Իրանի արտահերթ նախագահական ընտրությունների նախնական արդյունքներն ամփոփվել են, դրանց համաձայն՝ առողջապահության նախկին նախարար Մասուդ Փեզեշքիանը ոչ մեծ տարբերությամբ առաջ է անցել միջուկային ծրագրի վերաբերյալ նախկին առաջատար բանակցող Սաիդ Ջալիլից։ Փեզեշքիանը ստացել է 8 302 577 ձայն, Ջալիլին՝ 7 189 756։ Նախնական արդյունքներով՝ ընտրությունները կարող են անցնել երկրորդ փուլ, որը կանցկացվի մեկ շաբաթ հետո։               
 

Անպայման կգաս, ես քեզ կսպասեմ

Անպայման կգաս, ես քեզ կսպասեմ
21.10.2023 | 17:50

Միշտ կսպասեմ, որովհետև այսպիսիներն ամենուրեք չեն և հաճախ չէ, որ հանդիպում են:

Մենք ավելին ենք, քան գիտենք մեր մասին:

Չեմ պատմելու, փոխանցելու եմ այն, ինչ զգացի ու ապրեցի: Արցախ-Հայաստան, տուն սրբասուրբ և խոստում, խոստում, որ կատարվեց Աստվածային լույսով ողողված փոքրիկ աղջնակի ճակատագրով: Նա խոստացավ մնալ Շուշիում: Նա մնաց հավերժ հայրենի հողի սիրահարը, ում կյանքի տասերկու տարիներն արեգակնային ջերմությամբ էին ողողել ծնողներին, հարազատներին, ուսուցիչներին ու շրջապատողներին:

Արևիկը վերին շնորհով էր օժտված, դաշնամուրի ստեղների հետ ասես խաղում էր, մեղեդիների մեջ իր փոքրիկ ու շատ մեծ սերն արտացոլելով: Նա հասուն մրգի էր նման, որից քաղցրանյութ էր ծորում, սիրագորով ներքինի մեջ արտացոլելով կյանքի բերկրանքն ու թրթիռը:

Երևան: «ՆՈՐ ԱՆՈՒՆՆԵՐ» հեռուստատեսային հաղորդաշար:

-Իսկ ուսուցչուհիդ այսպես նվագել գիտի՞,- անսպասելի հարցով ու զարմացած ժպիտով դիմեց Արևիկին հաղորդավարը:

Իսկ Արևից լույս էր ճառագում:

-Մա՛, ես ինչքան շատ եմ մեր Շուշին սիրու՜մ, ամե՜ն քարը սիրում եմ: Մա՛, մարդիկ ո՞նց են ապրում առանց արվեստի, առանց գիրք կարդալու, ինչո՞վ են ապրում:

Արևիկի ծնողները սերտորեն կապված էին արվեստի հրաշքին, նրանցից փոխանցված լույսը տարրալուծվել էր փոքրիկ աղջնակի մեջ ու խառնվել Աստծո միջմտությանը:

-Ես Երևան չեմ գա, եթե դուք գնաք, ես կմնամ Շուշիում,-ասում էր Արևիկը, մի համոզիչ հաստատակամությամբ:

Բայց պիտի գար, պիտի գար ճակատագրին ընդհառաջ, որ հավերժ մնար ի՛ր Շուշիում:

Արևիկը երկու ուսուցչուհիների հետ մեկնեց Երևան:

Այնտեղ սենյակ վարձեցին, որ «դժգույն» Շուշիից եկած բացառիկ երաժշտականությամբ օժտված Արևիկի տաղանը փայլեր հայոց երկնակամարում:

Ավա՜ղ…

Անփութության պատճռո՞վ, թե՞պատահականության, անսարք խողովակից դուրս տվող գազը թմրեցրել էր աղջկա ուղեղը և նրան փրկել չհաջողվեց:

Չհաջողվե՛ց:

Նրան Շուշի տարան՝ հավերժանալու:

Արևիկին երազներում տեսնելով է մխիթարվում մայրը: Երազներում գրկում ու համբուրում է դստերը: Այնպիսի գորովնքով էր պատմում իրենց «գիշերային» հանդիպումների մասին, որ ես տեսնում էի նրա ողջ ներքինը, նրա մայրական սիրո հեղեղը, որպես Աստվածային լույսի մի ճառագայթ:

Տե՛րը, լավերին է հավաքում, դալար ու նուրբ ճյուղեր է տանում, այս դառն ու ծանր կյանքին ականտես չանելու, ինչպես որ 44-ին հավաքեց լավագույններին, տաղանդավորներին, բացառիկներին:

Ո՞վ է տեղյակ Աստծո գործերից:

Ինչու՞ է չարն այսպես արագ զարգանում՝ բարին տառապանքների մեջ քարշ տալիս իր ողորմելի «ճիշտը»: Դադարել է նկարել Արևիկի հայրը, նրա մատներին դավաճանել է մուսան, որ հորդում էր դստեր սիրագորով ներկայությունից:

Արևիկին շատ էր սիրում եղբայրը՝ Մհերը:

Մհերը, ով իրեն նետեց պատերազմի բոհեմը, որ փրկեր Շուշին, որ փրկեր հայրենի հողը, որ ծախված Շուշին չդառնար իր սրտի վերքը, իր ցավոտ սիրտը, իր ներսի մորմոքն ու կարոտը: Չլսեց ծնողների հորդորը:

Չլսեց:

Դաստիարակությունն ու հոգին մղում էին դեպի հայրենիքի ձայնը, որն այնքան ուներ հոգացողի կարիք:

Երեխաների դաստիարակությունը խառնվել էր Աստծո միջամտությանն ու ստիպել խառնակ ու անբարո աշխարհին նայել շիտակ մաքրությամբ ու լույս երազանքների սփոփանքով:

«Մեր հայրենիքը պարտվեց այն ժամանակ, երբ մայրերն իրենց որդիներին գերադասեցին հայրենիքից»:

Զարմանահրաշ բան է կյանքը: Գնդակը կույր էր, գնդակը չէր հաշվարկել, որ թարմ է ու անբուժելի Արևիկի ծնողների վերքը ու թուրքի անառակությամբ դիպավ Մհերի ճակատին, ճեղքեց այտոսկրն ու դուրս սողաց ծնոտի ներքևից: Դրա համար եմ ասում ՝ զարմանահրաշ: Մի՜ կերպ, հրաշքով հաջողվեց փրկել տղայի կյանքը, որ ծնողները չխելագրվեին:

2023 թ. պայթյուն Ստեփանակերտում և զոհե՜ր, զոհ՜եր, զոհե՜ր...մենք մոլորվել ու բթացել ենք այս բառի տիրույթներում, առանց ինքներս մեզ հաշիվ տալու: Վատ ժողովուրդ, վատ ղեկավարներ, վատ հոգևորակններ, թե՞ նվաստ աշխարհի հարձակում: Մեր հիշողությունը խեղաթյուրելու փորձերն ավելի կենդանի են, քան բուն իրականությունը:

-Հիվանդանոցները լցվել էին սև, մրի մեջ կորած տղաների մարմիններով, ավելի սարսափելի էր, երբ նրանք փորձում էին իրենց ազատել ջրի մեջ հանգցնելով իրենց կենդանի մարմիններին մխացող կրակը, որ հետո ավելի սարսափելի տեսարանի էր վերածվում, ցուցադրելով նրանցից հեռացող սեփական միսն ու արյունը: Բայց զարմանլին այն է, որ մի քիչ բարվոքներն էլի դուրս էին շտապում՝ օգնության հասնելու իրենց ընկերներին: ՈՒզում ես գոռալ, էս ո՞վ եք դուք, ինչ արյունից եք, որ դեռ դժգոհում եք մեր ժողովրդից: Էլ ի՞նչ եք ուզում, որ ձեզ տան:

-Սա դժոխքն էր: Ավելի մեծ դժոխք չի լինում: Ես հիվանդներին օգնության էի շտապել: Բոլորը փախչում էին խելգարի պես՝ անգամ բժիշկները: Ով ինչպես կարող էր, ամեն ոք իր խղճի չափով էր գործում, -պատմում էր կինը՝ չթաքցնելով իր վախերի ու սարսափների մեջ թափանցած ատելությունը բոլոր նրանց հանդեպ, ովքեր մաս իսկ մեղավոր էին Աստծո ներդաշնակ խաղաղությունը խախտելու ու այսքան անարդարություն մեր կյանք բերելու համար:

Որտեղի՞ց այսքան ուժ՝ փոքրամարմին այս կնոջ մեջ, որտեղի՞ց այսքան ապրելու ցանկություն, արցունքների հեղեղի մեջ լույսով լվացվելու, այսքան կենսունակ պարզությամբ խրվելու կյանքի խորությունների մեջ, ըմպելու բարդույթի վատթարագույնը, բայց ապրելու, հուսալու և տիեզերական ամբողջի մեջ կատարելի արժեքներ գիտակցելու մեծությամբ:

Ես պապանձված նայում էի նրա փայլուն մազերին, նրա կոկիկ, հավաք դիմագծերին, արցունքների հեղեղի մեջ ժամանակ առ ժամանակ կենդանացող, հոգի այրող ժպիտին: Փորձում էի կենտրոնանալ, ուշադրություն դարձնելով գրագետ, կիրթ ու համեստ բառապաշարի մեջ, գարնան առվակի զուլալության կենդանի ճշմարտությամբ հնչող նրա դատողություններին, կյանքի քայքայիչ հողմերի մեջ շտկող ու հստակեցնող միամտությունը: Նա վեր էր ամեն ապրումից ու դատողությունից, առանց բացատրության ու առանց տառապանքի:

Ահա, թե ինչպիսին ենք մենք ու մեր ժողովուրդը: Եվ բոլոր նրանք, ովքեր իրենց ուղիղ եթերներն ուղարկում են փափուկ բազկաթոռներից, սահմանափակ դատողությունների հեղեղով, դժգոհությամբ բարձրաձայնելով ոչ այնքան ծանր իրավիճկներ, ապա լռելն ավելի ճիշտ է:

Մենք ավելին ենք, քան գիտենք մեր մասին:

Լենա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Բյուրական

20 10 2023 թ.

Դիտվել է՝ 2978

Մեկնաբանություններ