ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կուրսկի շրջանի ղեկավարի պաշտոնակատարի հետ տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ ՈՒկրաինայի զինված ուժերի հարձակման պատճառով իրենց տները հարկադրաբար լքած Կուրսկի շրջանի բնակիչներին կվճարվի 10-հազարական ռուբլի՝ հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ ՌԴ նախագահը հավելել է, որ անհրաժեշտ կլինի գնահատել այլ վնասները, մասնավորապես՝ գույքի ու բնակարանի կորուստը:               
 

«Շատերը դուռս են ջարդում, որ դառնան իմ ասպիրանտը, սա հրաժարվում է»

«Շատերը դուռս են ջարդում, որ դառնան իմ ասպիրանտը, սա հրաժարվում է»
20.12.2013 | 10:55

Արժեքասպան օրերում շատ բան աննկատ է մնում մեր աչքից։ Այնինչ, ազգային գիտության և մշակույթի նվիրյալները, մի կողմ թողած սոցիալական դժվարությունները, հնագույն մեր ծաղկողների ջանասիրությամբ շարունակում են կերտել մեր ներկա և վաղվա օրը։ Այդ եզակիներից է բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, 85-ամյակը բոլորած պատկառելի գիտնական այր ՆԵՐՍԵՍ ՄԿՐՏՉՅԱՆԸ։

-Պարոն Մկրտչյան, բազմաբովանդակ է Ձեր գիտական աշխարհը, այսօր կարծես թե բավարարվածության զգացողություն պիտի ունենայիք, բայց անհանգիստ եք։
-Հայերենի հնդեվրոպական լեզու լինելու հանգամանքը չարաշահվում է համեմատական լեզվաբանության ներկայացուցիչների կողմից, ինչպե՞ս չանհանգստանամ։ Հայերեն յուրաքանչյուր բառ բխեցնում են անպատճառ հնդեվրոպական արմատներից։ Այս մոտեցումը ժամանակին մերժել են Նիկողայոս Ադոնցը, Նիկողայոս Մառը, Գրիգոր Ղափանցյանի նման խորագետ մասնագետները, նաև Ձեր խոնարհ ծառան։ Իմ բազում հոդվածներն այժմ ամփոփված են շուրջ երկու հազար էջ կազմող գրքում, որը դեռ պիտի հրատարակվի։ Այն վերնագրված է բավականին խոսուն՝ «Հայերենի ոչ հնդեվրոպական բառապաշարը»։
-Այսինքն, կա հնդեվրոպական և ո՞չ հնդեվրոպական բառապաշար։
-Այո, ինչպես բոլոր լեզուները, հայերենն էլ ունի հարևան բազմաթիվ լեզուներից վերցված բառեր՝ խեթերենից, հայասերենից, աքքադերենից, խուռերենից, ուրարտերենից, հունարենից, թուրքերենից, արաբերենից, այսինքն, սեմական լեզուներից։
-Որո՞նք են սեմական լեզուները։
-Ասորերենը, արաբերենը, աքքադերենը, բաբելերենը և ասուրերենը։ Ժամանակի ընթացքում մենք բառեր ենք վերցրել ֆրանսերենից, անգլերենից և այլն։ Ժամանակային իմաստով դա մի վիթխարի շրջան է՝ երեք հազար տարուց ավելի։
-Սա բնակա՞ն ընթացք է։
-Այո, ոչ մի լեզու առանց փոխառության չի կարող գոյատևել։ Ժամանակին Ռուսաստան մուտք գործեցին հսկայական քանակությամբ տեխնիկական բառեր Հոլանդիայից՝ Պետրոս Մեծի ժամանակ։
-Ձեր հրատարակվելիք աշխատության բուն խնդիրը ներկայացրեք։
-Բուն նպատակն է՝ ճշտել փոխառությունների իսկական աղբյուրները։ Բայց ահա վերջերս լույս ընծայվեց հիմարությունների մի հավաքածու. բացի այն, որ ամեն բան հեղինակը բխեցնում է հնդեվրոպական լեզվախմբից, նաև արաբերեն, պարսկերեն և թուրքերեն բառերը հայերեն է համարում։ Հեղինակը Վազգեն Համբարձումյանն է, գիրքը վերնագրված է «Հայերենի բառաքննական և ստուգաբանական ուսումնասիրություններ»։ Ի դեպ, նա ԳԱԱ թղթակից անդամ է։ Եվ ահա ստուգաբանում է և ուսումնասիրում, հայերեն է համարում հետևյալը. «Հալս հալ չի», սակայն չէ՞ որ «հալը» արաբերեն բառ է։ Հայերեն է համարում նաև էշխ-ը, որը թուրքերեն «սեր» է նշանակում, «բուղան», ըստ նրա, դարձյալ հայերեն է։
-Որքան տեղյակ եմ, բուղան թուրքերեն է և նշանակում է ցուլ։
-Տեղյակությունդ ճշմարիտ է, բուղան ցուլն է, ըստ հեղինակի` բուղը հայերեն է և դարձել է բուղա։ Ինչևէ, հեղինակին, ով գիրքն ինձ էր ներկայացրել գրախոսության, ուղղակի ասացի, որ գիրքն իզուր է գրել։
-Հրատարակիչն ո՞վ է։
-ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչությունը։
-Պարոն Մկրտչյան, փոխառնված շատ բառերի ստուգաբանության շուրջ հաճախ են վիճաբանում, մասնավորապես, տարակարծությունների պատճառ է «ժողովրդական ուտեստի»՝ քյաբաբի ծագումնաբանությունը։
-Արաբերեն բառ է, «քաբաբա» նշանակում է այրված, եփված կրակի վրա։ «Լահմաջոն» ևս արաբերեն է, «լամ»-ը նշանակում է խմոր, «մաջո»-ն էլ՝ միս, այսինքն՝ մսախմոր։
-Այսինքն, Վազգեն Համբարձումյանի ամբողջ գիրքը նույն տրամաբանությա՞մբ է գրված։
-Ցավոք, այո։
-Բայց նման պատասխանատու աշխատությունները սովորաբար գիտխորհրդով են անցնում, ինչպե՞ս է այն սպրդել։
-Ոչ էլ կարդում են, խորամուխ լինում։ Ո՞վ պետք է այդքան ժամանակ վատնի, վատնելու դեպքում էլ մի՞թե կհասկանան։ Հայ լեզվաբանը պիտի տիրապետի լեզուների, գումարած ընդհանուր լեզվաբանության օրենքները, հարևան երկրների որ հնչյունը ինչ է դառնում և այլն։
-Կարծում եմ՝ կհամաձայնեք ինձ հետ, որ այս պարագայում անհատի խնդիրը չէ, այլ գիտական կազմակերպությունների, ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի խնդիրը։ Սակայն հետադարձ հայացքով թերևս ծանոթանանք Ձեր անցած ուղուն, զուգահեռաբար ծանոթանանք հայ լեզվաբանության շուրջ տիրող մթնոլորտին։
-Երբ սովորում էի մանկավարժական ինստիտուտում, մեզ բարբառագիտություն էր դասավանդում նշանավոր Արարատ Ղարիբյանը։ Մի օր ապսպրեց հաջորդ օրը մեր պապերի և տատերի խոսքով գրված նյութեր ներկայացնենք, հեքիաթներ, անեկդոտներ՝ իրենց բարբառով։ Մայրս, Վերոնիկա Բերբերյանը, Կեսարիայի մոտ գտնվող գյուղից էր, անվանի ընտանիքից։ Նա քաջ գիտեր և՛ հայերեն գրաբարը, և՛ թուրքերենը, և՛ ազգագրական բազում սովորություններ ու զրույցներ էր հիշում, առհասարակ փայլուն հիշողության տեր էր։ ՈՒ քանի որ մորս պապը եղել է քաղաքի Մեջլիսի անդամ, նրանց տանն են հյուրընկալվել բազմաթիվ թուրք և օտարազգի հյուրեր, սեղանը սպասարկում էր մայրս, տակավին ինը-տասը տարեկան մի աղջնակ, և նա բառացիորեն կլանում էր ականջի լսածը։ Հաջորդ օրը բազում նյութեր դրվեցին Ղարիբյանի սեղանին՝ Վանի, Արցախի և այլ բարբառներով։ Մեկ օր անց նա լսարան մտավ և բացականչեց. «Այ տղա, դու գիտե՞ս, որ գյուտ ես արել։ Աճառյանն իր բարբառագիտության գրքում ասում է, որ Եփրատից այն կողմ հայերեն չի հնչել, բոլորը թրքախոս են դարձել, դու հայերեն տեքստ ես բերել»։ Հետո ասաց, որ իրեն տանեմ մորս և Կեսարիայից ներգաղթածների մոտ։ Ես «Մոսկվիչ» մեքենա ունեի, հարգարժան դասախոսիս ուղեկցեցի Արմավիրի գյուղերը, Նոր Արեշ թաղամաս և այլուր։ Եվ, խնդրեմ, Արարատ Ղարիբյանը իմ հոդվածը տեղադրում է բարբառագիտության մասին իր աշխատությունում հետևյալ ձևով. «Ասաց Վերոնիկա Բերբերյանը, գրի առավ չորրորդ կուրսի ուսանող Ներսես Մկրտչյանը»։ Դա էր իմ առաջին հայտը հայ բարբառագիտության մեջ։
-Մյուս հայտերն էլ, համոզված եմ, ոչ պակաս ուշագրավ են։
-Մի օր քաղաքում լուր սփռվեց, թե ուրարտական մի սայլ են թանգարանում ցուցադրում, Լճաշենի սայլն էր։ Դիտեցինք ու երբ դուրս եկանք, հրապարակի շատրվանների մոտ Արարատ Ղարիբյանին հանդիպեցինք, ով զրուցում էր մի քանի պատկառազդու ակադեմիկոսների հետ։ Բարևեցի և հեռացա, մեկ էլ ձայն է տալիս, թե մոտեցիր։ Պարզվեց՝ վաղուց է ինձ փնտրում։ Ասաց, որ ցանկանում է ինձ իր ասպիրանտը դարձնել, քանի որ լավ գիտեի արևմտահայ, մասնավորապես, Բութանիայի բարբառները։ Ամոթխած հրաժարվեցի, ուսուցչությամբ էի զբաղվում Նոր Արեշի դպրոցներից մեկում և շատ էի իմ աշխատանքից գոհ։ Մեկ էլ բղավեց՝ այս տղան հիմար է, շատերը դուռս են ջարդում, որ դառնան իմ ասպիրանտը, սա հրաժարվում է։ Մի խոսքով, Լճաշենի սայլը բախտորոշ էր ինձ համար։ Առաջին հանձնարարված թեման համընդգրկուն էր. «Արևմտյան Անթալիայի չուսումնասիրված բարբառը»։ Հետո թեկնածուական և դոկտորական թեզերի պաշտպանություն և բազում ուսումնասիրություններ, իրադարձություններ, դեպքեր և դեմքեր՝ գիտության իմ ոչ այնքան հարթ ճանապարհին։
-Շրջայց կատարենք։
-Լենինգրադից երկու երիտասարդ վերադարձան, մեկն իմ աշխատասենյակում անցավ գործի, խեթագետ Վալերի Խաչատրյանը։ Երբ նա սեպագրերը փռում էր սեղանին, ուղղակի խելքս գնում էր, ո՜նց եմ այս հրաշքներից անմասն մնացել։ Սկսեցի խորանալ սեպագրագիտության մեջ, օրեր և ամիսներ շարունակ։
-Ձեր հետնորդները պահպանո՞ւմ են կապը գիտաշխարհի հետ։
-Հարցիդ մի պատմությամբ պատասխանեմ։ ՈՒրարտերենի գծով կոնֆերանս էր Հայաստանում։ Ժամանել էին շատ նշանավոր աքքադագետներ և սեպագրագետներ ողջ աշխարհից։ Առաջարկեցի բանկետը կազմակերպել Գառնիում, ցույց տալու հյուրերին տաճարին կից բաղնիքի մակագրությունը՝ «Աշխատեցինք ոչինչ չստանալով»։ Ակադեմիայից ուղևորվեցինք Գառնի։ Աղջիկս՝ Հասմիկը, մեզ հետ էր, թևի տակ աքքադերենի այբբենարանը։ Ասեմ, որ շատ գիտնականներ իրենց կանանց հետ էին ժամանել։ Եվ ահա իտալացի ուրարտագետի կինը, Հասմիկիս տեսնելով, բացականչեց. «Բելա բամբինո, բելա բամբինո, եկ այստեղ»։ Զարմացավ, գիրքը տեսնելով դստերս մոտ, և առաջարկեց կարդալ։ Հասմիկս կարդաց և բավականին վարժ։ Ամուսինը՝ Սալվինին, զրուցում էր հանրաճանաչ գիտնական Դյակոնովի հետ։ Ձայն տվեց, ամուսինը մոտեցավ, լսեց աղջկաս ընթերցանությունը և բացականչեց. «Օ՜, մադոննա միա»։ Հետո ասաց, որ երբ հասնեն Իտալիա և պատմեն, թե տասը տարեկան երեխան աքքադերեն է կարդում, չեն հավատա։ Հետո Սալվինին իր հարցազրույցներից մեկում ասել էր՝ զարմանալի երկիր է Հայաստանը, երեխաներն էլ են սեպագիր կարդում։ Այս պատմությունն աշխարհով մեկ տարածվեց, անգամ Չուկոտկայից էին երեխաները նամակ գրում և խնդրում, որ Հասմիկը սեպագրերով իրենց անունը գրի և ուղարկի։
-Շատ հետաքրքիր է, բայց լեզվական առնչություններին վերադառնանք։
-Սիրով։ Տպագրեցի մի հոդված խեթահայկական ընդհանրությունների շուրջ։ Մինչ այդ հայտնի չէր, որ «բրուտը» խեթերեն է և նշանակում է կավ։ Նման շատ բառեր կան։ Իտալական «Օրիենտալիա» («Արևելագիտություն») ամսագիրը տպագրում է սեպագրի մասին որևէ երկրում հրապարակված նյութեր։ Ինձ էլ անդրադարձան։ Եվ այսպես դարձա խեթագետ։ Հետո անցա աքքադերենին, որը շումերենի շարունակությունն է։ Ցավոք, մեր որոշ գիտնականներ երբեմն խորամուխ չեն լինում կնճռոտ հարցերում։ Այսպես, նշանավոր գիտնական Ջահուկյանը մի աշխատություն ունի՝ «Հայերենի օրինաչափություններից շեղվող բառեր». ես հիմնավորեցի, որ ոչ թե շեղված բառեր են, այլ աքքադերեն են՝ չորս հարյուր բառ։ Ժամանակին հռչակավոր հայագետ Հյուբշմանն է վրիպել. արաբերեն բառերը Հայաստան են եկել 640-ին, արաբների առաջին ներխուժման հետ։ Ես հիմնավորեցի, որ դեռ դասական գրաբարում, ավելին, «Աստվածաշնչում» մինչ այդ կային բազմաթիվ արաբերեն բառեր, որոնք անցել էին հայերենին։ Հոդված գրեցի. «Հյուբշմանի սխալները», տպագրվեց ԳԱԱ «Պատմաբանասիրական հանդեսում»։ Այնուհետև հոդված գրեցի Հրաչյա Աճառյանի «Արմատական բառարանում» եղած սխալների մասին։ «Պատմաբանասիրական հանդեսի» խմբագիրը, ինձ տեսնելով, բացականչեց. «Արա՛, հերիք է գիգանտների հետ քյալլա տաս»։ Հետո նյութն ուղարկել էր Լենինգրադ և այլ գիտական կենտրոններ, հավանություն էին տվել և մի օր, ակադեմիայում հանդիպելով, ասաց. «Ա՛յ գիգանտների հետ քյալլա տվող, հոդվածդ տպելու եմ»։ Եվ տպագրեց։
-Մեծարգո պարոն Մկրտչյան, հուսամ՝ էլի կհանդիպենք, քանզի Դուք դեռ շատ ասելիք ունեք։ Այժմ սպասենք մեկենասների արձագանքներին, ովքեր կկամենան Ձեր աշխատությունը հրապարակել։
-Շնորհակալություն Ձեզ և «Իրատես de facto»-ին։


Զրույցը՝
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 3607

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ