«Իրատեսը» կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանից հետաքրքրվեց՝ բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ) նախագահ Սմբատ Գոգյանի հրաժարականից ավելի քան մեկ ամիս է անցել՝ ի՞նչ նորություն կա:
-Դե զարգացումները կլինեն, կտեսնեք:
-Մեկ ամիս է անցել, ու Ձեր կարծիքը, վերաբերմունքը չենք լսել այս հարցի մասին:
-Դուք գիտեք, որ ես նրա հայտարարության հետ կապված համապատասխան հայտարարություն էի արել, և իրավապահ մարմինները որոշակի նյութերի նախապատրաստում էին իրականացրել, Սմբատ Գոգյանին նույնպես հրավիրել էին: Գիտեք նաև, որ դրանից առաջ նա մեծ աղմուկ էր բարձրացրել մամուլում, բայց հետո գնացել և հրաժարվել է հանցագործության մասին հայտարարություն տալ:
-Բայց իրավապահները հանցագործության մասին Ձեր հաղորդման հիման վրա էլ քրեական գործ չէին հարուցել։
-Իրավապահները հրաժարվել էին քրեական գործ հարուցել, որովհետև հովանավորչության մասին բավարար ապացույցներ չէին եղել: Այսինքն՝ հովանավորչության մասին հայտարարած անձը հրաժարվել էր հանցագործության մասին հաղորդում տալ: Եզրակացութունները թողնում են ձեզ:
-Սմբատ Գոգյանի ու Ձեր արժեհամակարգային տարբերությունը ո՞րն է:
-Այն դեպքից հետո, երբ նա հրաժարվել է հանցագործության մասին հայտարարություն տալ, մնացած հայտարարությունները չեմ մեկնաբանում:
-Ձեր աչքի տակ ԲՈԿ-ի այլ թեկնածու կա՞:
-Ես սրանով կսահմանափակվեմ:
Կրթության ու մշակութի կարևորագույն ոլորտի պատասխանատուն, փաստորեն, այն համոզմանն է, որ եթե պաշտոնյան «գործ չի տալիս», հետևաբար անիմաստ է նրա արժեքային համակարգի մասին խոսել: Հենց դա էլ, փաստում է Հարությունյանը, իր ու Գոգյանի արժեհամակարգերի գլխավոր տարբերությունն է: Կարևոր հարցադրումը սակայն ոչ թե այն է, թե ինչու ԲՈԿ դեռևս պաշտոնավարող նախագահը ցումունք չի տվել, այլ այն, թե ինչու է Արայիկ Հարությունյանն ատամներով պահում փոխնախարար Գրիշա Թամրազյանին: Ավելին՝ մեկ անգամ չէ, որ սեփական թիմին հասկացրել է՝ կա՛մ ինքն ու իր տեղակալ Թամրազյանը, կա՛մ՝ Գոգյանը: Իսկ ԲՈԿ նախագահի նոր թեկնածու, ըստ «Իրատեսի» աղբյուրների, Արայիկ Հարությունյանն արդեն իսկ գտել է: Եվ երբ Փաշինյանը ստորագրի Գոգյանի ազատման դիմումը, հաջորդ իսկ պահին Հարությունյանի թեկնածուն, որ մասնագիտությամբ իրավաբան է, ԲՈԿ նոր նախագահ կդառնա:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ