ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ԱՄԷ ՊՎՄ-ն բացահայտել է հանրային միջոցների վատնման 10 դեպք, որոնք կազմում են ավելի քան 1 տրիլիոն դիրհամ

ԱՄԷ ՊՎՄ-ն բացահայտել է հանրային  միջոցների վատնման 10 դեպք, որոնք  կազմում են ավելի քան 1 տրիլիոն դիրհամ
14.05.2013 | 01:26

«ՀՀ Վերահսկիչ պալատն ու ԱՄԷ Պետական վերահսկիչ մարմինը Երևանում ստորագրել են համագործակցության համաձայնագիր, որը նախատեսում է փորձի փոխանակում, օրենսդրական դաշտի բարելավում պետական վերահսկողության մեթոդաբանության և ընթացակարգերի մշակում համատեղ և զուգահեռ վերահսկողության ոլորտներում և այլն»: Սա մեջբերում էր ՀՀ ՎՊ տարածած պաշտոնական հաղորդագրությունից: ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանն այս առիթով ասել է. «Մենք ակտիվորեն համագործակցում ենք մեր գործընկերների հետ, ինչի արդյունքում Հայաստանի Վերահսկիչ պալատը գործակցության համաձայնագրեր է կնքել բազմաթիվ գործընկեր կառույցների հետ (Հոլանդիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և ԱՊՀ երկրների Վերահսկիչ պալատներ): Այսօր այդ ցանկին միացավ նաև Արաբական Միացյալ Էմիրությունները, ինչը շատ կարևոր է` հաշվի առնելով, որ վերջին տարիներին զարգանում են տնտեսական և առևտրային կապերը մեր երկրների միջև»: Բոլորս էլ հասկանում ենք, որ այս համագործակցության իրականացման համար ժամանակ է անհրաժեշտ, որի ընթացքում մենք էլ կկարողանանք գնահատել այդ համագործակցության արդյունքը: Իսկ այժմ անդրադառնանք ԱՄԷ ՊՎՄ-ին: Ի՞նչ դերակատարում ունի Պետական վերահսկիչ մարմինը ԱՄԷ-ում և ինչպե՞ս է կարողացել իր գործունեությամբ նպաստել երկրի վարկանիշի բարձրացմանը: ՊՎՄ-ն ստեղծվել է դեռ 1976-ին որպես Անկախ դաշնային բաժանմունք։ Սահմանադրության 136-րդ հոդվածով սահմանվել է նրա գործառույթը, որով այս բաժանմունքը կարող է վերահսկել Դաշնության տարածքում գտնվող կազմակերպությունների և տարբեր մարմինների հաշվետվությունները: 1976 թ. ստեղծված բաժանմունքը, ԱՄԷ-ի թիվ 7 օրենքի համաձայն, անվանվել է Պետական վերահսկիչ մարմին, որն ունի ֆինանսական և ֆունկցիոնալ անկախություն: Այն իր հետազոտությունների արդյունքում կազմված հաշվետվությունները ներկայացնում է երկրի Ազգային խորհուրդ: Այսօր ՊՎՄ-ի վերահսկողության տակ է գտնվում ԱՄԷ նախարարությունների, տարբեր կազմակերպությունների և այն ընկերությունների գործունեությունը, որոնցում պետությունն ունի 25%-ից ոչ պակաս բաժնեմաս (խոսքը կոոպերատիվների մասին է): ԱՄԷ ՊՎՄ-ն ձգտում է դառնալ աշխարհի խոշորագույն վերահսկիչ մարմինը և ջանք չի խնայում նպատակին հասնելու համար: Այդ ճանապարհին ձեռնարկած գլխավոր քայլերից մեկը լավագույն մասնագետների ներգրավումն է: Իսկ այժմ ավելի մանրամասն նրա լիազորությունների մասին։ ՊՎՄ-ն լիազորություն ունի հետաքննելու խարդախությունները, երկրի ակտիվների և ռեսուրսների ոչ ճիշտ կիրառումն ու վատնումը: Օրինակ, սույն թվականի հունվարի սկզբին ՊՎՄ պաշտոնական կայքը հրապարակեց մի հոդված, որտեղ ասվում էր, որ միջազգային հետազոտողների թիմը ավարտել է ուսումնասիրությունը ԱՄԷ-ում, որով պարզել է, թե երկրում կոռուպցիայի դեմ պայքարելու ինչ միջոցներ են ձեռնարկվել: Արդյունքը հետևյալն է. ԱՄԷ-ի ձեռնարկած միջոցները համապատասխանում են ՄԱԿ-ի հակակոռուպցիոն կոնվենցիայի պահանջներին, բայց և ընդգծվել է, որ երկիրը կարիք ունի լրացուցիչ իրավական գործիքների, օրինակ, վկաների իրավական պաշտպանության: Նրանց այս հետազոտության ընթացքում աջակցել է նաև ՊՎՄ-ի ձևավորած ազգային հետազոտողների խումբը: Իսկ 2012 թ. ԱՄԷ նախագահ Շեյխ Խալիֆա բին Զայեդ ալ Նահյանը հանձնարարել էր ՊՎՄ-ին մշակել ՄԱԿ-ի հակակոռուպցիոն կոնվենցիային համապատասխանող օրենքի նախագիծ: Նույն թվականի փետրվարին ՊՎՄ-ն հայտարարել էր, որ բացահայտել է հանրային միջոցների վատնման 10 դեպք, որոնք կազմում են ավելի քան 1 տրիլիոն դիրհամ: Նույն թվականին, Բեռլինի միջազգային վիճակագրական կենտրոնի տվյալներով, ԱՄԷ-ն կոռուպցիայի ընկալման ինդեքսով զբաղեցրել է 27-րդ տեղը` վաստակելով 100-ից 68 միավոր: Ցուցակը գլխավորում են Դանիան, Ֆինլանդիան և Նոր Զելանդիան: Սրանք պաշտոնական տվյալներն են։ Գործունեության առաջընթացում, պետական մարմինների վստահեցմամբ, մեծ դերակատարում ունի այս կառույցի նախագահ Հարիբ ալ Ամիմին, որը պաշտոնական այցով գտնվում էր Երևանում և ստորագրեց ՀՀ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի հետ փոխգործակցության համաձայնագիրը: Նա իր խոսքում այս առիթով մասնավորապես ասել է. «Մենք համոզված ենք, որ տեղեկատվական տեխնոլոգիաների, բյուջետային ծախսերի և կոռուպցիայի նկատմամբ վերահսկողության մեր փորձը մեծապես կօգնի Հայաստանին»։ Կառույցի նախագահը նաև հավելել է, որ ամեն ինչ անելու են երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը խթանելու համար: Նա այս մարմինը ղեկավարում է 2007-ից: Հարիբ ալ Ամիմին ՊՎՄ-ում իրականացվող մի շարք հավակնոտ ծրագրերի պատասխանատուն է: Նրա նախաձեռնությամբ կազմվել է միջազգային փորձագետների խումբ, որը պետք է փոխանցի իր փորձը այս կառույցում աշխատողներին, որ ավելի արագ հասնեն հաջողությունների: ՊՎՄ-ի գործունեությունը բաց է հանրության համար, վերջինս կարող է իր ակտիվությամբ օգտակար լինել այս մարմնին, պետք է ընդամենը լրացնել ՊՎՄ-ի պաշտոնական կայքում տեղադրված համապատասխան բլանկը և հայտնել նկատած թերության կամ խարդախության մասին: Ցանկության դեպքում անձի ինքնությունը կարող է մնալ անհայտ:
Քանի որ ԱՄԷ ՊՎՄ-ն ցանկանում է դառնալ աշխարհի խոշորագույն ՎՄ-ներից մեկը, այն նաև մեծ ուշադրություն է դարձնում միջազգային համագործակցությանը, անդամակցում է ԻՆՏՕՍԱ-ի (Բարձրագույն վերահսկիչ մարմինների միջազգային կազմակերպություն), ԱՐԱԲՕՍԱ-ին (Բարձրագույն վերահսկիչ մարմինների արաբական կազմակերպություն), ԱՍՕՍԱ-ին (Բարձրագույն վերահսկիչ մարմինների ասիական կազմակերպություն), Ծոցի երկրների համագործակցության խորհրդին: Ի դեպ, 2011 թ. Աբու Դաբիում ԱՄԷ Վերահսկիչ մարմինը հանդես է եկել որպես ընդունող կողմ «Բարձրագույն վերահսկիչ մարմինների ասիական կազմակերպության» անցկացրած կոնֆերանսի համար:
Իսկ վերջում ավելացնենք, որ ՀՀ ՎՊ-ի և ԱՄԷ ՊՎՄ-ի միջև համագործակցության համաձայնագրի ստորագրման առնչությամբ Իշխան Զաքարյանը նշել է, որ ՀՀ ՎՊ-ն այս տարի իրականացնում է օպերատիվ վերահսկողություն` շեշտը դնելով հատկապես պետական գնումների և շինարարության ոլորտների վրա: ԱՄԷ ՊՎՄ-ն մեծ փորձ ունի այս ոլորտում, և համագործակցությունն այս առումով անչափ կարևոր է:


Համասփյուռ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԱՄԷ-ում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 4755

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ