ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴ, ՆՈՐ ՀՈՐԻԶՈՆՆԵՐ
«VIVAcell-MTS» վերտառությամբ կարմրաներկ պաստառները սփռված են հանրապետության ողջ տարածքում։ Օր օրի բազմանալով` դրանք ոչ միայն լակոնիկ հեռուստառադիոհոլովակներին ներդաշն գովազդում են Հայաստանում շարժական կապի առաջատար օպերատորի ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների զանազան տեսականին համալրող նորարարական առաջարկները, այլև յուրովի քարտեզագրում մեր ներկա հասարակական կեցության թեժ կետերը, որոնցում «Բջջային համակարգեր» ԲԲԸ-ի (MTS) դուստր ձեռնարկության գլխավոր հովանավորությամբ իրականացվում են համընդհանուր բարօրությանը միտված սոցիալ-տնտեսական և հոգևոր մշակութային տարաբնույթ նախագծեր։ Կասկածոտ քամահրանքով ընդունելով «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի բիզնես մշակույթը` տեղացի գործարարներն այդպես էլ չեն փորձում լրջորեն խորամուխ լինել մեր անկայուն տնտեսական դաշտում աներևակայելի կարճ ժամկետում նրա ակնհայտ վերընթացը խթանած կորպորատիվ սոցիալական պատասխանատվությամբ (ԿՍՊ) առանձնահատուկ աշխատաոճի փոխշահավետության պարզագույն էության մեջ։ Ավելին` առասպելաշունչ վարկածներ են անձանձիր հյուսում կոմերցիոն աննախադեպ բարգավաճման շուրջ։ Սրանց հարուցած անչար ծիծաղում էլ հենց հասունանում է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի նոր մտահղացման գաղափարը` սեփական ներուժով ձեռնամուխ լինել նոր կորպորատիվ քաղաքացիների դաստիարակությանը։ Օրերս մեկնարկած ինտերակտիվ դասընթացը` դպրոցականներին բջջային կապի հիմունքներին իրազեկող, հընթացս խորացվելով ու ընդլայնվելով, ի զորու է նպաստելու այդ համազգային կարևորության խնդրի լուծմանը։ Այս հավատով տոգորվեցի` Երևանի թիվ 91, 112, 139 և 198 միջնակարգ դպրոցների 8-րդ և 9-րդ դասարանների 46 սաների հետ առաջին բաց դասի անմիջական մասնակցությամբ։
ԴԱՍԸ ՎԱՐՈՒՄ Է ՌԱԼՖ ՅԻՐԻԿՅԱՆԸ
Գլխամասային գրասենյակի 9-րդ հարկի սրահում հավաքվածներիս մատուցված դիտարժան տեսանյութը թվերի ու փաստերի պերճախոս լեզվով ներկայացրեց ընկերության վերջին ձեռքբերումները։ ՀՀ թիվ 1 հարկատուի 2,049 միլիոն բաժանորդներին, ավելի քան 700 բազային կայանների (շուտով սրանց կմիանան ևս 150-ը) գործարկմամբ, բջջային կապը հասանելի է հանրապետության բնակելի տարածքի 99,2 տոկոսում ( ռոումինգ գործընկերների թվաճով` բոլոր մայրցամաքներում)։ «Եթե երկու միլիոն հայ մեկական ծառ տնկի»...- գունավոր կինոժապավենի պտույտին համընթաց հնչող գեղարվեստաոճ խոսքի ներգործուն ուժը մանկահասակ լսարանի վրա ավելանում է` կենտրոնացնելով նրա միտքը «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի ծառայությունները նախընտրած մարդկանց համերաշխ միասնականության շնորհիվ միանգամայն հնարավոր բարեփոխումների կենարար տեսականու վրա։ «Որքան քիչ բան է հարկավոր գեղեցիկ ապրելու համար» ենթիմաստն արտահայտող ժպիտով էլ ավելի լուսավորված լսարանում այդուհետև հայտնվում է գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, համառոտ ծանոթացնում իր ղեկավարած աշխատանքային ընտանիքի գործունեությանը և հյուրընկալ տանտիրոջ պատրաստակամությամբ առաջնորդում ամենքիս մի հարկաբաժնից մյուսը։ Հիմնական կենտրոնների առօրյայի մասին կենդանի խոսքուզրույցի վերափոխված դասի ընթացքում ստացած տեղեկությունները կոնկրետանում են սպասարկման, զանգերի և կենտրոնական համակցման համակարգերի շահագործման ստորաբաժանմունքի կենտրոններում, որտեղ ներդրված ավտոմատացված սարքավորումների անխափան աշխատանքը կարգավորում են մասնագիտական ունակությունների պարբերական խորացման հնարավորություն ունեցող բանիմաց աշխատակիցները։ «Ինչո՞ւ չեք ժպտում,- անկեղծորեն մտահոգվում է բարեկիրթ տնօրենը` գրավիչ աշխատակցուհիներից մեկին դիմելով,- որևէ անհանգստությո՞ւն ունեք»։ Պարզ մարդկային ուշադրությունից շոյված` վերջինս ակնթարթորեն հաղթահարում է տրտմեցնող խոհերի թուխպը։ Միջադեպին ներկաներս լռելյայն հավաստիանում ենք, որ բովանդակազուրկ ճառախոսությամբ չէին թելադրված ընկերության հիմնական արժեքների մասին լսարանում Ռալֆ Յիրիկյանի արտաբերած խոսքերը. «Մեր ընկերությունը հիմնվում է մարդկային ընտանեկան հարաբերությունների վրա։ Առաջին հերթին հոգում ենք մեր հաջողությունների գլխավոր շարժիչ ուժի` մեր աշխատակիցների և նրանց ընտանիքների մասին։ Միասին մենք մի հզոր կազմակերպություն դարձանք` միաժամանակ աջակցելով մեր ժողովրդի կենսապայմանների բարելավմանը, մշակույթի, սպորտի, գիտության, առողջապահության ու կրթության ընդհանուր զարգացմանը։ Որդեգրած ԿՍՊ մարտավարությամբ ամրապնդված լավատեսությամբ է, որ կարողանում ենք դրական արդյունքի հասնել ինչպես մեր ընտանիքի ներսում, այնպես էլ հանրապետության ողջ տարածքում։ 2004-ի նոյեմբերին արտոնագրված ընկերության միակ աշխատակիցը ես էի։ Լավագույնների ընդգրկմամբ` կարելի եղավ 2005-ի հուլիսի 1-ին հնչեցնել բջջային առաջին զանգը։ Նապաստակի նման արագ վազելով ու մրջյունի պես անդուլ աշխատելով` շատ շուտով, ինչպես տեսնում եք, բարգավաճեցինք` առավելագույնս մատչելի լինելով մեր բաժանորդների ստվարացող բանակին։ Յուրաքանչյուր նոր օր մենք, որպես կորպորատիվ քաղաքացի, առաջ ենք շարժվում` ձեռք ձեռքի հասարակության հետ` մշտապես ձգտելով ավելի լավ ապագայի»։
«VIVA, ԱՅՍԻՆՔՆ` ԿՅԱՆՔ, ՀԱՂԹԱՆԱԿ, ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆ...»
Ռալֆ Յիրիկյանի առաջնորդությամբ գլխամասային գրասենյակում շրջայցն առաջին հարկից տեղափոխվում է երրորդ, ապա վեցերորդ հարկեր։ Պատկառանք է ներշնչում տեխնիկական բաժնի անընդմեջ նորացվող հագեցվածությունը։ Զարմացնում են զանգերի ընդունման էլեկտրոնային ցուցատախտակին թարթող թվերը` մի քանի ժամվա ընթացքում 4777 բաժանորդ է սպասարկվել։ Խրախուսված Յիրիկյանի անբռնազբոսիկ մարդամոտությունից` հուշանվերներով ծանրաբեռնված երեխաները հյուրասիրության սեղանի շուրջ այլևս չեն խուսափում պարզամիտ երևալուց և, բջջային կապից օգտվելու բարեկրթության ամենահարկավոր ցուցումները հանրամատչելի պատկերավորությամբ ստանալուն պես, անհամեմատ համարձակ «գրոհում» են Ռալֆ Յիրիկյանին իրենց հետաքրքրող հարցերով։
-Ինչո՞ւ է Ձեր ընկերությունը կոչվում «ՎիվաՍել-ՄՏՍ»։
-Սկզբում մտածում էինք մեր աշխատակիցներից մեկի աղջկա բարեհունչ անվամբ VOVOcell կոչել, բայց գտանք ավելի իմաստալիցը` դրա տառադարձությամբ։ VIVA, այսինքն` կյանք, հաղթանակ, ուրախություն։ Համադրեցինք CELL-ի հետ, որ «Կապ» է նշանակում և աշխատեցինք մեր գործունեությունը համապատասխանեցնել ասես հանպատրաստից հորինված այդ անվանը` մեր կապով ուրախություն ու հաղթանակ պարգևել բաժանորդներին, ողջ հայ ժողովրդին։ Ջանում ենք միշտ հաճելի ու մատչելի դարձնել մեր կապը։
-Իսկ ձո՞ւն, որ միավորում է «VIVAcell»-ը «MTS»-ին։
-Ձուն էլ կյանքի խորհրդանիշ է, չէ՞։ ՎիվաՍել-ից ծնվեց, փաստորեն, նոր ընկերություն` «VIVAcell-MTS»-ը։ Շուտով, կարծում եմ, կմնա միայն MTS-ը, որը 92,2 միլիոն բաժանորդ ունի ամբողջ աշխարհում։
-Ո՞րն է ՎիվաՍելի հաջողության գաղտնիքը։
-Աշխատակազմը` մրջյուններն ու նապաստակները։
-Ի՞նչ պետք է անենք, որպեսզի Ձեզ մոտ աշխատանքի ընդունվենք։
-Նախ, պետք է շատ լավ սովորեք։ Աշխատատեղերի առկայության դեպքում մեր ձեռնարկությունում կարող են ներգրավվել ամենատարբեր բարձրակարգ կրթություն ունեցողները։ Բացի բժշկականից, իհարկե, որովհետև սա բուժհամալիր չէ։
-Հնարավո՞ր է Ձեզ մոտ ուսումնական պրակտիկա անցկացնել։
-Պայմանագրեր չունենք, բայց փորձնակներ վերցնում ենք։ Հիմա մեր այս նոր կրթադաստիարակչական ծրագրով սերտորեն համագործակցելու ենք բազմաստիճան ուսումնական հաստատությունների հետ հատուկ մշակված մարտավարությամբ։
-Դժվա՞ր չէ Ձեզ համար լինել գլխավոր տնօրենն այս համակարգի։
-Ինձ համար` ոչ, ընտանիքիս համար է դժվար։
-Ձեր կարծիքով, ո՞ր հասակից մարդը պետք է բջջային հեռախոս ունենա։
-14-15 տարեկանից, որպեսզի ըստ անհրաժեշտության և խելացի կարողանա օգտվել այդ հեռակապի ծառայություններից։
-Իսկ թերություններ չունե՞ք, ըստ Ձեզ։
-Ստեղծագործ միտքն անընդհատ շարժման մեջ պետք է լինի, որպեսզի նորարարական ջիղի զարգացմամբ դիմագրավի ժամանակի մարտահրավերներին։ Մեր գործունեությունն աշխատում ենք աչալուրջ վերահսկել, որպեսզի ընդհանուր ռիթմին վնասող նկատված թերություններն անմիջապես վերացնենք։ Մեր ներկա դժվարությունները կապված են համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետ։ Իբրև կորպորատիվ քաղաքացի` շատ անելիքներ ունենք, քանզի գիտակցում ենք, թե որքան կարևոր է մեր մասնակցությունը հասարակական կյանքին, որի բոլոր ոլորտներում մեր «դեսպաններն» ունենք։ Մարդը երբեք չպետք է մոռանա իր ինքնությունը։ Առավել հզոր հայրենիք ունենալու, Հայաստանի միջազգային համարումը բարձրացնելու համար պարտավորված ենք զգում ձեռք մեկնել մեր հասարակության կարևորագույն խնդիրների լուծմանը։ Եղեք պարզ, հասարակ ու ազնիվ, միշտ հիշեք մյուս մարդկանց մասին։ Հանրության մեջ անհնար է միայն մեկի լիարժեք բարեկեցությունն ու կայուն երջանկությունը։
«ՄԻ ՕՐ ՆՐԱՆՔ ԷԼ ԿԴԱՌՆԱՆ ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՔԱՂԱՔԱՑԻ»
Թույլ չտալով երեխաներին ուղեկցող տնօրեններին զսպել կամ խմբագրել իրենց սաների պատանեկան հարցասիրությունը` Ռալֆ Յիրիկյանը սիրալիր համբերատարությամբ ջանում է ի հայտ բերել ամենավեհերոտ հետաքրքրասերին։ Քաջատեղյակ լինելով նրա գերլարված աշխատակարգին` զարմանում եմ, որ շտապողականության ոչ մի նշան չի ցուցանում։ «Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը ծնվում է հավատից,- նուրբ հոգեբանի խորաթափանցությամբ կանխում է հարցս։- Հույս ունեմ, որ մի օր նրանք էլ կդառնան կորպորատիվ քաղաքացի և, իրենց իրավունքների ու պարտականությունների գիտակցված զուգորդմամբ, անպայման կձգտեն ավելի պայծառ հորիզոնների, եթե հենց այս պահից նրանցում արմատավորվի մեր որդեգրած ԿՍՊ մարտավարությունը որպես կյանքի ուղեցույց»։ Նկատելով դպրոցականների ձեռքերին ««ՎիվաՍել-ՄՏՍ»-ը Հայաստանին. Կորպորատիվ Սոցիալական Պատասխանատվություն» հատուկ թողարկման երկրորդ հրատարակությունը` ինքս էլ եմ վարակվում նրա լավատեսությամբ։ Ծանոթանալով ընկերության ԿՍՊ բեղուն գործունեությանը պատկերազարդ սեղմությամբ` սպառողական հոգեբանությամբ համատարած ներծծված նոր սերունդը, գուցե թե բարձր բարեկեցության մղումից դրդված, հետևի «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի ապրելակերպին, որի փոխշահավետությունը (հարստանում է թե՛ հասարակությունը, թե՛ անհատ ձեռներեցը) դյուրությամբ հավատընծա է դառնում ընկերության բարեհաջող հզորացմանն ու դրան հասնելուն մեծապես նպաստող ԿՍՊ աննահանջ գործունեության հարյուրավոր արտահայտությունների համադրությամբ։ Ինձ հատկապես ոգեշնչում է մեր մշակութային կյանքին պատշաճ գունեղություն հաղորդելու նրա հաստատակամությունը։ Խոշորագույն ֆինանսական վերջին ներդրումը (180 մլն ՀՀ դրամ) Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետի վերածնման համար մեր օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ոչ միայն շենշող բալետային հրավառությամբ արվեստասեր հանրությանը բարձրարվեստ մշակութային տոնի կայացումն ապահովեց` գումարվելով պետական գանձարանից հատկացված 20 միլիոնին ու մյուս 5 հովանավորների տարաչափ ֆինանսական ներարկումներին, այլև հույս ներշնչեց «Սայաթ-Նովա» և «Ալմաստ» օպերաների մոտալուտ նույնարվեստ բեմականացման հավանականության։ Յուրի Գրիգորովիչի գեղարվեստական ղեկավարությամբ անցյալ դարի 80-ականներից կազմալուծվող մեր բալետախումբը համալրվեց «Բարեկամություն» պարային վաստակավոր համույթով և Մոսկվայի Մեծ թատրոնից հրավիրված պարուսույցների ու տեղի կարող ուժերի մեկտեղմամբ ջանասիրաբար հասավ կատարողական մի նշաձողի, որի շնորհիվ հայ հանդիսատեսին փոխանցվեց Խաչատրյանի հետ համատեղ խմբագրված գրիգորովիչյան հանրահայտ բեմադրատարբերակի ողջ թատերահմայքը։ «Մշակույթը ազգի ինքնությունն է,- այս առիթով ասաց Ռալֆ Յիրիկյանը։-«Սպարտակի» այս բեմադրությամբ մեր պատմության մեջ նոր էջ է բացվում։ Հավատացնում եմ` որքան կուռ համախմբվենք, այնքան դյուրին կլինի պահպանել ու զարգացնել մեր մշակույթը, հզորացնել մեր ինքնությունը»։ «Սպարտակի» առաջնախաղի անմիջական հոգեպարար ներգործությամբ գուցե ճեղքվի՞ վերջապես «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի բիզնես մշակույթի հանդեպ պահպանվող վեհերոտության սառցաբեկորը, և մեր գործարարները ևս մեկընդմիշտ որդեգրեն նրա ԿՍՊ մարտավարությունը։ Կապրենք, կտեսնենք։
Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ