«Հոբը գնում էր Տիրոջ ետեւից,
եւ Տերը Հոբին սաստում էր նորից»:
Աստված իմ հոգու անդորրը առավ
և ձաղկեց ինձ այրոց-հուզումներով,
իմ ողջ սերերը տարավ մեկ առ մեկ,
գլխիկոր թողեց ու կեղեքված,-
չընդվզեցի ես, չմեղանչեցի -
շնորհված օրերն ապրեցի՝ ինչպես խոնարհ վտարակ:
Տերը իմ ձեռքի հացը խլեց և
անգղերին նետեց արհամարհանքով,
ցորյան դաշտերս երաշտահարեց՝ առանց հատուցման,-
չընդվզեցի ես, չմեղանչեցի –
քարոտ սրտերը հերկեցի այնքան,
մինչև մառանս լցվեց բարիքով:
Աստված իմ երկրի խաղաղությունը փշրեց ոտքի տակ՝
Իբրև հին սափոր,
ինձ պատերազմի հրով շուրջկալեց կախարդի նման,-
չընդվզեցի ու չմեղանչեցի –
ես վառված հողից հավաքեցի այն սերմերը սակավ,
որ ծիլ են տալիս՝ կանաչ անդորրը հանելով երկիր.-
ճակատագրի սուլոցների տակ սերմնացան եղա:
Տերը կամեցավ օտարել ինձնից ոստանս գողտրիկ
և տալ վայրագին խենեշ ու անհագ,
ըմբոստացա ես Նրա դեմ՝ ինչպես
վրեժով թրծված աստվածամարտիկ,-
և Նա ներեց իմ ցասումը արդար, գուրգուրեց հոգիս,
խոստացավ երկրիս ծով խաղաղություն, ինձ՝
հաց ու սերեր անսպառելի…
«Բայց սայթաքուն է դարձյալ ճամփան, անուղեցույց է
ու ահաշուք, և քայլերթում եմ ես անամոք,
համբերության ոսկրե գավազանով»:
Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ