Ռուսական կողմը չափազանց ափսոսում է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության համար՝ «ՌԻԱ Նովոստիին» ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Այդպիսի տեմպերով համագործակցությունը խորացնելով նրանց հետ, ում նպատակը Ռուսաստանի ռազմավարական պարտությունն է, Երևանն իր ձեռքով վտանգում է լրջորեն ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում՝ ի վնաս սեփական անվտանգության»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը:               
 

Մետրոպոլիտ Անտոնի Սուրոժսկի. Մարդու սրտում կա խորություն

Մետրոպոլիտ Անտոնի Սուրոժսկի. Մարդու սրտում կա խորություն
14.03.2022 | 07:23

Աղոթքը միաժամանակ Աստծո որոնումն է և հանդիպումն է Նրա հետ, որը վերաճում է հաղորդակցության: Այսինքն, աղոթքը և՛ գործունեություն է, և՛ վիճակ, նաև որոշակի փոխհարաբերություն է Աստծո հետ ու վերաբերմունք` արարածների նկատմամբ:

Աղոթքը ծնվում է այն գիտակցությունից, որ աշխարհը, որի մեջ մենք ապրում ենք, տարածությամբ և ժամանակով խիստ սահմանափակված երկչափանի «տափակ» մակերեսային աշխարհ չէ, որտեղ այն, ինչ մենք հանդիպում ենք, ընդամենը միաձև, միապաղաղ շերտ է, որի տակ դատարկություն է:


Աղոթքը սկսվում է այն պահից, երբ մենք բացահայտում ենք, որ աշխարհը ունի խորություն, ծավալ, որ մենք շրջապատված ենք ոչ միայն տեսանելիով, այլև ընկղմված ենք անտեսանելիի մեջ և ներթափանցված ենք նրանով: Եվ այդ անտեսանելին միաժամանակ Աստծո Ներկայությունն է` բարձրագույն և վերջնակետային իրականություն, և խորքային էությունն է մարդու:
Տեսանելին և անտեսանելին չեն հակասում իրար, ոչ էլ պարզապես ծածկում իրար, այլ ներկա են միաժամանակ, փոխներթափանցվելով, ինչպես կրակը՝ շիկացած երկաթի մեջ: Դա ժամանակի ներկայությունն է հավիտենության մեջ, ապագայի` ներկա վայրկյանի մեջ: Ապրել միայն տեսանելիով` նշանակում է ապրել մակերեսորեն` չնկատելով ոչ միայն Աստծուն, այլև արարված աշխարհի խորությունը: Այդպիսի մակերեսային կյանքը դատապարտում է մեզ տեսանելի աշխարհում նկատել միայն այն արտաքինը, ինչի վրա սևեռվում է մեր հայացքը: Այսպես շարունակելով` մենք կբացահայտենք բովանդակության բացակայությունը: Սակայն, երբ մենք հասնում ենք այն կետին, որտեղից բխում է կյանքը, մենք բացահայտում ենք, որ նրա աղբյուրը ավելի խորն է:


Մարդու սրտում կա խորություն, որը բացվում է դեպի անտեսանելին, դեպի անսահմանություն` արարչական աստվածային Խոսքը, դեպի Ինքն Աստված: Սուրբ Հովհան Ոսկեբերանն ասում է. «Գտի՛ր քո սրտի դռները եւ կտեսնես, որ սա դուռն է դեպի Աստծո Արքայություն»: Բացահայտելով այդ խորությունը` մարդը այդպիսով գտնում է Աստծուն` Նրան, ՈՒմ կարելի է կոչել «անտեսանելի Մերձավոր». Նա է Հոգին, Որդին և Հայրը: Այս եզրի վրա է հաստատվում աղոթական հարաբերությունը: Հետևաբար, աղոթքը հարաբերություն է, որը տեղի է ունենում մարդու` տեսանելիի և նրա հիմքում գտնվող անտեսանելիի` մի ամբողջ խորքային աշխարհի միջև, որն ընդգրկում է ամբողջ եղածը: Այդ իսկ պատճառով ասվեց, որ աղոթքը որոնումն է` զննումը այն անտեսանելի ոլորտի` մեր ներքին աշխարհի խորության, որը հայտնի է միայն Աստծուն, Որը միայն կարող է այն մեզ բացել: Եվ աղոթքի միջոցով, սկզբից շոշափելով, մենք փնտրում ու բացահայտում ենք մարդուն և Աստծուն՝ իրենց փոխկապվածության մեջ:


Աղոթքի մեջ մեր առաջին քայլերը լի են հիացմունքով, երկյուղածությամբ, նաև՝ եղերական զգացումներով, հիացմունքով, որովհետև բացահայտում ենք ինքներս մեզ ու ճանաչում Աստծուն, մեր աչքերի առջև՝ մինչ աստվածային անսահմանություն տարածվող գեղեցիկ աշխարհի տեսարանի հիացմունքով: Երկյուղածությամբ, որովհետև հայտնվում ենք Աստծո սրբության ու գեղեցկության ներկայության մեջ: Բայց նաև եղերական զգացումը կա` մեր սեփական և ընդհանուր:
Եղերական, ողբերգական է մեր կուրությունը, ողբերգական է մեր անկարողությունը ապրել անսայթաք` ըստ մեր կոչման բարձրության, մշտապես զգալ անձի սեփական սահմանափակվածությանդ գերի լինելը: Տխուր է տեսնել աշխարհը` ճանապարհից շեղված, աստվածամերժ, կյանքի ու մահվան միջև տատանվող և անընդունակ մեկընդմիշտ կյանքը ընտրելու և մահվանից փախչելու: Բերկրալի հիացմունքը և եղերական այս զգացումը` ահա աղոթքի երկու աղբյուրներ: Այս երկուսն էլ ծնվում են աշխարհի` մինչև վերջ թափանցելի դարձած խորությունների հետ մեր հանդիպումից: Առանց այդ հանդիպման, առարկայական այս աշխարհը` փոթորկված տարերային ուժերի աշխարհը, անհասկանալի և հաճախ աղավաղված աշխարհը, որի մեջ մենք ապրում ենք, կարող է ծնել մեր ներսում վախ, տարակուսանք և սարսափ:
«Արթո՛ւն կացեք այսուհետեւ, ամեն ժամ աղո՛թք արեք, որպեսզի կարողանաք զերծ մնալ այն ամենից, որ լինելու է, եւ արժանի լինեք կանգնելու մարդու Որդու առաջ» (Ղուկ. 21;36):
Գլխավորը այս հարաբերության մեջ, որը մենք աղոթք կոչեցինք, հանդիպման թեման է: Հայտնությունը նույնպես Աստծո հետ հանդիպումն է, որը տալիս է աշխարհի նոր տեսիլը:
Այդ հանդիպումը միակն է, որովհետև խորքային մոտեցմամբ մենք անփոխարինելի ենք և եզակի ենք ինչպես Աստծո, այդպես էլ ուրիշների համար: Ամեն արարած ճանաչում է Աստծուն յուրովի, մեզնից յուրաքանչյուրը ճանաչում է Նրան այնպես, ինչպես ոչ մեկ ուրիշը չի ճանաչի:

Հանդիպումը միշտ պահանջում է փոխադարձություն: Այն ոչ միայն ուրիշի հայտնությունն է մեզ, այլ նաև մեր հայտնությունն է ուրիշի համար: Երբ մենք փնտրում ենք Աստծուն, պահանջվում է սեր մարդու նկատմամբ, իսկ երբ մենք դիմում ենք մարդուն, պահանջվում է սեր Աստծո հանդեպ: Հիշենք ավետարանական պատգամը. «Եթե քո ընծան բերես զոհասեղանին ու հիշես, որ քո եղբայրը քո դեմ մի բան ունի, ապա թող քո ընծան զոհասեղանի մոտ եւ գնա հաշտվիր քո եղբոր հետ եւ հետո ընծայաբերությունդ կանես»: Այս պատվիրանին որպես լրացում սրբերից մեկն ասում է մեզ, որ եթե մենք ուզում ենք սրտանց աղոթել, ապա պիտի հաշտվենք Աստծո հետ, մեր խղճի հետ, մեր մերձավորի հետ, նույնիսկ մեզ շրջապատող իրերի: Որովհետև բավական չէ կատարել դրանք, ինչպես ծառան կամ վարձկանն են կատարում իրենց տիրոջ կամքը. մենք պիտի տենչանք ամբողջ սրտով կատարել դրանք որդիների նման, Արքայության զավակների նման, ովքեր անկեղծորեն ցանկանում են, որ կատարվի իրենց աղոթքը. «Թող սուրբ լինի Քո Անունը, թող գա Քո Արքայությունը, թող լինի Քո կամքը»: Աստված չի բացվի մեզ, եթե այդ հանդիպումը պիտի անօգուտ լինի մեզ համար: Երբեմն Նա մեզ երկար սպասումով է պատրաստում այդ հանդիպմանը:


Մեր խոնարհությունը պիտի կատարվի մեծ երկյուղածությամբ, սակայն հաճախ արտահայտվում է մեծամիտ հանդգնությամբ: Ավետարանը պատմում է հարյուրապետի մասին, որը խնդրում էր Քրիստոսին բժշկել իր ծառային, և երբ Տերն ասաց. «Կգամ եւ կբժշկեմ» , նա պատասխանեց. «Ոչ, Տեր, ես արժանի չեմ, որ Դու մտնես իմ տան հարկի տակ, այլ միայն խոսքով ասա»:


Մեր աղոթքը պիտի սկսվի աղաղակով. «Տե՛ր, դու ինձ դարձրու այն, ինչ ես պիտի լինեմ, ինչ գնով էլ լինի ` փոխի՛ր ինձ»: Մենք պետք է սիստեմատիկ փնտրենք մեր ներսում` ո՚վ ենք կամ ինչ ենք մենք Աստծո առաջ, փնտրենք Աստծուն մեր մեջ և մեզ Աստծո մեջ: Իսկ դա պահանջում է վերլուծություն և խոկում` օրեցօր, ցկյանս:

Ռուսերենից թարգմանեց
Դարբասի Հոգևոր Հովիվ՝
Տեր Ընծա քահանա Միրզոյանը

Դիտվել է՝ 10100

Մեկնաբանություններ