ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ո՞վ է Գագիկ Ջհանգիրյանը

Ո՞վ է Գագիկ Ջհանգիրյանը
19.01.2021 | 12:16

Անձամբ ճանաչում եմ: Մինչ նրա անցյալի գործունեությանը գնահատական տալը, ասեմ հենց սկզբից՝ պրոֆեսիոնալ է, ունի սուր միտք և ընկալում: Մեկ անգամ չէ, որ քրեական գործ եմ զեկուցել նրան, երբ նա ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ էր, բայց ոչ որպես զինվորական դատախազ, զգացել եմ նրա այդ որակները: Բայց ասեմ, ասելիքս ամենևին էլ այդ չէ:


Թողնենք այդ որակները և որպես նախկին դատախազ, որը լավ է պատկերացրել իրավական այն լուրջ պրոցեսները, որոնք կատարվել են անկախ Հայաստանում 1991 թվականից մինչև 2007 թվականը: Երբ անցել եմ թոշակի և, բնականաբար, այլևս չէի կարող տիրապետել դատախազական խոհանոցում կատարվող խաղերին, ինչպես ՀՀ գլխավոր դատախազությունում 1991-2007 թվականները (հաշվի առնելով նաև երկուսուկես տարի հարկադիր պարապուրդի 1996-1998 թթ. Ժամանակաշրջանը):
1996 թվականին Գագիկ Ջհանգիրյանը աշխատում էր ՀՀ արդարադատության նախարարությունում: Հիշողություն ունեցող և այդ հիշողությունից անկեղծորեն օգտվողները կհիշեն 1996 թվականի ՀՀ նախագահի ընտրությունները և այդ ընտրությունների աքրդյունքները: Կարելի է ասել, որ այդ ընտրությունները կանխորոշեցին մեր երկրի հետագա բախտը և նրա քաղաքական ճակատագիրը, որը հետագայում վերաճելով կրիմինալի հետ, երկիրը դուրս բերեց արդար ընտրություններ հասկացությունից և որն էլ. ի վերջո, պայթեց 2018 թվականին և պայթյունի արդյունքում ղեկին հայտնվեց մի մարդ, ներողություն, քաղաքական թերմացք, և որը երկիրը հասցրեց այս ողբալի վիճակին:


1996 թվականի ընտրություններից հետո կազմավորվել է իմ կարծիքը որպես հայ մարդ, քաղաքացի, պետականորեն մտածող անհատ Գագիկ Ջհանգիրյանի մասին, որը տարիների ընթացքում էլ ավելի է խորացել և դարձել հիմնավոր և այն էլ մարդ անհատին հարգելով կամ չհարգելով ստեղծված սուբյեկտիվ կարծիք, բայց ավելի լավ է խոսեն փաստերը:
1996 թվականի կեղծված ընտրություններ: Չեմ անդրադառնա ոչ ընտրապայքարի թեժ մթնոլորտին և էլ ավելի թեժ հետընտրական պայքարին, և ոչ էլ Գերագույն խորհրդի դահլիճում ՀՀ գլխավոր դատախազ Արտավազդ Գևորգյանի բութ հայացքի ներքո ընթացող ընդդիմադիր պատգամավորների ծեծ ու ջարդին և ամբիոնի մոտ ակնոցը քթին իրեն չտեսնելու և չլսելու էր տալիս ընթացող պրոցեսներին և սպասում էր, թե երբ այդ ամենը կհանդարտվի, որպեսզի ազգի իշխանամետ ընտրյալները քննարկեն և համաձայնություն տան ըմբոստ ընդդիմադիրներին պատգամավորական մանդատներից զրկելու և քրեական գործեր սկսելու համար: Ինչու հիշեցի այդ ամենը, որպեսզի հիշեցնեմ ընթերցողին կատարված ընտրակեղծիքների բուն հեղինակին և այդ հեղինակին, նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի տված գնահատականը: Այդ խոշոր կեղծարարը ոչ այլ ոք էր՝ XX-րդ դարի հայ իրականության թիվ մեկ կեղծարարը՝ Գագիկ Ջհանգիրյանը:


Նախագահական ընտրությունները հօգուտ Լևոն Տեր-Պերոսյանի հաջող կեղծելուց առաջ, Ջհանգիրյանը քարտ բրանշ էր ստացել դատական ոլորտի բարեփոխումներ իրականացնելու, որը մի տեսակ վեթինգ էր հին դատական կադրերից ազատվելու համար: Ծանոթներիցս մեկը, որը լավ հարաբերությունների մեջ էր վերոհիշյալ մարդու հետ, հարցրեց.
-ՈՒզու՞մ ես դատավոր նշանակվել:
Մեխանիկորեն ասացի՝ այո: Բայց , երբ լսեցի, թե որքան պիտի վճարեմ դրա համար, ծիծաղելով ասացի՝ ես երեսուն դոլար անգամ չունեմ դրա համար: Պահանջված գումարը 30 հազար դոլար էր: Նախապես համոզված լինելով, թե որն է իմ մասնակցության ելքը, գնացի քննության: Քննությունն անցկացվում էր արդարադատության նախարարության շենքում: Քննող հանձնաժողովի անդամներն էին Գագիկ Ջհանգիրյանը և հանրահայտ կեղծարար Մհեր Խաչատրյանը: Երբ մտա ներս, բարևեցի նստածներին: Ջհանգիրյանն անգամ բարևս չառնելով, հարցրեց.
-Հը՞, Սոկրատ, հոդվածներ ես գրում, հա՞:
-Բայց դա ի՞նչ կապ ունի քննության հետ,- նկատելի հեգնանքով պատասխանեցի ես:
- Է՛ն, որ դու դատախազ ես և ոչ թե քաղաքական գործիչ:


Փոքր ինչ առաջ ընկնեմ և ասեմ, որ ընդամենը հոդվածներ գրելու համար պարոն Ջհանգիրյանը դատափետում էր ինձ, ինքը 2008 թվականի հայտնի դեպքերից առաջ մոռանալով, որ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ է, վազել է Ազատության հրապարակ և ելույթ է ունեցել ի պաշտպանություն Լևոն Տեր-Պետրոսյան թեկնածուի: Հավանաբար հաշվել էր, որ Լևոնն արդեն կարմիր ձիու վրա է և ինքն էլ ավելի բարձր պաշտոնի ակնկալիքներ ուներ: Բայց ինչպես ասում են՝ խիյարը թարս բուսնեց և Ջհանգիրյանը հայտնվեց մեղադրյալի աթոռին:


Տեսնելով, որ շփոթեցնող հարցերով չի կարողանում ըմբոստ դատախազիս հախից գալ, անցավ բացահայտ պրովոկացիայի, բա թե՝ քրեական դատավարության 242 հոդվածն ի՞նչ է ասում: Հեգնանքով պատասխանեցի.
-Դա նույնն է, եթե հարցնեք հեռախոսագծի 101-րդ հենասյան վրա քանի՞ մեկուսիչ կա:-Եվ չթողնելով, որ շարունակի, ասացի՝ իմ քրեական դատավարության դասախոսը՝ նայելով միշտ լուռ, համրի դեր ստանձնած հանձնաժողովի երկրորդ անդամին (ասեմ, որ այդ երկուսն էին հանձնաժողով կոչվածը) Մհեր Խաչատրյանին, ինձ այդ առարկայից գերազանց է գնահատել:
Բարի ճանապարհ ասելով, ինձ դուրս հրավիրեց: Չգիտեմ, թե ապագա թվով շուրջ հարյուր դատավորներից ով որքան էր մուծվել, բայց ասում են, դարձյալ՝ ըստ օդում կախված լուրերի, էն ժամանակվա համար մի աստղաբաշխական թիվ, որից նույնիսկ Լևոն Հակոբիչն էր ապշել: Որպեսզի այդ օդից կախված լուրերը չմնան որպես այդպիսին, հիշեմ իմ բարեկամուհի (այժմ հանգուցյալ) Սուսաննա Գևորգյանին, որը ոչ պակաս ակտիվ մասնակցություն էր ունեցել նախագահ Տեր-Պետրոսյանի օգտին Էրեբունիում ընթացող քվեարկության գործին, ասաց, որ Բարխոյան Ռաֆիկը Էրեբունիի գործկոմի նախագահն էր այդ ժամանակ, Սուսաննան գործկոմի քարտուղարն էր, ասել է Տեր-Պետրոսյանին, թե միակ մարդը Սուսաննան է, որ չի մուծվել և չի նշանակվել դատավոր: Պետրոսյանը հարցրել է, թե ինչու Սուսաննա Գևորգյանը դատավոր չի նշանակվել, ինչին հետևել է Ջհանգիրյանի պատասխանը, թե իրեն քաղաքից դուրս էինք առաջարկել, ինքն էլ հրաժարվել է: Հետո Սուսաննան հասկացել էր, թե որն էր պատճառը: Պատճառը չարաբաստիկ թղթի կանաչ գույնն էր, որ չուներ Գևորգյանը:
Հիշենք Ջհանգիրյանին 1999 թվականի հոկտեմբերի 27-ի քրեական գործով: Քրեական գործ հարուցվելուց ընդամենը երեք օր հետո, նա ստանձնեց քննչական խմբի ղեկավարի դերը և գործը տեղափոխվեց ՀՀ զինվորական դատախազություն: Աղվան Հովսեփյանը ուրախությունից հրճվում էր: Բոլորն էլ համոզված էին, որ Ջհանգիրյանի ղեկավարությամբ գործող քննչական խումբը ի զորու չէ բացահայտելու այդ գործը: Ջհանգիրյանը կերավ Քոչարյանի հայտնի կուտը, թե դա սովորական ուչաստկովիի մակարդակի գործ է: Եվ այդ գործն այդպես էլ չբացահայտվեց: Հիմա հարցնեմպարոն Ջհանգիրյանին, ի՞նչը խանգարեց գործի բացահայտմանը՝ ՀՀ վարչապետը, ՀՀ գլխավոր դատախազը և Դուք նույն թիմից էիք: Եվ ով ձեզ խանգարեց հասնել գործով օբյեկտիվ քննության: Քոչարյա՞նը: Հազիվ թե: Եվ այդ գործով միակ հաջողությունը, դա արդեն ՀՀ գլխավոր դատախազությունում, ըստ օդում կախված լուրերի, այն էր, որ Արամ Սարգսյանը մտավ քննչական մեկուսարան Նաիրի Հունանյանի խուց և մի լավ դնգստեց նրան:


Դեպքերից բավականին ժամանակ է անցել: Եվ առ այսօր նա այդպես էլ չխոսեց, թեպետ հեռանալիս խոստացել էր, թե կգա հարմար պահը և կխոսի: Հետաքրքիր է հարցնել, այդ հարմար պահը ե՞րբ է գալու: Չէ՞ որ արդեն երեք տարի է, Քոչարյանն էլ մեղադրյալ է, ինչ-որ ժամանակ էլ մեկուսարանում էր, ինչն էր խանգարում Ջհանգիրյանին խոսել: Հավանաբար այն, որ նա ասելիք չունի այդ գործով:
Մնացած այլ էպիզոդներով, որ տարիների ընթացքում շրջանառվել է մամուլում Ջհանգիրյանի նկատմամբ, ասելիք չունեմ: Միայն ասեմ, որ Ջհանգիրյանը, Մհեր Խաչատրյանը և սրանց նմանները լավ են ճանաչում իրենց դարը, ինրենց դեպարտամենտը և հարստացել են: Սրանց նմանները հայի էն տեսակն են, որ միշտ ծառայել են ոչ թե պետությանը, այլ՝ իշխանավորին և արդյունքում ունենք այն, ինչ այսօր ունենք Հայաստանում:


Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Հ. Գ. Էն ժամանակ դու ոչինչ չես արել հանուն պետության, հիմա գալիս ես ԲԴԽ, որ ու՞մ ծառայես: Պարզ է, թե ում:

Դիտվել է՝ 69907

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ