ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Հրեական պետությունը մեծ պատերազմ է սադրում Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում-4

Հրեական պետությունը մեծ պատերազմ է սադրում Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում-4
02.10.2024 | 15:30

(սկիզբը` այստեղ)

Իսրայելի «պաշտպանության բանակ» (ՑԱՀԱԼ) կոչվածն այսօր ներխուժել է Լիբանան: Իրազեկ ենք այս պահին իրադարձությունների սրընթաց զարգացման: Մերձավոր Արևելքում մեծ պայթյունը կարծես թե մոտ է:

ՑԱՀԱԼ- ը հայտարարել է Լիբանանի հարավի սահմանամերձ գոտում «Հըզբոլահ»- ի օբյեկտների դեմ «սահմանափակ, տեղայնացված և նպատակային ռեյդեր» անցկացնելու մասին: Ինչպես հայտնել են իսրայելական բանակից, դրանց մասնակցում է Գազայի հատվածում նախկինում գործող 98- րդ դիվիզիան: Ցամաքային ուժերին օգնում են օդուժն ու հրետանին։

ՑԱՀԱԼ- ի հրապարակած տեղեկատվության մեջ նշված է, որ իրենց գրոհած թիրախները գտնվում են սահմանի մոտ գտնվող գյուղերում և անմիջական սպառնալիք են ներկայացնում Իսրայելի հյուսիսում գտնվող համայնքների համար: Իսրայելն առնվազն վերջին մի քանի ամիսներին նախապատրաստվել է այս ռազմագործողությանը։

«Գազայի հատվածում ամիսներ տևած գործողություններից հետո, որտեղ դիվիզիայի մարտիկները հմտություններ և մարտական փորձ են ձեռք բերել, նրանք շարժվել են դեպի հյուսիս և այժմ գործում են հյուսիսային ասպարեզում, Լիբանանում մարտական գործողությունների համար անհրաժեշտ ճշգրտումներ կատարելուց հետո»,- նշված է ՑԱՀԱԼ- ի հաղորդագրության մեջ:

Իսրայելական բանակի պաշտոնական ներկայացուցիչ Ավիհայ Էդրին հայտարարել է, որ Լիբանանի հարավային շրջաններում ինտենսիվ մարտական գործողություններ են ընթանում:

«Reuters» գործակալությունը, հղում անելով Լիբանանի անվտանգության ուժերի աղբյուրին, հայտնել է, որ իսրայելական գործողության մեկնարկից հետո Լիբանանի բանակը հարավային սահմանի երկայնքով դիրքերից մոտ հինգ կիլոմետր նահանջել է, սակայն Լիբանանի զինված ուժերում այդ տեղեկությունը հերքել են:

Նոր հարվածներ Բեյրութին և հարձակում պաղեստինցիների ճամբարի վրա

ՑԱՀԱԼ- ը հայտնել է նաև, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը կետային հարվածներ են հասցրել զենքի արտադրության օբյեկտներին և «Հըզբոլահ»- ի այլ ենթակառուցվածքներին Բեյրութի արվարձանի Դահիա շրջանում:

ՏԱՍՍ- ի թղթակցի տվյալներով՝ Բեյրութին հասցված հարվածի հետևանքով ավերվել է քաղաքի հարավային ծայրամասում, Էլ Մրեյջի շրջանում գտնվող ութ շենքերից բաղկացած բնակարանային համալիրը: Բացի այդ, պայթյուններ են լսվել Ռուվեյս թաղամասում և Բուրջ էլ Բարաժնա փախստականների ճամբարում, որը գտնվում է դեպի Բեյրութի Ռաֆիկ Հարիրիի անվան միջազգային օդանավակայան տանող մայրուղու վրա:

Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը, իր հերթին, հայտնել է նաև, որ Իսրայելը հարվածել է Լիբանանի հարավային Նաբաթիա նահանգի էդ Դաուդիա քաղաքի տներից մեկին: Արդյունքում զոհվել է առնվազն 10 մարդ։ «Al Mayadeen»- ի տվյալներով՝ ՑԱՀԱԼ- ը ևս մեկ հարված է հասցրել հարավլիբանանյան Մաշգարա քաղաքին, գրոհն ուղղված է եղել շտապ օգնության կենտրոնին: Այնտեղ զոհվել է առնվազն ութ մարդ, որոնք հարվածի պահին գտնվել են բուժհաստատության շենքի անմիջական հարևանությամբ:

«Reuters»- ը, «Al Hadath»- ը և «Al Mayadeen»- ը հաղորդել են նաև, որ ՑԱՀԱԼ- ը հարձակվել է պաղեստինցի փախստականների Այն ալ- Հիլվա խոշոր ճամբարի վրա, որը գտնվում է Լիբանանի հարավային Սայդա քաղաքի մոտակայքում: Նրանց տեղեկություններով՝ այդ հարվածի թիրախը եղել է պաղեստինյան ՖԱԹԽ շարժման «Ալ- Աքսայի նահատակների բրիգադ»- ի ռազմականացված թևի հրամանատար Մունիր Ալ- Մաքդահը։ «Al Hadath»- ը հայտնել է, որ հարվածի հետևանքով զոհվել է 5 մարդ, այդ թվում՝ Ալ Մաքդահի որդին, իսկ ինքը՝ գեներալ- մայորը վիրավորվել է: Ընդ որում, ըստ «Reuters»- ի, ՖԱԹԽ- ի հրամանատարի ճակատագիրն անհայտ է:

ԱՄՆ- ի աջակցությունը

Ամերիկյան ԶԼՄ- ները մինչ այդ հայտնել էին, որ Իսրայելը նախապես տեղեկացրել է ԱՄՆ- ին Լիբանանում ցամաքային սահմանափակ գործողություն իրականացնելու ծրագրերի մասին:

«Politico»- ն, վկայակոչելով իսրայելցի և ամերիկացի պաշտոնյաների աղբյուրները, գրել է նաև, որ ԱՄՆ- ի ղեկավարությունը մասնավոր կերպով հայտնել է Իսրայելին, որ կաջակցի «Հըզբոլահ»- ի վրա ռազմական ճնշումն ուժեղացնելու նրա որոշմանը: Ընդ որում, թերթի տվյալներով, Լիբանանում իսրայելական գործողությանն աջակցությունը միաձայն չի եղել։ Իսրայելի իշխանությունների որոշումը, ինչպես նշել է պարբերականը, «առաջացրել է Պենտագոնի, Պետդեպարտամենտի և ԱՄՆ- ի հետախուզության որոշ ներկայացուցիչների դիմադրությունը», որոնք վախենում էին հակամարտության մեջ Վաշինգտոնի ներքաշվելուց (պատերազմում Իրանի ներգրավման դեպքում):

«Politico»- ի զրուցակիցները նաև պարզաբանել են, որ ամերիկյան ղեկավարությունն իրազեկված չի եղել գործողության մանրամասներին, և կոչ է արել Իսրայելին զերծ մնալ ավելորդ էսկալացիայից:

«Axios» պորտալը միաժամանակ հայտնել է, որ «իսրայելցի և ամերիկացի պաշտոնյաների միջև 48 ժամ բարձր մակարդակի բանակցությունների ընթացքում Իսրայելը Սպիտակ տանը համոզել է, որ իր պլանը հստակ նպատակներ է պարունակում և ենթադրում է սահմանի երկայնքով «Հըզբոլահ»- ի ենթակառուցվածքների կործանում, իսկ հետո իսրայելական զորքերի հետքաշում»:

ABC հեռուստաընկերությունը, հղում անելով ամերիկացի պաշտոնյային, հաղորդում է նաև, որ ՑԱՀԱԼ- ի ցամաքային գործողությունները Լիբանանի տարածքում կլինեն զգալի, բայց ոչ մասշտաբային: Տեղեկատվության ոլորտում ամերիկյան պաշտոնյաների խորամանկություններին վաղուց ծանոթ լինելով, հակված չենք հավատալու ցամաքային գործողությունների ոչ մասշտաբային լինելու մասին այս տեղեկությանը:

Պենտագոնն արդեն հաստատել է, որ ԱՄՆ- ի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն իր իսրայելցի գործընկեր Յոավ Գալանտի հետ քննարկել է Լիբանանում տիրող իրավիճակը և Իսրայելի կողմից իրականացվող գործողությունները:

«Նախարար Օսթինը վերահաստատել է ԱՄՆ- ի աջակցությունն Իրանից, Լիբանանում «Հըզբոլահ»- ից, ՀԱՄԱՍ- ից, հուսիթներից և Իրանի կողմից աջակցվող այլ ահաբեկչական կազմակերպություններից Իսրայելի պաշտպանվելու իրավունքին,- հայտնել են Պենտագոնի մամուլի ծառայությունում։- Նրանք համակարծիք են եղել սահմանի երկայնքով հարձակողական ենթակառուցվածքի ոչնչացման անհրաժեշտության շուրջ, որպեսզի լիբանանյան «Հըզբոլահ»- ին զրկեն Իսրայելի հյուսիսում բնակավայրերի վրա հարձակում իրականացնելու հնարավորությունից՝ նման նրան, ինչն իրականացվել էր հոկտեմբերի 7- ին» (2023թ.):

Թեև Գալանտի հետ զրույցում, ըստ Պենտագոնի մամուլի ծառայության, Օսթինն իբր ընդգծել է, որ «սահմանի երկու կողմերում խաղաղ բնակչության տուն վերադառնալու համար անհրաժեշտ է դիվանագիտական կարգավորում», և որ ԱՄՆ- ի պաշտպանության նախարարը իսրայելցի գործընկերոջ հետ քննարկել է «ռազմական գործողություններից հրաժարվելու» հեռանկարը՝ հօգուտ դիվանագիտության, սակայն նույն Օսթինը միաժամանակ նշել է, որ ԱՄՆ- ը պատրաստ է «պաշտպանել իր զինվորականներին, գործընկերներին և դաշնակիցներին Իրանի և նրա կողմից աջակցվող ահաբեկչական կազմակերպությունների սպառնալիքի առջև», ինչպես նաև մտադիր է թույլ չտալ, որպեսզի այս կամ այն կողմն «օգտվի լարվածությունից հակամարտության ընդլայնման համար»:

«Հըզբոլահ»- ի նախնական պատասխանը

«Հըզբոլահ»- ը, դեռ մինչ ՑԱՀԱԼ- ի ներխուժման մասին հայտարարությունը, հայտնել էր, որ իր զինված ջոկատները գնդակոծել են իսրայելցի զինծառայողներին, որոնք հայտնվել էին էլ Էդեյսա և Քֆար Քիլ գյուղերի սահմանի մոտ:

Ռազմագործողության մեկնարկի մասին հայտարարությունից հետո Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ Լիբանանի տարածքից երկրի հյուսիսային շրջանների հրթիռակոծություն է արձանագրել: ՑԱՀԱԼ- ը ճշտել է, որ մոտ 10 հրթիռ է արձակվել Մերոն լեռան ուղղությամբ, հրթիռների մի մասը որսացել են, մյուսն ընկել է բաց տեղանքում:

Ինչպես հայտնել է «Al Mayadeen»- ը, «Հըզբոլահ»- ը հայտարարել է սահմանամերձ Մետուլա քաղաքում իսրայելցի զինվորականների հրթիռակոծության մասին: Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել է այս տեղեկությունը և հայտնել, որ հակաօդային պաշտպանության միջոցները մի քանի հրթիռ են որսացել։

ՑԱՀԱԼ- ը նաև հայտարարել է Վերին Գալիլեայի շրջանում երկու արկ որսալու և Լիբանանից, Բարամի շրջանից արձակված ևս մեկ հրթիռի ընկնելու մասին:

Ընդամենը մի քանի ժամ առաջ հաղորդվեց, որ ԱՄՆ- ը նախազգուշացրել է Իրանի՝ Իսրայելին բալիստիկ հրթիռներով մոտալուտ հարվածի մասին: Իրանն իսկապե՞ս պատրաստվում է բալիստիկ հրթիռներով հարվածել Իսրայելին… Հնարավոր է: Միաժամանակ հնարավոր է նաև, որ Միացյալ Նահանգները միտումնավոր կեղծ տեղեկատվություն է ասպարեզ նետել, որպեսզի դրանով հիմնավորվեն Իրանին Իսրայելի հնարավոր հարվածները, նախահարձակ գործողություններն իբրև կանխարգելիչ…

«Associated Press»- ի և «NBC News»- ի աղբյուրները հայտարարել են, որ ԱՄՆ- ն ակտիվորեն աջակցում է Իսրայելի պաշտպանության նախապատրաստմանը, և որ ուղղակի ռազմական հարձակումը լուրջ հետևանքներ կունենա Իրանի համար:

Ըստ վերջին և միանգամայն հավաստի տեղեկությունների, Իրանն արդեն զանգվածային հրթիռային հարված է հասցրել Իսրայելին: Այո, Մերձավոր Արևելքում մեծ պայթյունը կարծես թե մոտ է…

(շարունակելի)

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 11446

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ