ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Գուցե հայերս «մի բան էլ շահենք ճգնաժամից»

Գուցե հայերս «մի բան էլ շահենք ճգնաժամից»
09.12.2008 | 00:00

«ԲԱՅՑ ԴՐԱ Ի՞ՆՉԸ ՄԵԿՆԱԲԱՆԵՄ», ԿԱՄ` «ԹԻՎ Է` ՆԿԱՐՈՒՄ ԵՆ, ԷԼԻ»...
Մեզանում մի տեսակ տարօրինակ իրավիճակ է ստեղծվել: Ստացվել է այնպես, որ չգիտես ինչից ազդված` «դեղին մամուլն» ու համարյա ամեն Աստծո օր առանց այդ էլ իր «խախուտ» աշխատանքը կորցնող մեր քաղաքացին «չարամտաբար խոսում են տնտեսական ճգնաժամի մասին` բայղուշություն անելով իրենց վերջին կտոր հացի առիթով», իսկ կառավարությունը, որ ի վիճակի է «արդյունավետ գործիքակազմի ընտրությամբ» հաղթահարելու ճգնաժամը, ի զորու չէ սույն «բայղուշության» դեմն առնելու: Չնայած վստահ է, որ գուցե հայերս «մի բան էլ շահենք ճգնաժամից»: Այլ կերպ ասած, դրսի խուճապահար գործարար հանրությունը հնարավոր է` «գնահատի մեր երկրի խախանդությունը, փողերն առնի ու վեր կենա-գա Աշտարակ»…
Ի՞նչ կա որ. չնայած հայտնի գործարարներից մեկն այս հեռանկարն օրերս հեգնանքի արժանացրեց (համարելով, որ ընդամենը եվրոպական մի բանկի մասնաճյուղ հանդիսացող մեր բանկային համակարգի կայացածության մասին խոսելն ավելորդ է, իսկ ներդրողներն էլ, հենա, կգնան կոռուպցիան մեծավ մասամբ հաղթահարած Վրաստանում բիզնես կանեն, էլ ո՞ւր են գալիս Հայաստան), բայց որ կառավարությունն ասում է, ուրեմն` մի բան գիտի: Կամ` ի զորու է հրաշքներ գործելու հակառակ իր իսկ գերատեսչությունների կողմից հայտնվող տվյալների:
Օրինակ, էկոնոմիկայի նախարարության ճյուղային և տարածքային տնտեսական զարգացման վարչության պետ ՀԱՅԿ ՄԻՐԶՈՅԱՆՆ օրերս շատ հստակ նշեց, թե մոնիտորինգի արդյունքում պարզել են, որ ընթացիկ 10 ամիսների ընթացքում մեր արդյունաբերական ձեռնարկությունները, որ առանց այդ էլ փոշեհատիկ են հիմնականում ներկրող մեր տնտեսության մեջ, որպես կանո՛ն են նվազեցրել իրենց արտադրության, իրացման և արտահանման ծավալները: Ավելին` մարդը զարմանք հայտնեց ակնագործության-ոսկերչության և մեքենաշինության բնագավառի «մի փոքր աճի առիթով», այնուհետև բացատրեց, թե դա կապված է մի քանի ընկերությունների` նախկինում ստացած պատվերներով, և որ «դեռ վաղ է ասել, թե այդ ճյուղերում նկատվող աճը կլինի կայուն, քանի որ այս շուկաներում էլ է նկատվում գների անկում»:
Պարզ է, չէ՞, թե մարդն ինչ է ասում։ Ասում է` ի՞նչ զարգացում, հազիվ մի կտոր հաց էին աշխատում էս մարդիկ, ասենք` թեթև արդյունաբերության, հիմնականում ԱՊՀ-ի շուկաների հետ կապված հաստոցաշինական, քիմիական արդյունաբերության, հանքարդյունաբերության ոլորտներում, հիմա դրանք բոլորը չկան, փակվել են կամ փակվելու վտանգի առաջ են, իսկ նախագահը, վարչապետն ու կոալիցիոն պատգամավորները չգիտես, թե ինչ երգ են երգում ՓՄՁ-ների զարգացման ու պետության աջակցության, բիբարի, վարունգի թթվի ու էլի չգիտեմ, թե ինչ բրենդների մասին:
Իհարկե, միշտ էլ հնարավոր է խելոք դեմքով-սափրված-գեղեցիկ ժպիտով կանգնել ԱԺ ամբիոնի առաջ և ասել` ինչ-որ հայ-գերմանական հիմնադրամի միջոցով 17 մլրդ դրամ ենք հատկացնելու փոքր և միջին բիզնեսին, որ «զարգանա և վնասներ չկրի համաշխարհային տնտեսական ճգնաժամից»: Սա, փաստորեն, ճիշտ ազատ տնտեսական գոտու ստեղծման հանգույն, համարվում է «ճիշտ ընտրված գործիքակազմի ճիշտ գործիք»: Ինչքանով աշխատող` պարզ է և էս գլխից…
Կասեք` հեգնանքդ ՓՄՁ-ին աջակցելու մասով հասկացանք, բա ազատ տնտեսական գոտու ստեղծման առիթով ինչո՞ւ ես թերահավատ: Ասեմ: Որովհետև չնայած կառավարությունն ասում է` «ազատ տնտեսական գոտին նպատակաուղղված է հայկական գյուղմթերքների արտահանման զարգացմանը, որը պետք է ապահովվի ապրանքների կուտակմամբ, այդ թվում` սառնարանային սենյակի և լաբորատորայի համար բոլոր անհրաժեշտ պայմաններով», բայց իրականում մենք այլևս ոչ թե գյուղացի ունենք, այլ չախչախ թագավորների հողերում աշխատող հացփորի նոքար և կամ տնամերձն անգամ անմշակ թողած-խոպան գնացած խղճուկներ, որ հիմա էլ էս ճգնաժամից են տուժելու` մեկ, հետո էլ, գոնե մեկ-մեկ թող իրենց գրած-ընդունած օրենքները կարդան, ախր, էս մարդիկ: Կարո՞ղ է` ես եմ գրել, որ սկսած 2009-ից` գյուղմթերքները ՀՀ-ում հարկվելու են: Շատ կարևոր մի հանգամանք, ինչի մասին կառավարությունը ԱԺ-ում միտումնավոր լռեց, կոալիցիոն պատգամավորները, բնականաբար, չտեսնելու տվեցին, իսկ մնացած հատուկենտ գյուղացիներն էլ դեռ չգիտեն իրենց գլխին գալիքը…
Հա, բայց լավատեսություն ունենք, աշխարհը չունի: Էս բոլոր տվյալներով, ուրեմն, եղած աշխատատեղերն էլ փակվում են, դրսից ուղարկվող տրանսֆերտները` նվազում, խոպանչիները կես քցված-կես «դուզ» հետ են գալիս Հայաստան, մյուս կողմից էլ տեղում է տնտեսա-քաղաքական հաշվեհարդար տեսնվում առանձին մարդկանց հետ, բայց ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանն անհողդողդ տեսքով ու ժպիտով նկատում է, թե «համաշխարհային տնտեսական և ֆինանսական ճգնաժամն առայսօր ազդեցություն չունի Հայաստանում հարկերի հավաքագրման վրա… Ծրագրավորված ծավալներով է կատարվում հարկերի հավաքագրումը, այնպես որ, առայսօր տնտեսական ճգնաժամը Հայաստանում հարկերի հավաքագրման վրա ազդեցություն դեռևս չունի»… Չգիտես էլ` ինչ ասես սրա առնչությամբ: Մնում է միայն ահռելի ուժ գործադրելով լռել և սեփական արխիվ «մուտքագրել» նախարարի այնպիսի «քաջախոսություններ», ինչպիսիք, ասենք, սրանք են` «Հաջորդ տարի նախատեսված է 17,4% հարկերի հարաբերակցություն` համախառն ներքին արդյունքի նկատմամբ… բոլորի աշխատավարձերն են բարձրացվելու… Չենք ազդվելու ոչնչից» և այլն:
Զավեշտն այն է, որ հենց այդ երեկո Հայաստանի երկրորդ խոշոր հարկատու, Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի քաջ հայտնի տնօրեն Մաքսիմ Հակոբյանը քիչ մնաց «Ազատություն» ռ/կ-ի եթերով նախարարին ասի` բայց դու դեմք ես, հա… Խեղճն էնպես տարակուսեց, որ ասաց` «Բայց դրա ի՞նչը մեկնաբանեմ… մոտավորապես ամենապակասը 20-25% հարկերի նվազում կլինի»:
«Թե ինչ ձևով են հավաքվելու հարկերը, որ նախատեսված է նաև աճ, ես չեմ կարողանում հասկանալ: Պարզապես թվեր են, նկարել են»,- նույն առիթով նկատել էր նաև նախկին քաղաքապետ, Լևոն Տեր-Պետրոսյանի տնտեսական հարցերով նախկին խորհրդական Վահագն Խաչատրյանը, ում համոզմամբ` մերոնք ոչ միայն նկարիչ են, այլև ահագին էլ ալարկոտ… «Բյուջեի բովանդակությունից հասկացվում է, որ նախագիծը գրվել է այն ժամանակ, երբ ճգնաժամ չէր կանխատեսվում, իսկ այժմ, երբ արդեն ճգնաժամ կա, պարզապես «ալարում են» փոխել այն: Ամբողջ աշխարհը տառապում է` ճանապարհներ են գտնում այս ճգնաժամից դուրս գալու, բյուջեներ են կազմում տարբեր վերսիաներով: Նույն Ռուսաստանը երեք կամ չորս տարբերակով բյուջե ունի, նույնիսկ Ադրբեջանն իր բյուջեն տարբեր սցենարներով է գրում, իսկ Հայաստանի Հանրապետությունում կա մեկ սցենար` ավելացնում ենք հարկերը, ճնշումը մեծացնում ենք տնտեսավարող սուբյեկտների վրա և հետո բարձր խոսում, թե ունենք տնտեսական աճ, ունենք ցածր սղաճ, աշխատավարձի բարձրացում: Բայց դրա փոխարեն իրական կյանքում արդեն պրոբլեմներ ունենք: Այսօր տնտեսության մեջ պետք է ուղղակի արտակարգ իրավիճակ հայտարարվի, և դրան համապատասխան գործողություններ կատարվեն»,-մեկնաբանել է տնտեսագետը:
Կապրենք-կտեսնենք, ինչպես ասում են, հո միայն խոսելո՞վ չի…
Գոհար ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 9431

Մեկնաբանություններ