ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Կինոն սկսվում է կինոմտածողությունից» (ֆոտոշարք)

«Կինոն սկսվում է կինոմտածողությունից» (ֆոտոշարք)
31.07.2012 | 04:09

«Իրատես de facto»-ի հյուրը ամերիկաբնակ բանաստեղծ, բժիշկ, հոգեբան ՍՈՆԱ ՎԱՆՆ է:


«ՔԻՉ ՉԵՆ ՎԱՏ ԿԻՆՈՅԻ ՊԱՏՃԱՌՈՎ ԱՎԵՐՎԱԾ ՀՈԳԻՆԵՐԸ, ՇԱՏ ԿԼԻՆԵՆ ՆԱԵՎ ԴՐԱՆՈՎ ԱՊԱՔԻՆՎԱԾՆԵՐԸ»

-Բոլորովին վերջերս գրքի համաշխարհային մայրաքաղաք Երևանում կարող էինք հանդիպել համաշխարհային կինովարպետների, իսկ էկրաններին հայ և համաշխարհային կինոյի լավագույն ընտրանին էր: Խոսքը ոսկեծիրանյան անցուդարձի մասին է, ուր հաճախ հանդիպում էինք նաև Ձեզ: Ձեր տպավորություները:
-Ի տարբերություն գրքի տոնի, «Ոսկե ծիրանի» պարգևած հաճույքն ավելի անխառն էր, որովհետև այն իսկապես կինոմտածողության, քննարկումների, ճանաչողության մթնոլորտ էր ստեղծում: Հրաշալի կինոբեմադրիչներ իրենց ֆիլմերի մեջ վեր էին հանում գլոբալ մտահոգություններ ժամանակակից մարդու վիճակի, մթնոլորտի ու հոգու անառողջ դրսևորումների մասին: Հարություն Խաչատրյանի անձի ֆենոմենի, տաղանդի ու տեսլականի շուրջ կայացած այս տոնը կինոյի արտադրությամբ չփայլող Հայաստանում, որքան աբսուրդ, այնքան էլ ուրախացնող փաստ է: Կինոն սկսվում է կինոմտածողությունից, իսկ «Ոսկե ծիրանը» քաջալերում է այդպիսի մտածողությունը` համեմատականի մեջ դնելով աշխարհի տարբեր ծայրերում ստեղծագործող կինոբեմադրիչների գործերը: Այս օրերին ես ծանոթացա մոլորակի ու մարդու մասին իմ մտահոգությունը կիսող մարդկանց հետ: Ասում են` մոլորակի բնակչության 3 տոկոսն է ապահովում հոգևոր ու քաղաքակրթական էվոլյուցիան, և ես սրտացավությամբ եմ հետևում նրանց, վախվորած, որ չպակասի այս տոկոսը, այս յուրահատուկ նոր ազգությունը, որ հավատում է մշակույթի միջոցով մարդկային հոգու փրկությանը:
-Բայց հարկ է նկատել, որ մի երկրում, որտեղ անցկացվում է աշխարհի լավագույն տասնյակում հայտնված կինոփառատոնը, չկան կինոարտադրություն, կինոթատրոններ, առհասարակ կինոշուկա ու «լավ կինո» հասկացություն:
-Կինոն, որպես բազմաթիվ մշակույթների սինթեզ, այսօր ավելի պիտի կարևորվի, քան երբևէ, և ծախսատար լինելու պատճառով դրա արտադրության պակասի համար միայն կինոբեմադրիչին չի կարելի մեղադրել: Լավ գաղափարի, լավ սցենարի, մինչև իսկ հանճարեղ կինոբեմադրիչի և վերջնական արդյունքի` ստացված ֆիլմի միջև անդունդը մեծ է և լցված շղթայի բազում օղակներով, առանց որոնց ոչ մի տեսլական չի կարող լավագույնս էկրանավորվել: Դրանք երևի թվարկել պետք չէ, հասկանալի լինելու պատճառով (սկսած դերասանի անցկացրած նախորդ գիշերի որակից մինչև օպերատորի տրամադրությունն ու հարաբերությունը տվյալ նկարահանվողի` դերասանի հետ և այլն) ու դրան հավելած ամենակարևորը` հասարակության ենթագիտակցությունն ընթերցելու ունակ սցենարիստն ու համարյա աստվածավայել երևակայության ու ինքնատիպ անհատականության տեր կինոբեմադրիչը: Կարևոր է նաև պատմական կոնկրետ ժամանակաշրջանի, դրա մտածողության կոնկրետ սիստեմի և համընդհանուր կինոմթնոլորտի գոյությունը: Ժամանակաշրջան, որն ունի իր պարտադրած չափանիշներն ու գաղափարախոսությունը, ոչ այնքան դրանք անպայմանորեն ճշգրիտ ներկայացնելու առումով, որքան բեմադրիչի և դարաշրջանի միջև հոգեբանական կոնֆլիկտն ու այլախոհությունը վեր հանելու առումով: Այդ համատեքստում այսօր լավ կինո ստանալու համար նախ և առաջ մեր «կիսատ-պռատ» դարաշրջանն իր կարիկատուրային շրջադարձերի մեջ հանճարեղ կես-ժպիտով քննարկող մեծ անհատականություն է անհրաժեշտ, քարի պես հզոր սրտով, որ չկոտրվի իրականությանը բախվելիս, մեծ հումորով, որ չարտասվի հուսախաբությունից ու վատնվածության գիտակցությունից, մեծ ու նոր գաղափարով անհատ, որ կարողանա հաղթահարել անհուսությունից ծնվող ծուլությունը, քրիստոսաչափ մարդասիրությամբ մեկը, որ պոետիկորեն հավատում է դեռ մարդու ներքին, հոգևոր տրասնֆորմացիայի հնարավորությանը` խոսքի ու լույսի գործողության միջոցով և սոսկ Քրիստոսին հատուկ հրաշքի մեխանիզմով: ՈՒ նորի՛ց պետության և մտահոգ հարուստների հովանավորություն, որպեսզի նյութի պատճառով մազ անգամ չտուժի այն, ինչը մեզ տրվել է որպես հոգու հաց, որից կախված է լինելու ոչ միայն կիրակնօրյա երկու ժամի որակը, այլև մեր սերունդների հոգին, մտածողությունն ու հարաբերությունը մեզ հետ ու աշխարհի: Քիչ չեն վատ կինոյի պատճառով ավերված հոգիները, և շատ կլինեն նաև դրանով ապաքինվածները, եթե պատասխանատու և ունակ անձինք կարողանան ճիշտ արժևորել կինոյի դերը մարդու հոգևոր էվոլյուցիայի, մոլորակի մթնոլորտի ու մարդու աստվածահաճո տեսակի պահպանման գործում: Այսպիսի մտահոգ տաղանդներ մեր շարքերում կան, մեկը հենց ինքը` Հարություն Խաչատրյանը, որի ջանքը կինոյի միջոցով աշխարհի հոգին փրկելու և տարբեր ազգերին միևնույն մոլորակի ու մարդու մտահոգության շուրջ հավաքելու առումով անհնար է թերագնահատել (թեպետ ոմանք ուժ ու եռանդ չեն խնայում դրա համար. ուժի և եռանդի ինչպիսի վատնում): Այս ամենով հանդերձ, կարծում եմ, որ կինոթատրոնների թվի մեծացումը իրոք կարելի է քաջալերել, թեկուզ այն պատճառով, որ փողոցում քայլողները, սրճարանից բացի, մեկ այլ ընտրություն ևս ունենան, որովհետև, անկախ նրանից, թե կոնկրետ ինչ նպատակով է զույգը մտնում կինոթատրոն, մտնում է համբուրվելո՞ւ, սիրելիի ձեռքը բռնելո՞ւ, կինոդիտող երևալո՞ւ, թե՞ այն վերջում քննադատելու նպատակով, միևնույն է, եթե ֆիլմն ասելիք ունի և ճիշտ է նկարահանված, դիտողն անպայման դուրս է գալու ինչ-որ չափով ներքուստ վերափոխված, ինչ-որ բանից բարկացած, ինչ-որ նոր հարցադրումով վարակված կամ ինչ-որ հարցի մասին պատասխանի նոր ենթադրությամբ: Այսինքն, լավ ֆիլմն իր անելիքն անելու է նրա հետ, ուզի, թե չուզի: Լավագույն դեպքում, նրա մեջ ձևավորելու է հերոսի տեսակ, որն ուղղորդելու է նրան երևակայության մեջ կամ իրական կյանքում:

«ԱՐՅՈՒՆՍ ՍԱՌՉՈՒՄ Է ԱՅԴ ՏԵՍԱԿԻ ՄԱՍԻՆ ԽՈՍԵԼԻՍ»
-Ո՞վ է մեր ժամանակի հերոսը, և ինչպե՞ս է այն ձևավորվում գրականության միջոցով:
-Ընդհանրապես նոր հերոսի խնդիրն այսօր թե՛ գրականության, թե՛ կինոյի հիմնախնդիրն է: Ժամանակը, դարաշրջանը ծնում է իր հերոսին, որն այսօր հոգևոր ամայությամբ տառապող հարուստ ու իշխանություն ունեցող մարդն է, որն այդ ամայությունը փորձում է լցնել թիկնապահներով, մեքենաներով, սիրուհիներով, իր ուժի և իշխանության ամենատարբեր արտահայտություններով: Որքան շատ, այնքան լավ սրանցից «ունենալու» սևեռումի մեջ ընկած անհատներ են դրանք, ներքուստ բազմաթիվ բարդույթներով լի, ովքեր այսօր հնար ունեն դրսևորելու իրենց անվստահությունը, անինքնաբավությունը` ուժի և փողի միջոցով: Մինչև այս վիճակը չորակվի որպես լուրջ հիվանդություն, այլ ընդհակառակը` քաջալերվի որպես «մեր ժամանակի հետ քայլող մարդու տեսակ», այս ամենը կշարունակվի: Մարդու այս նոր որակը հակաէվոլյուցիոն է, հետևաբար` հակաբնական, սա մարդու անցումն է գազանի, նախկին կիսաստվածի կեսգազան տարբերակը: Այս տեսակի դրսևորման ձևերից է ծնողասպան զավակը, մեկ ուրիշի կյանքի հանդեպ ոչ մի խոնարհում չունեցող այս տեսակը, որը քահանայությունը որպես բիզնես շահարկող անհավատ կրոնավորի պես հեշտությամբ հողին է հանձնում մեռյալի մարմինը, իսկ հոգին` Աստծուն, ու շտապում տուն, որովհետև քիչ անց նրան խրախճանք է սպասում մեկ այլ վայրում, որի համար նախ պետք է լվացվել, փոխել արյունոտ հագուստները, չէ՞: Այս տեսակի մասին խոսելիս արյունս սառչում է:
-Այս համատեքստում ի՞նչ կասեք «Հարսնաքարի» դեպքերի մասին:
-Ասացի, արյունս սառչում է այդ տեսակի մասին խոսելիս, ու նաև լեզուս է պապանձվում, որովհետև բառարանում չկան այն բառերը, որոնցով կկարողանայի ցավակցել վայրենաբար սպանված բժշկի մորը: Թող տերը համբերություն տա նրան: Այսքանը:
-Իսկ ինչպե՞ս կբացատրեք հասարակական վերաբերմունքը այս կոնկրետ դեպքում, որն առաջինը չէր իր տեսակի մեջ, բայց առանձնացավ հասարակական զայրույթի դրսևորման ձևով:
-«Հասարակություն» ասվածը կենդանի գոյություն է` իր կոլեկտիվ գիտակցությամբ, իմաստությամբ ու ինտուիցիայով։ Ցավի ու անարդարության զգացումը նույն չափով է ներծծվում հանրության ենթագիտակցության մեջ և մղում միևնույն հակահարվածին: Հասարակական գիտակցության բարձրացումը խթանում է պետական արդարադատության ապարատի նկատմամբ ձևավորված անվստահությունը, օրենքը սեփական ձեռքերի մեջ վերցնելու շատ մարդկային կիրքը, կոլեկտիվ արժանապատվության վիրավորանքի ցավը, այլևս կորցնելու ոչինչ չունեցողի համարձակությունը, միասնաբար վտանգված լինելու գիտակցությունը: Հասարակական գիտակցության բոլոր ձևերն էլ ողջունելի են, բայց լավ կլինի, որ դրանք լինեն հետևողական ու անզիջում:

«ԱՅԴՊԻՍԻ ԱՆՀԱՏԻ «ԻՆՔՆԱՊԱՑՈՒՑԵԼՈՒ» ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅՈՒՆԻՑ ՀՐԱՇՔՆԵՐ ԿԱՐՈՂ ԵՆ ԾՆՎԵԼ»
-Վերջին շրջանում Վանո Սիրադեղյանին վերադարձնելու ուղղությամբ է քարոզարշավ տարվում: Իրականությունը վերափոխելու հուսահատ փո՞րձ է սա, քաղաքական նոր շոո՞ւ, թե՞ լավ կշռադատված պահանջ:
-Բոլոր տարբերակներն էլ հնարավոր են: Քաղաքական շախմատն իմ հեռավորությունից ու իմ չիմացությամբ (և ոչ միայն իմ) քննարկողի կարծիքն այս դեպքում շատ բան չի կարող նշանակել, որովհետև ծանոթ չեմ թատերաբեմի գաղտնի խութերին, գործող բոլոր անձանց, ներառյալ` Վանո Սիրադեղյանին: Նման դեպքերում ես վստահում եմ ժողովրդի կոլեկտիվ ինտուիցիային ու իմաստությանը: Պատմության մեջ եղել են անսպասելի վերադարձեր երկար բացակայությունից հետո: Նելսոն Մանդելան, որը մահվան էր դատապարտված, ոչ միայն վերադարձավ 27 տարի անց, այլև թագադրվեց անգամ ու ինչեր արեց այնուհետև իրեն հետ բերած ժողովրդի համար: Հեղափոխության կամ պատերազմի մթնոլորտում սխալներն անխուսափելի են, պղտոր ջրում ձուկ որսացողների թիվը` շատ. սրիկաները հերոսանում են իրական հերոսների վրա կանգնելով, նրանցից մեկին զոհաբերելով որպես քավության նոխազ: Սա բացառելու համար անհրաժեշտ է խաղաղ օրերում վերարժևորել եղածը, վերաքննել փաստերը, հարգել անմեղության վարկածը և այն ապացուցելու իրավունքը: Որքանո՞վ է դա հնարավոր Հայաստանի այսօրվա իրականության մեջ, չգիտեմ: Եթե արդարությունը չհաղթի անգամ, գոնե ականատեսը կդառնանք քաղաքական նոր շոուի, մի փոքր կհանգստանա հեռուստադիտողը ձանձրալի սերիալներից: Ավելացնեմ, որ ես անձամբ հավատում եմ մարդու վերափոխման հնարավորությանը, նրա արժանապատիվ վերադարձին: Այդպիսի անհատի «ինքնապացուցելու» պատրաստակամությունից հրաշքներ կարող են ծնվել: Այսքան երկար ինքն իր հետ երկխոսելու, սխալն ու ճիշտը վերաբաժանելու, հայրենիքի ներկան ու անցյալը վերարժևորելու և հատկապես այդքան երկարատև ապաշխարանքից հետո (իր և ուրիշների մեղքերի ու սխալների համար) վերադարձող մարդը հնարավոր է, որ նոր տեսողություն ձեռք բերած լինի, որի միջոցով անսպասելի կերևա ափը: Ամբողջ գրականությունն այս ճշմարտության վրա չի՞ կառուցված: Ավետարանն է ասում` որքա՜ն լավ գործեր կատարել են մեղավորները և որքան վատ գործեր` անմեղները:
-Ֆեյսբուքյան իրականություն. այստեղ սկսվում է շատերի օրը (նաև վերջանում), այստեղ գովազդում ես քեզ, քո արտադրանքը: Այստեղ նաև գրականությունն է պրոպագանդվում (ես նկատել եմ, որ մեր տեխնոդարում պոեզիան չի կորչում): Ի՞նչ կասեք մեր իրականության այս երկրորդ ձևի մասին:
-Չեխովը շա՜տ վաղուց է ասել` մարդը կարիք ունի անիրական տարածքի ու ժամանակի մեջ ապրելու: Մշակույթը, գրականությունը, թատրոնը այդպիսի անիրական ժամանակ են պարգևում մարդուն, իսկ այսօր դրան փոխարինելու է եկել վիրտուալ համակարգչային աշխարհը։ Տեխնոլոգիայի էվոլյուցիոն ընթացքը խաթարել հնարավոր չէ, բայց կարելի է գիտակցաբար այն ծառայեցնել մարդու հոգևոր աճին և ոչ դեգրադացիային, ինչը տեսնում ենք այսօր:
Ինչ վերաբերում է պոետիկ տողի խտությանն ու իմաստությանը, փոքր տարածք գրավելով մարդկային հոգու մեջ, ամենամեծ փոփոխություններ կատարելու շնորհով ու առաքելությամբ է այն օժտված: Չկա ավելի մարտունակ, ավելի անվրեպ, ավելի կենսունակ դեղահաբ, քան ճիշտ պահին, ճիշտ տեղից հնչող ճիշտ բառը: Քրիստոսի հրաշքների հիմքում ընկած է բառի պոտենցիալը: Չմոռանանք` առաջինը բանն էր, և բանը բառն էր:

«ԱՅՍ ՊԱՀԻՆ ՉԱՌԱՆ ԽՈՐՀՈՒՄ Է»
-Հուլիսի 27-ին կայացավ «Նարցիս» գրական-գեղարվեստական, մշակութային ամսագրի հերթական մրցանակաբաշխությունը: Երեկոյի ընթացքում կարևորեցիք լեզվի դերը ազգային մտածողության և պետական անվտանգության համատեքստում: ՈՒրիշ ի՞նչ եք ակնկալում «Նարցիսից» և ընդհանրապես գրականությունից:
-Գրականությունից ակնկալում եմ մարդկային հոգիների տրանսֆորմացիա կատարելու ուժ, գրողի կերպարի վերադարձ, որպես հոգևոր փրկիչ, հասարակության առաջնորդ, պետական խորհրդատու: Նախկինում թագավորներն իրենց կողքին միշտ իմաստուն մարդ են պահել, օգտվել են նրա պայծառատեսությունից, նրա զգայական անսխալականությունից, ինտուիցիայից ու խոսքի մագնիսական ուժի ազդեցությունից: «Նարցիսից» սպասում եմ առավել ակտիվ գործունեություն` հասարակական կարծիք և մտահոգություն ձևավորելու գործում, մնացածը «Նարցիսը» լավ է կատարում: Ոչ միայն ամսագիրն ու գրողը, այլև բոլոր մտավորական մարդիկ այս կամ այն կերպ պիտի նպաստեն մայրենի լեզվի մաքրմանն ու պահպանմանը: Լեզվի անաղարտությունը կբերի իր հետ մտածողության ապաքինում, հոգու ու սրտի մաքրագործում: Ոսկեղենիկ հայերենով խոսող ու մտածող մարդը չի կարող հայհոյել, առավել ևս` սպանել: Երեք կարևոր բան կա, որի համար արժե պայքարել ու անգամ մեռնել. առաջինը` լեզուն, երկրորդը` լեզուն, երրորդը` լեզուն: Պարզեցնելու համար հավելեմ, որ լեզուն ու հայրենիքը նույնական են:
-Անցյալ տարի ընթերցողին ներկայացաք «Չառա անունով թռչունը» գրքով, որը, ինչպես Դուք եք ասում, ամեն ինչի և ոչնչի մասին է. մենախոսություններ են, երկխոսություններ Աստծո հետ, ինքն իր հետ, Չառայի հետ: Գիրքը նաև մարդկային էվոլյուցիայի ընթացքում իր լուծումը դեռ չգտած պատերազմի ֆենոմենի մասին է: Ի՞նչ է անում Չառա անունով թռչունն այս պահին:
-Պոետն այն թռչունն է, որը ծառի ճյուղին նստած դիտարկում է կյանքը: Երբեմն նա ուզում է երգել այդ մասին, երբեմն` ոչ: Այս պահին Չառան խորհում է:


Զրուցեց
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 21345

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ