Առաջին բանը, որ պետք է ասել Սերժ Սարգսյանի հարցազրույցի առնչությամբ` հագեցած էր «բեզբոժնո»: Նախագահականի «ուղեղային կենտրոնները» պետք է բացառեին նման հագեցվածությունը, որովհետև, ոնց երևաց, իրենց համար էլ հեշտ չէր «եղել»: Անցանք առաջ: Այո, մեսիջներն անչափ շատ էին, բայց կանգ առնենք ամենակարևորների վրա:
Ներքաղաքական: Սերժ Սարգսյանը հասկացրեց, որ տիրապետում է իրավիճակին` գրեթե բոլոր ուղղություններով: Րաֆֆի Հովհաննիսյան։ Ասաց` նրա հետ հանդիպումից հետո գնդակը Րաֆֆու դաշտում է, ինքն այլևս անելիք չունի և պատրաստ է լսելու սահմանադրական փոփոխությունների փաթեթի «ուղղությամբ» նրա առաջարկները: Պաուզան ձգենք: Չի խոսվում, սակայն ակնհայտ է, որ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանի խոսքերում կարծես նուրբ ակնարկ է եղել Րաֆֆուն` Երևանի քաղաքապետի ընտրությունների «մասով», որպես ընդդիմություն այն վերցնելու «հաշվով»: Ի դեպ, հիշենք, որ Րաֆֆին իր հերթին ասել էր` ոչ, եկեք խորհրդարանական ընտրություններին գնանք միասին: Առաջինին Րաֆֆին չի համաձայնել, երկրորդին` Սերժ Սարգսյանը: Ո՞րն է խնդիրը:
Հայաստանյան վեկտորալ կողմնորոշման: Փաստորեն, Րաֆֆին առաջարկել է Ս. Սարգսյանին` Հայաստանի «ղեկն» ամբողջությամբ թեքել դեպ Արևմուտք, Սարգսյանն ասել է` այնքանով, որքանով քաղաքապետի ընտրություններում քո` Րաֆֆուդ ներկայությունը թույլ կտա: Նրանց հիմնական վեճը սա է: Ընդ որում, Սերժ Սարգսյանն ասուլիսում հասկացրեց նաև, որ այդ մասին «վեճն» արդեն ավարտվել է, և «աշխարհից դառնացած, ութ օր սոված» եզրույթով (որը, ի դեպ, մեզ համար ևս անընդունելի է), այնուհանդերձ, Սերժ Սարգսյանը դրանով Րաֆֆուն ասաց` դու ընտրեցիր: Հացադուլի ուղին: ԲՀԿ-ի, նրա հետևում կանգնածների հետ «կիսվելու» ուղին: Քո որոշումն է:
Ընդ որում, այս նույն` վեկտորալ կոնտեքստում էր նաև Մաքսային միություն-ԵՄ փոխհարաբերությունների հարցը: Սերժ Սարգսյանն այս առնչությամբ բոլոր «տնքացողներին» ասաց` զուր եք երկնում, մուկ կծնեք, որովհետև` չկա նման բան: Ի դեպ, սա այն դեպքն էր, երբ խոսքը չչորացած, նրան երկրորդեցին և՛ Ռուսաստանը, և՛ ԵՄ-ը: Բոլոր կարգի ռուս փորձագետները, և անգամ` Կարախանյան Սմբատը, ասացին` այո, այդպես է` չկա Մաքսայինի խնդիր: Էնտեղից էլ, ոչ ավելի, ոչ պակաս, Ստեֆան Ֆյուլեն ասաց` ԵՄ դոնորների համաժողովի կազմակերպական աշխատանքները սկսվել են, որպեսզի Հայաստանին տան սպասված «միլիարդները»:
Հաջորդ մեսիջը` ներթիմային և արտաթիմային, թերևս, ամենահետաքրքիրն էր ասուլիսում: Շատ հստակ, շիտակ խոսքով Սերժ Սարգսյանը հավերժ խաղեր տվող իր թիմակիցներին (և` ոչ միայն) ասաց` «բավ սիրեցի, մնաք բարյավ»: Այն է` վարչապետը չի փոխվելու, ես պարտվեցի Շիրակում, Քաջարանում, ես հասկանում եմ նաև, թե ինչու, ես ցավ եմ ապրում դրա համար. «Անբավարարվածության զգացում կա օդում, նաև իմ թիմակիցների մեջ. ես չկարողացա հաղթահարել շատ մեծ պրոբլեմ` հեշտ հաղթանակի ակնկալիքը»:
Պատճառներից էլ խոսեց: Բաց և անթաքույց: Կարելի է ասել նույնիսկ` հասցեական. «Մարդկանց փոփոխություններից խոսում են կա՛մ նախկին պաշտոնյաները, կա՛մ գործողները, որովհետև կամ պաշտոն են ուզում, կա՛մ պաշտոնի բարձրացում… Հետո էլ, ով է ասել, որ նոր եկողը լավ է աշխատելու… Ճիշտ է, մեծբերաններ էլ կան»:
Տեսնես` ո՞ւմ նկատի ունի:
Նորից հիշե՞նք` թամամ խոսքն ո՞ւմ են ասում: Չէ՛: Պարզապես հավելենք, որ «դանդաղ շտապող» Սերժ Սարգսյանն առաջին անգամ այսպես հրապարակավ ձեռնոց նետեց «արագ շտապողներին» և հասկացրեց` եթե բանը չի հասնում կրիտիկական իրավիճակին, ինքը դագանակ չի բանեցնում:
Ժա՞մն է արդեն դագանակի։
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ