Հայաստանի անկախության պատմությունը սերտորեն կապված է, կարելի է ասել` միահյուսված է Արցախի ինքնորոշման խնդրի հետ: 1988-ի շարժումը սկսվեց որպես Արցախը Մայր հայրենիքի հետ վերամիավորելու շարժում, որի պտուղներից էր նաև Հայաստանի անկախությունը: Մարտական գործողությունների արդյունքում ազատագրված Արցախի հիմնախնդիրը մշտապես եղել է Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական հարցերի օրակարգի առաջնահերթություններից մեկը։ Ի դեպ, ՀՀ և ԼՂՀ քաղաքական ուժերը, սկսած 1988-ից, մեծ մասամբ կարողացել են նույնական դիրքորոշում ցուցաբերել հակամարտության կարգավորման և Արցախի ապագային առնչվող հարցերում:
«Քրդական խաղաքարտ» հասկացությունը վերջին ժամանակներս հաստատապես տեղ է գտել քաղաքական բառապաշարում, հատկապես, երբ խոսվում է Մերձավոր Արևելքի խնդիրների և Թուրքիայի ապագայի մասին։ Սակայն, ինչպես ասվում է հայտնի աֆորիզմում, «կարևոր չէ, թե ինչ խաղաքարտ է ձեռքիդ, կարևորն այն է, թե ինչ է պատկերացնում հակառակորդդ»։ Այս առումով շատ հետաքրքիր է քննության առնել քրդական հարցի հետ կապված վերջին իրադարձությունները, ինչպես նաև այն հանգամանքները, որոնք խթանում են խնդրի ակնհայտ ակտիվացումը։
Ինչպես հայտնի է, Քրդստանն առայժմ աշխարհագրական, բայց արագորեն քաղաքական երանգներ ստացող հասկացություն է և ուղղակիորեն շոշափում է տարածաշրջանի չորս կարևորագույն պետությունների շահերը։ Եվ եթե Իրաքում այն «դե ֆակտո» արդեն բավական վաղուց դարձել է ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական միավոր, Սիրիայում` իշխանությունների և ընդդիմության դիմակայության մեջ ռազմական լուրջ գործոն, իսկ Իրանում, համընդհանուր միջուկային խնդրի պայմաններում, «ծուլընթաց», բայց շատ հնարավոր է պահուստային նախագիծ, ապա Թուրքիայում «քրդական հարցը» դարձել է գլխավոր պետական խնդիրը, իսկ տարեսկզբից ոչ միայն զգալիորեն արագացել է, այլև նոր գույներ է ստացել։ Ավելին, իրենց անհագուրդ կայսերապետական մեծամտությամբ թուրքերը բացահայտորեն սկսել են իրացնել ընդհանուր քրդական պետության ստեղծման հեռանկարների դեմ ուղղված մի «խորամանկ ծրագիր»։ Եվ, դատելով ըստ ամենայնի, այն հիմնված է հին ու պարզունակ սկզբունքի վրա` «Բաժանիր, որ տիրես»։ Իսկ բխում են դրանք, թուրքական դիվանագիտության կարծիքով, երկու կայուն նախադրյալից։ Նախ, քրդերը, իբրև ամբողջական ազգ, դեռևս չեն ձևավորվել, և նրանց տոհմացեղային ու կրոնական հակասությունները երբեք հնարավորություն չեն տա ձևավորելու ընդհանուր խնդիրներ ու միասնական ճակատ։ Երկրորդ, Թուրքիայի քրդերն իրենց ազգակից հարևաններից տարբերվում են որոշ քաղաքական իրավունքներ ունենալով, ինչի շնորհիվ նրանք հնարավորություն են ստացել ներկայացուցիչներ ունենալու իշխանության տեղական մարմիններում և խորհրդարանում, հայտարարել իրենց նույնականության մասին։
Այսպիսով, Թուրքիան քրդերի հանդեպ սկսել է գործել բազմակողմանի և առաջին հայացքից` արդյունավետ կերպով։ Իրաքյան Քրդստանում տնտեսական կապերն այնքան են ամրապնդվել, որ Անկարան նույնիսկ պատրաստ է սրելու հարաբերություններն Իրաքի կենտրոնական կառավարության հետ։ Բաղդադն արդեն մի քանի տարի է, ինչ ինքնավարությանը մեղադրում է թուրք գործընկերներին նավթի չարտոնված մատակարարումների մեջ, սակայն վերջերս ինքնավարության բնական պաշարների նախարարությունը պաշտոնապես հավաստեց, որ ինքը շարունակում է տարածաշրջանից Թուրքիայի տարածքով անցնող նավթամուղի շինարարությունը։ Ավելին, վերջին հինգ տարում առևտրական հարաբերությունները Թուրքիայի և Իրաքյան Քրդստանի միջև ծաղկում են։ Վերլուծաբանները պնդում են, որ 2019-ին այդ ինքնավարությունը կդառնա Թուրքիայի` իր մեծությամբ երկրորդ առևտրական գործընկերը։ Թուրքիայի և Իրաքյան Քրդստանի միջև առևտրի ծավալը հասել է 8 մլրդ դոլարի։ Նաև հաղորդումներ են երևացել, որ վարչապետ Էրդողանը Վաշինգտոնից և արևմտյան երկրներից օգնություն կխնդրի Իրաքում քրդական պետության ստեղծման համար, և որ Թուրքիան հանդես չի գալիս միասնական Իրաքի օգտին։ Հետաքրքրական է նաև այն, որ թուրքական լրատվամիջոցները, որպես խելացի «թուրքական ռազմավարության» մեծ նվաճում, մատուցեցին այն հաղորդագրությունը, թե թուրք պաշտոնատար անձանց և Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) ներկայացուցչի միջև հանդիպում է տեղի ունեցել Իրաքյան Քրդստանի հովանու ներքո։ ՈՒ թեև ինքնավար Քրդստանի կառավարությունն ավելի ուշ հայտարարեց, թե ինքը նման խնդրանք չի ստացել, նրա կարծիքով «այդ քայլը լավ սկիզբ է երկու կողմերի միջև բռնության ու ռազմական գործողությունների դադարեցման և Թուրքիայում խաղաղ ճանապարհով քրդական հարցի լուծման համար»։ Համապատասխանաբար, «տարածաշրջանային կառավարությունն ու քրդական բոլոր քաղաքական կուսակցությունները ողջունում են այդ դերակատարումը»։
Սիրիական ուղղությունում Անկարայի գործերը, երևում է, այնքան էլ հարթ չեն։ Էրդողանը հերթական անգամ երդվել է, որ Թուրքիան թույլ չի տա Սիրիայի հյուսիսում «անջատական կազմավորման ստեղծում», ինչը «շատ, շատ կարևոր է», որպեսզի իրադարձությունները իրաքյան սցենարի նման չզարգանան, որ Սաուդյան Արաբիան, Եգիպտոսն ու հատկապես Թուրքիան դեմ են Սիրիայի տրոհմանը, և «մենք դրան կխոչընդոտենք, եթե նման իրավիճակ առաջանա»։ Սակայն սիրիացի քրդերը, կարծես, մտադիր չեն բանի տեղ դնելու այդ երդումները։ Օրերս նրանց ինքնապաշտպանական ջոկատները զավթեցին նավթով հարուստ Ռամելան քաղաքը, ջախջախելով և այնտեղից դուրս շպրտելով ընդդիմության զինված կազմավորումներն ու օտարերկրյա վարձկաններին։ Թուրքական մամուլում նաև հաղորդումներ են հայտնվել այն մասին, որ քուրդ և արաբ գրոհայինները Թուրքիայի սահմանագլխին գործարք են կնքել ազատագրված տարածքների համատեղ կառավարման վերաբերյալ։ Ավելին, քուրդ ակտիվիստների հայտարարությունները, թե Անկարան աջակցում է զենքով և պարբերաբար «օտարերկրացի ահաբեկիչներ» է ուղարկում, և որ Թուրքիան կարող է հաջողություն ունենալ արաբների ու քրդերի միջև ազգամիջյան հակամարտության բորբոքման պարագայում միայն, չնայած թուրքական իշխանությունների բոլոր ջանքերին, վատ արձագանք են գտել ամբողջ Քրդստանում։ Այն ժամանակ Թուրքիայում ցույցեր արվեցին ի պաշտպանություն սիրիացի քրդերի, որոնք ավարտվեցին ոստիկանության հետ բախումներով։ Ինչ վերաբերում է «կարգուկանոն հաստատելու» նպատակով «թուրքական ներխուժման» սպառնալիքներին, ապա դրանք, ինչպես առաջ, միայն քմծիծաղ են առաջացնում։
Քրդական հարցի ներքին խնդիրների առնչությամբ Անկարան առաջին հայացքից բավական հաջող ջանքեր է գործադրում։ Այն բանից հետո, երբ վերջնականորեն ակնհայտ դարձավ, որ միայն ուժային եղանակներով քրդական հարցն անհնար կլինի լուծել, «իրատես իսլամականների» կառավարությունը բանակցություններ վարեց «քուրդ անջատականների» հետ։ Հանդիպումները տեղի էին ունենում խստագույնս գաղտնի պայմաններում, և իշխանությունները երկար ժամանակ ժխտում էին դրանց անցկացման բուն փաստը։ 2011 թ. Քրդական աշխատավորական կուսակցության պարագլուխների հետ թուրքական հետախուզության ներկայացուցիչների շփումների մասին լուրեր սպրդեցին մամուլ, և կառավարությունը «սրտի մորմոքով» խոստովանեց ակնհայտը` բանակցություններ, իրոք, տեղի են ունենում։ Այնուհետև իշխանությունները հարկադրված էին բանակցություններ սկսել կալանքի տակ գտնվող Օջալանի հետ, քանի որ համարում էին, որ միայն նա կարող է ազդեցություն գործել թե՛ զինված, թե՛ համակարգային քրդական ընդդիմության վրա։ Թուրքիայի վարչապետը, պատասխանելով «ազգային շահերը դավաճանելու» մեղադրանքներին, այն ժամանակ հայտարարեց, որ պատրաստ է բանակցություններ վարելու «թեկուզ շեյթանի» հետ, միայն թե արյունահեղությունը դադարի։ Եվ ահա հիմա նորից բանակցություններ են տեղի ունեցել, և կարծես թե կան նաև առաջին հաջող արդյունքները։ Լրատվամիջոցները հաղորդում են, որ ՔԱԿ-ի խորհուրդը որոշում է ընդունել մարտի 21-ին զինադադար հայտարարել Թուրքիայի հետ և օգոստոսի 15-ից սկսել իր գրոհայինների դուրսբերումը երկրից։ Այսպիսի ծրագիր է նախատեսում Աբդուլա Օջալանի առաջարկած «ուղեցույցը», իսկ կուսակցության ղեկավարությունը պաշտպանել է այն։ Նշվում է, որ ժամկետները պատահաբար չեն ընտրված. «Մարտի 21-ը քրդական գլխավոր տոնն է` Նավրուզը, իսկ օգոստոսի 15-ը ՔԱԿ-ի հիմնադրման (1979 թ.) օրն է, ինչպես նաև 1984 թ. կուսակցության առաջին կազմակերպված միջոցառման օրը»։ Հատկանշական է, որ բանակցություններին զուգընթաց Թուրքիայի կառավարությունը ծրագրում է կազմակերպել հատուկ համերգ` նշանավոր թուրք և քուրդ երգիչների մասնակցությամբ։ Համերգը պետք է տեղի ունենա թուրքական հարավարևելյան Դիարբեքիրի վիլայեթում կամ Իրաքյան Քրդստանի Էրբիլ քաղաքում` մարտի 21-ին, և այդ օրը Օջալանը մտադիր է զինադադարի հրապարակային կոչով հանդես գալ։ Ի դեպ, հայտնի է դարձել, որ երբ Իրաքի հյուսիսի լեռներում բազավորված քրդական զինված կազմավորումների ղեկավարությանը Թուրքիայի քրդական «Խաղաղության և ժողովրդավարության կուսակցության» պատգամավորները հանձնել են Օջալանի նամակը, նրանց նիստը հետաձգվել է` կապված թուրքական ռազմաօդային ուժերի կողմից յոթ ժամ շարունակ քուրդ փախստականների ճամբարների ռմբակոծության հետ։ Այս բանն արվել է, իբր, այն պատճառով, որ «ՔԱԿ-ի ներսում որոշակի խմբեր չփորձեն դիմել սաբոտաժի` հիմք ընդունելով հետախուզության զեկույցն այն մասին, որ նրանք ծրագրում են գրոհել մի շարք ոստիկանատներ»։ Հետևաբար, առայժմ ամեն ինչ այնքան էլ հարթ չի ընթանում։ Թեև փորձագիտական գնահատականներն ամենից հաճախ պնդում են, թե «Իմրալի կղզուց (խոսքը Մարմարա ծովում գտնվող այն փոքր կղզու մասին է, որտեղ ցմահ բանտարկված է քրդական պայքարի առաջնորդ Աբդուլա Օջալանը) եկող հղումներն ընդհանուր առմամբ հաջողության մեծ հնարավորություններ ունեն», այդ «պատմական քայլը» կարող է փոփոխվել առկա իրողությունների ազդեցությամբ։ Առայժմ պատասխաններ չկան նաև այնպիսի կարևոր հարցերի, ինչպիսիք են, նախ, «արդյոք Եվրոպայի քրդական սփյուռքը կպաշտպանի՞ այդ գործընթացը, թե՞ ոչ», և գլխավորը` «կկանխվե՞ն, արդյոք, թուրքական ազգայնականների սադրանքները Թուրքիայում»։
Մինչդեռ չափազանցություն չի լինի, եթե ասենք, որ փետրվարի 28-ին «Միլիեթ» թերթում հայտնված բանակցությունների արձանագրությունը շոկի մեջ գցեց երկիրը։ Տեքստից երևում է, որ քուրդ առաջնորդը պատրաստ է ցուցում տալ երկրից հանելու անջատականների բոլոր զինված կազմավորումները, սակայն միայն այն բանից հետո, երբ խորհրդարանը որոշում կայացնի զինադադարի մասին։ Վերջնական նպատակը Թուրքիայի «քրդական» նահանգների ինքնավարությունն է։ Ընդ որում, Օջալանը հասկացնում է, որ փոխարենն ինքը կաջակցի Էրդողանի ձգտմանը` վերափոխելու երկրի քաղաքական համակարգը, այն դարձնելով «իրապես» ժողովրդավարական նախագահական հանրապետություն` ազդեցիկ խորհրդարանով։ Վերջում աքսորյալն ակնարկել է, որ այդ ծրագրի ձախողման դեպքում քրդերը ոտքի կհանեն 50-հազարանոց բանակ և լայնածավալ պարտիզանական պատերազմ կսկսեն։
Արձանագրության տեքստը բացահայտորեն արտահոսք է, բայց առայժմ հայտնի չէ, թե ում ձեռքի գործն է։ Կառավարությունը մեղադրում է քրդերին, իսկ նրանք, իրենց հերթին, մատնացույց են արել խաղաղ կարգավորման «ձախողմամբ» շահագրգիռ ինչ-որ «ուժերի»։ Արդյունքում, թուրք վարչապետը մի բավական անկապ մեկնաբանություն է արել. «Կարիք չկար այդքան շատ խոսելու։ Չեմ կարող ասել, թե որքան հուսալի է դա»։ Թուրք հանրությանը հատկապես վրդովեցրել են Օջալանի խոսելատոնն ու նրա` որպես, փաստորեն, պետական ղեկավարի, «խաղաղ կարգավորման ծրագիրը»։ Լրագրողները նշել են ևս մեկ պերճախոս հանգամանք. Օջալանը թղթին է հանձնել խաղաղ կարգավորման իր ծրագիրը և խոսակիցներին հանձնարարել է այն փոխանցել ՔԱԿ-ի և Եվրոպայում գործող քրդական կազմակերպությունների ղեկավարներին։ Իսկ այդ բանը, նրանց կարծիքով, նա կարող էր անել միայն հանդիպմանը ներկա գտնված թուրքական հետախուզության ներկայացուցչի միջոցով։ Պատվիրակության անդամներից մեկի ճակատային հարցին` «Իսկ եթե փաստաթուղթը չհանձնե՞ն», աքսորյալը վստահորեն պատասխանել է` «Կհանձնեն։ Եթե նրանք այդ բանը չանեն, ապա բանակցային գործընթացը կանգ կառնի»։
Այնպես որ, երևի թուրքական հասարակությունը մտածելու, անհանգստանալու բան ունի։ Իսկ հերթական «խորամանկ քայլը», արդյոք, չի՞ ձախողվի առանց այն էլ խճճված ներքաղաքական իրավիճակում։ Բացի այդ, շատ հավանական է, որ այդ իշխողական խաղը քրդերի հետ ամենևին էլ չի նշանակում, թե նա, ի վերջո, կկարողանա կանխել ընդհանուր Քրդստանի ստեղծումը։
Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից