Լիբանանում ԱՄՆ-ի դեսպանատունը երկրում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ: Հայտարարության մեջ նշվում է, որ Բեյրութից մեկնող ԱՄՆ-ի քաղաքացիների համար դեսպանատան կազմակերպած լրացուցիչ թռիչքներն անվերջ չեն շարունակվելու։               
 

Նեղ դուռը կլայնանա, եթե մենք հրաժարվենք մեր պարարտ «եսից»

Նեղ դուռը կլայնանա, եթե մենք հրաժարվենք մեր պարարտ «եսից»
01.03.2022 | 12:42

«Նախ խնդրեցեք Աստծո արքայությունը եւ Նրա արդարությունը, եւ այդ բոլորը Աստված ձեզ ավելիով կտա» ( Մատթ.6;33):

Հորդորում է Տերը իրենց կյանքը համատարած հոգսի վերածող մարդկանց՝ հետամտեք Աստծո արդարությունը, որպեսզի ձեր առջև բացվի Աստծո ողորմության դուռը, որովհետև այդ դռան միակ բանալին Աստծո արդարության հանդեպ նախանձախնդրությունն է: Հետևաբար, ովքեր հետամուտ չեն Աստծո արդարությանը, չեն հասնի Նրա ողորմությանը:


Շատերը ցանկանում են, որպեսզի Աստված իրենցից անպակաս անի իր ողորմությունը, բայց երբ Աստված նրանց կյանքում գործի է դնում իր արդարությունը, նրանք սրտնեղում են ու չեն ուզում հիշել, ճանաչել ևընդունել իրենց մեղքերը, իսկ նրանք, «ովքեր քաղցն ու ծարավն ունեն արդարության», կարծես հագենում են Աստծո` հայրաբար տված խրատական ու սթափեցնող «ապտակներից», որ բուժում են իրենց հոգևոր խլությունն ու կուրությունը, վերականգնում խղճի ձայնի վնասված ձայնալարերը: Նրանք, ովքեր Աստծո ողորմությունն են ակնկալում, իրենք չեն շտապում ողորմած լինել, որովհետև նրանք իրենք իրե՛նց արդարությանն են ապավինում և ո՛չ Աստծո արդարությանը: Բայց մարդու արդարության մասին լավ բաներ չեն ասվում Սուրբ Գրքում. «Մենք ամենքս պիղծ դարձանք, եւ մեր ամբողջ արդարությունը դաշտանի շորերի նմանվեց, մեր անօրենությունների պատճառով մենք ամենքս ցած թափվեցինք ինչպես տերեւ. հողմերը քշեցին մեզ» (Ես. 64; 6): Նրանք աստվածային Հայտնությունը ընկալում են մակերեսորեն, փրկագործության տնտեսությունը հասկանում զոհի հոգեբանությամբ, բայց Սուրբ Գիրքը պատմում է միայն մեկ Զոհի` Աստծո Գառան մասին: Զոհ, որին Աստված տվեց` որպես անսակարկելի փրկագին` մարդուն Չարի գերությունից ազատագրելու համար: Զոհ, որը չի դատապարտում, այլ աղոթում է Իրեն խաչողների համար, ավելին` Ինքն Իրեն է տալիս նրանց փրկության համար: Մշտնջենակա՛ն զոհ, քանզի Նա հավիտենական Աստված է, և Նրա նվիրումը երբեք ժամանակավրեպ չէ: Աստծո Հայտնության մեջ Նրան հայտնագործելը փրկության նախադուռ է` նեղ ու ահարմար, խաչի ճանապարհ է` նեղ, փշոտ ու քարքարոտ, բայց Երկինք տանող միակ արքայական ուղին է, որով պատիվ ունենք անցնելու:


Գառան հարսանեկան խնջույքին մասնակցելու հրավիրատոմսը ուրախությամբ ընդունած մարդը հանկարծ կարկամում է նեղ դռան առաջ, վարանում է քայլ դնել նեղ ճանապարհի փշաբեր հողին: Եվ դա այն պատճառով, թերևս, որ նա անգիտանում է. նեղ դուռը կլայնանա, եթե մենք հրաժարվենք մեր պարարտ «եսից» և դրա հետ քարշ եկող մանր-մունր կցամասերից, նեղ ճանապարհի փշերը կծաղկեն, եթե անխնա ոռոգենք դրանք ապաշխարության արցունքներով: Մենք ինքներս պետք է հարթենք մեր ուղին, յուրաքանչյուրս իր հերթին բռնելով Աստծո` մեզ պարզած ձեռքը:


Աստծո Գառան բացահայտումը հանդիպում ու ծանոթություն է խոնարհության հետ Նրա, որ խոնարհվեց հայրական ծոցից, որպեսզի ոտքի հանի ընկած մարդուն: Նա է հենց մեզ պարզած Աստծո ձեռքը` փրկելու համար մեղքի հորձանուտից, հանելու համար կորստի անդունդից: Այդ ձեռքը մեկնված է` բռնելու համար քոնը:
Սուրբ Գիրքը վկայում է, որ մարդը մեղավոր է, և Աստված, գթալով ու ողորմելով նրան, տվեց Իր Միածնին, Միակ Արդարին, որպեսզի մարդիկ Նրա արդարությամբ փրկվեն: Մարդու խնդիրը միայն այդ արդարությունը ընտրելն ու ընդունելն է, հակառակ դեպքում մարդը ակամա և անգիտակցաբար մերժում է նաև հենց Աստծո ողորմությունը, որովհետև Աստված մեզ ողորմեց հենց Իր արդարությամբ, որը այլընտրանք չէ, քանզի մարդն իր «արդարությամբ» չի կարող կանգնել անշու՛շտ ողորմած, բայցև անհերքելիորեն արդար Աստծո առաջ:
Թող Աստված իրապես ողորմի մեզ և բացի մեր հոգևոր աչքերը` Իր Արդարության Արեգակի անմահ ճառագայթներով բացահայտելով ու փարատելով մեր հոգու կուրությունը:


Երեցկին Լիլիթ Հովհաննիսյան
Գորիս

Դիտվել է՝ 7057

Մեկնաբանություններ