ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Առաջինը` ոչ-ոքի

Առաջինը` ոչ-ոքի
12.12.2008 | 00:00

ՇԱԽՄԱՏ
Դրեզդենի օլիմպիական չեմպիոն Լևոն Արոնյանի երևանյան «արձակուրդն» ավարտվեց, և նա կրկին նստել է խաղատախտակի առջև: Երեկ Չինաստանի Նանկին քաղաքում մեկնարկեց աշխարհի վեց ուժեղագույն շախմատիստների մասնակցությամբ 21-րդ կարգի գերմրցաշար: Երկու շրջանով իրար հետ կմրցեն Վեսելին Տոպալովը (Բուլղարիա, գործակիցը` 2791), Վասիլի Իվանչուկը (ՈՒկրաինա, 2786), Լևոն Արոնյանը (Հայաստան, 2757), Սերգեյ Մովսիսյանը (Սլովակիա, 2732), Պյոտր Սվիդլերը (Ռուսաստան, 2727) և Բու Քսիանջին (Չինաստան, 2714):
Առաջին խաղափուլում Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով մրցեց աշխարհի նախկին չեմպիոն Վեսելին Տոպալովի հետ: Կատարելով խաղաքարերի արագ փոխանակումներ` կողմերը վերջնախաղում ստացան մեկական տարագույն փիղ և հնգական զինվոր: Դիրքը տեսականորեն հավասար էր, և 40-րդ քայլում մրցակիցները խաղաղ դաշն կնքեցին: Մեր մյուս հայրենակիցը` «սլովակ» Սերգեյ Մովսիսյանը, սպիտակներով խաղում էր «դաշտի տեր» Բու Քսիանջիի հետ և 58-րդ քայլում պարտություն կրեց: Երրորդ զույգը` Վ. Իվանչուկ և Պ. Սվիդլեր, 37-րդ քայլում արձանագրեց ոչ-ոքի: Այսօր կկայանա երկրորդ խաղափուլը. Լևոն Արոնյանը կրկին սպիտակներով կխաղա Վ. Իվանչուկի հետ: Մյուս զույգերն են` Տոպալով - Բու Քսիանջի, Սվիդլեր - Մովսիսյան:
Նշենք, որ մրցաշարի մրցանակային հիմնադրամը 250 հազար եվրո է, որից հաղթողը կստանա 80 հազար, 2-րդ տեղը զբաղեցնողը` 55000, 3-րդը` 40000, 4-րդը` 30000, 5-րդը` 25000, 6-րդը` 20000 եվրո: Մրցաշարն ավարտվելու է դեկտեմբերի 21-ին, միակ հանգստյան օրը դեկտեմբերի 16-ն է:
Արտաշես ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 4470

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ