Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

«ԱԱԾ»-ին հավանաբար հրահանգ տրվեց՝ տպավորություն ստեղծել, որ կոկաինը Նիկոլի, նրա շրջապատի կամ Նիկոլի իշխանության հետ կապ չունի, բայց…-3 (hակառակ տպավորությունն առաջացավ ու կասկածներն ավելի խորացան)

«ԱԱԾ»-ին հավանաբար հրահանգ տրվեց՝ տպավորություն ստեղծել, որ կոկաինը Նիկոլի, նրա շրջապատի կամ Նիկոլի իշխանության հետ կապ չունի, բայց…-3  (hակառակ տպավորությունն առաջացավ ու կասկածներն ավելի խորացան)
20.05.2023 | 23:31

(սկիզբը` այստեղ)

Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հայտարարել է՝ «Հայաստան մտած 1 տոննա կոկաինը չգիտեմ ումն է»: Իյա լու՞րջ… Այդքան խեղճ ու անտեղյա՞կ է… Քիչ է մնում կարեկցենք ու խորհուրդ տանք բարոյական աջակցություն ստանալու համար դիմել Էռատոյին… Իսկ եթե առանց հեգնանքի, ապա Բադասյանի այս հայտարարությունն առավել քան ծիծաղելի ու զավեշտական է:

Բադասյանը չգիտի՞, թե ում, Հայաստանում գործող որ ընկերության պատվերով է Էկվադորից մեր երկիր մուտք գործել այն միրգը, ամենայն հավանականությամբ, բանանը, որի հետ խառնված էլ ներմուծվել է կոկաինը… Դատելով «ազգային անվտանգության ծառայություն» կոչվածի մայիսի 17-ի հաղորդագրությունում նշվածից («տեղեկատվության պահանջ է ուղարկվել իրավասու մարմիններ»), կասկած իսկ չունենք, որ Բադասյանը նույնպես, եթե ոչ առաջին հերթին, ստացել է տվյալ ընկերության վերաբերյալ համապատասխան տեղեկություններ հաղորդելու վերոնշյալ պահանջը:

Նիկոլին իշխանությունից հեռացնելուց հետո, երբ Բադասյանին կկանչեն կամ բերման կենթարկեն իր կոչմանն արդեն իսկապես հավատարիմ ԱԱԾ ու կհարցաքննեն, նրան, անշուշտ, հարց կտրվի նաև, թե իր ղեկավարած մաքսային ծառայության ծառայողներն այդ ինչպե՞ս և ինչո՞ւ չեն նկատել (եթե, իհարկե, չեն նկատել…) Հայաստան ներմուծվող շուրջ 1 տոննա կոկաինը, ինչի հետևանքով այն հատել է մեր երկրի մաքսային սահմանը ու մտել Հայաստան՝ դրանից բխող ահավոր վտանգով հանդերձ: Չէ՞ որ խոսքը 1 գրամ կամ 1 կիլոգրամ կոկաինի մասին չէ, որը, պատկերացնենք, կարող էին չնկատել: Ի՞նչ է երգելու այդ դեպքում Բադասյանը…

Ի՞նչ է՝ ասելու է, թե մաքսավորները մասնագիտական բավարար որակավորում չունեի՞ն… Այդ սուտն անմիջապես կհերքվի, քանի որ անցած տարիների ընթացքում նրանք մեր պետության ու միջազգային դոնորների փողերով Հայաստանում և արտերկրում բազմիցս վերապատրաստվել են, շարունակական աշխատանք է կատարվել թմրամիջոցների հայտնաբերման, մաքսանենգության կանխման նպատակով նրանց մասնագիտական որակավորումը բարձրացնելու ուղղությամբ:

Ասելու է, թե համապատասխան սարքավորումներ չունեի՞նք… Այդ սուտը նույնպես անմիջապես կհերքվի, քանի որ անցած տարիների ընթացքում ձեռք են բերվել և արտերկրից, միջազգային դոնորների կողմից տրվել են թաքցված թմրամիջոցների հայտնաբերման բազմաթիվ թանկարժեք և որակյալ սարքավորումներ:

Ասելու է, թե թմրամիջոցների հայտնաբերման նպատակով վարժեցված շներ չունեի՞նք… Այդ սուտը նույնպես կհերքվի, ահավասիկ Նիկոլի նիշխանության օրոք պատրաստված սույն տեսանյութը, որում հատուկ վարժեցված, թմրամիջոցների մաքսանենգների ահուսարսափ «Պիռատ» անունով շունը հայտնաբերում է փայտյա արկղում թաքցված նույնիսկ մի քանի գրամ կշռող թմրանյութը, ընդ որում, նշված շունն այս առումով միակը չէ:

Կարող է հարց է առաջանալ՝ «ազգային անվտանգության ծառայություն» կոչվածն ինչո՞ւ պետք է բացահայտեր Էկվադորից ուղարկված, Հայաստանի մաքսային սահմանը հատած ու մեր երկիր արդեն իսկ մուտք գործած շուրջ 1 տոննա մաքսանենգ կոկաինը, եթե այն իսկապես բերվել է Նիկոլի կամ նրա իշխանական վերնախավի հետ մտերիմ, սերտ հարաբերություններ ունեցող, բանանի, մրգերի ներմուծմամբ զբաղվող օլիգարխներից մեկի պատվերով:

Ավելին. «ԱԱԾ» կոչվածն ինչո՞ւ պետք է մայիսի 17-ին հայտարարեր կոկաինի վերոնշյալ խմբաքանակի բացահայտման և այն իր մոտ պահելու մասին, եթե այն Հայաստան իսկապես բերվել է Նիկոլի կամ նրա իշխանության առաջնային, կարկառուն դեմքերից ինչ-որ մեկի, ինչպես նաև ՊԵԿ-ի, նույն ԱԱԾ-ի, ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներից ոմանց գիտությամբ կամ միջնորդությամբ (մասնակցությամբ), ինչի վերաբերյալ հրապարակայնորեն արտահայտվող կասկածները վերջին օրերին հաջորդում են մեկը մյուսին:

Պատասխանենք վերոնշյալ հարցերին. այն պարզ պատճառով, որ Իտալիայում «ԱԱԾ» կոչվածի հայտարարության նախօրեին՝ մայիսի 16-ին, բացահայտվել և ի լուր աշխարհի հայտարարվել էր դարձյալ Էկվադորից Հայաստան 78 տոննա բանանի հետ խառնված, բանանի արկղերում թաքցված կոկաինի մեկ այլ և ավելի խոշոր խմբաքանակ (2 734 կգ):

Պատկերացնո՞ւմ եք, չէ՞, թե միջազգային մակարդակի ինչ սկանդալ կառաջանար այն բանից հետո, երբ հիշյալ (78 տոննա) բանանն առաքած ընկերության վերաբերյալ Իտալիայից ստացված փաստաթղթերի հիման վրա Էկվադորի իրավապահները, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարող Թմրամիջոցների նկատմամբ հսկողության միջազգային կոմիտեն, միջազգային համապատասխան այլ կազմակերպություններ քննության արդյունքում պարզեին ու հայտարարեին, որ Էկվադորում գտնվող նույն ընկերության կողմից ու նույն ճանապարհով Հայաստան դրանից քիչ առաջ ուղարկվել, մեր երկրի «կուրացած» մաքսավորների աչքերի առջևով անցնելով, բարեհաջող տեղ է հասել շուրջ 1 տոննա կոկաին…

Ավելին. պարզեին ու հայտարարեին նաև, թե վերոնշյալ շուրջ 1 տոննա կոկաինը, քանի որ Հայաստանի մաքսավորներից բացի, մյուս իրավապահների ձեն- ծպտունն էլ չի ելնում, ուրեմն իրացման, տարածման ու հանրությանը (հնարավոր է նաև Եվրոպայի՝ այստեղից թմրամիջոցի մի մասի հետագա առաքման դեպքում) թունավորելու փուլում է գտնվում շուրջ 1 տոննա կոկաին…

Սպասելի էր նաև, որ վերոնշյալ բացահայտումից հետո ԱՄՆ-ը, Արևմուտքը, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարող միջազգային կազմակերպությունները Նիկոլից կամ նրա իշխանությունից հաշիվ կպահանջեին ու կհիշեցնեին, որ Հայաստանը լինելով «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի անդամ, ստորագրած լինելով նաև միջազգային այլ փաստաթղթերի տակ, իր որոշակի պարտավորություններ չի կատարել:

Տեսանյութեր՝

https://www.youtube.com/watch?v=P_S-iFAYDKo&t=2s

https://www.youtube.com/watch?v=sTc7BWoHRr0

https://www.youtube.com/watch?v=Fv7AE4tvnCw

(շարունակելի)

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Մանրամասները` https://livenews.am/press/2023/228167/19/23/30/?fbclid=IwAR0trL7QZsmDgVxD-cplqaqTRyGuuSeKGUlWmF7RLtnw5aW82Lf8mW1EsH0

Դիտվել է՝ 9462

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ