Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

«Այրի կնոջ երկու լուման»

«Այրի կնոջ երկու լուման»
06.02.2022 | 11:24

(պահքի զրույց)


Ավետարանից հիշում ենք, որ այրի կինը Տաճարի գանձանակը գցեց ինչ ուներ- չուներ, որ ընդամենը… երկու լումա էր:
Անմիտ մարդիկ կան, որ եզրահանգում են, թե այդ կինը իբր կորսվեց, քանի որ գոյատևելու իր վերջին հնարն էլ տվեց Աստծուն, թեպետ «երկու լումայով»
Ի՜նչ գոյատևելու մասին կարող էր խոսք լինել:


Բայց այս իմանանք, որ այրի կինը հույսով տվեց: Ինչը նշանակում է՝ բազմապատիկներով գտավ: Եվ Աստված նրա հոգևոր ու մարմնավոր կարիքները առավելով սկսեց հոգալ:
Մի օր ինձ հետ էլ «երկու լումայի» պատմությունը եղավ:
Ցուրտ ու մութ տարիներին, երբ վարձով էի բնակվում և գրպանումս ընդամենը երկու բաժակ սուրճի դրամ էր մնացել, սրտումս աղաղակում էի՝ «Տե՜ր, ի՞նչ պիտի անեմ»: Տերն ինձ հուշեց, որ մտնեմ սրճարան և մի բաժակ սուրճ խմեմ: Դժվարությամբ մտա, որովհետև «երկու լումաս» դառնում էր «մեկ լումա», նաև ներքին՝ թաքուն հաճույքով ու պարծանքով մտա, քանի որ «Տերն էր ասել»: Նաև սիրում էի սուրճ խմել:
Հանկարծ սրճարան մտավ մեր բարի գրողներից մեկը, հրաշալի մի մարդ, որ հարգում էր ինձ:
Ինձ հուշվեց՝ մի բաժակ էլ այս բարեկամիդ համար սուրճ գնիր, ի սրտե հյուրասիրիր: Եթե չանես, քեզ չեմ կարողանա օգնել:
Հյուրասիրեցի:


Եվ ահա, բարեկամս, թե.
- Դոլարներդ ստացա՞ր: Զարմանքս տեսնելով ասաց,- արտասահմանից բարերարներ են եկել, Հրանտ Մաթևոսյանի միջոցով գրողներին գումար են բաժանում: Վերջին օրն է, զանգիր Հրանտին:
Զանգեցի:
Հրանտ Մաթևոսյանը, թե.
- Բարերարներն իրենք են ցուցակը կազմել, քո անունը չկա:- Ապա թե,- Մաքսի՛մ, շատ ե՞ս նեղը:
- Զրոյական,- եղավ անկեղծ պատասխանս:
-Լավ,-ասաց Մաթևոսյանը,- հիմա գնում եմ հյուրանոց՝ բարերարներին հրաժեշտ տալու, կաշխատեմ քեզ համար մի բան պոկել:
Հաջորդ օրը մեծ գրողը ինձ որոշ ժամանակ պատվով գոյատևելու գումար տվեց: Այնքան, որքան կարողացել էր բարերարներից վերցնել: Իր իսկ արտահայտությամբ՝ «պոկել»: Որովհետև դժվարացրել էին, պատճառաբանել թե՝ «իրենց ցուցակը վերջնական է և հավելյալ որևէ մեկի համար ոչինչ չունեն»:


Աստված օրհնելով օրհնի բարի բարեկամիս՝ բանաստեղծ Երվանդ Պետրոսյանին, թող որ հոգին լույս դառնա: Եվ խնկավետությամբ հիշի Հրանտ Մաթևոսյանին, որ Տիրոջ խղճմտանքով էր հովվում Հայաստանի գրողների միությունը: Ամեն:
Ինչպես տեսանք, Փրկչի վկայած «Այրի կնոջ երկու լուման» հրաշքներ կարող է գործել. այնպես որ, չտրտնջանք Աստծուն տրվող տուրքերի մեջ և միայն սրտանց անենք այդ տուրքերը, առանց դժգոհության, ա'յդ է գնահատվում:
Եվ հիշենք, որ Տերն այրի կնոջ «երկու լուման» ավելի մեծ գումար համարեց, քան բոլոր ունևորների գանձանակ գցած հսկայական գումարները՝ միասին վերցրած, որովհետև ասաց. «Դրանք իրենց ունեցվածքի ավելորդ մասից գանձանակ գցեցին, բայց այս այրի կինը գցեց իր վերջին ունեցվածքը... Հույսով»:
Աստծո վրա մեր բոլոր հույսերը խարսխենք, և Նա մեզ երբեք ու երբեք չի թողնի ամոթի մեջ:
Ալէլույա... Ամե'ն:


Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 7174

Մեկնաբանություններ