեռանկար կունենա միայն այն դեպքում, երբ այդ համակարգային խնդիրը լուծվի, երբ ժողովո՛ւրդն իշխանությունը ձևավորի, ոչ թե իշխանությունը` իշխանություն: Մենք ժամանակի ընթացքում կհասնենք իսկապես այն բանին, որ երևանցին իր ցանկալի քաղաքապետը կունենա, ավագանին, ու երևանցիների համար կիրականացվեն աշխատանքներ։ Մինչ այսօր երևանցիներն այսպիսի հնարավորություն չեն ունեցել, քանի որ ժողովրդին միշտ պարտադրվել է իշխանություն` երկրի ղեկավար, նախարարներ, նաև քաղաքապետ։
-Ինչպես նշեցիք, համակարգային խնդիրներ լուծելու անհրաժեշտություն կա։ Այս պարագայում ինչպիսի՞ երաշխիքներ ունեք, որ այս ընտրություններն արդար կանցնեն, ու համակարգային փոփոխության առաջին քայլը կատարված կլինի։
-Բնականաբար, երաշխիքներ ոչ ոք չի կարող տալ, բացի օրենքից ու սահմանադրությունից։ Քանի որ Հայաստանում վերջին տարիներին ո՛չ օրենքներն են գործում, ո՛չ էլ Սահմանադրությունը, մարդու իրավունքները ոտնահարվել են ու շարունակում են ոտնահարվել, ապա ոչ մեկն այս պարագայում ոչ մի երաշխիք չի կարող տալ։ Սակայն նստել ու սպասել, թե երաշխիքը որևէ մեկը կտա, մեղմ ասած, սխալ է։ Դրան պետք է հասնել պարտադրանքով, այսինքն` ժողովուրդը պետք է մասնակից դառնա ոչ միայն կոնգրեսի, այլ նաև հասարակական-քաղաքական ուժերի գործողություններին, որով կստիպեն իշխանություններին գործել միմիայն օրենքի շրջանակներում։ Սա՛ է երաշխիքը։ Այլ երաշխիք, որ այսօրինակ իշխանություններին կստիպեն անցկացնել արդար, թափանցիկ ընտրություններ, պարզապես չկա։ Մենք ինքներս պետք է մեր երաշխիքները ստեղծենք։
«ԵՐԵՎԱՆԸ ՊԵՏՔ Է ՔԱՂԱՔԱՑՈՒՆԸ ԴԱՌՆԱ»
-Այժմ անդրադառնանք Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածությանը ու փաստենք. աննախադեպ երևույթ է, երբ երկրի նախագահի ընտրություններում իր թեկնածությունն առաջադրած անձը որոշ ժամանակահատված հետո փորձում է դառնալ մայրաքաղաքի ղեկավար։ Ինչպե՞ս եք գնահատում այս իրողությունը։
-Ոչ միայն շատ դրական եմ գնահատում, այլև ուսանելի է Տեր-Պետրոսյանի այդ քայլը, քանի որ ցանկացած քաղաքական գործիչ ունի անելիք բոլոր բնագավառներում, այդ թվում նաև` քաղաքապետարանում։ Հիմա հնարավորություն կա ցույց տալու, որ Երևան քաղաքի իշխանությունն իրենից և՛ արժեք, և՛ գին է ներկայացնում, որի համար արժե պայքարել։ Երկրորդն էլ, այս իրավիճակում մենք քաղաքապետի ընտրությունն ընկալում ենք որպես համակարգի փոփոխման ճանապարհի մի փուլ։ Սա նախագահական կիսատ մնացած ընտրությունների շարունակությունն է, քանի որ այդպես էլ չթողեցին այդ ընտրությունը վերջակետ ունենա։
-Իսկ ինչպե՞ս եք պատկերացնում Տեր-Պետրոսյանի հաղթանակի պարագայում նրա ու Սերժ Սարգսյանի համատեղ աշխատանքը։
-Կարծում եմ, ոչ մի խնդիր էլ չի կարող լինել։ Այնպես որ, եթե կա օրինական ընտրված մարմին, նա որևէ պրոբլեմ չի կարող ունենալ, իսկ երբ կա անօրինական, զավթված իշխանություն, անշուշտ, խնդիրներ կլինեն։ Այստեղ մի կարևոր հանգամանք կա. բոլորը մի տեսակ շփոթում են ենթակա-ղեկավար, վերադաս-ստորադաս հարաբերությունները։ Երևանի քաղաքապետի ու ավագանու անդամների համար կա հստակ օրենք, օրենքով սահմանված լիազորություններ, որոնց ճիշտ կիրառման պարագայում աշխատանքները լիարժեքորեն կկատարվեն։ Ավելին ասեմ. այսօր կան օրենքով ամրագրված լիազորություններ, որոնք պետք է իրականացնի ոչ թե համայնքը, այլ պետական կառավարող մարմինները` մարզպետարանները, քաղաքապետարանները և այլն։
-Այդուհանդերձ, պատկերացնո՞ւմ եք, որ միևնույն սեղանի շուրջ կնստեն մայրաքաղաքի ղեկավար Տեր-Պետրոսյանը և երկրի ղեկավար Սերժ Սարգսյանը։
-Պարտադիր չէ, որ միևնույն սեղանի շուրջ նստեն։ Միևնույն սեղանի շուրջ կնստեն այն ժամանակ, երբ մեր ընկերները բանտից կազատվեն, Հայաստանում չեն լինի քաղբանտարկյալներ, մարտի 1-ի դեպքերը իսկապես կբացահայտվեն։ Անհրաժեշտ է օրենքների ճիշտ կիրառում, որովհետև մեր պետության ամենամեծ թերությունն այն է, որ ամեն մեկն իր պարտականությունը չի կատարում ու փորձում է մտնել ուրիշի իրավասությունների դաշտ։ Երբ այս խոչընդոտները հաղթահարվեն, բոլոր խնդիրները լուծելի կլինեն։ Ընտրությունները նորմալ անցկացնելու պարագայում, երբ ՀԱԿ-ը միանշանակ կհաղթի, իշխանությունների համար շատ դրական, օրինակելի երևույթ կարձանագրվի, քանի որ նրանք կտեսնեն, թե ինչպես կարելի է աշխատել։
-Փոքր-ինչ մանրամասնեք, ինչպե՞ս կաշխատի ՀԱԿ-ը։
-Բաց, մատչելի, ժողովրդին հասանելի։ Բոլոր կասկածելի գործարքներն այլևս չեն լինի։ Չի կրկնվի Բուզանդի, Հյուսիսային պողոտայի հետ կատարվածը։ Այսինքն` Երևանը պետք է քաղաքացունը դառնա։
«ԵԿԵԼ Է ՔԱՐԵՐԸ ՀԱՎԱՔԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ»
-Անդրադառնանք արտաքին քաղաքական խնդիրներին։ Օրերս ստորագրվեց «ճանապարհային քարտեզ» կոչված փաստաթուղթը։ Հայաստանում և՛ փաստաթղթի ստորագրումը, և՛ ընդհանրապես հայ-թուրքական սահմանի բացման հեռանկարը միանշանակ չընդունվեցին։ Ձեր կարծիքն այս առնչությամբ։
-Մայիսի 1-ի հանրահավաքի ժամանակ Տեր-Պետրոսյանը բավականին մանրամասն անդրադարձավ այս խնդրին։ Մեր մոտեցումը հետևյալն է. մենք գնահատական ենք տալիս այն փաստաթղթին կամ երևույթին, որի մասին տեղեկացված ենք։ Այն, ինչ վկայակոչում էին տարբեր աղբյուրները, ընդամենը տեղեկություններ էին, որոնք ո՛չ հաստատվում, ո՛չ էլ հերքվում էին պաշտոնական հայտարարություններով։ Կարծում եմ, պետք է լիներ պաշտոնական տեսակետ, ինչի շուրջ մենք կներկայացնեինք մեր գնահատականները։ Այսօր խոսակցություններ կան ինչ-որ սկզբունքների, պայմանավորվածությունների մասին, սակայն փաստաթուղթը հասարակությանը դեռևս հայտնի չէ, ու այդ առումով մեկնաբանություններ անելը դժվար է։ Մինչդեռ գործընթացները սկսել են ավելի ինտենսիվ ընթանալ։
-Ինչո՞վ եք պայմանավորում այդպիսի շտապողականությունը։
-Այ դա է, որ բոլորիս անհանգստացնում է, շատ հարցերի տեղիք տալիս, որոնց պատասխաններն անհայտ են։ Ամենայն հավանականությամբ, ժամանակին տրված խոստումների կատարման պահն է հասել։ Բիբլիական ճշմարտությունն է փաստում, թե կա քարերը նետելու ժամանակ, կա և քարերը հավաքելու ժամանակ։ Հիմա հենց հավաքելու, պատասխան տալու ժամանակն է եկել։ Այդ պատճառով էլ միջազգային համապատասխան կառույցները Հայաստանի իշխանություններից ցանկանում են ստանալ պատասխաններ։
-Արդյոք Սերժ Սարգսյանի պաշտոնավարման կարճ ժամանակահատվածո՞ւմ են այդ «քարերը նետվել», թե՞ Ռոբերտ Քոչարյանից ենք «քարերը» ժառանգել։
-Սկիզբը դրվել է Ռոբերտ Քոչարյանի ժամանակ, իսկ հիմա շարունակվում է առանց էական տարբերության։ Կարող են որոշակի նրբերանգային, նոտայական տարբերություններ լինել։ Այսօր Վարդան Օսկանյանը, երբ փորձում է այլ տեսակետներ հայտնել, մեզ համար ծիծաղելի է, նույնը կարելի է ասել նաև Տիգրան Թորոսյանի մասին, քանի որ վերջիններս իրենց ամբողջությամբ դրսևորել են համապատասխան պաշտոններում։ Պարզապես առիթն օգտագործելով` փորձում են խիստ հայրենասեր, ժողովրդավար երևալ, սակայն նրանց էությունը չի փոխվել ու նրանք պատասխանատու են այդ ժամանակի սխալ քաղաքականության համար։ Հասկանալի է նաև այս ամենի գինը` մշտապես կեղծված ընտրություններ, մարդու ազատությունների ու իրավունքների ոտնահարում, մարտի 1 և այլն։ Այս ամենով իշխանությունները փորձում են ժամանակ շահել, չնայած բոլոր հնարավորությունները սպառել են։ Եթե այդ ամենին էլ ավելացնենք Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին Հայաստանի չմասնակցելու հանգամանքը, որի բացատրությունները կրկին անհասկանալի են, արտաքին քաղաքականության պատկերն ամբողջական կդառնա։ Այնպես որ, շատ վատ կանխատեսումներ կարող ենք անել։ Սպառված են ազատ խոսելու, գործելու հնարավորությունները, քանի որ այս իշխանություններն առաջին հերթին կարևորում են ոչ թե պետության, այլ սեփական շահը։ Միայն անձնական շահ` պետությունը մոռանալով։
-«Ճանապարհային քարտեզ» անվանվող փաստաթղթի ստորագրումից հետո թուրքական մամուլում եղան որոշակի բացահայտումներ, որոնց թվում անդրադարձ եղավ նաև Կարսի պայմանագրին։ Չե՞ք կարծում, որ հենց այնպես չի շոշափվել այդ պայմանագիրը, այն է` եղել են միտումներ ղարաբաղյան հարցի վերաբերյալ։
-Երկրորդեմ. կրկին պաշտոնական տեղեկատվության պակաս կա։ Շատ կարևոր է, թե հիշյալ փաստաթղթում ինչ ձևակերպումներ կան, և արդյո՞ք Կարսի պայմանագրի մասին կետեր են ներառված, քանի որ սա շատ նուրբ հարց է։ ՈՒ ամենակարևորը` ինչո՞ւ է Կարսի պայմանագիրը քննարկման հարց դարձել։ Մինչ այսօր այդ մասին որևէ խոսակցություն չկար։ Եթե լավ բան լիներ այդ ամենում, Հայաստանի իշխանություններն առաջինն այդ մասին կբարձրաձայնեին, իսկ քանի որ նման բան չկա, լռում են։ Եթե մեկ դոլար ներդրում է լինում այստեղ, շաբաթներով խոսում են այդ մասին, կամ մի քանի սանտիմետր ասֆալտ են անում, ողջ Հայաստանն այդ մասին տեղեկանում է։ Իսկ այժմ շատ կարևոր իրադարձություններ են տեղի ունենում, սակայն ՀՀ իշխանությունները լռում են։ Ապրիլի 23-ից սկսած բազմաթիվ «ինչու»-ներ կան, որոնց պատասխանները հասարակությանը չի տրվում։ Չկան նաև պաշտոնական հստակ ձևակերպումներ այդ ամենին։
«ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉԵՄ ՀԱՍԿԱՆՈՒՄ` ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԴՈ՞ՒՐՍ Է ԵԿԵԼ ԿՈԱԼԻՑԻԱՅԻՑ, ԹԵ՞ ՈՉ»
-Այդ փաստաթղթի ստորագրումից հետո ՀՅԴ-ն դուրս եկավ կոալիցիայից։ Ըստ Ձեզ, դաշնակցության նման քայլով թուլացա՞ն իշխանության դիրքերը, թե՞ ոչ։
-Ես այդպես էլ չեմ հասկանում` դաշնակցությունը դո՞ւրս է եկել կոալիցիայից, թե՞ ոչ։ Եթե դուրս են գալիս ու ընդդիմություն դառնում, ապա ո՞րն է նրանց գնահատականը Սերժ Սարգսյանին։ Իրենք են այդպես որոշել, բայց, կարծում եմ, որ նրանք կոալիցիայից դուրս չեն եկել, դրա մասն են կազմում, քանի որ ամեն ինչ մի տեսակ կիսատ-պռատ են անում` նախարարները գնում են, հանձնաժողովների մի նախագահ գնում է, մյուսը` մնում և այլն։ (Հարցազրույցը կայացել է մայիսի 6-ին - Ռ. Խ.): Իսկ ընդհանրապես այս իշխանություններն ուժեղ են միայն մի հարցում` ունեն ուժային կառույցներ։ Ժողովրդի կողմից չընտրված իշխանությունը չի կարող ուժեղ լինել։
-Ըստ էության, ընդդիմադիր դաշտում քաղաքական հետաքրքիր ներկապնակ ունենք. ՀԱԿ, Կոնգրեսի մաս չկազմող քաղաքական ուժեր, որոնք իրենց համարում են իսկական ընդդիմություն, խորհրդարանական ընդդիմություն ներկայացնող «Ժառանգություն» և կոալիցիայից արդեն հեռացած ՀՅԴ։ Արդյոք նմա՞ն «գունավորմամբ» պետք է ընդդիմությունը ներկայանա հասարակությանը։
-Այդպես կարող է լինել։ Կան ՀԱԿ և «Ժառանգություն», որպես ընդդիմություն, ու կա իշխանություն։ Կան նաև կուսակցություններ, որոնք հրապարակային տեսակետ չունեն, ու հնարավոր չէ նրանց համարել իշխանական կամ ընդդիմադիր։
-Ասել է` իսկական ընդդիմություն եք համարում ՀԱԿ-ին ու «Ժառանգությա՞նը»։
-Չեմ ցանկանում որևէ մեկին համարել իսկական կամ ոչ իսկական ընդդիմություն։ Պարզապես հստակ ընդդիմադիր կեցվածք ունեն այս երկու ուժերը, քանի որ մյուսները կարող են համաձայնության գալ իշխանության հետ այս կամ այն հարցերի շուրջ։ Եթե այդ քաղաքական ուժերը չեն ցանկանում քաղբանտարկյալներին համարել այդպիսին, էլ ի՞նչ ընդդիմադիր կեցվածքի մասին է խոսքը։ Թող Ազգային ժողովում կանգնեն ու ասեն, որ իրենց գործընկերները քաղբանտարկյալներ են ու պետք է ազատ արձակել նրանց։ Սա յուրահատուկ փորձություն կլինի նրանց համար։ Իհարկե, այսօր շատերը կուզենան ընդդիմադիր դաշտ տեղափոխվել, քանի որ այն բանում, ինչ կատարվում է այսօր պետության ներսում, պատասխանատվության բաժին ունեն նաև նրանք։ ՈՒստի փորձում են այդ պատասխանատվությունից խուսանավել։
«ԱՅՍ ՊԱՅՔԱՐՈՒՄ ՆՈՒՅՆԻՍԿ ԱՄԵՆԱՓՈՔՐ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐԴՈՒՆ ՉՊԵՏՔ Է ՄՈՌԱՆԱԼ»
-Եվ վերջում, լրանում է Շուշիի ազատագրման հերթական տարեդարձը։ Տարիների հեռվից փորձենք գնահատել, թե ի՛նչ ձեռքբերումներ ունեցանք այդ հաղթանակից հետո։
-Այս հաղթանակով մենք իսկապես կարողացանք պահել մեր արժանապատվությունը, ազատությունն ու պայքարել մեր ազատ ապրելու համար: Սակայն հետագա զարգացումներին առնչվող խնդիր կա. այսօր սկսել են վարկաբեկել այն մարդկանց, ովքեր գիտեն, թե հեռավոր այն տարիներին ինչպես է ձեռք բերվել այդ հաղթանակը։ Ինձ համար դա՛ է ամենամեծ կորուստը: Դրանով մենք արժեզրկեցինք այն հաղթանակները, որոնք կային այն տարիներին, թեկուզ և «մութ ու ցուրտ» լոզունգն օգտագործելով: Շուշիի ազատագրումը եղել է ՀՀ իշխանությունների և քաղաքացիների համատեղ հաղթանակը, բայց հետագայում այն ներկայացվեց այնպես, թե իբր ՀՀ իշխանությունները դրա հետ ոչ մի կապ չեն ունեցել, ինչն էլ նախ և առաջ հենց այդ հաղթանակը վարկաբեկեց: Կցանկանայի, որ Շուշիի հաղթանակը գնահատվեր ու ներկայացվեր այնպես, ինչպես եղել է: Հայաստանին այդ հաղթանակը շատ դժվար է տրվել. մենք գիտակցում էինք, որ միայնակ ենք, որ դրսից օգնության ակնկալիք չկա։ Բայց կարողացանք այդ ամենից հաղթանակած դուրս գալ: Այս պայքարում նույնիսկ ամենափոքր դերակատարում ունեցող մարդուն չպետք է մոռանալ:
Զրուցեց Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ