Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել Իսրայելին պատասխան ռազմական հարված հասցնելու վերաբերյալ։ Հերքվել է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունը, թե Իրանը մտադիր է գրոհել Իսրայելը Իրաքի տարածքից առաջիկա օրերին՝ մինչև ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները։ «Իրանի պատասխանը Իսրայելի ագրեսիային իրավունքի հարց է, որը մեզ համար հստակ որոշված է, և այն, թե ինչպես ենք գործելու, կախված է պլանից»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։               
 

Եվրոպական քաղաքական փիլիսոփայությունն աստիճանաբար քոչում է Միացյալ Նահանգներ

Եվրոպական քաղաքական փիլիսոփայությունն  աստիճանաբար քոչում է Միացյալ Նահանգներ
12.10.2012 | 12:06

Դավադրությունների տեսության մեջ մի տեսակետ կա, որը, որպես կանոն, անտեսվում է կամ համարվում է ոչ պարտադիր պայման, այսինքն` «ինքնաբերականություն»: Արաբական աշխարհում տեղի ունեցող իրադարձություններն ինքնաբերականության դասական օրինակ են, ինչը դեռևս չեն ընդունում շատ վերլուծաբաններ: Սակայն, այդ ընկալմանը զուգընթաց, ԱՄՆ-ի, Եվրոպայի, Ռուսաստանի առաջատար վերլուծական խմբերը շփոթության մեջ են և ընդունակ չեն համարժեք առաջարկություններ անելու, իսկ առաջատար պետությունների քաղգործիչների մի մասը նախընտրում է ընդունել այնպիսի որոշումներ, որոնք նախատեսված են միջազգային ասպարեզում մրցակիցներին դուրս մղելու համար, մինչև վերջ չհասկանալով, թե ինչի կարող է հանգեցնել այդ սանձարձակ արկածախնդրությունը: Սակայն տվյալ դեպքում խոսքը արաբական աշխարհի իրադարձությունների մասին չէ: Հիշենք «ծերուկ» Եվրասիան:
2009-2010 թթ. առիթ ունեցա մասնակցելու մի բավական «տարաշխարհիկ» նախագծի քննարկմանը, որի թեման էր. «Գոյություն ունի՞, արդյոք, դավադիր պայմանավորվածություն ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև, այդ թվում` տարածաշրջանային քաղաքականության առումով»: Թեման, իրոք, այնպիսին է, կարծես այլևս անելու բան չկա, բայց իրականում օրախնդիր քաղաքական վերլուծության ասպարեզում ավելի հիմնարար բան չկա, քան Եվրասիայի հարցում ԱՄՆ-ի ու Ռուսաստանի համատեղ դավադրության հնարավորության քննարկումը, ինչից կախված է բազմաթիվ մեծ ու փոքր պետությունների ու ժողովուրդների ճակատագիրը: Դեռ մինչև 2010 թ. առաջին կիսամյակը այդ թեման այնքան հում էր ու, թվում է, այնքան անառարկայական, որ Ռուսաստանի առավել խորամիտ քաղաքագետներն ու վերլուծաբանները դժվարանում էին անգամ շատ թե քիչ կոռեկտ ձևակերպել այն: Շատ քաղաքական մեկնաբաններ ու լրատվամիջոցներ հայտարարում էին, թե «վերաբեռնումը», որ հայտարարել էին ամերիկացի ղեկավարները որպես Ռուսաստանի հետ հարաբերություններում ինչ-որ շատ կարևոր պատկերավոր արտահայտություն, ձախողվել է իբրև գաղափար և ոչ մի կարևոր բան չի տվել քաղաքական գործընթացներին: Ամերիկացի փորձագետներն ավելի պատրաստված դուրս եկան և այդ թեմայով շահագրգռված, բայց նրանց էլ հասկանալի չէր, թե դավադրության ի՞նչ սուբյեկտների մասին է խոսքը, այսինքն, այդ հարցին մոտենում էին ամերիկյան ձևով` կիրառելով, ըստ էության, կառուցվածքային-գործառական մոտեցում: Բայց, այսպես թե այնպես, բանն ամերիկյան վարչակազմի «գորշ կարդինալ» Մայքլ Մաքֆոլի Մոսկվա կատարած առեղծվածային այցերի մասին դատողություններից այն կողմ չանցավ:
Սակայն ամերիկա-ռուսական հարաբերությունները շարունակում են զարգանալ, և ամենահետաքրքիրն այն է, երբ երկու կողմերի համար նոր հետաքրքրություններ են առաջանում միմյանց նկատմամբ, երբ խաղի մեջ են մտնում այլ խաղացողներ, ինչպիսիք են Թուրքիան, Իրանը, Պակիստանը, Չինաստանը, իսկ արաբական աշխարհում կարող է ձևավորվել ուժի նոր կենտրոն: Դրան զուգընթաց, ԱՄՆ-ն աղետալիորեն թուլանում է, ամերիկյան վերնախավը կորցնում է ինքնավստահությունը, իսկ Ռուսաստանը դժվարությամբ է պահպանում համաշխարհային տերության կարգավիճակը: ԱՄՆ-ը և Ռուսաստանը կորցնում են իրենց դիրքերը, բայց նրանց փոխհարաբերություններն այնքան բարդ են, որ անհնար է արագ համաձայնության հույսեր փայփայել: Ներկա ժամանակաշրջանը բնութագրվում է ԱՄՆ-ի և Ռուսաստանի ընդհանուր հակառակորդների և նրանց հասցեին սպառնալիքների որոշմամբ: Երկու կողմերը «գցում-բռնում են», թե ինչպես կարելի է օգտվել այս կամ այն առավելությունից, դուրս գալ աշխարհաքաղաքական «ճահճից»` իրենց համար լավագույն արդյունքներով և մյուսի համար վնասով:
Այդ ժամանակաշրջանը բավական երկար կլինի, և հասկանալի է, որ այս «քցոցիում» տուժելու են և՛ ԱՄՆ-ը, և՛ Ռուսաստանը, քանի որ երկու պետությունների վերնախավերը դեռևս ի վիճակի չեն գնահատելու Եվրասիայում հնարավոր վտանգներն ու սպառնալիքները։ Ավելի շուտ, դա սոսկ խոսք է, իրականում բոլորը լավ հասկանում են խնդրի էությունն ու սպառնալիքների հետ կապված հեռանկարները, բայց ոչինչ անել չեն կարող:
Քաջ հայտնի է, որ երկու տասնամյակ ԱՄՆ-ի աշխարհառազմավարությունը եղել է Ռուսաստանին զսպելը, ինչը ենթադրել է նորանկախ պետությունների` Ռուսաստանից անկախ դրություն: Այդ և ուրիշ պետությունների վրա իր ազդեցությունն ուժեղացնելու Ռուսաստանի ցանկացած ձգտում առաջ էր բերում ԱՄՆ-ի ու նրա գործընկերների միանգամայն որոշակի վերաբերմունքը: Ընդ որում, ԱՄՆ-ը ձգտում էր օգտվել Եվրասիայի այն պետությունների հնարավոր փոխադարձ շահերից, որոնք մարդաբանորեն հակոտնյա են Ռուսաստանին և ունեն իրենց աշխարհաքաղաքական հավակնությունները: Սակայն այդ ծրագրերը, չնայած բարենպաստ շատ պայմանների առկայությանը, ոչ միայն սնանկ դուրս եկան, այլև վնասակար ԱՄՆ-ի շահերի համար, քանի որ Եվրասիայում առաջացել են նոր սպառնալիքներ, որոնք շատ ավելի վտանգավոր են, քան Ռուսաստանը:
Առաջին գործոնը, որ հիասթափեցրեց ԱՄՆ-ին, Թուրքիան էր, որը որդեգրել էր «նոր» արտքաղաքական կուրս, ապա ծնունդ առավ Պակիստանի երևույթը, որի հետ է կապված Հարավային և Կենտրոնական Ասիայում ծայր առած խոշոր խնդիրների համալիրը: Բայց գլխավոր գործոնը դարձավ Չինաստանը, որի նվաճողամտության զսպմանն ուղղվեցին ԱՄՆ-ի ամենազորեղ ռազմաքաղաքական ռեսուրսները: Իհարկե, ռեսուրսային գործոնը դեռևս կարևոր է ԱՄՆ-ի եվրասիական քաղաքականության մեջ, բայց վերջին տասնամյակներում շատ փոփոխություններ տեղի ունեցան էներգիայի ստացման և օգտագործման տեխնոլոգիաներում, հաղորդուղիներում, Եվրոպայի քաղաքականության և տնտեսության հանդեպ ԱՄՆ-ի պատասխանատվության վերաբերյալ հայացքներում: Այս ամենը շատ է հիշեցնում ԱՄՆ-ի արմատական դարձը դեպի «նախնադարյան դասականության» սկզբունքներ, այսինքն, դեպի աշխարհում ավելի մեծ ինքնամեկուսացում: Հնարավո՞ր է, արդյոք, դա:
Ներկայումս ԱՄՆ-ը չի շտապում Եվրասիայում սպառնալիքներին դիմակայելու միջոցներ ձեռնարկել, հուսալով, որ այդ խնդիրները կլուծվեն տարածաշրջանային մեծ տերությունների ու մյուս, ոչ այնքան նշանակալի պետությունների դիմակայության միջոցով: Օրինակ, Առաջավոր Ասիայում և Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի հակառակորդներից մեկը դարձած Թուրքիայի առջև դռները «բաց են» բոլոր ուղղություններով, այդ թվում նաև` եվրասիական: ԱՄՆ-ն ամենևին պարտավոր չէ պատասխանատվություն կրելու Եվրասիայի ճակատագրի համար և ի վիճակի չէ հետ մղելու բոլոր սպառնալիքները, նախընտրելով կենտրոնանալ գերակա ուղղությունների վրա: ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը չի կարող իդեալական լինել անգամ այդ երկրի ամենաջերմ հայրենասերների համար, առավել ևս, արտաքին սպառնալիքների ենթարկվող և իրենց անվտանգության ապահովման համար բավարար ռեսուրսներ չունեցող շատ երկրների ու ժողովուրդների համար: Այսպես թե այնպես, ԱՄՆ-ը թևակոխում է իր եվրասիական քաղաքականության նոր փուլ, երբ «արևի տակ արժանապատիվ տեղ ունենալու» համար Ռուսաստանին կառաջարկվի վերականգնել իր ազդեցությունն Արևելյան Եվրոպայում, Կովկասում ու Կենտրոնական Ասիայում: Դա տեղի կունենա ոչ թե քաղաքական «փոխանակությամբ», այլ Ռուսաստանը եվրասիական «գազաններին» հակադրելու ցանկությունից ելնելով: Այս ծրագրերին հազիվ թե հաճույքով համաձայնի Մեծ Բրիտանիան` ԱՄՆ-ի առաջատար գործընկերը, սակայն Լոնդոնում էլ խիստ մտահոգված են Արևելյան և Հարավարևելյան Եվրոպայում Գերմանիայի ազդեցության ուժեղացմամբ և կնախընտրեին մինչև որոշակի սահման Ռուսաստանի ազդեցության մեծացումը` Գերմանիայի և Ռուսաստանի շահերի բախման հեռանկարով: Բայց ԱՄՆ-ը հազիվ թե Ռուսաստանին այդպես հեշտ զիջի ազդեցությունը Արևելյան և Հարավարևելյան Եվրոպայում, ուր միահյուսված են շատ շահեր, և որտեղ պետություններն արդեն ինտեգրված են Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին: Սակայն Սև ծով-կովկասյան և կենտրոնաասիական շրջանը լիովին կարող է դառնալ Ռուսաստանի ներկայության մեծացման ասպարեզ` ԱՄՆ-ի «պատժամիջոցների» պայմաններում, քանի որ Կենտրոնական Ասիայից Ռուսաստանի դուրսմղման հետևանքով այդ տարածաշրջանում ուժեղացել է Չինաստանը, և հերթը Կովկասինն է:
Ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ Ռուսաստանը չեն նախընտրում կնքել ընդգրկուն պայմանագրեր, ինչը միջազգային ասպարեզում ներկայումս չափազանց հրահրիչ կլիներ, բայց ժամանակ առ ժամանակ երկու երկրները ցուցադրում են իրենց շատ ավելի կարևոր սկզբունքային համաձայնությունները բավական կարևոր խնդիրների շուրջ: Միանգամայն պարզ է, որ ԱՄՆ-ը վերանայել է Սև ծովի ու Հարավային Կովկասի առնչությամբ իր գերակա խնդիրները, և նույնիսկ ռազմական տարանցումն է համարվում քաղաքական ներկայության ոչ այնքան կարևոր գործոն: Որքան շատ են տարածաշրջան այցելում ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները, այնքան շատ է ԱՄՆ-ի ծրագրերի ճշգրտում նկատվում: Կասկած չկա, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև պայմանավորվածություններ կան Հարավային Կովկասի բոլոր վեց պետություններին վերաբերող շատ հարցերի առնչությամբ: Դա ամենևին էլ չի բացառում քաղաքական խաղի շարունակումը ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև, այդ խաղերի մեջ այլ, քաղաքական նոր ռեսուրսների ընդգրկումը: Օրինակ, և՛ ԱՄՆ-ը, և՛ Ռուսաստանը կցանկանային կովկասյան խաղը խաղալ այնպես, որ առավելագույնս օգտվեին Թուրքիայի աջակցությունից, նրան քաշեին իրենց կողմը: Բայց ԱՄՆ-ը հույս ունի, որ Ռուսաստանը տանուլ կտա այդ խաղում, ցույց կտա իր սնանկությունն ու անընդունակությունը լուծելու տարածաշրջանի հիմնական խնդիրները: Ռուսաստանն ավելի լավատես է, և այդուամենայնիվ, ձգտում է օգտվել իր նախկին դիրքերին վերադառնալու հնարավորությունից: Մոսկվայի համար Կովկասն առանձնակի պարգև է, և նա շատ զիջումների է պատրաստ, միայն թե ԱՄՆ-ն ընդունի ռուսական վերահսկողությունն այդ տարածաշրջանի նկատմամբ:
Առայժմ Մոսկվայում դատողություններ են անում ոչ թե «հնարավորությունների» մակարդակով, այլ, ընդհակառակը, բավական վստահ են նոր դիրքեր ձեռք բերելու հաջողության հարցում: Միանգամայն պարզ է, որ Ռուսաստանը պատրաստ է Հարավային Օսիան վերադարձնելու Վրաստանի վերահսկողությանը (Աբխազիայի հաշվով հույս չկա) և ղարաբաղյան հարցում իրադրությունը փոխելու այնպես, որ Հայաստանի համար դա նշանակեր աղետ: ԱՄՆ-ը պատրաստ չէ նման գործարքի և հասկանում է, որ հանգուցալուծումից հետո առաջիկա մի քանի տասնամյակում դժվար կլինի իր շահերն առաջ տանել, կամ էլ առհասարակ հնարավոր չի լինի: Բայց ամեն ինչ կախված է գործարքի գնից, և ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ Ռուսաստանը չունեն և չեն էլ տեսնում հնարավոր գործարքի գինն ու սխեման:
Կենտրոնական Ասիայի հարցի առնչությամբ բանն ավելի բարդ է: Ամերիկացիները Չինաստանի հանդեպ իրենց ռազմավարության իրականացումը չեն պատկերացնում առանց Կենտրոնական Ասիայում սեփական դիրքերի պահպանման: Բացի չինական խնդրից, Կենտրոնական Ասիան դիտարկվում է որպես Հարավային Ասիայի խնդիր, այսինքն` աֆղանա-պակիստանյան խնդրի լուծման հիմնապայման: Երկար տարիներ է, ինչ ԱՄՆ-ն իր ռազմավարությունն է կառուցում այդ ուղղությամբ և հազիվ թե հրաժարվի դրանից: Հարավային Կովկասում, որոշ իմաստով, խաղն ավարտված է կամ հայտնվել է տևական դադարի վիճակում: Հարավային Կովկասի խնդրի առնչությամբ ներկա փուլում լուծվել են շատ հարցեր, եթե ոչ բոլորը: Նոր սցենարներ դեռևս չկան, և դրանց կարիքն էլ չկա: ԱՄՆ-ը շահագրգռված է ստատուս քվոյով, քանի որ հասկանում է, որ ցանկացած արմատական փոփոխություն կհանգեցնի մասնակցության համար նշանակալի ռեսուրսներ գործադրելու անհրաժեշտության: ԱՄՆ-ը չէր ցանկանա որևէ պատասխանատվություն ստանձնել տարածաշրջանային մեծ պատերազմի հարցում և ծրագրում է պատասխանատվությունը Ռուսաստանի վրա դնելու սցենար: Համենայն դեպս, նման սցենար կարող է խաղարկվել, եթե պարզվի, որ Ռուսաստանն ի վիճակի չէ պահպանելու վերահսկողությունը տարածաշրջանի նկատմամբ, իսկ դա շատ շուտով ակնհայտ կդառնա:
ԱՄՆ-ն իր եվրասիական քաղաքականության իրականացմանը ձեռնամուխ է եղել 90-ականների սկզբին` առանց զինված ուժերի պատշաճ նախապատրաստության, որոնք տասնամյակներ ի վեր ստեղծվել են որպես ծովային տերության ուժեր: Ամերիկյան զինված ուժերի համար շատ բարդ են օվկիանոսների ափերից հեռու մարտական գործողությունները: Ըստ էության, ԱՄՆ-ի մարտունակ զինված ուժերի թվակազմը 100 հազարից չի անցնում, սակայն ցամաքային զորքերին, ընդհանուր առմամբ, բնորոշ են բազմաթիվ այլ սկզբունքային հատկանիշներ: ԱՄՆ-ի զինված ուժերի վերակազմավորման համար, հաշվի առնելով մայր ցամաքի խորքերում մղվող պատերազմները, վիթխարի միջոցներ են պետք, սակայն բանն այն է, որ ԱՄՆ-ի և ոչ մի հրապարակային պաշտոնական փաստաթղթում հիշատակություն անգամ չկա նման արմատական փոփոխությունների մտադրության մասին: ԱՄՆ-ը շարունակում է զարգացնել նախկին դոկտրինները, շեշտը դնելով արագաշարժության, ավելի արդիական սպառազինությունների, ինչպես նաև ուժեղ նավատորմի և ավիացիայի տարբեր նշանակության ռազմաբազաների առկայության վրա: ՆԱՏՕ-ն ավելի ու ավելի խոր ռազմաքաղաքական ճգնաժամ է ապրում, ամեն մի խնդիր` ինչպես քաղաքական, այնպես էլ պաշտպանական, կասկածի է առնվում դաշինքի անդամ որևէ պետության կամ պետությունների խմբի կողմից: Միանգամայն պարզ է դառնում, որ ՆԱՏՕ-ն, որպես անվտանգության համապարփակ համակարգ, ընդունակ չէ պատերազմական գործողություններ վարելու հեռավոր տարածություններում` լուծելով քաղաքական և անվտանգության խնդիրներ: Ռուսական զինված ուժերը դեռևս այնքան էլ բարձր գնահատական չեն ստանում և կոնկրետ առաջադրանքների առումով հեռու են համարժեք լինելուց: Ռուսաստանը պատրաստ չէ մեծ պատերազմ մղելու, անգամ տարածաշրջանների շրջանակներում, և կարող է հաջողության հույս ունենալ միայն շատ աննշան հակամարտություններում և թույլ հակառակորդի հետ: Ռուսաստանի նախաձեռնությամբ ստեղծված տարածաշրջանային պաշտպանական դաշինքը` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ), դեռ հեռու է մարտունակ լինելուց, քաղաքական ու ռազմական շատ խնդիրների համաձայնեցվածությունից ու, երևի, դատապարտված է սոսկ տեղային դաշինքի դերի:
Այս իրավիճակը կարելի է անվանել եվրասիական աղետ, որը կարող է հաղթահարվել ԱՄՆ-ի ու Ռուսաստանի ավելի եռանդուն համագործակցությամբ։ Տարբեր «փնջեր»` ԱՄՆ-Իրան-Հնդկաստան, ԱՄՆ-Ռուսաստան-Իրան, կարող էին աշխարհաքաղաքական նոր կառուցվածքների հիմք դառնալ, սակայն բանը դրան չի հասնի, քանի որ հակասությունները չափազանց շատ են: ՈՒստի ԱՄՆ-ի և Ռուսաստանի կողմից` որպես գլխավոր շահագրգիռ տերությունների, այսպես թե այնպես, սկզբունքային նշանակության համաձայնություն կկայացվի, որը զերծ կլինի հատուկ նշանակության պաշտոնական պայմանավորվածություններից: Այդ դավադրություն-համաձայնությունը հիմնականում կձևավորվի հետևողականորեն և ժամանակի ընթացքում կդառնա ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերությունների հիմք: Եվրոպայում ԱՄՆ-ի գլխավոր արևմտյան գործընկերները լիովին բավարարված կլինեն այդ հարաբերություններով, և նրանց համար միանգամայն անկարևոր կլինեն Արևելյան Եվրոպայի ու Եվրասիայի խնդիրները: Եվրամիությունն ու առհասարակ եվրոպացիները լիակատար անտարբերություն են դրսևորում այդ տարածաշրջանների ճակատագրի հանդեպ, և եվրոպական քաղաքական փիլիսոփայությունն աստիճանաբար քոչում է Միացյալ Նահանգներ:


Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 3675

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ