«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Մոռացված անկախություն

Մոռացված անկախություն
06.05.2023 | 21:52

Գնդապետ Թորգոմ: Սա այն խենթն էր, որի նմանների գալուստին կարոտ մնացինք: Իսկական Անդրանիկյան: Աներևակայելի հանդուգն զորական, որը գոնե պատմական մի պահի խառնեց, տակնուվրա արեց ժամանակի բոլոր դավաճանների հայրենատվական հաշիվները:

1918-ի արշալույսին Հայոց աշխարհում մահաշունչ քաոս էր: Ռուսական զորքերը հեռանում էին Հայաստանից՝ մեր բերդաքաղաքներում թողած անհամար զենք ու զինամթերք, պարեն, հանդերձանք ու այն ամենը, ինչ անհրաժեշտ էր մի քանի հարյուր-հազարանոց զորքի համար: Կարինում (Էրզրում) հայկական մի շարք խմբեր ու խմբավորումներ զբաղված էին այդ ամենը թուրքերին վաճառելով ու միլիոններ դիզելով: Այդ ամենի գլխին կանգնած էր վրացի զորավար Օդիչելիձեն, որը, ըստ որոշ աղբյուրների, օսմանյան զորքերի հրամանատար Վեհիբ փաշայի կնոջ եղբայրն էր: Այս սրիկան իր ստեղծած դավաճանական ցանցով արդեն հասցրել էր կազմակերպել հայկական մի շարք բնակավայրերի հանձնումը թուրքերին ու հերթը հասել էր անառիկ Կարինին: Այս օրհասական վիճակում Թորգոմն իրեն պատեպատ էր խփում, փորձում առնել դավաճանության դեմը, որսում Կարինից թուրքերին ուղարկվող լրտեսական հեռագրերը, ահազանգում Թիֆլիս՝ Հայոց ազգային խորհրդին, բայց դասալքության ու բարոյալքումի դեմն առնելն այլևս անհնար էր: Եվ տեսնելով, որ Կարինի հանձնումն այլևս օրերի հարց է, հանդուգն զորականը փետրվարի 13-ին (հին տոմարով՝ հունվարի 30-ին) իր սակավ ուժերով բերդաքաղաքի գլխավոր հրապարակ է քարշ տալիս թուրք պաշտոնյաներին, հայ և իսլամ կրոնական առաջնորդներին, պարզում հայկական դրոշ և թնդանոթի 101 հարվածներով հռչակում... Հայաստանի անկախություն: Անվեհեր գնդապետը հայ բազմության հուսավառ հայացքների առաջ ձիու վրայից կարդում է անկախության հռչակագիրը, որից հետո ստիպում տեղի հայոց եպիսկոպոսին, մահմեդականների մուֆթիին և Կարինի հայ և թուրք բոլոր երևելիներին ստորագրել այն: Ու նույն պահին էլ նրա զինվորները նրան շնորհում են Անկախ Հայաստանի զորավարի (գեներալի) կոչում:

Գնդապետ Թորգոմի այս խելահեղ արարքը ամպրոպի ճայթյունի նման տարածվում է Հայաստանով ու Կովկասով մեկ: Շատերը հույսով են լցվում, շատերն էլ՝ անզուսպ կատաղությամբ: Կատաղած էր Օդիչելիձեն, որն ամեն ինչ արել էր Կարինին մոտեցող օսմանյան զորքերի համար: Կատաղած էր Անդրկովկասյան սեյմը, կատաղած էր... Թիֆլիսի Հայոց ազգային խորհուրդը. այդ ո՞վ իրավունք ուներ իրենից բացի Հայաստանի անկախություն հռչակել, այն էլ՝ բովանդակ հայկական տարածքների վրա: Գնդապետի օրերը հաշված էին: Հայաստանի անկախության հռչակագրի ստորագրման հետ մեկտեղ նա ստորագրել էր նաև իր մահվան վճիռը: Բայց նա թքած ուներ: Մինչ դավադիրները ծրագրում էին՝ ինչպես որսալ նրան, անվեհեր գնդապետը միայնակ ներխուժում է Օդիչելիձեի շտաբ, նրա երեսին շպրտում «դավաճա՛ն» և սպառնում իր ձեռքերով սատկացնել իր հայրենիքը վաճառողներին: Ու այդ ամենը՝ գեներալի սպայակույտի ու շքախմբի ներկայությամբ: Ու, ատրճանակը գեներալի ճակատին պահած, կարողանում է դուրս գալ ու հեռանալ՝ հանցավոր ոհմակին թողնելով անզոր կատաղության մեջ: Գնդապետի դեմ անմիջապես տրիբունալի վճիռ է կայացվում:

Այս նույն օրերին Անդրանիկը ընդամենը հազար զինվորով Կարին էր շտապում: Նա լավ գիտեր, որ ամեն ինչ ավարտված է, որ իր երազած Հայաստանի մայրաքաղաք Կարինի օրերը հաշվված են: Նա գնում էր Կարինի պատերի տակ մեռնելու, միայն թե չտեսներ, թե ինչպես է անառիկ բերդաքաղաքը հանձնվում թուրքին: Ու այս գիտակցումով էլ ճանապարհին հեռագրում է Պողոս Նուբարին.

«Կարին կը մեկնիմ, թերեւս տխուր լուրեր առնէք քանի մը օրէն» ԱՆԴՐԱՆԻԿ:

Կարինում Թորգոմը զեկուցում է Անդրանիկին իր արարքի դրդապատճառները: Ասում է, որ չէր կարող հանդուրժել Անդրկովկասյան սեյմի կողմից իր հայրենիքի վաճառքը, և որոշեց Կարինի հանձնումից առաջ Հայաստանը անկախ հռչակել սեյմից, որպեսզի հետագայում Սերբիայի և Բելգիայի օրինակով կարողանա գործել որպես տարագրված կառավարության ղեկավար: Անդրանիկը գնդապետի արարքի մեջ տեսնում է իր ջահել օրերի խենթությունը և իր հրամանով Թորգոմին պաշտոնի նշանակում իր զորամասում: Իսկ դա նշանակում էր, որ Թորգոմի հանդեպ մահավճիռ արձակած դավաճանները արդեն պիտի գործ ունենային Անդրանիկի հետ: Տրիբունալի վճիռը չեղյալ է արվում: Իսկ հետագան ավելի մռայլ է: Հետագան բարոյալքումի, դավաճանության ու հայրենատվության անկասելի հորձանք է, որի դեմ հուսահատորեն ծառացած էին մի քանի անհատներ՝ Անդրանիկ, Մուրադ, Մախլուտո, Սեպուհ... և, իհարկե, Թորգոմ:

Գնդապետ Թորգոմ (Արշակ Երվանդյան): Խոնարհումով հիշենք այս անունը:

Կարո Վարդանյան

Դիտվել է՝ 2867

Մեկնաբանություններ