Ռուսական կողմը չափազանց ափսոսում է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության համար՝ «ՌԻԱ Նովոստիին» ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Այդպիսի տեմպերով համագործակցությունը խորացնելով նրանց հետ, ում նպատակը Ռուսաստանի ռազմավարական պարտությունն է, Երևանն իր ձեռքով վտանգում է լրջորեն ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում՝ ի վնաս սեփական անվտանգության»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը:               
 

Մարդկության ամբողջ պատմությունը պատճառներ և հետևանքներ են

Մարդկության ամբողջ պատմությունը պատճառներ և հետևանքներ են
07.12.2023 | 10:45

Մենք ենք մեզ հետ կապված դեպքերի այս կամ այն մասը «պատահական» անվանում: Ըստ Ոսկե Օրենքի.

«Այն ամենը, որ ուզում ենք այլոք մեզ համար անեն, նույն բաները ինքներս պիտի անենք այլոց համար», սա Աստծո Բնության արդարակշիռ սկզբունքն է՝ ողջ տիեզերքի շարունակականության, որպեսզի կյանքի բնականությունը պահպանվի: Եվ Ոսկե Օրենքը, ընդունենք թե չընդունենք, մշտակա է գործուն: Եվ երբ այդ սկզբունքը մարդկանց մեջ ծայրահեղորեն խախտվում է, ապա Աստված ավերմունք է թույլ տալիս: Կամ մեղքի անտանելի շատացման պատճառով Աստված Իր Սուրբ Երեսը զզվանքով շուռ է տալիս և այդժամ է միայն չարը հարվածում, առանց Աստծո պահպանության տեսնելով: ՈՒստի, աղետները մեր մեղքերի վարձերն են կամ Աստծուն չլսելու հետևանքները: Այդպես եղավ թե ցեղասպանությունը և թե Մեծ երկրաշարժը: Երկու դեպքում էլ Սուրբ Գրքում զգուշացումները կան. եթե Աստծուն չենք լսում, չարը հարվածում է:

Իսկ իմ կենսագրականում, բնականաբար, չէին կարող չլինել երկրաշարժին կապակցող բաներ: Կարևոր չէր, որ ութերորդ դասարանից գյուղում չեմ բնակվում. միևնույնն է, ծնունդով Նալբանդեցի եմ մնում: Մեկ որ, գյուղի բնակչությունից էի, իմ մեղքերի դառը վնասի չափով, երկրորդը, որ՝ քրիստոնյա դառնալով և այդ օրերին մշտական պահքով և աղոթքով ապրել- արդարանալով՝ պարտավոր էի երևույթի հանդեպ հավասարակշիռ ապաշխարություն իրագործել՝ որը և փորձեցի, քանի որ Աստված ինձ նախապես զգուշացրեց չար աղետի մասին, թեպետ չասվեց, թե ինչ բնույթի աղետ է, բայց, ցավոք, աշխարհը ավելի ուժեղ էր իր մոլորման մեջ: Արգելափակեցին, որ չկարողանամ ապաշխարություն իրագործել, և այլոց էլ հրավիրել ապաշխարություն իրագործելու, ընդդեմ եկող աղետի: Եվ ըստ հավատի, իմ մասնաչափով արդյունք ստանալը, կրկին ցավոք, անհնար դարձվեց: Ըստ էության, աղետը երկրաշարժ չէր, այլ՝ մարդասպան ԽՍՀՄ-ի ձեռքով՝ մանրակրկիտ նախապատրաստված հզոր պայթյուն, արհեստական երկրաշարժ, որին բնական թույլն էլ միացավ: Այս մասին այսօր արդեն բազմաթիվ հրապարակված փաստագրական նյութեր ու վկայություններ կան համացանցում:

Մեծ աղետի պատճառը տարածաշրջանում գործվող մեղքերի վերադարձն էր, ագահությունը, եսասիրությունը, և ըստ Գրքի մարգարեության աղետի պատճառը այսպես է մեկնաբանվում. «Նրանք ասում էին՝ իմ քսակը, իմ քսակը, և թե՝ տանենք տուններս լցնենք»՝ այս մոլությունը: Երբ պատվիրանն ասում է, «սիրիր ընկերոջդ ինչպես քո անձը»: Սակայն ավերակներից պարզվում էր, որ իրենց ընկերների տները կառուցելիս՝ ավազին գրեթե ցեմենտ չէին խառնում, որովհետև… գողանում էին: Հավելյալ այլ հանցանքներ:

Աստվածաշնչյան մարգարեություններում (Երեմիա, գլուխ 25) աղետով մեր ավերմունքի և էլի մի երկրի ավերակելու մասին Աստված ասում է.

«Բաբելոնին 70 տարի ժամանակ եմ տալու և ապա պիտի այցելեմ Բաբելոնին և վրեժ լուծեմ, և այն ազգին ու քաղդեացիներին հավիտենական ավերակների եմ վերածելու»։ Սա շատ նման է երկրաշարժով մեր մեծ աղետին:

ԽՍՀՄ- Բաբելոնի Կազմավորման ուղիղ 70-ն տարին լրանալուց հետո, Աստծո աներևույթ այցելությամբ՝ ԽՍՀՄ-Բաբելոնը, ճշմարիտ որ, ըստ Գրվածքի՝ փլուզվեց, կրկին տարաբաժանվեց ազգ ու ցեղերի, այնպես, ինչպես առաջին Բաբելոնը. և... ԽՍՀՄ-ի 70-ն տարին լրանալուց հետո, մեծ երկրաշարժով հավիտենական ավերակների վերածվեց Հայաստանի 1/3- րդ մասը, երբ Հայտնատեսական գրականության մեջ (Հայտնության գիրք Հովհաննեսի) Աստված ասում է, որ 1/3- ը իր թույլ տված պատժելու աղետների չափի նշանն է, կնիքը, ստորագրության նման մի բան։ Իսկ պատիժն այն էր, որ մենք սոցիալական, նյութական գոյության ախտով ավելի էինք վարակվել, խաբվել, խիստ սակավացրել հոգևոր մեր կյանքի բանավոր, մեզ կենդանի պահող հավատքն ու Աստվածապաշտությունը: Հարկ եղածին չափ չէինք պայծառացրել մեր եկեղեցիները, և հոգևոր արժանի մակարդակի գործերով ու կյանքով հարկ եղածին չափ չէինք ապրում, որովհետև սովորել էինք սոցիալիստական մտածողությանը, որ խաբեություն էր։ Սոցիալիստական մտածողությունը հանուն միայն մարմնավոր բարեկեցության, առանց Աստծո ապրելն էր, և ըստ Մարքսի այն հիմար տեսության էր, թե իբր` կեցությունն է որոշում գիտակցությունը: Երբ խելամտություն է հարց տալ. առանց կատարյալ գիտակցության` ի՞նչ կատարյալ կեցություն կարող է լինել: Պիտի գիտակցություն ունենա՞ս, որ քո ունեցած գիտակցության համապատասխան կեցություն կարգավորես-հիմնես: Բնականաբար, ցած գիտակցության ստեղծած կեցությունն էլ ցած պիտի լինի:

Ի ծնե հանցասերի կեցությունը բարելավես` կկամենա ողջ աշխարհն էլ ապականել իր հանցանքով: Ամեն օր եթե խորոված կերցնենք և փափուկ գորգերի վրա քնեցնենք շան բնույթի մարդուն, չէ՞ որ լավ բանաստեղծ կամ ընտիր երաժշտահան չի դառնա: Եվ ինչ կեցությամբ էլ շրջապատեցին կապիկին` նրանից մարդ չծնվեց:

ՈՒստի և առանց Աստծո արդարության ոչ մի օգտակար կեցություն չի առաջանա, եթե կեղծորեն առաջանա էլ, ավելի մեծ վնաս կտա ու կփլուզվի, որովհետև անբնական որևէ բան չի կարող հարատևել:

«նախ փնտրեցեք Աստծո թագավորությունը և նրա արդարությունը, ապա մնացածը ինչ պետք է (ուտելու և հագնելու համար) Աստված ավելիով կտա, թերահավատներ», ուսուցանեց Հիսուս:

Այսինքն թե` արդար ու բարի գիտակցություն ունեցեք, որ արդար ու բարի կեցություն ունենաք:

Մարդատյացության չափանիշը, որ իրենց ազգակիցների համար տուն կառուցողները ցեմենտ չէին խառնում ավազին, որ տունն ամուր չլիներ, սովորական, «ընդունելի չարիք» էր դարձել բոլոր բնագավառներում: Ամենուրեք կեղծիք էր, արտաքինից կեղծ արդարություն, ներքինում՝ ստորություն և նենգություններ: Անաստված, գայլայինը վարք էր դարձել: Այսինքն, հարկ եղած չափի՝ մենք հավատավոր էլ չէինք, այլ` հավատի հակառակն ավելին էր դիտվում՝ տեղ չտալով հավատավորների ազնվական ըմբռնումներին: Մենք մեր 1/3- ով՝ նյութագոյությունից խաբված՝ չարություն գործող, եղծված ազգ էինք դարձել։ Աստծուց հեռանալու պատճառով: Ինչու՞։ Եվ 1/3-ով էլ ընկանք, առանց պատերազմի:

Այնուամենայնիվ, երկրաշարժի պատիժը ողջ մեր ազգի համար էր հավելյալ զգուշացում, ոչ միայն աղետի գոտու բնակիչներին, որովհետև Հիսուս ասում է.

«Կամ նրանք՝ այն տասնութ մարդիկ, որոնց վրա Սիլովամում աշտարակը փուլ եկավ և սպանեց նրանց, կարծում եք, թե ավելի մեղապա՞րտ էին, քան Երուսաղեմում բնակվող բոլոր մարդիկ: Ո՛չ, ասում եմ ձեզ, սակայն եթե չապաշխարեք, ամենքդ էլ նույնպես պիտի կորչեք» (Ղուկաս- 13):

Այսօր էլ, Աստծո փոխարեն նյութը պաշտողների մեջ՝ ո՛չ ընկերասիրություն կա, ո՛չ մարդասիրություն, ո՛չ աղքատասիրություն, ո՛չ էլ, առավել ևս` փոքր ինչ ողորմածություն։ Առավել ևս՝ ո՛չ էլ՝ Քրիստոս և քրիստոնեություն։ Ցավո՛ք: Կամ առավել ճիշտ աշխարհում արդեն կա` բուն Քրիստոսի փոխարեն՝ կեղծ քրիստոս- կեղծ քրիստոսներ, այլասերված սրիկան՝ կեղծ ընկերասիրությամբ, կեղծ մարդասիրությամբ, կեղծ աղքատասիրությամբ, կեղծ ողորմածությամբ։ Եվ Հայտնության Գազանին վեցանոցված, սրանք դրամի համար` երեսպաշտություն անելը սովորական երևույթ են դարձրել, և կազմվել ու կազմվում է քրիստոնեություն նմանակողների և վարպետորեն ի փորի շահի կապկողների մեծաթիվ ոհմակներ, շնագայլերի տոտեմներ, խաբեբաների տրինգներ:

Կեղծ բարերարության, կեղծ քրիստոնեության օրինակ է հետևյալը: Մոտ 10 տարի առաջ, Դրսի չարիք ծրագրերից մեկով, Չար Բաբելոնին ինտեգրող ուժերը մի դպրոցում «սպիդից պաշտպանվելու համար» սեռական օրգանների ապահովիչներ են բաժանել աշակերտությանը: Ռադիոյով մեր մի խումբ մտավորականներ զայրույթով դատապարտեցին այդ սոսկալի անիրավությունը: Որովհետև դեռահասը արդյոք չէ՞ր գայթակղվի այդ «Նվերները» փորձել ու ընկնել անբարոյականության որոգայթը, կորստի տիղմի մեջ: Ինչպես Քրիստոս է ասում` վա՛յ պիտի լինի գայթակղողներին: Իսկ այսօր էլ՝ պիղծ- այլասերման ու քստմնելի կոնվենցիաներ են ընդունում՝ Հայտնության Գազանի հրահանգներով: Բաներ, որոնք Քրիստոս պիտի լիագույնս դատի ու պատժի՝ Իր Գալուստով:

Երկյուղենք, որ անգամ Մեծ Ներման Ավետարանը ժամանակին դարձ չապրողների համար հենարան չի կարող լինել.

«Եթե չապաշխարեք՝ ամենքդ էլ պիտի կորչեք», ասել է Քրիստոս։ Մեծ եղեռն և մեծ երկրաշարժ տեսած ժողովրդի համար այս առավել ևս պիտի զգոնացնող լինի: Եվ ամոթ է հայերիս, որ մեր հոգևորը, մեր մշակույթը, միաբան զորությունը թողած, կույտերով անօրեն ու գողավարք ապրուստ կուտակելու, շանտաժելու հետևից ենք վազել՝ ապագա դժնիկ ու ապագա անտանելի չարաչար պատիժ, ապագա հարվածներ կույտել- դիզելով: Երբ մեր ազգը մարդկության լավագույներից է և ապաշխարությամբ ու միաբանությամբ կարող է հավիտենական, կենդանի հրաշքներ իրագործել, եթե ճշմարիտ հովիվներ մեզ առաջնորդեն: Աստված այդ բարի հովիվներին բազմաթիվներով Ծնի և վեր բարձրացնի: Ամե՛ն:

Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ

Հատված ծննդյան 70-ամյակին նվիրված գրքից

Լուսանկարում` Երկրաշարժից հետո Չիչխանաձորում վերակառուցված Սուրբ Խաչ եկեղեցին (գյուղ Նալբանդ)

Դիտվել է՝ 4400

Մեկնաբանություններ