ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Մենք դեռ մեր քաղաքական ապրանքը չենք բերել շուկա»

«Մենք դեռ մեր քաղաքական ապրանքը չենք բերել շուկա»
05.10.2012 | 12:08

«Իրատես de facto»-ի հյուրն է գրող, արվեստաբան ՌՈՒԲԵՆ ԱՆԳԱԼԱԴՅԱՆԸ:

«ԱՇԽԱՐՀԸ ՈՐՔԱՆՈՎ ՈՐ ՀԱՎԱՔՎՈՒՄ Է, ՁԳՏՈՒՄ ԴԱՌՆԱԼ ՄԵԿ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԵՆՏՐՈՆ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՄԱԿԱՐԳ, ԱՅԴՔԱՆՈՎ ԷԼ ՋԱԽՋԱԽՎՈՒՄ, ՄԱՍՆԱՏՎՈՒՄ Է»
-Պարոն Անգալադյան, իսլամական աշխարհում պարզապես փոթորիկ առաջացրեց Մուհամեդ մարգարեին ծաղրող ֆիլմը: Կարծում եք` այդ ֆիլմը սոսկ անհատ արվեստագետի մոտեցման ու մտահղացման արդյո՞ւնք է, թե՞ մտածված, մշակված պետական քաղաքականություն` ուղղված իսլամադավանների դեմ:
-Արևելքը և համեմատաբար երիտասարդ Արևմուտքը տարբեր կերպ են ըմբռնում պետական և ոչ պետական մոտեցումները: Եթե տարբեր համակարգեր միևնույն պետության մեջ սերտորեն գոյակցում են հարյուր տարուց ավելի, յուրաքանչյուր հարց դառնում է պետական: Ամեն մեկը կատարում է իր ֆունկցիան, իսկ բոլորը միասին կատարում են պետական ֆունկցիա` ունենալով քաղաքական, մշակութային, հոգեբանական ուղղվածություն, ներառելով միջպետական և միջազգային հնչողության վեկտորներ: Եթե որևէ պետության մեջ որևէ բան է կատարվում, հետևում կանգնած է պետությունը: Եթե անգամ պետությունը ներողություն է խնդրում իր որևէ մեխանիզմում թույլ տված սխալի համար, արդեն իսկ ինքը տեր է կանգնում այդ սխալին:
-Այսինքն` ներողություն խնդրելը նո՞ւյնպես պետական միջամտություն է:
-Այո՛: Մենք այս նրբությունները դեռ չենք հասկանում, չգիտենք` մեզնից այս կամ այն հարցում այլ պետությունները գո՞հ են, թե՞ դժգոհ: Մենք դեռ մեր քաղաքական ապրանքը չենք բերել շուկա, դեռ չգիտենք էլ, թե որտեղ է այդ շուկան, որտեղ պիտի վաճառենք մեր քաղաքական ապրանքը: Իսկ մեր ունեցած ամենամեծ քաղաքական ապրանքը ցեղասպանությունն է: Մենք դեռ երեխայի պես ուրախանում ենք մեր արած փոքր քայլերի համար, այս կամ այն երկրի կողմից ցեղասպանությունն ընդունվելու համար: Բայց երկրներն ընդունեն, թե չընդունեն, մեզ համար դա այնքան էլ նշանակություն չունի: Մենք պետք է լինենք շուկայում: Մեկ անգամ չէ, որ ես բարձրաձայնել եմ այս խնդրի մասին: Մենք դեռ հասուն պետություն չենք։ Մեր միտքը շատ մակերեսորեն է մոտենում այս ամենին և չի ըմբռնում, թե վերջին հաշվով ինչ է կատարվում: Սիրիայում ներկայումս ընթացող այս դեպքերից մենք ոչինչ չէինք հասկանում: Ես ստիպված եղա ելույթ ունենալ և բացատրել, որ Սիրիայում կատարվողն անմիջականորեն առնչվում է մեզ հետ, մինչդեռ բոլոր մեկնաբանները մինչ այդ այլ բաներ էին ասում: Հետո սկսեցին հասկանալ, որ այնտեղ է ապրում Արևմտյան Հայաստանին ամենամոտ գտնվող հայկական համայնքը, որ գոյություն ունի Դեր Զոր: Բավական է մենք աշխարհում արդարություն փնտրենք: Պիտի հասկանանք, թե որտեղ է ապրանքի մեր մասն աշխարհում: Եվ ամենակարևորը` ո՞րն է մեր շահույթը: Այդ իմաստով մենք շատ քիչ բան ենք շահում: Այն, ինչ կատարվեց վերջերս Հունգարիայի և Ադրբեջանի միջև, մենք ճիշտ չօգտագործեցինք:
-Կոնկրետ սաֆարովյան պատմությունից ի՞նչ դիվիդենդներ կարող ենք ստանալ:
-Կարող էինք:
-Հիմա այլևս չե՞նք կարող, կորցրե՞լ ենք պահը:
-Դեռ որոշ բան կարող ենք ստանալ, բայց շատ բան կորցրել ենք: Ամեն գործողություն ունի իր ժամկետը: Վերցնենք կենցաղային օրինակ. մեկն իր կնոջն ապտակել է, դրա ազդեցության տևողությունը մեկ-երկու օր է, լավ ծեծել է, կտևի երկու շաբաթ, իսկ եթե բռնաբարել, ծեծել, նսեմացրել, փակի տակ է պահել, կարող է տևել տարիներ: Ամեն մի գործողություն տևողության իր ժամկետներն ունի: Մեր միամտությունը, մինչև անգամ ոչ գրագետ լինելն այդ հարցերում մեզ կանգնեցնում են լուրջ բացթողումների առջև: Մեզ թվում է, թե Սաֆարովին անվերջ պիտի հիշեն, թե աշխարհը չի մոռանալու այդ խայտառակությունը: Այդպես չէ: Սաֆարովը միակ դեպքը չէ աշխարհում: Դրանից հետո այնքա՜ն բան է կատարվել, Ռասմուսենն ու մյուսները այնքա՜ն նոր հետաքրքրություններ, գլխացավանքներ ունեն: Հիմա նրանք ուրիշ խնդիրներ են լուծում: Մենք պիտի գիտակցենք, որ ինչքան շատ խնդիրներ ունենանք միջազգային ասպարեզում, այնքան կշահենք, կսովորենք, թե ինչն ինչպես պիտի անենք: Այդպես մենք կլինենք քաղաքական կյանքի կենտրոնում: Իսկ այդ կյանքը եռում է, մարդիկ, պետություններն ուզում են իրենց այս կամ այն չափի ներկայությունն ու մասնակցությունն ունենալ թեժ կետերում կատարվող իրադարձություններին: Մենք հակառակն ենք անում: Մտածում ենք` միլիոն խնդիր ունենք, ինչո՞ւ խառնվենք ուրիշների խնդիրներին: Շատ լավ է, որ միլիոն խնդիր ունենք: Սկսենք լուծել դրանք: «Վաճառենք» դրանք: Գնորդներ անպայման կգտնվեն, այնպես, ինչպես փոքր երկրների պարտքերն են այսօր գնում խոշոր երկրները: Աշխարհը որքանով որ հավաքվում է, ձգտում է դառնալ մեկ ընդհանուր կենտրոն ունեցող համակարգ, այդքանով էլ ջախջախվում, մասնատվում է: Ամեն մի տարածաշրջան հիմա փորձում է իր լիդերներն ունենալ: Առաջներում այդպես չի եղել: Առաջին համաշխարհային պատերազմից հետո այդ խնդիրը չկար: Ռեգիոնալ լիդերների խնդիրն առաջ եկավ 50-60-ականներին: Հետագայում այն ավելի խորացավ: Մենք պիտի հասկանանք, որ Հայաստանը` որպես գեոպոլիտիկ համակարգ, ոչինչ չի նշանակում տարածաշրջանում: Բայց հայ ժողովուրդը` այս հողատարածքով, որ կոչվում է Հայաստան, մեծ նշանակություն ունի:
-Եվ ինչպե՞ս հասկանալ այդ իրողությունը:
-Պետք է հասկանալ, որ Հայաստանում ապրում են միայն Հայաստանի քաղաքացիները: Հայ ժողովուրդն ապրում է ողջ աշխարհում: Ըստ որում` Հայաստանում ապրում է հայ ժողովրդի մեկ երրորդը, դրսում` երկու երրորդը:
-Եվ ամեն երկիր ունի իր ներքին Հայաստա՞նը:
-Իհարկե: Քանի՜-քանի երկրներում հայերը գտնվում են պառլամենտի կազմում, խոշոր բիզնեսի ոլորտում: Մեր ողջ ներուժը կուտակված չէ Հայաստանում: Մեր հարևան վրացիները, օրինակ, չունեն նման առավելություն: Նրանք կարող են ռուսական դումայում ունենալ անդամներ, բայց չեն կարող Սիրիայում, Թուրքիայում, Լիբանանում ունենալ, ինչպես հայերը: Եվ այսուհանդերձ, Հայաստանն այսօր ապրում է իր վատագույն ժամանակները:
-Ինչո՞ւ:
-Մեր առջև դրված է խնդիր. Հայաստանը, որպես պետություն, ներգրավել միջազգային ասպարեզում: Դրա համար պետք են թարմ մտածող մարդիկ, ովքեր կարող են համակարգված ձևով կապել Հայաստանի պետականության լավ ու վատ կողմերը միջազգային ասպարեզին: Վատը` ուղղելու, լավը` ներկայացնելու համար: Դա էլ է շուկա: Այդ շուկայում մենք պետք է ըմբռնենք, թե ովքեր են մեր պարտնյորները, ոչ դաշնակիցները կամ թշնամիները: Ասենք` մենք այդ շուկայում վաճառում ենք մեր «քաղաքական խաղողը»: Պիտի հասկանանք, թե ով կարող է գնել այն:
-Թշնամի հարևանը կարո՞ղ է գնել մեր «քաղաքական խաղողը»:
-Ինչո՞ւ չէ: Մենք չե՞նք գնում նրանց ապրանքը, նրանց քաղաքական դիվիդենդները: Պարսկաստանն այսօր Ամերիկայի հետ լուրջ խնդիրներ ունի, մենք դրանից չե՞նք օգտվում: Եթե Պարսկաստանի և Ամերիկայի հարաբերությունները լավ լինեին, Պարսկաստանը մեզ հետ այդքան մոտ կլինե՞ր:

«ՀՈՒՆԳԱՐԻԱ ՊԵՏՈՒԹՅԱՆՆ ԱԴՐԲԵՋԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԲԵՑ»
-Ստացվում է, որ մենք, այնուամենայնիվ, ինչ-որ ճկունություն ցուցաբերո՞ւմ ենք արտաքին դիվանագիտության դաշտում:
-Ակամա է ստացվում: Այնինչ շատ ավելի մեծ դիվիդենդների հնարավորությունը, ինչպիսին հենց Սաֆարովի դեպքում էր, մենք բաց ենք թողնում: Մենք մի փոքր դիվիդենդ, իհարկե, ստացանք, որի համար ուրախանում ենք, ուռճացնում: Բայց ռեալ հաջողությունների չհասանք: Ստացանք երկու պատասխան: Առաջինը Ռասմուսենի ելույթն էր Երևանում և Բաքվում, երկրորդը` Եվրախորհրդարանի բանաձևը: Ես երկու պատասխանից էլ դժգոհ եմ: Այդ հանցագործությունը կատարվել էր ՆԱՏՕ-ի դաշտում, ավելին` «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում կազմակերպված դասընթացների ժամանակ: Մենք «հանուն խաղաղության» բանաձևի խեղկատակության շրջանակներում ներկայանում ենք որպես տուժող կողմ: Մարդիկ եկել են հանուն խաղաղության համագործակցելու և այդ դաշտում մահանում են: Ճիշտ է, ՆԱՏՕ-ն չունի դատավարական իր ֆունկցիաները, դրա համար էլ դատավարությունը վստահեց Հունգարիային: Հունգարիան կայացրեց իր վճիռը: Վստահ եմ, որ շատ ավելի խիստ կլիներ դատավճիռը Հունգարիայի դատարանի կողմից, եթե Հունգարիան մինչ այդ ընդունած և քրեորեն դատապարտած լիներ Հայոց ցեղասպանությունը: Անդրադառնամ այսօրվա Հունգարիային: Հունգար ժողովուրդը մեղա՞ է գալիս, թող ցեղասպանության հարց առաջադրի իր պառլամենտում ու հասնի լուծմանը: Փաստն այն է, որ այսօր Հունգարիա պետությանը Ադրբեջան պետությունը խաբեց:
-Կարծում եք` խաբե՞ց, թե՞ Հունգարիան շատ էլ լավ տեղյակ էր Ադրբեջանի հետագա քայլերին:
-Եկեք հրաժարվենք այս հայկական մոտեցումից ու չընկնենք ենթադրությունների, երրորդ, չորրորդ անհասկանալի պլանների հետևից: Գործողության մասին դատում են փաստաթղթերով: Ըստ փաստաթղթերի` տվյալ մարդը սպանել է քնած հայ սպային` 16 անգամ կացնահարելով: Հետևաբար, այս մարդը կամ եղել է շոկի մեջ, կամ հիվանդ է, կամ սառնասիրտ մարդասպան է: Դատավարությունն ապացուցեց, որ վերջին տարբերակն է: Չսպանեց վրացու, ղրղզի, այլ ազգի ներկայացուցչի: Սպանեց հայի, մի երկրի ներկայացուցչի, որի հետ իր երկիրն ունի խնդիրներ: Ո՞ր երկիրը որի հետ խնդիր չունի: ՈՒրեմն` ի՞նչ: Իրար հետ խնդիրներ ունեցող բոլոր երկրների սպաները պիտի սպասեն հարմար առիթի ու կացնով սպանե՞ն քնած մարդուն: Սա անընդունելի է: ՈՒ մենք այս անընդունելի դեպքից դիվիդենդ չքաղեցինք: Մենք չպահանջեցինք Հունգարիայից, որ մեզ հետ հարաբերությունները լավացնելու համար քայլ կատարի: ՈՒ դա անելու տասնյակ ձևեր կան, մենք պիտի վերջ տանք մեր միամտությանը, գտնենք դեպի մեր նպատակը տանող բոլոր հնարավոր ուղիները: Հայաստանն այդպես էլ չսովորեց, թե ինչ բան է մեծ քաղաքականությունը: Մենք պիտի հրաժարվենք այն լեգենդներից, որոնց համաձայն հայերը շատ կարևոր տեղերում շատ կարևոր հարցեր են լուծում: Մեր ճանապարհը մեծ քաղաքականության մեջ սկսում ենք զրոյից: Ադրբեջանցիները երիտասարդ պետություն են, երիտասարդ ազգ: Մենք երիտասարդ պետություն ենք, ոչ երիտասարդ ազգ: Տարբերությունը հսկայական է: Նրանց տոհմական ընտանիքը, ցեղային մոտեցումն ավելի ուժեղ է: Մենք պիտի հասկանանք, որ եթե այդ ազգը երեկ է ձևավորվել, ուրեմն երեկ չէ առաջին օրն է ծնվել: Նրանք դժվար են իրենց ունեցածից կտրվում, իսկ մենք հեշտությամբ ենք տալիս, որովհետև հազարամյակների ընթացքում էնքա՜ն հող ենք տվել ուրիշին: Նրանք նոր են պետություն ստեղծել, նրանց համար գժվելու բան է կորցնելը: Նրանք մեզ միշտ պահել են երկրորդական դիրքերում, մենք միշտ քծնել ենք նրանց: Միշտ առաջին դեմքը որևէ կառույցում եղել են ադրբեջանցիները (նույնը և վրացիների դեպքում): Բայց եթե պետական ապարատում մենք էինք քծնում նրանց, կյանքում` նրանք մեզ: Մենք ավելի խելացի էինք, ավելի լավ կրթություն էինք ստացել, ավելի նախաձեռնող էինք: Բայց նրանք մեզնից սովորում էին: Վերջին 40-50 տարում նրանք մեծ առաջընթաց ապրեցին, Ալիևի պես հայրիկ ունեցան: 50-ականների վերջերից Ալիևը հետևում էր ադրբեջանական նացիոնալիզմի ընթացքին:

«ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՖԱՐՈՎԻ ՈՒ ԲՐԵՅՎԻԿԻ ՄԻՋԵՎ ՀՍԿԱՅԱԿԱՆ Է»
-Սաֆարովի պաշտպաններն ամեն ինչ անում էին, որ նրան ճանաչեն անմեղսունակ: Մեկ այլ մարդասպան` նորվեգացի Անդրե Բրեյվիկը, ամեն գնով ձգտում էր, որ իրեն չճանաչեն անմեղսունակ, հաստատեն, որ ինքը սպանդ է կազմակերպել սթափ գիտակցությամբ: Այս տարբերության մասին ի՞նչ կասեք:
-Սա ցիվիլիզացիոն խնդիր է: Ադրբեջանը երիտասարդ ազգ է, ուզում է աշխարհում երևալ տարբեր ասպարեզներում, գովազդում է իրեն և վատ ցուցանիշներ չի արձանագրում: Համենայն դեպս, ավելի լավ, քան մենք: Ինչ վերաբերում է Բրեյվիկին, նրա խնդիրն ուղղակիորեն առնչվում է մեզ հետ: Նա իր ազգին զգոնության է կոչում, այլապես կկորցնեն այն, ինչ ունեն: Իր ազգի հանդուրժող լինելը, իր համակարգի ներսում բոլոր ազգերին գնահատելն ու սիրելն այն դեպքում, երբ օտարի կողմից իր հանդեպ կա ագրեսիա, պետք է կանխվի կամ ուժով, կամ օրենքներով: Ինքը` որպես անհատ, ունեցավ իր վճիռը, ինքն իր համար լուծեց խնդիրը: Չեմ ասում, թե սա լավ բան է: Բայց սա խորհուրդ է: Այն անդրադառնում է նաև մեզ վրա: Մենք տեսանք, որ կարդացած, քրիստոնյա Բրեյվիկը, իր հիմնավորված աշխարհընկալումով ու աշխարհայացքով, գնաց այդ քայլին: Նա ուրիշ ելք չէր տեսնում: Նա համոզված էր, որ մուլտիկուլտուրան Նորվեգիայի նման երկրում չի կարող աշխատել: Նորվեգացիները գենետիկորեն թույլ ժողովուրդ են: Նրանց մեջ ներխուժում են մեծ թվով տարբեր ազգություններ: Սրա դեմն առնել է պետք: Բրեյվիկն ուզում է, որ իր ցեղը լինի ուժեղ: ՈՒրեմն Նորվեգիայի օրենքները պիտի լինեն խիստ, որ ներսի էթնոսը չկորցնի իր դիրքերը: Տարբերությունը Սաֆարովի ու Բրեյվիկի միջև հսկայական է: Բրեյվիկը գործում է հանուն Նորվեգիայի ժողովրդի և նույն Նորվեգիայում ստանում պատիժ: Իսկ մյուսն ուղղակի մարդասպան է, հանուն ժողովրդի ոչինչ չի անում, բայց հերոսացվում է: Բրեյվիկի հանցագործության հիմքում դրված է գաղափարախոսություն: Մյուսի դեպքում չկա գաղափարախոսություն: Կա ընդամենը նենգ մարդու վարքագիծ: Եթե Բրեյվիկը գործում է հոգեբանական պրոտեստի դաշտում, ապա Սաֆարովը, իմ խորին համոզմամբ, կոնկրետ հայ սպանելուն պատրաստված մարդասպան է: Մենք պիտի ուշադրություն դարձնենք նրա արտաքինին. ինչ հասակ ունի, ինչ կազմվածք, ինչ սանրվածք, դեմքի ինչ արտահայտություն: Տարբեր հանգամանքներում նրա դեմքի արտահայտությունը փոփոխվում է: Սրանք պատահական բաներ չեն: Կպատկերացնեի՞ք, որ մի վտիտ ադրբեջանցի սպաներ հայ սպային: Ես համոզված եմ, որ Սաֆարովին պատրաստել էին հատուկ, և այդ թատրոնը խաղացին հիանալի: Մենք շատ քիչ բանից օգտվեցինք: Բայց հնարավորություն դեռ ունենք, ի վիճակի ենք այսօր Եվրոպայի տարբեր երկրներին, ՆԱՏՕ-ին ստիպել հաշվի նստելու մեզ հետ:
-Ամփոփենք զրույցը:
-Մենք խակ պետություն ենք: Պետք է կենտրոնացնենք մեր ուժերն ամեն ինչում: Քննադատական խոսք ասողին չպետք է համարել թշնամի, այլ պետք է լսել նրան, որովհետև քննադատողն ինքն իրեն էլ է քննադատում: Քննադատողն ուզում է, որ իր երկիրը լինի լիարժեք երկիր, որ իր դեմքն աղավաղված չլինի, որ ամենուր իշխի ճշմարտությունը:


Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 5615

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ