Ռուսական կողմը չափազանց ափսոսում է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության համար՝ «ՌԻԱ Նովոստիին» ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Այդպիսի տեմպերով համագործակցությունը խորացնելով նրանց հետ, ում նպատակը Ռուսաստանի ռազմավարական պարտությունն է, Երևանն իր ձեռքով վտանգում է լրջորեն ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում՝ ի վնաս սեփական անվտանգության»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը:               
 

Եվ երեխաներս հրեշտակների հետ սկսեցին երգել հաղթական մի երգ

Եվ երեխաներս հրեշտակների հետ սկսեցին երգել հաղթական մի երգ
19.10.2023 | 19:35

Այս աշխարհի կարգերը իսկապես որ ախտ են, անհեթեթություն, անիմաստ չարչարանք ու տառապանք մարդու համար: Եվ ճշմարիտ ու ճշմարիտ որ, առանց Քրիստոսի սիրո ու լույսի, առանց Աստծո ճշմարտության, առանց Աստվածամոր, Սուրբ Հոգու Մայրության՝ ամեն ինչ է խաբեական, ունայն ու անհեթեթ:

Բաժանվել էինք: Կինս երեխաներիս հետ մեկ տարի է իր հայրական տանն էր։

Առանց երեխաների դժվար էր, անհնար, գնացի նրանց տեսնելու, և ահա բերում էի Երևան: Ընդամենը մեկ տարի էր անցել, իսկ փոքրիկների դեմքերին, մանավանդ տղայիս, այնպիսի տառապանք կար, որ անհնար էր նկարագրել:

Մի քանի ժամ ուղևորներով լի ավտոբուսի մեջ ամենևին ձայն չէին հանում: Լուռ էին ու լուրջ, ասես երեխաներ չլինեին. անգամ միմյանց հետ չէին խոսում, ավելին՝ այդ դառնությունը մեր մեղքերի և այս աշխարհի պատճառով էր ու ինչպիսի դառնությամբ էին երեխաներն այդ տանում:

Մտանք Երևան: Ավտոբուսն արդեն մոտենում էր սուրբ Սարգիս եկեղեցուն, սակայն դեռ եկեղեցին չէր երևում, բայց ես զգացի, որ մտանք արդեն եկեղեցու հոգևոր դաշտի մեջ, որն ահա որպես իր զավակների դիմավորում էր մեզ, արդեն նրա սրբառատ ճառագայթների շառավիղում էինք: Սուրբ Սարգիսն իմ ապաշխարության եկեղեցին էր։ Ապաշխարության առաջին ներումը, երկնային և ոչ թե մարդկային՝ այստեղ եմ ստացել։ Եվ ահա եկեղեցու հոգևոր դաշտը, որ մոտ մեկ կիլոմետր շառավիղ էր ինձ համար, ինձ դիմավորեց և հրաշքը տեղի ունեցավ: Մինչ այժմ լռակյաց երեխաներս, առանց միմյանց հետ պայմանավորվելու, առանց միմյանց նայելու, հանկարծ դեմքերը մի փոքր վեր թեքեցին և վերնային Շնորհի հրամանով սկսեցին բարձրաձայն երգել հաղթական մի մեղեդի: Առանց խոսքերի։ Այնքան բարձրաձայն, որ շատերին անհարմար թվաց: Վախենում էի, թե հոգնած ու նիրհի մեջ ընկած ուղևորները կսկսեն ահա բողոքել, հանդիմանել, հայհոյել: Իսկապես էլ, ավտոբուսում իրար անցան: Երգն առանց խոսքերի էր, ռիթմի՛կ, երանակա՛ն, հաղթակա՛ն, հոգևո՛ր, շնորհալի՛, միաբա՛ն և լու՛րջ: ՈՒղղակի ակնհայտ, կենդանի հրաշք էր: Վստահ եմ, երեխաներս հրեշտակների հետ էին երգում: Եկեղեցին երկնային մոր պես, որպես իր ընտանիքի հոգևոր անդամներին՝ այդպես դիմավորեց երեխաներիս վերադարձը:

Եվ երեխաներս վերին ներշնչումով՝ հրեշտակների հետ միաբան՝ փառաբանում էին Սիրո, Կյանքի և Աստծո Բանի հաղթանակը, որ ահա իրենց ծնողների հետ են, եկեղեցու և Աստծո հովանու տակ: Եվ որ Աստծու կամքն այս էր, իրենց ծնողների միաբանությունը: Ավտոբուսում գտնվողները, քանի որ մենք ամենավերջում էինք նստած, զարմացած շուռ էին գալիս ու ասում. ճանապարհին ոչ մի բառ չխոսեցին, այնքա՜ն ամաչկոտ էին երևում, հանկարծ այս ի՞նչ պատահեց սրանց հետ, միանգամից սկսեցին բարձրաձայն երգել, այն էլ առանց որևէ մեկիցս քաշվելու:

Կինս էլ էր նույնն ասում:

Սակայն այս եկեղեցին, որ մոտ էր իմ աշխատավայրին, իմ հիմնական աղոթատեղին էր, սրբարանը, իմ խոստովարանը:

Եվ ես այս վկայությունը գրառելիս հիշեցի Քրիստոս Աստվածորդու Խոսքը թե. «Երեխաների հրեշտակները ամեն օր երկնքում հանդիպում և տեսնում են Աստծուն»: Այդ պահին Ավետարանական այդպիսի մի հանդիպում էր: Իսկ մի քանի տարի անց կինս ու երեխաներս հենց այս եկեղեցում էլ մկրտվեցին՝ հանուն Հոր, Որդու և Սուրբ Հոգու:

Մենք ամենքս մեղավոր, հանցավոր մարդիկ ենք, սակայն տա Աստված, որ մենք՝ ծնողներս, ջանանք մեր հանցանքները չտարածել մեր երեխաների վրա, այլ մտքով դրանք առավել շուտ խոստովանենք Աստծուն, ապաշխարության ուղին մեր ընտրելով, քան դրանք կսկսեն ընկճել մեր մանկանց: Եվ եթե մեր հանցանքներն այնպիսին են, որ որպես մարդ ամաչում ենք դրանք մարդկանց կամ քահանային խոստովանել, ապա հիշենք, որ հոգևոր գործերով ապաշխարությունը հաճելի է Աստծուն, որ դառնում է նաև թե՛ մխիթարություն, թե՛ խոստովանություն, թե՛ կյանք:

Որովհետև, ճշմարիտ որ (այդպես էլ գրված է), թե. «Առանց գործերի հավատը մեռած մի բան է»: Ամեն օր ջանանք բարի և օգտակար մի բան անել մեր հոգևոր մերձավորների, մեր հոգևոր հայրենիքի համար, և եթե ոչինչ էլ չենք կարող՝ աղոթքով կամենանք այդ ամենը, և Աստված բարի մեր կամեցողությունները կենդանի գործերի կվերածի:

Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2202

Մեկնաբանություններ