ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Մհեր Ենոքյանին հասկանալու համար մի քիչ մարդասիրություն է պետք

Մհեր Ենոքյանին հասկանալու համար մի քիչ մարդասիրություն է պետք
29.01.2014 | 15:25

Ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը բանտի մի օրվա մասին է գրել, երբ պատահականորեն հայտնվել է մեկուսարանի աշխատակիցների և հոգևորականների հետ նույն սենյակում ու նրանց հետ աղուհաց կիսել: Մհերն իր եզրահանգումն է արել օրվա այդ պատկերի կոնտեքստում` բոլորն Աստծո առաջ հավասար են: Իհարկե, հավասար են, Մհեր: Աստված է այդպես սահմանել, պարզապես Աստծուց հեռացած մարդիկ բաժան-բաժան են արել այդ հավասարություն ասվածը, տեսակավորել են, շերտատել ու ծվեն-ծվեն արել այն:

Մհերի մասին իմացել եմ 2009-ին` իր երկրորդ փախուստից հետո: Երբեք չեմ ազատազրկվել, բայց կարող եմ պատկերացնել թե դա ինչ է մարդու համար: Յուրովի: 1996-ից այս կողմ (Մհեր Ենոքյանի բանտարկության տարին է), այս 18 տարիների ընթացքում հասցրել եմ երեխա ունենալ, տարբեր տեղերում աշխատել, Երևանի փողոցներում «Ազատություն» եմ գոռացել ու դրանից հաճույք ստացել, ընտանեկան-սոցիալական խնդիրներ եմ ունեցել, տառապել, բայց և ոտքի կանգնել: Մի խոսքով, ըստ իս, հարուստ կյանքով եմ ապրել, թեև երբեմն մտածում եմ, որ այդ տարիների մի մասը կորսված է, քանի որ Հայաստանում դեռևս ժողովրդավարությունը խորթ արժեք է: Բայց ինչ էլ որ եղել է ինձ հետ, ազատության մեջ է եղել: Մեր` բանտաճաղերից այս կողմ ապրողներիս ազատ տեղաշարժը սահմանափակված չէ, մենք արևի տակ մարմիններս տաքացնելու համար թույլտվության կարիք չունենք, իսկ ցմահի համար ազատության մեջ զուգարան գնալն էլ կարող է երջանկություն համարվել:

Համացանցով հայթայթած տվյալներով այսօր Հայաստանում 102 ցմահ դատապարտյալ կա: Մհեր Ենոքյանը նրանցից մեկն է, ով արդեն 38 տարեկան է և 18 տարի ազատազրկման վայրում է անցկացրել: Նա բանտից սովորում է` գիտենալով, որ ցմահ է ազատազրկված: Մհերը բազմաթիվ հոդվածներով փորձել է ապացուցել իր անմեղությունը, սակայն իրավապահները անուշադրության են մատնել փաստագրությամբ ու դեպքի մանրամասն վերլուծությամբ ներկայացված այդ բաց նամակները:

Հայաստանում վերջին համաներումը կիրառվել է 2013-ի հոկտեմբերին` ՀՀ անկախության օրվա առթիվ: Համաներումը չտարածվեց ցմահ ազատազրկվածների վրա: Ասել է թե` ցմահները ՀՀ հասարակության մաս չեն դիտվում: Իշխանությունը նրանց մարդ չի համարում: Ի հակառակ ցմահների նկատմամբ անզիջում վերաբերմունքի, իշխանությունը համաներմամբ ազատ արձակեց ոմանց ձեռքերը, ովքեր ժամանակին, պաշտոնական դիրքն օգտագործելով, հանցավոր գործունեություն էին ծավալում:

Վերադառնալով Մհերի` հավասարության վերաբերյալ մտքին, միայն հավելեմ` եթե Աստված է բոլորին ապաշխարելու հնարավորություն տալիս, ապա մարդն ո՞վ է, որ իր նմանին ցմահ դատապարտի: Պետությունը մարդուն ապրելու հնարավորություն պիտի տա, ոչ թե զրկի վերջին հույսից, իսկ մեզանում ընկնողին հրում են` ձեռք մեկնելու փոխարեն: Իհարկե, իշխանության բարեհաճությունից օգտվողներին սա չի վերաբերում:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 2219

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ