Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 

Ի՜նչ լավ է, որ այդ օրը դասից չէի փախել

Ի՜նչ լավ է, որ այդ օրը դասից չէի փախել
24.04.2024 | 20:01

1965 թվական։

Ապրիլի 24:
Պայծառ, գարնանային դուրս կանչող օր էր։
Հայ գրականության դասաժամին ընկեր Ռուբինյանը դասարան մտավ ոտքից գլուխ սև հագած։ Նրա ազնվական դեմքին անսովոր թախիծ կար։ Սև զգեստի շուքին մազերին իջած ճերմակը աղավնու փետուր լիներ ասես։
Շատերիս համար անսովոր էր, ամենքս մի բան էինք մտածում` գուցե ընկեր Ռուբինյանի հետ վատ բա՞ն է կատարվել:
Հետո, ամբողջ դասը վերածվեց մի անսովոր պատմության, անսովոր զրույցի։
Այդ օրը առաջին անգամ լսեցինք Կիլիկիա, Վան, Սասուն, Արևմտյան Հայաստան անունները, լսեցինք հայ մտավորականների անուններ, որոնց գլուխները թուրքերը քարերով էին ջախջախել:
Ընկեր Ռուբինյանն ասես փուշ ու տատասկից մաքրում, բացում էր մի արահետ, որը երկար ժամանակ փակ էր ու արգելված։
Տասնամյակներ են անցել, կես դարից էլ ավելի, բայց ես ամեն ապրիլի 24-ին հիշում եմ այդ օրը։
Պայծառ, գարնանային դուրս կանչող օր էր… ինչ լավ է, որ այդ օրը դասից չէի փախել։

Սպարտակ ՂԱՐԱԲԱՂՑՅԱՆ
2024թ.,ապրիլի 24

Դիտվել է՝ 4740

Մեկնաբանություններ